Jump to content

Դոնեցկի մարզային ակադեմիական դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնեցկի մարզային ակադեմիական դրամատիկական թատրոն
Տեսակթատրոն և թատերախումբ
Երկիր Ուկրաինա
Գտնվելու վայրըՄարիուպոլ
Հիմնադրման ամսաթիվ1878
Կայքdonetsk-region-theater.in.ua
 Theatre of Mariupol Վիքիպահեստում

Դոնեցկի մարզային ակադեմիական դրամատիկական թատրոն (ուկրաիներեն՝ Донецький академічний обласний драматичний театр), Դոնեցկի մարզային թատրոն Մարիուպոլում։

Ժամանակակից թատրոնի շենքը կառուցվել է 1960 թվականին և գտնվել է Մարիուպոլի Թատերական հրապարակում, որը գտնվում է Միրա պողոտայի և Կուինջի փողոցի խաչմերուկում ( Քաղաքային պուրակի հարևանությամբ)։

2022 թվականի մարտի 16-ին, Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման շրջանակներում թատրոնի շենքը, որում, ըստ տեղական իշխանությունների, պատսպարվել էին 1000-ից 1200 խաղաղ բնակիչ, ավերվել է ռուսական օդուժի ավիացիոն հարվածից[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի շենքը կառուցվել է 1956-1960 թվականներին ըստ ճարտարապետներ Օ. Կրիլովայի և Օլեգ Մալիշենկոյի նախագծով։ Հիմնական ճակատը կառուցվել էր Ղրիմի Ինկերման մոխրագույն քարից, ուներ պատկերասրահ ՝ չորս սյուներով, որոնք ավարտվում էին կոմպոզիտային օրդերներով[2]։ Գլխավոր մուտքի ճակատային ճակտոնը զարդարված էր քանդակագործական խմբով։

Թատրոնն ունեցել է երկու բեմ.

  • Մեծ դահլիճ - 680 տեղ
  • Փոքր դահլիճ - 62 տեղ։
Գլխավոր մուտքի ճակտոնային զարդաքանդակների հատվածներ
  • 1847 թվականին ձեռներեց Վ. Վինոգրադովի ղեկավարությամբ թատերախումբն առաջին անգամ ժամանել է Մարիուպոլ և հանդես եկել ներկայացումներով։ Քաղաքում թատրոնի շենքի բացակայության պատճառով թատերախումբը ներկայացումներ է տվել Եկատերինինսկայա փողոցում (այժմ՝ Միրա պողոտա) վարձակալած ամբարում։
  • 1850-1860-ական թվականների ընթացքում տեղի բնակիչ Պոպովն իր բակի ամբարում կառուցել է առաջին թատերական սենյակը՝ «Մուսա Մելպոմենեի տաճարը»։ Շենքում, թեև տարրական պայմաններ չկային, բազմաթիվ թատերախմբեր են հանդես եկել մի քանի սեզոններ՝ այդ ժամանակի գավառական դերասանների մասնակցությամբ, ինչպիսիք են` Ալեքսանդրովը, Նևերովան, Մեդվեդևան, Ստոպելը, Նովիցկին, Մինսկին, Պրոկոֆևը, Պիլոնին և այլք։
  • 1878 թվականին Մարիուպոլ քաղաքում հիմնադրվել է առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը` սկիզբ դնելով Մարիուպոլի թատրոնին։ Մեծահարուստ վաճառականի որդին՝ Վասիլի Շապովալովը, տարածք է վարձել թատրոնի համար[3]։ Այստեղ սկսել են իրենց ստեղծագործական ճանապարհը դերասաններ Ի. Ա. Զագորսկին, Լյուբով Պավլովնա Լինիցկայան և այլք։
  • 1884 թվականին հաստատվել է Մարիուպոլի երաժշտական և դրամատիկական միության կանոնադրությունը։ Միության անդամները բեմադրել են սիրողական ներկայացումներ, կազմակերպել համերգներ, նպաստել քաղաքի բնակիչների գեղագիտական դաստիարակությանը։
  • 1887 թվականի նոյեմբերի 8 -ին եղել է թատրոնի նոր շենքի բացումը։ Շենքը կառուցվել է Վ. Լ. Շապովալովի միջոցներով և կոչվել Համերգային դահլիճ (հետագայում` Ձմեռային թատրոն)։ Նոր շենքն ունեցել է մեծ բեմ, հարմարավետ աթոռներ, հատուկ տեղ նվագախմբի համար, 800 նստատեղով դահլիճ։ Թատերական սեզոնը բացվել է Ն. Վ. Գոգոլի «Ռևիզոր» պիեսի բեմադրությամբ։ Քաղաքապետի դերը կատարել է հենց ինքը՝ թատրոնի սեփականատերն ու ձեռներեցը։
  • 1880-1890-ական թվականներին տեղի են ունեցել ուկրաինական բեմի ականավոր վարպետների հյուրախաղեր՝ Մարկ Կրոպիվնիցկի և Իվան Կարպենկո-Կարի, Պանաս Սակսագանսկի, Մ.Ստարիցկի և այլք։
  • 1920-ական թվականներին քաղաքում գործել է «Նոր թատրոն» դրամատիկական խումբը Ա. Ն. Բորիսոգլեբսկու ղեկավարությամբ։
  • 1934 թվականին քաղաքային դրամատիկական թատրոնի հիման վրա ստեղծվել է Համադոնեցկյան երաժշտական և դրամատիկական թատրոնը` մշտական մնալով Մարիուպոլում (գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսեյ Մաքսիմովիչ Սմիրնով, գլխավոր ռեժիսոր՝ Ալեքսանդրա Վասիլևնա Սմիրնովա-Իսկանդեր)։
  • 1936 թվականի ապրիլի 18 -ին քաղաքային թատրոնում տեղի է ունեցել հանդիպում վաստակավոր արտիստ, օպերային երգիչ Միխայիլ Ստեպանովիչ Գրիշկոյի հետ։
  • 1936 թվականի նոյեմբերին Մարիուպոլի պետական ռուսական երաժշտական և դրամատիկական թատրոնում ցուցադրվել է Ա. Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ» պիեսը։
  • 1937 թվականի ապրիլին Մարիուպոլի ռուսական երաժշտական և դրամատիկական թատրոնը հյուրախաղերով մեկնել է Ստալինո, Մակեևկա, Պոլտավա, Կրեմենչուգ, Սումի և Խարկով քաղաքներ։ Հյուրախաղերը տևել են 4 ամիս, որից հետո թատրոնը նորացված կազմով վերադարձել է Մարիուպոլ։
  • 1947 թվականին Ռուսական դրամատիկական թատրոնը փակվել է։
  • 1959 թվականին թատրոնի գործունեությունը վերականգնվել է. կառուցվել է նոր շենք (ըստ ճարտարապետներ Օլեգ Մալիշենկոյի և Ա. Կռիլովի ստանդարտ նախագծի), հավաքագրվել է թատերախումբ, պատրաստվել են ներկայացումներ։ Մարիուպոլի թատրոնին տրվել է Դոնեցկի պետական թատրոնի կարգավիճակ։
  • 1960 թվականի նոյեմբերի 2 -ին տեղի է ունեցել նորակառույց թատրոնի շենքի հանդիսավոր բացումը և առաջին ներկայացումը (Ա. Արբուզովի պիեսի հիման վրա բեմադրված «Իրկուտսկյան պատմություն» պիեսը)։
  • 1978 թվականին թատրոնը նշել է իր 100-ամյակը, ինչի կապակցությամբ և թատերական արվեստի զարգացման գործում նշանակալի ծառայությունների համար թիմը պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով։
  • 1985 թվականին բացվել է թատրոնի փոքր բեմը։
  • 2007 թվականի նոյեմբերի 12-ին մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրամանով թատրոնին տրվել է ակադեմիական կարգավիճակ[4]։
  • 2016 թվականին Դոնեցկի Պատվո ակադեմիական շքանշանի մարզային ռուսական դրամատիկական թատրոնը վերանվանվել է Դոնեցկի մարզային ակադեմիական դրամատիկական թատրոն[5]։

Իրադարձություններ 2022

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռմբակոծությունից հետո թատրոնի ճակատային տեսքը. շենքի դիմաց սպիտակ տառերով գրված է ДЕТИ (ԵՐԵԽԱՆԵՐ)
Թատրոնի շենքը ռմբակոծությունից հետո (16 մարտի, 2022 թ.)
Թատրոնի ծխացող շենքը ռմբակոծությունից հետո (16 մարտի, 2022 թ.)

2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից սկսած թատրոնի շենքն օգտագործվել է որպես ապաստան քաղաքի բնակիչների համար, ովքեր կորցրել էին իրենց սեփական տները։ Հիմնական կոնտինգենտը կանայք և երեխաներ էին[6]։ Maxar Technologies մասնավոր ամերիկյան ընկերությունը հրապարակել է մարտի 14-ով թվագրված արբանյակային պատկերներ, որոնցում թատրոնի երկու ճակատների դիմաց երևում է գետնին մեծ տառերով գրված «ԵՐԵԽԱՆԵՐ»[7][8]։

2022 թվականի մարտի 16-ին թատրոնի շենքի վրա նետվել է գերհզոր ռումբ, որը ավերել է թատրոնի կենտրոնական հատվածը և բեկորներով փակել շենքի մուտքը[9]։ Ըստ Մարիուպոլի քաղաքային խորհրդի պաշտոնյաների, թատրոնը եղել է քաղաքի ամենամեծ ռմբապաստարանը, և ավերման պահին այնտեղ եղել են միայն կանայք և երեխաներ[10]։

Մարիուպոլի քաղաքային խորհրդի գործադիր մարմինների գործունեության գծով փոխքաղաքապետ Սերգեյ Օռլովը BBC-ին ասել է, որ դա տեղի է ունեցել ռուսական զորքերի ռմբակոծության արդյունքում[11]։ Նրա խոսքով, քաղաքի պաշարման ժամանակ մղվող մարտերի ժամանակ թատրոնի շենքում ապաստանել է 1000-ից 1200 խաղաղ բնակիչ։

Զոհերի թիվն ավերածությունների պահին անհայտ է[12]։ Human Rights Watch կազմակերպությունը հարցազրույց է անցկացրել Մարիուպոլի փախստականների հետ, ովքեր ասել են, որ մարտի 16-ին նախորդող օրերին 500-ից 800 մարդ ապաստանած էր թատրոնում։

2022 թվականի մարտի 17-ի առավոտյան Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Սերգեյ Տարուտան հայտնել է, որ ռմբապաստարանը չի վնասվել, իսկ մարդիկ ողջ են մնացել[13]։ Սակայն արդեն մարտի 24-ին Popular Politics-ի եթերում նա հնչեցրել է այն ենթադրությունը, որ զոհվել է առնվազն 1000 մարդ, որոնց չի հաջողվել փլատակների տակից դուրս բերել շարունակական գնդակոծությունների և փրկարարների բացակայության պատճառով[14]։ Մարտի 25-ին Մարիուպոլի քաղաքային խորհրդի ներկայացուցիչները հայտնել են դրամատիկական թատրոնի շենքում ապաստանած մոտ 300 մարդու մահվան մասին[15]։

Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին հանդես է եկել հայտարարությամբ Իտալիայի Նախարարների խորհրդի կողմից թատրոնի արագ վերականգնման համար Ուկրաինային ռեսուրսներ տրամադրելու իր առաջարկի հաստատման մասին[16]։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ թատրոնի շենքը պայթեցվել է Ուկրաինայի ազգային գվարդիայի Ազովի գնդի կողմից իրականացված ահաբեկչության արդյունքում, որը պայթեցրել է սեփական շտաբը և, ենթադրաբար, նկուղում պահվող պատանդներին[17] Ռուսաստանին մեղադրելու համար[18]։ Միևնույն ժամանակ, այս հայտարարությունների համար ոչ մի ապացույց չի ներկայացվել[7], և բաց աղբյուրները պարունակում են տվյալներ, որոնք կասկածի տակ են դնում դրանցից առնվազն մի քանիսը. մարտի 10-ին «Ազով»-ի կողմից հրապարակված թատրոնի տեսանյութերը չեն հաստատել «պատանդների» մասին հայտարարությունները։ Սոցցանցերում կան վկայություններ մարտի 16-ին Մարիուպոլում այլ ռմբակոծությունների մասին (մասնավորապես, ավերվել է Նեպտուն լողավազանը), իսկ թատրոնի դիմաց և հետևում երկու մեծ գրություններ են եղել՝ «Երեխաներ»[9]։

Թատրոնի խաղացանկումդրամաներ, կատակերգություններ, մանկական և պատանեկան փերֆորմանսներ, մյուզիքլներ, մասնավորապես.

Ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների հետ մեկտեղ մշտապես ներկայացվել են ռուս և արտասահմանյան դասականներ՝ Տոլստոյի, Պուշկինի, Մոլիերի, Չեխովի, Բուլգակովի, Նաբոկովի, Մետերլինկի, Շեքսպիրի, Շուկշինի, Նինա Սադուրի, Մարշակի, Շվարցի և շատ ուրիշների գործերը։

Առաջատար արտիստներ. Ուկրաինայի ժողովրդական արտիստ, Մ. Զանկովեցկայայի մրցանակի դափնեկիր Սվետլանա Օտչենաշենկո, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Օլեքսանդր Հարությունյան, Նատալյա Մետլյակովա, Նատալյա Ատրոշչենկովա, Անատոլի Շևչենկո, Սերգեյ Մուսիենկո և այլք։

1964-1969 թվականներին թատրոնում ելույթ է ունեցել Ուկրաինայի ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Պոդյակովան։

Ավելի քան 45 տարի՝ 1969 թվականից մինչև 2014 թվականը, թատրոնում ծառայել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ, Ուկրաինայի ԽՍՀ ժողովրդական արտիստ Նատալյա Յուրգենը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Russia attacks theatre sheltering civilians, Ukraine says». BBC News (բրիտանական անգլերեն). 2022 թ․ մարտի 16. Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
  2. «Путеводитель по Мариуполю: Областной академический русский драматический театр» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 6 травня 2014-ին.
  3. «Греки Украины». web.archive.org. 2014 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Театр Мариуполя — отныне академический!». 2008 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 16 (օգնություն)
  5. «З назви маріупольського театру прибрали слово "російський"». web.archive.org. 2017 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27. Վերցված է 2024 թ․ ապրիլի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  6. «Маріуполь. Театр-укриття». «Вавилон'13» (ուկրաիներեն). 2022 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  7. 7,0 7,1 «Ukraine says Russia strikes Mariupol theatre sheltering residents, Moscow denies attack». «Reuters» (անգլերեն). 2022 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին.
  8. «Ukraine war: People buried under rubble after Mariupol theatre sheltering hundreds is hit by Russian bomb, officials say». «Sky News» (անգլերեն). 2022 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին.
  9. 9,0 9,1 «В Мариуполе разрушен театр, где укрывались сотни людей. Зеленский просит оружие — и Байден решает помочь» (ռուսերեն). Meduza. 2022 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  10. «Russia bombs theater where hundreds sought shelter and 'children' was written on grounds». «CNN» (անգլերեն). 2022 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին.
  11. Hugo Bachega (2022 թ․ մարտի 16). «Theatre with civilians inside is bombed in Mariupol - official» (անգլերեն). BBC News. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  12. Hugo Bachega (2022 թ․ մարտի 16). «Hundreds of civilians were inside bombed theatre, Mariupol official says» (անգլերեն). BBC News. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  13. Російські окупанти скинули бомбу на драмтеатр у Маріуполі: там був напис ДІТІ (фото) // Ipne.ws, 2022-03-17 (ռուս.)
  14. «Сергей Тарута: Погибло до 40 000 мирных жителей». «Популярная политика» (ռուսերեն). 2022 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին.
  15. «Mariupol theatre: 300 may have died - Ukraine officials» (անգլերեն). BBC News. 2022 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  16. Областной академический русский драматический театр Թվիթերում
  17. «В Минобороны России отвергли обвинения Киева в нанесении авиаудара по театру в Мариуполе». ТАСС. 2022 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին.
  18. «Украинские националисты взорвали здание театра в Мариуполе». РИА Новости. 2022 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնեցկի մարզային ակադեմիական դրամատիկական թատրոն» հոդվածին։