Հենրի IV (Ֆրանսիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հենրի IV (Ֆրանսիա), (1553—1610), թագավոր 1589-ից։ Բուրբոնների դինաստիայի առաջին ներկայացուցիչը։ 1562-ից Նավարայի թագավոր (Հենրի Նավարացի)։

Կրոնական պատերազմների ժամանակ հուգենոտների ղեկավար։ 1593-ին ընդունել է կաթոլիկություն և մտել Փարիզ։ 1598-ի Նանտի էդիկտով հուգենոտներին շնորհել է դավանանքի ազատություն և այլ արտոնություններ։ Հենրի IV-ի քաղաքականությունը նպաստել է բացարձակ միապետության ամրապնդմանը. դադարեցվել է Գլխավոր շտատների հրավիրումը, սահմանափակվել են նահանգային ժողովների իրավունքները, աճել է բյուրոկրատական ապարատի դերը են։ Տնտեսության ասպարեզում վարել է պրոտեկցիոնիզմի (հովանավորություն) քաղաքականություն, խթանել Ֆրանսիայի մանուֆակտուրաների զարգացումը, բարեկարգել ճանապարհները, բացել նոր ջրանցքներ ևն։ 1604-ին սկսվել է Կանադայի գաղութացումը ֆրանսիացիների կողմից։ Հենրի IV-ի կառավարությունը վերացրել է գյուղացիների ժամկետանց պարտքերը, սակայն բարձրացրել անուղղակի հարկերը։ Հենրի IV-ը ղեկավար դեր է խաղացել հակահաբսբուրգյան ընդդիմություն կազմակերպելու գործում, նախապատրաստել Տաբսբուրգների դեմ պատերազմը։ Հենրի IV-ին սպանել է մոլեռանդ կաթոլիկ Ռավալյակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png