Հակոբ Ջուղայեցի, 16-րդ դարի կեսի 17-րդ դարի սկզբի մանրանկարիչ։ Ծնվել է Ջուղայում, սովորել Զաքարիա Գնունեցու մոտ, Վանա լճի Լիմ կղզու վանքում։ 1605-ին Ջուղայի բնակիչների հետ բռնագաղթվել է Սպահան։ 1595-1610-ին պատկերազարդած նրա ութ ձեռագրերից չորսը գտնվում են ԵրևանիՄատենադարանում։ Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ավանդույթները Հակոբ Ջուղայեցու արվեստում ձեռք են բերել նոր որակ։ Նկարչի ոճի էվոլյուցիան անցել է մի քանի փուլով և զարգացել կոմպոզիցիայի կառուցման, ամբողջականության, ռիթմի առավել լարվածության, գունահագեցվածության և ուրվագծերի շոշափելիության ուղղությամբ։ Հակոբ Ջուղայեցու արվեստը առանձնանում է ուրախ, տոնական տրամադրությամբ, կանոնների հանդեպ առավել ազատ վերաբերմունքով, մոնումենտալությամբ, դեկորատիվությամբ, էքսպրեսիայով, կոմպոզիցիոն տարրերի հարստությամբ, վառ, մաքուր գույներով, զարդաձևերի առատությամբ։ Հակոբ Ջուղայեցին մանրանկարչության հայ վերջին ականավոր ներկայացուցիչն է։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։