Ռմբապաստարան
Ռմբապաստարան կամ օդային հարձակման ապաստարան, պաշտպանիչ կառույց, քաղաքացիական պաշտպանության օբյեկտ, որը նախատեսված է ավիառումբերի ու արկերի պայթուցիկ և բեկորային ազդեցությունից, ավերված շենքերի բեկորներից և գազերի թունավոր ազդեցությունից պաշտպանվելու համար։ 1920-1940 թվականներին կառուցված գազի ապաստարանների մեծ մասը հետագայում վերափոխվել են միջուկային զենքից պաշտպանող ապաստարանների[1]։
Ռմբապաստարանները տարածված էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հատուկ կառուցված ռմբապաստարաններից և պաշտպանական շինարարության համար հարմարեցված նկուղներից բացի, որոշ մեծ քաղաքներում մետրոպոլիտենի ստորգետնյա տարածքները օգտագործվել են որպես ռմբապաստարան[2][3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի ռմբապաստարաններից մեկը Ֆյուրերբունկերն է, որտեղ Հիտլերն անցկացրել է իր վերջին ամիսները։ Ավելի ուշ՝ սառը պատերազմի ընթացքում, գաղափարական առճակատման և սպառազինությունների մրցավազքի մեջ ներգրավված երկրներում ակտիվորեն կառուցվում էին հակամիջուկային և քաղաքացիական ապաստարաններ, որոնք հին ոճով ռմբապաստարան էին կոչվում[4]։
Ռմբապաստարանները Երկրորդ համաշխարհային պատերազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռմբապաստարանները կառուցվել են թշնամու օդային հարձակումներից պաշտպանվելու համար։ Գոյություն ունեցող շինությունները, որոնք նախատեսված են եղել այլ գործառույթների համար, ինչպիսիք են մետրոպոլիտենի ստորգետնյա կայարանները, թունելները, տների կամ հաստատությունների նկուղներն ու մառանները, երկաթգծի կամուրջների երկաթբետոնյա կամարները, օգտագործվել են օդային գրոհների ժամանակ մարդկանց պաշտպանելու համար[5]։ Սովորաբար օգտագործվող տնային ապաստարանը, որը հայտնի է որպես Անդերսոնի ապաստարան, կառուցվում էր պարտեզում և կոմպլեկտավորված էր մահճակալներով[6]։
Ինչպես ցույց է տվել պատերազմը, գրեթե ամեն բակում բնակչության համար բազմաթիվ ռմբապաստարաններ կառուցելը ճիշտ լուծում է եղել։ Լենինգրադում ծայրաստիճան ինտենսիվ ռմբակոծությունների և հրետակոծությունների ժամանակ ֆուգասային ռումբերի ուղղակի հարվածների դեպքերը նկուղային ռմբապաստարան ունեցող շենքերին հազվադեպ են եղել։ Դրանցից միայն մոտ 20% դեպքերն են ավարտվել ապաստարանների ծանր վնասով, մոտավորապես 40-45% դեպքերը՝ մասնակի վնասով[7]։
Նկուղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկուղները միշտ էլ ավելի կարևոր են եղել մայրցամաքային Եվրոպայում, քան Միացյալ Թագավորությունում և հատկապես Գերմանիայում։ Գրեթե բոլոր տները և բազմաբնակարան շենքերը կառուցվել են նկուղներով։ Երկրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իշխանությունները օդային հարձակման նախազգուշական միջոցները կարողանում էին իրականացնել շատ ավելի հեշտ, քան հնարավոր էր Մեծ Բրիտանիայում։ Նկուղներում բնակիչները ապահով էին օդային հարձակման ժամանակ, բացառությամբ ուղղիղ հարվածի դեպքերից։
Տնտեսության և խիտ կառուցված քաղաքներում ազատ տարածության բացակայության պատճառով հատուկ ռմբապաստաններ չէին կառուցում և ռմբապաստարանը հաճախ տեղակայվում էր առկա տների նկուղներում։ Պաշտպանական տեսանկյունից ձեռնտու է ռումբերից ապաստարան գտնել բազմահարկ շենքի նկուղում, քանի որ վերգետնյա հարկերը դանդաղեցնում են ռումբի անկումը և նկուղ հասնելուց առաջ այն պայթում է վերևի հարկերից որևէ մեկում[8]։
