Անատոլի Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անատոլի Աշոտի Մկրտչյան
Դիմանկար
Ծնվել է1931 , հոկտեմբերի 6
ԾննդավայրԳյումրի
Մահացել է2011, հոկտեմբերի 26
Մահվան վայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1954)
Մասնագիտությունպատմաբան,
դիվանագետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ

Անատոլի Աշոտի Մկրտչյան (հոկտեմբերի 6, 1931(1931-10-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ և Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2011(2011-10-26), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, դիվանագետ։ ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար (1986-1991)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Մանկավարժական աշխատանքի է անցել ռազմաօդային ուժերի Երևանի հատուկ դպրոցում։ 1955-1959 թվականներին աշխատել է «Կոմունիստ» հանրապետական թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1959-1962 թվականներին` բաժնի վարիչ։ 1962-1965 թվականներին ուսանել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայում, որն ավարտելուց հետո պաշտպանել է գիտական թեզ, ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ասպիրանտուրայի տարիներին ստաժավորվել է Կոլումբիայի համալսարանում (ԱՄՆ)։ Անատոլի Մկրտչյանը գրել է ԱՄՆ-ում բանվորական շարժման ու արհմիությունների պատմությանը վերաբերող մենագրություններ, որոնք լույս են տեսել նաև արտերկրում։ 1965-1969 թվականներին դասավանդել է ԽՄԿԿ կենտկոմի պրոպագանդայի բաժնում, 1969-1972 թվականներին եղել է հրահանգիչ։

1972-1976 թվականներին Անատոլի Մկրտչյանն աշխատել է ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական, միաժամանակ` Միացյալ Նահանգներում «Նովոստի» լրատվական գործակալության գրասենյակի վարիչ և «Սովյետ լայֆ» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1976-1982 թվականներին եղել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ 1982-1986 թվականներին գործուղվել է Նյու-Յորք, ուր գլխավորել է Միավորված Ազգերի Կազմակերպության հասարակական տեղեկատվության դեպարտամենտի արտաքին կապերի բաժինը։

1986 թվականի օգոստոսից մինչև 1991 թվականի մարտը եղել է ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար։ Նրա ղեկավարությամբ նախարարությունը մեծ աշխատանք է իրականացրել հանրապետության արտաքին կապերի ընդլայնման, 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքները կազմակերպելու, ողջ աշխարհից ժամանող փրկարարների ու մարդասիրական օգնություն ընդունելու գործում։

1977-1985 թվականներին ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։

1991 թվականի մարտին նշանակվել է Լեսոտոյի Թագավորությունում ԽՍՀՄ, այնուհետև՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ այդ պաշտոնում մնալով մինչև 1992 թվականի նոյեմբերը։ Եղել է Կամբոջայում, Հայիթիում ՄԱԿ-ի միջազգային առաքելությունների աշխատակից։ Հայաստանում միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության պատմություն է դասավանդել Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անատոլի Աշոտի Մկրտչյան(չաշխատող հղում)