Խոսրով Անձևացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրով (այլ կիրառումներ)
Խոսրով Անձևացի
Դիմանկար
Ծնվել էենթդ․ 902
Մահացել է964
Մասնագիտությունգիտնական և բանաստեղծ
ԵրեխաներԳրիգոր Նարեկացի

Խոսրով Անձևացի (ենթդ․ 902 - 964), հայ եկեղեցական գործիչ, մատենագիր։ Աշակերտել է Արամ մատենագրին։

Գրիգոր Նարեկացու հայրը։

Սկզբում եղել է աշխարհական, կնոջ վախճանվելուց հետո ստացել է հոգևորական աստիճան։ Անանիա Մոկացի կաթողիկոսից 940-ական թթ. ձեռնադրվել է Վասպուրականի Անձևացիք գավառի եպիսկոպոս (նույն կաթողիկոսը նրան հորջորջում է «այր համեստ և գիտնավոր»)։ Որդիներին՝ Հովհաննեսին և Գրիգորին, Խոսրով Անձևացին հանձնել է Նարեկավանք՝ Անանիա Նարեկացու մոտ կրոնավորելու (միջնակ որդին՝ Սահակը, հավանաբար եղել է աշխարհական)։

Խոսրով Անձևացուց մեզ է հասել երկու մեկնություն։ 950-ական թթ. գրել է հայ եկեղեցու պատարագի մեկնությունը։ Իր թելադրանքով որդին՝ Հովհաննեսը, 950 թվականին մեկնել է Աղոթամատույցը։ Հայոց եկեղեցու ժամակարգության մեկնությանը նվիրված աշխատության մեջ («Մեկնութիւն Ժամակարգութեան») Խոսրով Անձևացին վերլուծում է հայոց եկեղեցական օրհնությունները, աղոթքներն ու մաղթանքները, քարոզները, դրանց արարողակարգը։

Այդ մեկնությունները կարևոր են նաև պատմական տեսակետից, որովհետև առատ տեղեկություններ են պարունակում X դ. եկեղեցական ծիսական գրքերի հորինվածքի վերաբերյալ։ Խոսրով Անձևացու աշխատություններում ուշագրավ տվյալներ կան նաև միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերությունների մասին։

Ծերացած Խոսրով Անձևացին 954 թվականին մեղադրվել է աղանդավորականությանը (ըստ երևույթին թոնդրակյաններին) հարելու մեջ և բանադրվել Անանիա Մոկացի կաթողիկոսի կողմից։ Վերջինս Խոսրով Անձևացուն նվիրված թղթում («Պատճառ յաղագս զԽոսրով նզովելոյն զԱնձեւացւոց եպիսկոպոսն», «Արարատ», 1897, N» 6) նրան դատապարտում է հերձամիտ հակումների ու արարքների համար և շեշտում, որ Խոսրով Անձևացին ավելորդ է համարել խաչի օրհնությունը, հրեշտակներին պաշտելը, կաթողիկոսին, եպիսկոպոսներին մեծարելը և այլն։ Կաթողիկոսը ջանացել է Խոսրով Անձևացուն ետ պահել աղանդավորական միտումներից, բայց՝ ապարդյուն։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեկնութիւն ժամակարգութեան, Օրթագիւղ, [ԿՊ], 1840։
  • Մեկնութիւն աղօթից պատարագին, Վնտ., 1869։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփաննոս Օրբելեան, Պատմութիւն նահանգին Սիրական, Թ., 1910։
  • Տեր-Մկրտչյան Գ., Հայկականք, Վաղ-պատ, 1894։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 77 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png