Մառանների և նկուղների թերությունը ի հայտ է եկել գերմանական մեծ քաղաքների, հատկապես Համբուրգի և Դրեզդենի վրա հրկիզող ռուբերով հարձակումների ժամանակ, երբ նկուղների վերևում այրվող շենքերը փլուզվում էին և որոշ բնակիչներ զոհվում էին ջերմային հարվածից կամ ածխաթթու գազի թունավորումից։
Հոխբունկեներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոխբունկերները (գերմ.՝ Hochbunker)՝ «բարձրահարկ» ապաստարանները յուրահատուկ գերմանական տիպի շինություններ էին, որոնք նախատեսված էին օդային հարձակումներից պաշտպանվելու համար։ Դրանք կառուցվում էին գետնի վրա և դեպի վեր խոյանում, ինչը շատ ավելի հեշտ էր և էժան քան փորելով խորը կառուցապատումը։ Հոխբունկերները սովորաբար բաղկացած էին գետնից բարձր բետոնե բլոկներից ՝ 1-ից 1,5 մ հաստությամբ պատերով և դռների և բացվածքներից վրա հսկայական բարավորներով։ Դրանք հաճախ ունեցել են ներքին՝ 7-10 °C կայուն ջերմաստիճան՝ ինչը կատարելապես հարմար էր այնտեղ լաբորատորիաներ ստղծելու համար՝ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։ Դրանք օգտագործվել են մարդկանց, արխիվների և արվեստի գործերի պաշտպանության համար։
Հոխբունկերները տարբեր կառուցվածք և ձևեր ունեին։ Սովորաբար բաղկացած էին բետոնե քառակուսի բլոկներից,։ Հիմքում քառակուսի կամ կլոր աշտարականման շինություններ էին, երբեմն բրգանման։ Շրջանաձև աշտարակներից մի քանիսը պարուրաձև հատակներ ունեին, որոնք աստիճանաբար թեքվելով դեպի վեր էին բարձրանում։ Այս կառույցներից շատերը մինչ մեր օրերը օգտագործվում են, որպես հյուրանոցներ, հիվանդանոցներ և դպրոցներ։ Շոնբերգում ապաստանի վրա կառուցվել է բազմաբնակարան շենք։ Սառը պատերազմի ընթացքում ՆԱՏՕ-ն այս տիպի ապաստարաներն օգտագործել է սննդի պահեստավորման համար[9][10][11]։
Վինկելտուրմե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոխբունկերի հատուկ տարբերակներից մեկը Վինկելտուրմեն էր (գերմ.՝ Winkeltürme), որը անվանվել է նախագծող Լեո Վինկելի անունով։ Վինկելը արտոնագրել իր աշտարակը 1934 թվականին, և 1936 թվականից սկսած ՝ Գերմանիան կառուցել է 98 տարբեր տեսակի Վինկելտուրմե[12]։ Աշտարակները կոնաձև են և տարբերն չափերի։ Տրամագիծը տատանվում էր 8,4-10 մետր, իսկ բարձրությունը` 20-25 մետր։ Աշտարակների պատերը երկաթբետոնի համար ունեին նվազագույն հաստություն 0,8 մ, իսկ սովորական բետոնի համար `1,5 մ։ Աշտարակները կարող էին պատսպարել 164-ից 500 մարդու։ Իրենց ձևի պատճառով աշտարակները հայտնի դարձան «սիգարի ծխուկ» կամ «շաքարի ճակնդեղ» անվանումներով։
Վինկելտուրմեի արդյունավետության հիմքում ընկած էր այն, որ հաստ բետոնից կոր պատերը և սուր գմբեթը շեղում են աշտարակին հարվածող ցանկացած ռումբի ուղղությունը՝ այն ուղղելով դեպի հիմք։ Աշտարակներն ունեին փոքր հիմք, ինչը, հավանաբար, ավելի մեծ պաշտպանություն էր։ 1944 թվականի հոկտեմբերին Բրեմենում ամերիկյան ռումբը խոցել է մեկ աշտարակ. ռումբը պայթել է տանիքին, ներսում զոհվել է ընդամենը հինգ մարդ[13]։
Մետրոպոլիտեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Բրիտանիայում 1939 թվականի ապրիլի 20-ին սըր Ջոն Անդերսոնը խորհրդարանում հիմնվելով լորդ Հեյլիի նախագահած հանձնաժողովի զեկույցի վրա առաջարկել է խուսափել խորը ապաստարանների, ներառյալ խողովակաշարերի և ստորգետնյա թունելների օգտագործումը որպես հանրային ապաստարաններ։ Բերված պատճառներից էին՝ շատ կայարաններում զուգարանի բացակայությունը, մարդկանց գծերի վրա ընկնելու հավանականությունը և որ կայարաններում և թունելներում պատսպարված մարդիկ այնտեղ ավելի ապահով զգալու պատճառով կարող էին գայթակղվել և մնալ դրանց մեջ օր ու գիշեր[14]։ Այս խնդիրներից և ոչ մեկը չի հաստատվել Առաջին համաշխարհային պատերազմի ռմբակոծությունների ժամանակ, երբ մետրոպոլիտենի 80 կայարաններ օգտագործվել են այդ նպատակով։
1940 թվականի սեպտեմբերի 7-ի Լոնդոնի ուժգին ռմբակոծությունից հետո հասարակական ճնշում է առաջացել մետրոպոլիտենը որպես ռմբապաստարան օգտագործելու օգտին։ Սեպտեմբերի 19-ին ժողովուրդը գրոհով մտել է մետրոպոլիտեն և մնացել այնտեղ։ Կառավարությունը ստիպված զիջումների է գնացել։ Մետրոյի մեկ ճյուղը երթևեկության համար փակել են, շլյուզներ դրել այն դեպքի համար, եթե ռումբերը վնասեն պատերը և Թեմզայի ջուրը լցվի մետրո։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լոնդոնի մետրոպոլիտենում ապաստան են գտել 170,000 մարդ[15]։
Մոսկվայի, Բեռլինի մետրոյի ստորգետնյա տարածքները նույնպես օգտագործվել են որպես ռմբապաստարան։ Կայարանների և թունելների լավ պաշտպանությունն ապահովվում է դրանց ամուր ծածկույթն ու հողի հաստ շերտը։ Բայց մետրոն ունի նաև պաշտպանության իր սահմանափակումները։ Ենթադրվում էր, որ 250-500 կգ կշռող բարձր պայթուցիկ ֆուգասային արկերը, ճշգրիտ հարվածի դեպքում, ունակ են քանդել թունելների ծածկերը (հավանաբար, երբ դրանք մակերեսային են)[16]։
Անդերսոնի ռմբապաստարան
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականին՝ Մեծ Բրիտանաիայի Ներքին գործերի նախարարության խնդրանքով Ուիլյամ Պատերսոնը և Օսկար Կառլ Քերիզոնը նախագծել են Անդերսոնի ռմբապաստարանը։ Այն կոչվել է սըր Ջոն Անդերսոնի անունով, որը Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելուց առաջ հատուկ պատասխանատվություն է կրել օդային հարձակման դեպքում նախազգուշական միջոցներ նախապատրաստելու համար[17][18]։
Անդերսոնի ապաստարանները նախատեսված էին մինչև վեց մարդու համար։ Հատակին հաճախ տեղադրվում էր ջրահեռացման դրենաժ՝ ապաստարան թափվող անձրևաջրերը հեռացնելու համար։ Պաշտպանության հիմնական սկզբունքը հիմնված էր կոր և ուղիղ ցինկապատ ծալքավոր պողպատե վահանակների վրա։ Ապաստարաններն ունեցել են 1,8 մբարձրություն, 1,4 մ լայնություն և 2,0 մ երկարություն։ Դրանք կամ թաղվում էին հողի մեջ 1,2 մ խորության վրա, իսկ հետո ծածկվում 38 սմ հողով կամ որոշ դեպքերում տեղադրվումէին մարդկանց տների ներսում և ծածկվում էին ավազի պարկերով։ Անդերսոնի ապաստարանները լավ էին դիմանում պայթյուններին և ցնցումներին, քանի որ կապակցվածություն և ճկունություն ունեին, ինչը նշանակում էր, որ նրանք կարող էին կլանել մեծ քանակությամբ էներգիա պլաստիկ դեֆորմացիայի միջոցով և չքանդվել։:
