Միզամուղ դեղամիջոցներ
Միզամուղ դեղամիջոցներ | |
---|---|
Ֆուրոսեմիդ՝ ներերակային ներարկման համար | |
Տեսակ | Դեղախումբ |
Հոմանիշներ | Դիուրետիկներ |
Կիրառում | Սրտային անբավարարություն,լյարդի ցիռոզ, զարկերակային գերճնշում |
Ազդեցության մեխանիզմ | Խթանում են միզարտադրությունը և շատացնում դուրս բերվող մեզի քանակը |
Կենսաբանական թիրախ | Na+-K+-2Cl- 2-րդ տիպի կոտրանսպորտեր,Na+-Cl--ական կոտրանսպորտեր, ալդոստերոնային ընկալիչներ |
Միզամուղ դեղամիջոցներ, միզամուղներ (դիուրետիկներ, հուն․՝ διούρησις՝ (թարգմ․՝ միզարձակություն, միզամուղ միջոց)), քիմիական միացություններ են, որոնք խթանում են միզարտադրությունը (դիուրեզ) և շատացնում դուրս բերվող մեզի քանակը։ Մեզի խթանված արտադրության ու դուրս բերման շնորհիվ օրգանիզմի հյուսվածքներում ու շճային խոռոչներում նվազում է հեղուկի պարունակությունը։ Գոյություն ունեն միզամուղ դեղամիջոցների մի շարք դեղախմբեր։ Բոլոր միզամուղները նպաստում են օրգանիզմից հեղուկի դուրս բերմանը, սակայն յուրաքանչյուր դեղախումբ աշխատում է իրեն բնորոշ յուրահատուկ մեխանիզմով։ Հակառակ վերջիններիս՝ հակամիզամուղ միջոցները (անտիդիուրետիկներ), մասնավորապես՝ հակամիզամուղ հորմոնը (վազոպրեսին), ընկճում են միզարտադրությունը և պակասեցնում մեզի ու, հետևաբար, արտազատվող ջրի քանակը։
Բժշկական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միզամուղները կիրառվում են սրտային անբավարարության, լյարդի ցիռոզի, զարկերակային գերճնշման, ջրով թունավորման (հիպերհիդրատացիա) և որոշ երիկամային պաթոլոգիաների բուժման համար։ Որոշ միզամուղներ, մասնավորապես՝ ացետազոլամիդը, մեզը դարձնում են ավելի հիմնային, ինչը նպաստում է թթվային միացությունների դուրս բերմանը, սա կիրառելի է, օրինակ, ասպիրինով (սալիցիլատներով) գերդոզավորման կամ թունավորման դեպքում։ Միզամուղների չարաշահում երբեմն դիտվում է սնման խանգարմամբ անձանց շրջանում, մասնավորապես՝ նյարդային բուլիմիայով մարդկանց մոտ, ովքեր ամեն կերպ փորձում են նվազեցնել իրենց քաշը։
Որոշ դիուրետիկների հակագերճնշումային ազդեցությունը (թիազիդներ) անկախ է իրենց միզամուղ էֆեկտից[1]։ Այսինքն, այս պրեպարատների կողմից արյան ճնշման իջեցումը կապված չէ ուժեղացած միզարտադրությամբ պայմանավորված արյան ծավալի նվազման հետ, այն միջնորդված է այլ մեխանիզմներով և ի հայտ է գալիս ավելի փոքր դոզաների պարագայում, քան պետք է դիուրեզի հասնելու համար։ Մասնավորապես, հենց այս նպատակով էր սինթեզվել ինդապամիդը, որը գերճնշման պարագայում ունի ավելի լայն թերապևտիկ պատուհան (առանց արտահայտված դիուրեզի), քան մնացած միզամուղները։ Վերջինս օժտված է լրացուցիչ՝ ուղղակի անոթալայնիչ ազդեցությամբ, պայմանավորված դեպի անոթի հարթ մկան կալցիումական իոնների ներթափանցման ընկճմամբ։
Դեղախմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանթային միզամուղներ /«բարձրառաստաղային»
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրառաստաղային միզամուղները օժտված են ուժեղ դիուրետիկ հատկությամբ՝ դուրս են բերում ֆիլտրված NaCl-ի և ջրի մինչև 20%-ը[2]։ Համեմատության համար, երիկամի նորմալ ֆիզիոլոգիական հետներծծման ժամանակ ֆիլտրված նատրիումի միայն 0,4%-ն է անցնում երկրորդային մեզ։ Պայմանավորված շատ ուժեղ միզամուղ ազդեցությամբ, այս խումբը ստացել է «բարձրառաստաղային» բնորոշումը։ Կանթային միզամուղները, ինչիպիսին է, օրինակ, ֆուրոսեմիդը, Հենլեյի կանթի վերել հատվածում ընկճում են նատրիումի և քլորի ակտիվ հետներծծումը, ինչը բերում է ջրի հեռացմանը մեզով, քանի որ նորմայում ջուրը հետևում է նատրիումի իոններին։ Միաժամանակ, օրգանիզմում կատարվում է կալիումի և մագնեզիումի իոնների հեռացման ուժգնացում։ Բարձրառաստաղային այլ միզամուղներ են էտակրինաթթուն և տորասեմիդը։
Թիազիդային միզամուղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիազիդային միզամուղները, ինչպիսին է, օրինակ, հիդրոքլորթիազիդը, ազդում են հեռակա ոլորուն խողովակների վրա՝ ընկճելով Na+-Cl− սիմպորտերը, հանգեցնելով ջրի պահմանը մեզում, քանի որ ջուրը որպես կանոն հետևում է լուծելի իոններին։ Օրգանիզմի կողմից ջրի կորստի աճը հանգեցնում է հաճախակի միզարձակման։ Կարճատև հակագերճնշումային ազդեցությունը պայմանավորված է թիազիդների կողմից սրտի նախաբեռնվածության իջեցմամբ, ինչը իր հերթին բերում է ճնշման իջեցման։ Մյուս կողմից, երկարատև կիրառման պարագայում, զարգանում է անհայտ ծագման անոթալայնիչ ազդեցություն, որը իջեցնում է զարկերակային ճնշումը անոթային դիմադրության նվազման հաշվին[3]։
Կարբոանհիդրազ ֆերմենտի ընկճողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարբոանհիդրազ ֆերմենտի ընկճողները ընկճում են նշված ֆերմենտի աշխատանքը մոտակա ոլորուն խողովակում։ Սա հանգեցնում է մեզում բիկարբոնատների կուտակման ու նատրիումի հետներծծման ընկճման։ Այս շարքի դեղերից են ացետազոլամիդը և մեթազոլամիդը։
Կալիումապահպան միզամուղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս դեղամիջոցները չեն նպաստում կալիումի դուրս բերմանը մեզով, արդյունքում կալիումը պահպանվում է արյան մեջ և, ի համեմատ այլ դիուրետիկների, չի հեռացվում այլ իոնների հետ։ «Կալիումապահպան» տերմինը ավելի շատ բնութագրում է ազդեցությունը, քան դրա մեխանիզմը կամ թիրախը․ այնուամենայնիվ այս տերմինով բնութագրվում են երկու խմբի միզամուղներ, որոնք ունեն նմանատիպ ազդեցություն ու թիրախներ.
