Ռուսաստանում չուվաշերենին տիրապետողների թիվը կազմում է մոտ 1,04 միլիոն մարդ (2010 թվականի մարդահամարի հիման վրա)։ Ընդ որում, էթնիկ չուվաշների թիվը 2010 թվականի համառուսական մարդահամարի տվյալներով կազմում է 1 մլն 436 հազար մարդ, որոնց 55 %-ը ապրել է Չուվաշական Հանրապետությունում։
Չուվաշերենը որպես դպրոցական առարկա դասավանդվում է Չուվաշական Հանրապետության դպրոցներում, Բաշկորտոստանի և Թաթարստանի որոշ շրջաններում, դասավանդվում է նաև Չուվաշիայի բուհերում։ Չուվաշական Հանրապետությունում չուվաշերենով թողարկվում են ռադիո- և հեռուստահաղորդումներ, լույս են տեսնում պարբերականներ[9][10]։ Բաշկորտոստանի և Թաթարստանի որոշ շրջաններում թերթերը հրատարակվում են չուվաշերենով (օրինակ՝ «Սուվար» թերթը, որը հրատարակվում է Թաթարստանում)։