Արմեն Հայրապետյան (Միկրոբ)
Արմեն Վաղարշակի Հայրապետյան | |
---|---|
հունիսի 17, 1963-դեկտեմբերի 10, 1992 | |
Ծննդավայր | Քաջարան |
Մահվան վայր | Շարաֆլու, Ադրբեջան |
Զորատեսակ | Կապանի երկրապահ վաշտի |
Ծառայության տարիներ | 1991-1992 |
Պարգևներ | «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան |
Արմեն Վաղարշակի Հայրապետյան (առավել հայտնի է Միկրոբ անունով, հունիսի 17, 1963, Քաջարան, Սյունիքի մարզ ՀԽՍՀ-դեկտեմբերի 10, 1992, Զանգելանի շրջան,(Ադրբեջանական ԽՍՀ) Շարաֆլու), Արցախյան պատերազմի մասնակից[1]։
Ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար ՀՀ նախագահի 1996 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Հայրապետյանը ծնվել է 1963 թվականին։ Ավարտել է Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Կապանի լեռնահանքային տեխնիկումի էլեկտրամեխանիկական բաժնում[2]։ 1980 թվականին ավարտել է և զորակոչվել խորհրդային բանակ՝ ծառայության անցնելով Թուրքմենիայի Կրասնովոդսկ քաղաքում տեղաբաշխված հակաօդային պաշտպանության զորամասում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Կապանի ավտոնորոգման գործարանում՝ որպես փականագործ։
Արցախյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականի հոկտեմբերի 10-ին Արմենն ընդգրկվել է ՆԳ Կապանի բաժանմունքի ինքնապաշտպանական ջոկատի կազմում, մասնակցել է Կապան-Գորիս ավտոճանապարհի պաշտպանությանը։ Նշանակվել է Կապանում գտնվող երկրապահ վաշտի հետախուզական ջոկատի հրամանատար։ Ստացել է Հետախույզ Միկրոբ ծածկանունը։ Այդ ծածկանունը ադրբեջանացի մարտիկները գիտեին, սակայն նրան չէին տեսել և չէին ճանաչում։ Գերիների և զոհերի փոխանակման ժամանակ Զանգելանի ոստիկանության պետը նրա հետ զրուցելիս ասել է. «Մի օր ինձ ծանոթացրու այդ Միկրոբի հետ»։ Արմենը պատասխանել է. «Կգա ժամանակը, կծանոթանաս»։
1992 թվականի դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան Շարաֆլու գյուղի դիմացի բարձունքի վրա պաշտպանության էին անցել Սիսիանի 25 հոգանոց և Կապանի 12 հոգանոց ջոկատները Միկրոբի գլխավորությամբ։ Մարտի ժամանակ ծանր վիրավորվում է Արմենը։ Ընկերները մի կերպ նրան հասցնում են մոտակա քարանձավը, որտեղ էլ մնում է նա։ Արմենը ադրբեջաներեն օգնության է կանչել հակառակորդին և երբ ադբեջանցիներն օգնության են հասել, Միկրոբը պայթեցրել է ձեռքի նռնակը՝ իր հետ տանելով մի քանի ադբեջանցու[3]։
Արմենի աճյունն ամփոփված է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրի եղբայրական գերեզմանոցում[4]՝ իր մարտական ընկերների կողքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նինա Դանիելյան «Ես և իմ հանքաշխարհը», էջ 23
- ↑ Արտեմ Վարդանյան Գիրք անմահաց, էջ 61
- ↑ Մուրազ Սարգսյան «Զանգեզուրի պաշտպանությունը» /Հուշեր, գիրք 3/, էջ 215
- ↑ «Հիշատակի օր — Կապանի հ․6 հիմնական դպրոց». kapan6.schoolsite.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]