- Ալդոստերոնի անտագոնիստներ․ սպիրոնոլակտոն , այն ալդոստերոնի մրցակցային անտագոնիստ է։ Ալդոստերոնը նորմայում կապվելով հիմնային բջիջներում տեղակայված ընկալիչների հետ շատացնում է նատրիումական անցուղիների քանակը նեֆրոնի հեռակա ոլորուն ու հավաքող խողովակներում։ Սպիրոնոլակտոնը պաշարում է ալդոստերոնային ընկալիչները՝ ընկճելով նատրիումի հետներծծումը։ Այս շարքից են նաև էպլերենոնը և կալիումի կանրեոնատը։
- Էպիթելիալ նատրումական անցուղիների պաշարիչներ․ ամիլորիդ և տրիամտերեն, իրենցից ներկայացնում են ալդոստերոնի անուղղակի անտագոնիստներ։
Կալցիումապահպան միզամուղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կալցիումապահպան» տերմինը մատնանշում է, որ միզամուղը առաջացնում է կալցիում իոնի հարաբերականորեն ցածր աստիճանի էքսկրեցիա[4]։
Մեզում կալցիումի պարունակության իջեցումը կարող է հանգեցնել պլազմայում վերջինիս մակարդակի աճին։ Կալցիումապահպան ազդեցությունը կարող է կարևոր լինել հատկապես հիպոկալցեմիայի ժամանակ կամ անցանկալի լինել հիպերկալցեմիայի ռիսկի պարագայում։
Թիազիդները և կալիումապահպան միզամուղները համարվում են կալցիումապահպան միջոցներ[5]։
- Թիազիդները նպաստում են մեզում կալցիումի բացարձակ քանակի նվազմանը[6]։
- Չնայած, որ կալիումապահպան միջոցների դեպքում մեզում կալցիումի բացարձակ պարունակությունը աճում է, այդ աճը ի տարբերություն այլ շարքի միզամուղների չնչին է[6]։
Համեմատության համար, կանթային միզամուղները հանգեցնում են մեզով կալցիումի զգալի կորստի[7]։ Սա հատկապես ռիսկային է ոսկրերի ապահանքայնացման ու ոսկրանյութի նոսրացման պարագայում[8]։
Օսմոտիկ միզամուղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմոտիկ միզամուղները (օր՝ մանիտոլ) նյութեր են, որոնք մեծացնում են օսմոլյառությունը՝ շատացնում են արյան պլազմայում և խողովակային հեղուկում օսմոտիկ ակտիվ նյութերի խտությունը, սակայն օժտված են սահմանափակ թափանցելիությամբ խողովակային էպիթելով․ նրանք թափանցելի են երիկամի կծիկային պատնեշի համար, բայց անթափանց են երիկամային խողովակների համար։ Նրանց աշխատանքի հիմքում ընկած է նաև արտաբջջային հեղուկի և պլազմայի ծավալի մեծացումը, ինչը իր հերթին մեծացնում է երիկամային արյունահոսքը՝ հատկապես դեպի հարխողովակային մազանոթներ։ Օսմոտիկ դիուրետիկների հիմնական ազդեցության շրջանը մոտակա ոլորուն խողովակներն են ու Հենլեի կանթի վայրէջ հատվածը։ Այս շրջանը ազատ թափանցելի է ջրի համար։ Օսմոտիկ էֆեկտի շնորհիվ նրանք նաև ընկճում են հակամիզամուղ հորմոնի աշխատանքը հավաքող խողովակում։ Հետ չներրծվող նյութերի առկայությունը, ինչպիսին է մանիտոլը, մեծացնում է մեզի օսմոլյառությունը և խանգարում ջրի հետներծծմանը, որի հետևանքով մեզի ծավալը աճում է։
Մեզի հոսքի արագացումը նվազեցնում է հեղուկի և խողովակային էպիթելի միջև շփման տևողությունը, ինչը նվազեցնում է նաև նատրիումի հետներծծումը։ Սակայն առաջացող նատրիուրեզը ավելի թույլ է, քան ջրի կորուստը, ինչի հետևանքով առաջանում է մասիվ ջրի կորուստ և հիպերնատրեմիա։
