Վասպուրականի թագավորություն
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Վան | |||
Լեզու | Հայերեն | |||
Ազգություն | Հայեր | |||
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Արծրունիներ | |||
Պետության գլուխ | Թագավոր | |||
Պատմություն |
Վասպուրականի Արծրունյաց թագավորություն, ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում 908-1021 թվականներին, Արծրունիների արքայատան գլխավորությամբ։ Միջնադարյան Բագրատունիներից վասալական կախման մեջ գտնվող այս թագավորությունը ներառում էր տարածքներ ներկայիս Թուրքիայից, մասամբ՝ Հայաստանից, Իրանից և Նախիջևանի ինքնավար հանրապետությունից (Ադրբեջան)։
Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից (Վասպուրական, Սյունիք, Վանանդ, Լոռի) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ամենաընդարձակն ու ամենազորեղն էր, որը հիմնադրվել էր 908 թվականին՝ Գագիկ Արծրունու կողմից, և թագավորություն հռչակվել Ատրպատականի ամիրայության օգնությամբ։
Թագավորության տարածքն ընդգրկում էր Վանա և Կապուտան (Ուրմիո) լճերի միջև ընկած շրջանները՝ կազմելով 40 000 քառ. կմ։ Բնակչությունը 11-րդ դարի սկզբին հասնում էր մոտ մեկ միլիոնի։ Նույն ժամանակաշրջանում Վասպուրականում կար ավելի քան 8 քաղաք, 4 000 գյուղ, 72 բերդ և ամրոց, 115 վանք ու եկեղեցի։
Գագիկ Արծրունու և նրա հաջորդների օրոք Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելք ապրեց, ամբողջ Վասպուրականով մեկ լայն շինարարություն ծավալվեց։ Աղթամար կղզին արհեստականորեն մեծացվեց, որտեղ թագավորը կառուցեց Աղթամարի կամ Uուրբ Խաչ եկեղեցին, նավահանգիստ ու արքունական պալատներ[1]։
Վասպուրականին բնորոշ են լեռնածին սարահարթերը, լեռների արանքում սեղմված բարձրադիր հովիտները, որոնց միջով անցնող ոչ մեծ գետերի ջրերը կյանք են տալիս նրանց։ Վանա լճի առափնյա հովիտների կլիման մեղմ է, նպաստավոր երկրագործության, մանավանդ պտղատու և խաղողի այգիների մշակման համար։ Լեռնային արոտները հնարավորություն էին ընձեռում անասնապահության զարգացման համար։
Վասպուրականի թագավորության պատմությունը ամփոփված է մի քանի հայ պատմիչների աշխատություններում։ Նրանցից հատկապես մեծարժեք է Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» երկասիրությունը։
Վասպուրականի թագավորների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անունը | Իշխել է | Նշումներ |
---|---|---|
Գագիկ Ա | 908 - 943 | Աշոտ-Սարգսի որդին |
Դերենիկ-Աշոտ | 943 - 959 | Գագիկ Ա-ի որդին |
Աբուսահլ-Համազասպ | 959 - 972 | Գագիկ Ա-ի որդին |
Աշոտ-Սահակ | 972 - 991 | Աբուսահլ-Համազասպի որդին |
Գուրգեն-Խաչիկ | 991 - 1003 | Աբուսահլ-Համազասպի որդին |
Սենեքերիմ | 1003 - 1021 | Աբուսահլ-Համազասպի որդին |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղթամարի կաթողիկոսություն
- Սյունիքի թագավորություն
- Կարսի թագավորություն
- Տաշիր-Ձորագետի թագավորություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |