Հիմնական բառաֆոնդ
Հիմնական բառաֆոնդ, բառապաշարի հիմքը, նրա ամենակայուն շերտը, որի առաջին հերթին մեջ մտնում են նախասկզբնական ու նախնական կարևորագույն ու ամենաանհրաժեշտ այն բառերը, որոնք հաստատապես մուտք են գործել այդ լեզվով խոսող ժողովրդի կյանք։ Դրանք ընդհանուր գործածական այն բառերն են, որոնք անվանում են օբյեկտիվ իրականության առարկաները, երևույթները, գործընթացները, հատկանիշները և այլն։ Այդ բառերը տարբեր դարաշրջանների ու տարբեր ժողովուրդների լեզուների համար կարող են բնույթով որոշակիորեն տարբեր լինել։
Բառային հիմնական ֆոնդն ընդգրկում է լեզվի ամենանհրաժեշտ բառերը, բայց չի կարելի պնդել, թե դրանք միայն այն բառերն են, որոնք համապատասխանում են միայն անհրաժեշտ առարկաներին ու կարևոր հասկացություններին, քանի որ միևնույն հասկացություննների հետ կարող են կապված լինել տարբեր բառեր, իսկ նույն առարկաները կարող են անվանվել տարբեր բառերով, սակայն այդ բառերը ոչ բոլորն են գործածվում հավասարապես և բառապաշարում խաղացած իրենց դերի և արժեքի համապատասխան էլ դրանք ոչ բոլորն են մտնում բառային հիմնական ֆոնդ։
Հիմնական բառաֆոնդի բառերը չեզոք բառապաշարի են վերաբերում. դրանք կարելի է գործածել միայն նույն իմաստներով խոսքի ցանկացած տեքստում և ժանրերում։
Լեզվի բառային հիմնական ֆոնդի կորիզն են կազմում արմատներն ու արմատական բառերը, որոնք հիմք են ծառայում բազմաթիվ բաղադրյալ բառերի համար։
Հայոց լեզվի հիմնական բառաֆոնդը ձևավորվել է նրա կազմավորման ընթացքում, ընդգրկում է բնիկ հայերեն, այսինքն՝ հնդեվրոպական նախալեզվից ժառանգած և այլ ժողովուրդներից փոխառյալ բառերը, որոնք այլ ժողովուրդների ու քաղաքակրթությունների հետ ունեցած մշակութային, տնտեսական ու քաղաքական հարաբերությունների բնականոն արդյունքը կամ հետևանքն են հանդիսանում։
Բառային հիմնական ֆոնդին հատուկ է նրա ոչ մեծ ծավալը, կայունությունը, գործածության տևականությունը։ Նրա համեմատական կայունությունից էլ բխում է մյուս կարևոր առանձնահատկությունը՝ ժառանգորդությունը, փոխանցումը սերնդից սերունդ։ Սվոդեշի կարծիքով՝ լեզվի հիմնական բառաֆոնդը փոփոխման է ենթարկվում հավասար արագությամբ, ըստ որում, յուրաքանչյուր հազարամյակի ընթացքում դուրս է ընկնում բառերի 15 %-ը[1]։
Հիմնական բառաֆոնդի մեջ մտնող բառերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարմնի տարբեր մասերի և նյութերի անուններ՝ ականջ, աչք, ատամ, արյուն, գլուխ, թիկունք, լյարդ, ձեռք, ճակատ, միս, ոսկոր և այլն։
- Ազգակցական տարբեր հարաբերություններ ցույց տվող բառեր, օրինակ՝ հայր, մայր, եղբայր, քույր, դուստր, տղա, աղջիկ, փեսա, քեռի, հորաքույր և այլն։
- Բնության երևույթների և առարկաների անուններ, ինչպես՝ անձրև, անտառ, արև, գետ, դաշտ, լուսին, ծով, հող, ջուր, քամի և այլն։
- Կենդանական աշխարհի ներկայացուցիչների անուններ՝ աղվես, արջ, գայլ, թռչուն, կատու, կով, հավ, ձի, ոչխար, սագ և այլ։
- Բույսերի անվանումներ՝ բարդի, գարի, թուփ, ծառ, կաղնի, մասուր, վարդ, տերև, ցորեն և այլն։
- Սննդի առարկաների, տարբեր սննդամթերքների անվանումներ, օրինակ՝ հաց, աղ, բրինձ, ընկույզ, խաղող, ծիրան, յուղ, կարագ, ձավար, մեղր, ձմերուկ, և այլն։
- Աշխատանքային տարբեր գործիքների անվանումներ՝ դանակ, կացին, հաստոց, մուրճ, սղոց, ուրագ և այլն։
- Աշխատանքային գործընթացների անվանումներ՝ գրել, կազմել, կառուցել, հավաքել, մաքրել, մշակել, շարել, տնկել, ցանել, քաղել և այլն։
- Ամենօրյա կենցաղի հետ կապված առարկաների և գործողությունների անվանումներ՝ դուռ, եփել, լվանալ, խոհանոց, հատակ, սենյակ, սրբել, տուն և այլն։
- Արհեստների ու մասնագիտությունների անվանումներ՝ այգեգործ, բանաստեղծ, բանվոր, գիտնական, հողագործ, հովիվ և այլն։
- Բնակավայրերի, վարչական բաժանումների հետ կապված բառեր՝ ավան, գյուղ, երկիր, թաղամաս, մարզ, քաղաք և այլն։
- Գործողության ու վիճակի վերացական ու թանձրացական տարբեր անվանումներ, օրինակ՝ լսել, կանչել, հիշել, նստել, սիրել, ուրախանալ, քայլել, քնել և այլն։
- Որակ, հատկանիշ ցույց տվող բառեր՝ արագ, երկար, խելոք, կտրուկ, հաճելի, հաստ, սպիտակ, սև, ուրախ և այլն։
- Դերանուններ, օրինակ՝ ես, դու, մենք, այսպես, այնտեղ, այդքան, երբ, որտեղ, ինչ, ոմանք, բոլորը, ոչինչ և այլն։
- Թվականներ՝ մեկ, երկու, տասը, հարյուր, հազար, քսանմեկ, հարյուր երեսունչորս և այլն։
- Շաղկապներ, օրինակ՝ և, ու, բայց, որ, քանի որ, որովհտև, որպեսզի և այլն։
- Հաճախ գործածվող վերաբերականներ ու ձայնարկություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ *Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 141։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պապոյան Ա., Պարույր Սևակի չափածոյի բառապաշարը, Երևան, 1970։
- Օհանյան Հ., Ժամանակակից հայոց լեզվի բառապաշարը և նրա հարստացման միջոցները, Երևան, 1982։
- Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
- Աղայան Է., Ընդհանուր և հայկական բառագիտություն, Երևան, 1984։
- Մուրվալյան Ա., Հայոց լեզվի բառային կազմը, Երևան, 1955։