Անդերսոնի ապաստարանները անվճար տրամադրվել են բոլոր տնային տնտեսություններին, որոնք շաբաթական 5 ֆունտից պակաս եկամուտ են ունեցել (համարժեք է 2019 թվականի 310 ֆունտ ստեռլինգին)։ Ավելի բարձր եկամուտ ունեցողներից ապաստանի համար գանձել են 7 ֆունտ ստեռլինգ (2019 թվականի 440 ֆունտ ստեռլինգին համարժեք)։ Այս տեսակի մեկուկես միլիոն ապաստարաններ բաժանվել են 1939 թվականիի փետրվարից մինչև պատերազմի սկիզբ։ Պատերազմի ընթացքում արտադրվել է ևս 2.1 միլիոն ռմբապաստարան[19]։ Մեծ թվով արտադրվել են John Summers & Sons երկաթի գործարանում և Shotton on Deeside-ում, որի արտադրության գագաթնակետը կազմել է շաբաթական 50,000 միավոր[20]։
Ձմռանը, երկարատև ռմբակոծությունների ժամանակ ռմբապաստարանում ցուրտ էր և խոնավ, ինչն էլ նպաստեց Մորիսոնի ռմբապաստարանի նախագծմանը[1]։
Մորիսոնի ռմբապաստարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորիսոնի ռմբապաստանը կամ Մորիսոնի սեղանը (Table Morrison), սեղանաձև կոնստրուկցիա էր, որի տակ վանդակ կար։ Այն նախագծել է Ջոն Բեյքերը և կոչվել է Մեծ Բրիտանիայի այդ ժամանակվա ներքին անվտանգության նախարար Հերբերտ Մորիսոնի անունով։ Քանի որ շատ տներ նկուղներ չունեին, ապա անհրաժեշտ էր ստեղծել արդյունավետ ապաստարան տան մեջ օգտագործելու համար։ Ապաստարանները մատակարարվում էին քանդված վիճակում՝ 359 կտորից, որը պետք է հավաքեր տանտերը։ Նրանք ունեին մոտավորապես 2 մ երկարություն, 1,2 մ լայնություն և 0,75 մ բարձրություն, վերևից ծածկված էին 3 մմ հաստությամբ պողպատով, բոլոր կողմերից փակված էին մետաղական ցանցով։ Ապաստանը անվճար էր տրամադրվում այն տնային տնտեսություններին, որոնց եկամուտը տարեկան 400 ֆունտից պակաս էր (համարժեք է 2019 թվականի 25,000 ֆունտին)։ Մորիսոնի կես միլիոն ռմբապաստարաններ բաժանվել են 1941 թվականի վերջին, ևս 100000-ը՝ 1943 թվականին։ Մորիսոնի ապաստանը նախատեսված էր այնպես, որ կարողանա դիմակայել վերին՝ փլուզված հարկի անկմանը[21]։ Նրա մեջ հնարավոր էր քնել, իսկ ցերեկները վերածել ճաշասեղանի[22]։
Սթենթոնի ռմբապաստարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկ կտորից երկաթբետոնյա ապաստան, որն արտադրել է անգլիական Stanton Ironworks ընկերությունը Իլկեստոնում, Դերբիշիրում։ Բետոնե լուսավորության սյուններ արտադրող ընկերությունը պատերազմի տարիներին դադարեցրեց իր արտադրությունը և սկսել է երկաթբետոնից ռմբապաստարաններ արտադրել, որից արտադրվել է 100,000 տոննա արտադրանք՝ հիմնականում օդագնացության նախարարության համար։ Երկաթբետոնն իդեալական նյութ է հանդիսացել օդային ռումբերի ապաստարանների համար՝ լինելով ամուր և դիմացկուն ցնցումներին՝ առանց ժամանակի ընթացքում որակի անկման։ Սեգմենտային ապաստանի այս տեսակն ուներ պարզ դիզայն և ցածր գին։ Ապաստանի ցանկացած երկարություն կարող էր կառուցվել նախաձուլված երկաթբետոնե հատվածներից։ Հատվածներն ունեին պատի 50 սմ հաստություն և 2, 1 մ բարձրություն։ Հատվածներից հավաքելը հնարավորություն էր տալիս ապաստարաները հավաքել այնպիսի վայրերում, որտեղ անհնար էր մոտենալ բեռնատար մեքենայով։ Մասամբ թաղված լինելով հողի մեջ, լավ քողարկված մուտքով, այս ապաստանը հուսալի պաշտպանում էր պայթյուններից և բեկորներից[23][24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Baker, Lord John (1978), Enterprise vs Bureaucracy - The Development of Structural Air Raid Precautions during the 2nd World War, Pergamon Press
