Անատոլի Լունաչարսկի
Անատոլի Լունաչարսկի ռուս.՝ Анатолий Васильевич Луначарский | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11 (23), 1875[1][2][3] |
Ծննդավայր | Պոլտավա, Ռուսական կայսրություն[1][4] |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1933[1][4][5][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Մենտոն[1][4] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս |
Մասնագիտություն | դրամատուրգ, քաղաքական գործիչ, գրող, դիվանագետ, լրագրող, դերասան, փիլիսոփա, գրական քննադատ և սցենարիստ |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարան |
Ամուսին | Նատալյա Ռոզենել |
Զբաղեցրած պաշտոններ | People's Commissariat for Education?, Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ, դեսպան և Ambassador of the Soviet Union to Spain? |
Կուսակցություն | Բոլշևիկներ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և ԽՄԿԿ |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Anatoliy Lunacharskiy Վիքիպահեստում |
Անատոլի Վասիլևիչ Լունաչարսկի (նոյեմբերի 11 (23), 1875[1][2][3], Պոլտավա, Ռուսական կայսրություն[1][4] - դեկտեմբերի 26, 1933[1][4][5][…], Մենտոն[1][4]), խորհրդային պետական գործիչ, սոցիալիստական մշակույթի ստեղծողներից, գրող, քննադատ, արվեստաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս 1930 թվականին։ ԽՄԿԿ անդամ 1895 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895-1898 թվականներին եղել է Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Իտալիայում։ Ցյուրիխի համալսարանում ունկնդրել է փիլիսոփայության և բնագիտության դասընթացներ, ուսումնասիրել Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի երկերը։ 1898 թվականից հեղափոխական աշխատանք է կատարել Մոսկվայում։ 1899 թվականին ձերբակալվել է և աքսորվել Կալուգա, ապա՝ Վոլոգդա, Տոտմա 1900-1904 թվականներին։ ՌՍԴ(բ)Կ 2-րդ համագումարից հետո՝ բոլշևիկ։ 1904 թվականին Վլադիմիր Իլիչ Լենինի առաջարկությամբ մեկնել է արտասահման և դարձել «Վպերյոդ», «Պրոլետարի» թերթերի խմբագրությունների անդամ։ ՌՍԴ(բ)Կ 3-րդ համագումարում 1905 թվականին հանդես է եկել զինված ապստամբության մասին զեկուցումով։ Մասնակցել է ՌՍԴ(բ)Կ 4-րդ 1906 թվականի, 5-րդ 1907 թվականի համագումարներին։ Եղել է բոլշևիկների ներկայացուցիչը 2-րդ Ինտերնացիոնալի Շտուտգարտի 1907 թվականի և Կոպենհագենի 1910 թվականի կոնգրեսներում։ 1904-1907 թվականներին մեծ դեր է խաղացել Լենինի հեղափոխական տակտիկայի համար մղված պայքարում։ Միևնույն ժամանակ Լունաչարսկու և Լենինի միջև գոյություն են ունեցել փիլիսոփայական տեսական տարաձայնություններ, որոնք խորացել են ռեակցիայի տարիներին։ Լունաչարսկու նախահոկտեմբերյան շրջանի փիլիսոփայությանը բնորոշ էր դիալեկտիկական և պատմական մատերիալիզմը էմպիրիոկրիտիցիզմին, մախիզմին միացնելու ձգտումը։
1909 թվականին մտել է «Վպերյոդ» ֆրակցիոն խմբի մեջ, էմպիրիոկրիտիցիզմի ազդեցությամբ «Կրոն և սոցիալիզմ», քարոզել աստվածաշինարարական գաղափարներ։ Լունաչարսկու քաղաքական և փիլիսոփայական մոլորությունները քննադատվել են Լենինի «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» աշխատությունում։ Սակայն դեռևս Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից առաջ Լունաչարսկին մախիզմից և աստվածաշինարարությունից սկսել է անցնել մարքսիզմին։ Գեղագիտության բնագավառում Լունաչարսկին եղել է ռեալիզմի հետևողական պաշտպան, դեկադենտության քննադատ, հեղափոխական պայքարի, սոցիալիզմի գաղափարների հետ արվեստի կապի ջատագով, պրոլետարական արվեստի տեսաբան «Սոցիալ–դեմոկրատական ստեղծագործության խնդիրները», 1907 թվականին, «Նամակներ պրոլետարական գրականության մասին», 1914 թվականին, հոդվածներ Մաքսիմ Գորկու պիեսների մասին և այլն։ 1911 թվականին հեռանալով «վպերյոդականներից»՝ ստեղծել է «Պրոլետարական գրականություն» խումբը։
1917 թվականի մայիսին վերադարձել է Ռուսաստան, հարել «Մեժռայոնցիներին», որոնց հետ միասին ՌՍԴ(բ)Կ 6-րդ համագումարում 1917 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո եղել է լուսավորության ժողկոմ 1917-1929 թվականներին, 1929 թվականի սեպտեմբերից՝ ԽՍՀՄ Կենտգործկոմին առընթեր գիտական կոմիտեի նախագահ։ 1927 թվականից Լունաչարսկին կատարել է դիվանագիտական աշխատանք, 1933 թվականին նշանակվել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչ Իսպանիայում։ Եղել է ՍՄԿԿ 8-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ և 16-րդ համագումարների պատգամավոր։ Լունաչարսկին հսկայական ներդրում ունի սոցիալիստական հասարակության նոր մշակույթի ստեղծման գործում։ Նրա անվան հետ է կապված խորհրդային դպրոցի, բարձրագույն և պրոֆտեխնիկական կրթության սիստեմի ձևավորումը, գիտական հիմնարկների, թատրոնի, կինոյի, հրատարակչական գործի վերակառուցումը։
Նա առաջիններից էր, որ ցույց տվեց Լենինյան մեթոդաբանական սկզբունքների նշանակությունը արվեստի համար, համակարգեց գրականության մասին Լենինի ասույթննրը և հիմնավորեց խորհրդային արվեստի նոր մեթոդը։ Լունաչարսկին ծանոթ և մտերիմ է եղել Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Ա. Մռավյանի, Ա. Կարինյանի, Հ. Հակոբյանի, Ս. Խանոյանի, ինչպես նաև հայ արվեստի ականավոր ներկայացուցիչներ Գ. Լևոնյանի, Մ. Սարյանի, Ե. Վախթանգովի, Հ. Գյուրջյանի, Գեորգի Յակուլովի, Վրթանես Փափազյանի հետ։ Տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով հանդիպումներ է ունեցել Ալեքսանդր Թամանյանի, Հ. Աբելյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Համո Բեկնազարյանի, Լևոն Քալանթարի և հայ արվեստի շատ ներկայացուցիչների հետ։ Հայաստանի պետական թատրոնը 1924 թնականին բեմադրել է Լունաչարսկու «Ազատագրված Դոնկիխոտը», «Հրձիգները», «Կարմիր դիմակ» պիեսները, 1926 թվականին՝ «Թույն» դրաման։ 1924 թվականին Լունաչարսկին այցելել է Սովետական Հայաստան, ծանոթացել երկրի պատմական վայրերին, զեկուցումներ կարդացել երիտասարդության, բանվորների և մտավորականության համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Дейч А. И. Луначарский // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 448—453.
- ↑ 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 3,0 3,1 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Луначарский Анатолий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 684)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Լունաչարսկի» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 1933 մահեր
- Մենտոն քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պետական գործիչներ
- Խորհրդային գրողներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Պոլիգլոտներ
- Ռուս հուշավիպագիրներ
- Ռուս հեղափոխականներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Ռուս դրամատուրգներ
- Ռուս դիվանագետներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս դերասաններ
- ԽՍՀՄ ԳԱ
- Ռուս քննադատներ
- Ռուս արվեստաբաններ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- Ռուս փիլիսոփաներ
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Խորհրդային հուշագիրներ
- Խորհրդային գրականագետներ