Եղիսաբեթ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Elizabeth1England.jpg

Եղիսաբեթ I (1533թ. սեպտեմբերի 71603թ. մարտի 24), Անգլիայի և Իռլանդիայի թագուհի (1558թ. նոյեմբերի 17-ից), Տյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ: Գահը ժառանգել է իր քրոջ` Մարիա թագուհու մահից հետո:

Եղեիսաբեթ I-ի կառավարման տարիները երբեմն անվանում են «Անգլիայի ոսկեդար», ինչպես մշակույթի աննախադեպ ծաղկման (Շեքսպիր, Քրիսթոֆեր Մարլոու, Ֆրենսիս Բեքոն և այլն), այնպես էլ Անգլիայի քաղաքական և տնտեսական աճող նշանակության առումներով («Անհաղթ արմադայի» ջախջախումը, Ֆրենսիս Դրեյքի և Ուոլթեր Ռայլիի գործունեությունը, «Արևելյան Հնդկական ընկերության» հիմնադրումը և այլն):

Եղիսաբեթը վերականգնում է Անգլիկանյան եկեղեցին, այսինքն անգլիական եկեղեցու անկախությունը Հռոմից` միաժամանակ պայքարելով բողոքականության ծայրահեղ դրսևորումների` պուրիտանիզմի դեմ:

Անգլիայում կաթոլիկությունը վերականգնելու ճամբարը հենվում էր Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի աջակցության վրա` ձգտելով գահընկեց անել Եղիսաբեթ I-ին և Անգլիայի գահին հաստատել Շոտլանդիայի թագուհի Մարիա Ստյուարտին, որը ժառանգական իրավունքներ ուներ անգլիական գահի նկատմամբ (նրա հայրը՝ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս V Ստյուարտը Հենրի VII Թյուդորի դուստր Մարգարիտայի որդին էր): Օգտվելով նրանից, որ Մարիա Ստյուարտի դեմ Շոտլանդիայում ապստամբություն էր բարձրացել և Մարիան ստիպված էր եղել փախչել Անգլիա` Եղիսաբեթը ձերբակալում է նրան և 1587թ. փետրվարի 8-ին գլխատում:

Մարիայի մահվանից հետո Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը արշավանք է նախաձեռնում Անգլիայի վրա: 1588թ. մայիսին Իսպանիայի նավատորմը, որը կոչվում էր «Անհաղթ Արմադա» և բաղկացած էր 134 նավերից ու մոտավորապես 22.000 զինվորներից, դուրս եկավ ծով: Վճռական ծովային ճակատամարտը տեղի է ունենում հուլիսի 28-ին Կալե քաղաքի մոտ: Անգլիական նավատորմը հաղթանակ է տանում: Իսպանական նավատորմը, ի վիճակի չլինելով կայանել անգլիական ափին, վերջնականապես ջախջախվում է բարձրացած փոթորկից: 134 նավերից միայն 43-ն են վերադառնում Իսպանիա:

«Արմադայի» կործանումը դրեց Անգլիայի` որպես հզոր ծովային տերության կայացման հիմքը` սկզբնավորելով երկրի նվաճողական, գաղութային քաղաքականությունը:

Եղիսաբեթ I վախճանվում է 1603թ. մարտի 24-ին՝ ժառանգորդ նշանակելով Մարիա Ստյուարտի որդուն ՝ Ջեյմսին, որը այդ ժամանակ Շոտլանդիայի թագավորն էր, դրանով միավորելով Անգլիան և Շոտլանդիան մի թագավորի իշխանության տակ:

Աղբյուրներ [խմբագրել]