- ↑ «Метро в годы войны: бомбоубежище, концертный зал и библиотека». Сайт Москвы (ռուսերեն). 2016 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Морозов, Николай (2007 թ․ մարտի 23). «Секретное метро Сталина откроют для всех?». Известия (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Великобритания продает правительственное бомбоубежище. Lenta.ru
- ↑ «This what railway arches look like». Urban75.org. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Air Raid Shelters». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Морозов К. Д. Аварии зданий в результате бомбардировок. Опыт анализа. — [Л.]: Лениздат, 1944. — 153 с.
- ↑ Манасевич А. Д. Строительные мероприятия по противовоздушной обороне промышленных объектов. — М.: Оборонгиз, 1941. — 240 с.
- ↑ «Hochbunker». 7grad.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Berlin hochbunker, etc. Արխիվացված Մայիս 5, 2004 Wayback Machine 2009-10-24.
- ↑ Ladd, Brian (2004), The companion guide to Berlin (illustrated ed.), Boydell & Brewer, էջ 393, ISBN 978-1-900639-28-6
- ↑ Patent DE658344: Luftschutzgebäude. Angemeldet am 18. September 1934, veröffentlicht am 9. April 1938, Anmelder: L. Winkel & Co. Luftschutztürme in Duisburg, Erfinder: Leo Winkel(գերմ.)
- ↑ «Winkeltürme - willkommen auf untertage-übertage.de». www.xn--bertage-untertage-12b.de. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Shelter policy». Hansard.millbanksystems.com. 1939 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
- ↑ [1] Արխիվացված Ապրիլ 3, 2008 Wayback Machine
- ↑ Линник А. М. Воздушная угроза и оборона промышленного объекта. — М.-Л.: Оборонгиз, 1939. — 104 с. էջ՝ 22
- ↑ «Anderson Shelters - History». www.andersonshelters.org.uk. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Lavelle, Daniel (2018 թ․ օգոստոսի 21). «How Britain's abandoned Anderson shelters are being brought back to life». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Lawrence James. Warrior Race: A History of the British at War (2003) p. 623.
- ↑ Atlkinson, Keith, John Summers & Sons
- ↑ Paul Robertson. «The Baker experiment with a Morrison shelter model». G.eng.cam.ac.uk. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «The Morrison shelter design». Fortunecity.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
- ↑ The Stanton Ironworks Co. Stanton at War 1939–45. The story of the part played by Stanton Ironworks with reference to making of the concrete sections for the Stanton Air Raid Shelter, page 40. Book online Stanton at War Արխիվացված Մարտ 15, 2012 Wayback Machine
- ↑ «Stanton shelter at Ashdown camp». Ashdowncamp.webs.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
Ընթերցե՛ք «ռմբապաստարան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |