Բագրատ Գալստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բագրատ Գալստանյան

Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Վազգեն
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Բագրատ Գալստանյան
Կառավարման սկիզբ սեպտեմբեր 6, 2015
Նախորդող Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյան
Քաղաքացիություն Կանադա Կանադա[1]
Հայաստան Հայաստան
Ծննդավայր Գյումրի
Ազգություն հայ
Կրթություն Գևորգյան հոգևոր ճեմարան, Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջ, Լիդսի համալսարան, Մոնրեալի Կոնկորդիա համալսարան
Ձեռնադրություն հուլիս 23, 1995
Հոգևոր աստիճան Արքեպիսկոպոս


Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (մայիսի 20, 1971(1971-05-20), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի մայիսի 20-ին Գյումրիում։ Ծնողները պարսկահայեր են՝ Իրանի Սանգիբարան գյուղից։ 1971 թվականին ամբողջ ընտանիքով ներգաղթում և հաստատվում են Գյումրիում, ապա՝ 1977 թվականին, տեղափոխվում Երևան։

Կրթությունը, հոգևոր կոչումը և ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 - 1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։

1988 - 1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։

1994 թ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։

1995 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է ճեմարանը, պաշտպանել «Խոսրով Եպիսկոպոս Անձեւացու Ժամակարգութեան մեկնութիւնն ու աստուածաբանութիւնը (նորագիւտ ձեռագրերով եւ մատենագիտական ուսումնասիրութեամբ)» վերտառությամբ ավարտաճառ[3]։

Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նույն թվականի հուլիսի 23-ին, այդ տարի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա։

Ձեռնադրվելուց հետո մինչև 1998 թվականը եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի գավազանակիրը։

1996 թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ նշանակվել է նաև Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի փոխտնօրեն՝ ուսուցիչների վերապատրաստության ծրագրեր վարելով Արմավիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Հայաստանում քրիստոնեական առաջին՝ «Կանթեղ» հեռուստանախագծի հիմնադիր անդամ է։

1996-1998 թթ. նաև Սուրբ Պատարագի մեկնություն, Շարականագիտություն և Ընդհանուր Եկեղեցու պատմություն է դասավանդել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում և Վազգենյան դպրանոցում[3]։

1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդսի համալսարանում, Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում։ Ուսանելու տարիներին եղել է նաև Մանչեստրի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու այցելու հովիվը։

1996-2000 թթ. եղել է Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ։ 2000 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ։ Տեսչի պաշտոնում դասավանդել է Ընդհանուր Եկեղեցու պատմություն, Հովհաննու Ավետարանի մեկնություն, Եկեղեցական երաժշտություն առարկաները։ Հիմնադրել է Վազգենյան դպրանոցի «Լուսավորիչ» երգչախումբը։

2002 թ. պաշտպանում է վարդապետական «Հիւանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեզը և ստանում մասնավոր վարդապետության 4 աստիճանները։

2002 թ. տեսչի պաշտոնին զուգահեռ նշանակվել է նաև Մայր Աթոռի նորահաստատ Մամուլի, լրատվության և Հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ Հիմնադրել և վարել է «Ճանաչենք Ավետարանը» հաղորդաշարը[4]։

2002 թ.-ին զուգահեռաբար նշանակվել է նաև Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Փոխառաջնորդության կարճ շրջանում Օշականում հիմնադրել է մանկական պարի խումբ և երգչախումբ, ընդարձակել և վերակազմավորել է թեմի Քրիստոնեական Դաստիարակչության կենտրոնը, Թալինում Երիտասարդական կենտրոն ստեղծել[5]։

2003 թ. մայիսի 31-ին Կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովում ընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ[5]։ Նույն թվականի հունիսի 22-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ Առաջնորդության տարիներին բարեգործության նպատակով հիմնել է «Հայ տուն» կազմակերպությունը՝ անօգնական տարեցներին և հիվանդներին օգնելու, ինչպես նաև Իրաքից պատերազմի պատճառով Կանադա գաղթած իրաքահայերին աջակցելու համար, կազմավորել երիտասարդական խմբեր, մանկական երգչախումբ և այլն։

2012 թ. Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ (M.A) «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը, ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» վերնագրով[3]։

2013 թ. Կանադահայոց թեմի պատգամավորները Բագրատ Գալստանյանի փոխարեն Կանադայի հայոց թեմի առաջնորդ են ընտրել տեր Արեն Ջեբեջյանին, ինչը բերել է սոցիալական ցանցերում թեմի ներկա ու նախկին առաջնորդների կողմնակիցների կոնֆլիկտի ու փոխադարձ մեղադրանքների[փա՞ստ]։

2013 թվականին նշանակում է ստացել` որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն[6]։

2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ II-ի ադամանդյա հոբելյանի մեդալին։

2014 թվականից «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի հոգևոր միջազգային փառատոնի հոգևոր պատասխանատուն է[7]։

Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հասարակական, քարոզախոսական, մշակութային հոդվածներ, «Խոհեր» հոգևոր-խորհրդածական գրքույկը[3]։

2023 թ. ստացել է արքեպիսկոպոսի կոչում։

Տավուշի թեմի առաջնորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ[8]։

2015 թ. սեպտեմբերի 21-ին Բագրատ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ Հաղարծնում տեղի է ունեցել թեմի Երիտասարդաց միության անդրանիկ հավաքը, կազմավորվել է Երիտասարդաց միության Կենտրոնական խորհուրդ[9]։

«Իջևան» հեռուստաընկերության եթերում հեռարձակվում է նրա հեղինակային «Աստվածաշունչը մեր կյանքում» հաղորդաշարը[10]։

Տավուշում իրականացվել է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում կիրակնօրյա դպրոցներ են բացվել Աչաջուր, Պառավաքար, Դիլիջան, Նավուր, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան և այլ համայնքներում[11][12][13]։

2017 թ. հուլիսի 25-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Բագրատ սրբազանը նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պարբերաբար այցելում է սահմանապահ զորամասեր, համայնքներ, իրականացնում բազմաթիվ այլ ծրագրեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
  2. «ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ». City Of Smile. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
  4. «Ճանաչենք Ավետարանը»։ Հաղորդումներ
  5. 5,0 5,1 Նախկին առաջնորդներ - Կանադայի թեմ
  6. Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն նշանակվելը
  7. «Ֆրեսկո» փառատոն:Հոգևոր պատասխանատու Արխիվացված 2016-08-28 Wayback Machine
  8. Տավուշի թեմի առաջնորդ
  9. Տավուշի թեմի երիտասարդաց միություն
  10. Աստվածաշունչը մեր կյանքում
  11. Տեղի ունեցավ Նավուր գյուղի կիրակնօրյա դպրոցի բացումը
  12. Վերին Կարմիր Աղբյուր գյուղն այսուհետ ունի իր կիրակնօրյա դպրոցը
  13. Սահմանապահ Չորաթան գյուղում բացվեց Տավուշի թեմի հերթական կիրակնօրյա դպրոցը

Այլ հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]