Գլյուկոզը, ինչպես և մանիտոլը, պարզ շաքար է և օսմոտիկ ակտիվ նյութ։ Ի տարբերություն մանիտոլի, այն նորմայում առկա է արյան մեջ։ Այնուամենայնիվ, որոշ վիճակներում, ինչպիսին է, օրինակ, շաքարային դիաբետը, արյան մեջ գլյուկոզի կոնցենտրացիան սկսում է գերազանցել (հիպերգլիկեմիա) երիկամների առավելագույն հետներծծման թողունակությանը։ Այդ ժամանակ գլյուկոզը կուտակվում է առաջնային մեզում՝ կծիկային ֆիլտրատում, նպաստելով մեզում ջրի օսմոտիկ պահմանը։ Գլյուկոզուրիան (շաքարամիզություն) բերում է առավելապես հիպոտոնիկ հեղուկի և նատրիումի կորստի, ինչը հանգեցնում է ջրազրկման, որն արտահայտվում է լորձաթաղանթների չորությամբ, ցածր ճնշումով (հիպոտենզիա), հաճախասրտությամբ և մաշկի տուրգորի իջեցմամբ։ Որոշ դեղերի օգտագործումը, մասնավորապես՝ խթանիչների, նույնպես կարող է բարձրացնել արյան գլյուկոզի մակարդակը և նպաստել մեզով վերջինիս դուրսբերմանը։
«Ցածրառաստաղային» միզամուղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ցածրառաստաղային» տերմինը կիրառվում է այն պարագայում, երբ միզամուղի դոզա կախյալ էֆեկտի կորը արագ հարթվող է (ի տարբերություն «բարձրառաստաղային» դեղամիջոցների, որոնց դեպքում կորը մոտ է գծայինին)։ Այս խմբին կարելի է դասել, օրինակ, թիազիդներին[9]։
Ազդեցության մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միզամուղները ունեն կարևոր թերապևտիկ նշանակություն։ Նախևառաջ, նրանք արդյունավետ իջեցնում են զարկերակային ճնշումը։ Կանթային ու թիազիդային միազամուղները սեկրեցվում են մոտակա ոլորուն խողովակում օրգանական անիոնային փոխադրիչ-1-ի միջոցով, ապա, կանթայինները Հենլեի կանթի վերել հաստ հատվածում կապվելով Na+-K+-2Cl- 2-րդ տիպի կոտրանսպորտերի հետ, իսկ թիազիդները հեռակա ոլորուն խողովակիկներում՝ Na+-Cl--ական կոտրանսպորտերի հետ, ընկճում են դրանց ու ցուցաբերում միզամուղ ազդեցություն[10]։ Ստորև աղյուսակում ներկայացված է տարածված միզամուղների դաակարգումն ու ազդեցության մեխանիզմը։
Խումբ | Ներկայացուցիչներ | Ազդեցության մեխանիզմ | Ազդեցության տեղակայում, նեֆրոնի թիրախային օջախ |
---|---|---|---|
– | էթանոլ, ջուր | Ընկճում են հակամիզամուղային հորմոնի (վազոպրեսին) արտադրությունը։ | |
Թթվայնացնող աղեր | կալցիումի քլորիդ, ամոնիումի քլորիդ | 1.խողովակներ | |
Արգինին-վազոպրեսինային ընկալիչ 2-ի անտագոնիստներ | ամֆոտերիցին B, լիթիում[11][12] | Ընկճում են հակամիզամուղային հորմոնի (վազոպրեսին) ազդեցությունը։ | 5. հավաքող խողովակ |
Վազոպրեսինային V2 ընկալիչների ընտրողական անտագոնիստներ (աքվարետիկներ) | տոլվապտան[13], կոնիվապտան | Վազոպրեսինի հետ մրցակցային անտագոնիզմը հանգեցնում է երիկամների հավաքող խողովակների ապիկալ մեմբրանին ազատ աքվապորինային անցուղիների քանակի նվազմանը, ինչը բերում է ջրի հետներծծման թուլացմանը։ Արդյունքում ազատ ջրի հեռացումը մեծանում է (աքվարեզ), արյան պլազմայում բարձրանում է նատրիումի կոնցենտրացիան, նվազում է մեզի օսմոլյառությունը և աճում մեզի դուրս բերվող քանակը[14]։ | 5. հավաքող խողովակ |
Նատրիում-պրոտոնային փոխանակչի (անտիպորտերի) անտագոնիստներ | դոֆամին[15] | Նպաստում են Na+-ի դուրս բերմանը։ | 2. մոտակա ոլորուն խողովակ[15] |
Կարբոանհիդրազ ֆերմենտի ընկճողներ | ացետազոլամիդ[15], դորզոլամիդ | Ընկճում են H+-ի սեկրեցիան և այդպիսով նպաստում Na+-ի և K+-ի էքսկրեցիային։ | 2. մոտակա ոլորուն խողովակ |
Կանթային միզամուղներ | բումետանիդ[15], էտակրինաթթու[15], ֆուրոսեմիդ[15], տորասեմիդ | Ընկճում են Na+-K+-2Cl- սիմպորտերը (NKCC կոտրանսպորտերը)։ | 3. միջուկային հաստ վերել հատված |
Օսմոտիկ միզամուղներ | գլյուկոզ (մասնավորապես անկառավարելի դիաբետի դեպքում), մանիտոլ | Խթանում են օսմոտիկ դիուրեզը։ | 2.մոտակա խողովակներ, վայրէջ հատված |
Կալիումապահպան միզամուղներ | ամիլորիդ, սպիրոնոլակտոն, էպլերենոն, տրիամտերեն, կալիումի կանրեոնատ | Սպիրոնոլակտոնը ընկճում է ալդոստերոնի աշխատանքը, ամիլորիդը պաշարում է էպիթելիալ նատրիումական անցուղիները[15]։ | 5. կեղևային հավաքող խողովակներ |
Թիազիդներ | բենդրոֆլումեթիազիդ, հիդրոքլորթիազիդ | Ընկճում են հետներծծումը՝ պաշարելով Na+/Cl− սիմպորտերը։ | 4. հեռակա ոլորուն խողովակներ |
Քսանտիններ | կոֆեին, թեոֆիլին, թեոբրոմին | Ընկճում են Na+-ի հետներծծումը, բարձրացնում կծիկային ֆիլտրացիայի արագությունը։ | 1. խողովակներ |
Քանի որ միզամուղ միջոց կարող է համարվել ցանկացած միացություն, որը խթանում է միզարտադրությունը, աքվարետիկները, որոնք առաջացնում են ազատ ջրի կորուստ, կարող են դիտարկվել որպես միզամուղների ենթախումբ։ Այս շարքին կարող են դասվել բոլոր հիպոտոնիկ ջրային լուծույթները, ներառյալ մաքուր ջուրը, սև և կանաչ թեյերը, ինչպես նաև բուսական բաղադրիչներով թեյը։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միզամուղների հիմնական կողմնակի ազդեցություններից են հիպովոլեմիան, հիպոկալեմիան, հիպերկալեմիան, հիպոնատրեմիան, մետաբոլիկ ալկալոզը, մետաբոլիկ ացիդոզը և հիպերուրիկեմիան[15]։
Կողմնակի ազդեցություն | Միզամուղներ | Ախտանիշներ |
---|---|---|
հիպովոլեմիա |
| |
հիպոկալեմիա | ||
հիպերկալեմիա |
|
|
հիպոնատրեմիա | ||
մետաբոլիկ ալկալոզ | ||
մետաբոլիկ ացիդոզ | ||
հիպերկալցեմիա |
|
|
հիպերուրիկեմիա |
Չարաշահումները սպորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ միզամուղները կիրառվում են սպորտում խթանիչների (դոպինգի) ու թմրամիջոցների օգտագործման փաստը քողարկելու համար[16]։ Միզամուղները խթանում են միզարտադրությունը, շատացնում մեզի ծավալը և նոսրացնում, լուծում դոպինգային պրեպարատներն ու դրանց արգասիքները։ Միզամուղները կիրառվում են նաև քաշը արագ նվազեցնելու նպատակով՝ համապատասխան քաշային կարգին հասնելու համար այնպիսի սպորտաձևեևորում, ինչպիսիք են բոքսն ու ըմբշամարտը[17][18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ballew JR, Fink GD (September 2001). «Characterization of the antihypertensive effect of a thiazide diuretic in angiotensin II-induced hypertension». Journal of Hypertension. 19 (9): 1601–6. doi:10.1097/00004872-200109000-00012. PMID 11564980.
- ↑ Drug Monitor – Diuretics Արխիվացված Հունվար 17, 2008 Wayback Machine
- ↑ Julio D. Duarte; Rhonda M. Cooper-DeHoff (2011 թ․ ապրիլի 1). «Mechanisms for blood pressure lowering and metabolic effects of thiazide and thiazide-like diuretics». Expert Review of Cardiovascular Therapy. 8 (6): 793–802. doi:10.1586/erc.10.27. PMC 2904515. PMID 20528637.
- ↑ Shankaran S, Liang KC, Ilagan N, Fleischmann L (April 1995). «Mineral excretion following furosemide compared with bumetanide therapy in premature infants». Pediatr. Nephrol. 9 (2): 159–62. doi:10.1007/BF00860731. PMID 7794709.
- ↑ Bakhireva LN, Barrett-Connor E, Kritz-Silverstein D, Morton DJ (June 2004). «Modifiable predictors of bone loss in older men: a prospective study». Am J Prev Med. 26 (5): 436–42. doi:10.1016/j.amepre.2004.02.013. PMID 15165661.
- ↑ 6,0 6,1 Champe, Pamela C.; Richard Hubbard Howland; Mary Julia Mycek; Harvey, Richard P. (2006). Pharmacology. Philadelphia: Lippincott William & Wilkins. էջեր 269. ISBN 978-0-7817-4118-7.
- ↑ Rejnmark L, Vestergaard P, Pedersen AR, Heickendorff L, Andreasen F, Mosekilde L (January 2003). «Dose-effect relations of loop- and thiazide-diuretics on calcium homeostasis: a randomized, double-blinded Latin-square multiple cross-over study in postmenopausal osteopenic women». Eur. J. Clin. Invest. 33 (1): 41–50. doi:10.1046/j.1365-2362.2003.01103.x. PMID 12492451.
- ↑ Rejnmark L, Vestergaard P, Heickendorff L, Andreasen F, Mosekilde L (January 2006). «Loop diuretics increase bone turnover and decrease BMD in osteopenic postmenopausal women: results from a randomized controlled study with bumetanide». J. Bone Miner. Res. 21 (1): 163–70. doi:10.1359/JBMR.051003. PMID 16355285.
- ↑ Mutschler, Ernst (1995). Drug actions: basic principles and therapeutic aspects. Stuttgart, German: Medpharm Scientific Pub. էջեր 460. ISBN 978-0-8493-7774-7.
- ↑ Ali SS, Sharma PK, Garg VK, Singh AK, Mondal SC (Apr 2012). «The target-specific transporter and current status of diuretics as antihypertensive». Fundam Clin Pharmacol. 26 (2): 175–9. doi:10.1111/j.1472-8206.2011.01012.x. PMID 22145583.
- ↑ Ajay K. Singh; Gordon H. Williams (2009 թ․ հունվարի 12). Textbook of Nephro-Endocrinology. Academic Press. էջեր 250–251. ISBN 978-0-08-092046-7.
- ↑ L. Kovács; B. Lichardus (2012 թ․ դեկտեմբերի 6). Vasopressin: Disturbed Secretion and Its Effects. Springer Science & Business Media. էջեր 179–180. ISBN 978-94-009-0449-1.
- ↑ Schrier, Robert W.; Gross, Peter; Gheorghiade, Mihai; Berl, Tomas; Verbalis, Joseph G.; Czerwiec, Frank S.; Orlandi, Cesare (2006 թ․ նոյեմբերի 16). «Tolvaptan, a Selective Oral Vasopressin V2-Receptor Antagonist, for Hyponatremia». New England Journal of Medicine. 355 (20): 2099–2112. doi:10.1056/NEJMoa065181. hdl:2437/157922. ISSN 0028-4793. PMID 17105757.
- ↑ Reilly, Timothy; Chavez, Benjamin (2009 թ․ հոկտեմբերի 1). «Tolvaptan (samsca) for hyponatremia: is it worth its salt?». Pharmacy and Therapeutics. 34 (10): 543–547. PMC 2799145.
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 15,18 15,19 15,20 15,21 15,22 15,23 15,24 15,25 15,26 15,27 15,28 15,29 15,30 15,31 15,32 15,33 15,34 15,35 15,36 15,37 15,38 15,39 15,40 15,41 15,42 15,43 Boron, Walter F. (2004). Medical Physiology: A Cellular And Molecular Approach. Elsevier/Saunders. էջ 875. ISBN 978-1-4160-2328-9.
- ↑ Bahrke, Michael (2002). Performance-Enhancing Substances in Sport and Exercise.
- ↑ Agence France Presse (2012 թ․ հուլիսի 17). «UCI announces adverse analytical finding for Frank Schleck». VeloNews. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Cadwallader AB, de la Torre X, Tieri A, Botrè F (September 2010). «The abuse of diuretics as performance-enhancing drugs and masking agents in sport doping: pharmacology, toxicology and analysis». British Journal of Pharmacology. 161 (1): 1–16. doi:10.1111/j.1476-5381.2010.00789.x. PMC 2962812. PMID 20718736.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Diagram at cvpharmacology.com
- "Caffeine and Electrolyte Imbalance" Արխիվացված 2013-05-27 Wayback Machine by Dana George August 23, 2011