Medieval II: Total War

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Medieval II: Total War
Medieval II Total War.jpg
Մշակող The Creative Assembly
Հրատարակիչ Sega
Կոմպոզիտոր Ջեֆ վան Դիկ
Սերիայի մաս Total War
Նախորդ Rome: Total War և Medieval: Total War
Հաջորդ Empire: Total War
Թողարկման թվական նոյեմբերի 11, 2006
Պլատֆորմներ Վինդոուզ
Վերջին տարբերակ 1.03
Ժանր մարտավարություն իրական ժամանակում և քայլափոխային ռազմավարություն
Խաղի ռեժիմ միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
PEGI PEGI 16
ESRB ESRB T
Կառավարում ստեղնաշար

Medieval II: Total War-ը (թարգմանաբար՝ Միջնադար 2. համընդհանուր պատերազմ) Creative Assembly ընկերության կողմից 2006 թ. թողարկած համակարգչային խաղ է, 2002 թ. թողարկած Medieval: Total War-ի շարունակությունն է, Total War սերիայի չորրորդ խաղը: Խաղում, ինչպես ամբողջ սերիայում, գլոբալ քայլափոխային ռազմավարությունը (ստրատեգիան) համատեղված է իրական ժամանակում մարտավարական (տակտիկական) մարտերի հետ:

Խաղի իրադարձությունները ծավալվում են 1080-ից մինչև 1530 թվականների միջև ժամանակահատվածում: Ինչպես առաջին խաղում, Medieval II: Total War-ի հիմնական գործողությունները տեղի են ունենում միջնադարյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Սակայն, ի տարբերություն նախորդի, խաղի իրադարձությունները անցնում են «Նոր Աշխարհի» հայտնագործման դարաշրջան, որից հետո քարտեզի վրա բացվում է Կենտրոնական Ամերիկան ացտեկների կայսրությամբ:

Խմբակցությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում կան 21 խմբակցություններ (ֆրակցիաներ), որոնցից 17-ը կամպանիայում խաղացվող են, չնայած հենց սկզբից խաղացվող են ընդամենը հինգ խմբակցություններ:

  • Անգլիայի թագավորություն. բնորոշվում է խաղում լավագույն նետաձիգներով (երկար նետերով նետաձիգներ, շերվուդյան նետաձիգներ) և ուժեղ ծանր հետևակով, սակայն հեծելազորի սակավ բազմազանությամբ. դժվարության մակարդակը՝ միջին:
  • Ֆրանսիայի թագավորություն. աչքի է ընկնում ժանդարմներով և ծանր հեծելազորի այլ տիպերով, ուժեղ մասնագիտացված զորքերով, սակայն ցածր արդյունավետությամբ վաղ շրջանի հետևակով. դժվարության մակարդակը՝ միջին:
  • Սրբազան Հռոմեական կայսրություն. բնորոշվում է բոլոր չափանիշներով ուժեղ զորքերով, սակայն չկան ուշ շրջանի ուժեղ զորքեր (բացի ռեյտարներից). դժվարության մակարդակը՝ միջին:
  • Վենետիկյան հանրապետություն. բնորոշվում է գերազանց հետևակով (վենետիկյան ծանր հետևակ) և աշխարհազորով, բայց թույլ հեծելազորով. դժվարության մակարդակը՝ միջին:
  • Իսպանիա. բնորոշվում է ի սկզբանե ուժեղ հեծելազորով (Սանտյագոյի միաբանության ասպետներ) և ուշ շրջանի լավ տեխնոլոգիաներով, ունի մասնագիտացված զորքեր. դժվարության մակարդակը՝ միջին:

Մյուս խմբակցությունները կարելի է խաղացվող դարձնել՝ կամպանիայում հաղթելով նրանցից յուրաքանչյուրին (կամպանիան հաղթել անհրաժեշտ չէ): Մնացած բոլորին միանգամից կարելի է խաղացվող դարձնել՝ հաղթելով կամպանիան (կարճը կամ երկարը)` նախապես խաղալով սկզբնական հինգ խմբակցություններից մեկի կողմից: Բացի այդ, խմբակցությունները կարելի է «բացել»` խմբագրելով համապատասխան տեքստային ֆայլը, ինչպես Rome: Total War-ում:

  • Արևելյան Հռոմեական կայսրություն (Բյուզանդիա). բնորոշվում է վաղ շրջանի գերազանց զորքերով (վարյագյան գվարդիա), բայց զրկված է ուշ շրջանի զորքերի շատ տիպերից և վառոդային տեխնոլոգիաներից. ունի լավ ռազմավարական տեղադրություն. դժվարության մակարդակը` դժվար:
  • Դանիայի թագավորություն. աչքի է ընկնում վիկինգական զորքերով (վիկինգներ-ռեյդերներ, հետիոտն հուսկարլներ). հետևակը հիմնականում տապարներ է օգտագործում նիզակների և սրերի փոխարեն, ինչը նրան ավելի արդյունավետ է դարձնում զրահի դեմ, սակայն պակաս արդյունավետ հեծելազորի դեմ. բնորոշվում է միջակ հեծելազորով. դժվարության մակարդակը՝ դժվար:
  • Եգիպտոս. ներկայացնում է Ֆաթիմիդյան և նրան հաջորդող դինաստիաները. բնորոշվում է գերազանց հեծելազորով (մամլուքներ), բայց թույլ հետևակով. դժվարության մակարդակը՝ միջին:
  • Հունգարիայի թագավորություն. բնորոշվում է գերազանց հեծելազորով, սակայն ցածր արդյունավետությամբ բազային հետևակով. կարող է ստեղծել մարդասպանների դաշտային ջոկատներ՝ կառուցելով մարդասպանների համքարության շինությունը. դժվարության մակարդակը՝ դժվար:
  • Միլանի թագավորություն (Ճենովայի հետ). բնորոշվում է ուժեղ իտալական միլիցիայով և արբալետավորներով (ճենովական արվալատավորներ), ուշ շրջանի գերազանց տեխնոլոգիաներով, սակայն վառոդային հրետանու սակավ բազմազանությամբ. դժվարության մակարդակը՝ դժվար:
  • Մավրիտանիա. ներկայացնում է Ալմորավյան դինաստիան. աչքի ընկնում ուղտավոր հեծելազորի և նիզակավորների լավ համակցությամբ. բնորոշվում է ուշ շրջանի զորքերի փոքր քանակով, որոնք սակայն բնորոշվում են բարձր արդյունավետությամբ (ուղտավոր նետաձիգներ). դժվարության մակարդակը՝ հեշտ:
  • Լեհաստան. բնորոշվում է գերազանց հեծելազորով (հուսարներ և լեհ արքունականներ), բայց թույլ հետևակով. դժվարության մակարդակը՝ դժվար:
  • Պորտուգալիա. բնորոշվում է ուշ շրջանի գերազանց տեխնոլոգիաներով, լավ հեծելազորով և խաղում լավագույն նավատորմով. մի շարք զորքեր (արքեբուզիրներ և խինետներ) հանդիսանում են ստանդարտ ձևերի ուժեղացրած տարբերակները. դժվարության մակարդակը՝ հեշտ:
  • Ռուսիա. բնորոշվում է ուժեղ կազակական զորքերով (հեծելազոր և հրացանակիրներ), բայց վաղ շրջանի թույլ հետեևակով. դժվարության մակարդակը՝ միջին:
  • Շոտլանդիայի թագավորություն. բնորոշվում է խաղում լավագույն նիզակակիրներով և պիկիներներով, բայց թույլ հեծելազորով. հրետանուց բացի չունի վառոդային այլ տեխնոլոգիաներ. դժվարության մակարդակը՝ դժվար:
  • Սիցիլիայի թագավորություն. բնորոշվում է զորքերի համակցությամբ, որը ներառում է մուսուլման նետաձիգներ, իտալական աշխարհազորայիններ, նորմանդական ասպետներ. ունի թույլ հեծելազոր. դժվարության մակարդակը՝ դժվար:
  • Թուրքեր. ներկայացնում են վաղ շրջանում սելջուկների դինաստիան, ուշ շրջանում՝ Օսմանյան կայսրությունը. հրանոթի հայտնագործումից հետո ունենում են խաղում ամենաուժեղ հրետանին. բնորոշվում են ուժեղ հետևակով (ենիչերներ) և հեռահար զորքերով, սակայն թույլ զրահով. դժվարության մակարդակը՝ միջին:

Հռոմի Պապի տիրույթները կարևոր նշանակություն ունեն կաթոլիկ քրիստոնյաների աշխարհում, սակայն խմբակցության կողմից խաղալը առանց մի շարք ֆայլերի խմբագրման հնարավոր չէ: Բացի այդ մի քանի համակարգչային խմբակցություններ հայտնվում են կամպանիայի ընթացքում, բայց նրանցով կարելի է խաղալ պատմական կամ բազմամասնակցային (multiplayer) ճակատամարտերում, կամ էլ խմբագրելով խաղի որոշ ֆայլեր:

  • Ացտեկների կայսրություն. չունի զենքերի և զրահի տեխնոլոգիաներ, բացակայում է հեծելազորը. բնորոշվում է ուժեղ և էժան զորքերով. որոշ զորքերը վախեցնում են թշնամուն. կամպանիայում հասանելի չէ:
  • Մոնղոլական կայսրություն (Ոսկե հորդա). բնորոշվում է խաղում ուժեղագույն հեծելազորով, սակայն թույլ հետևակով. կամպանիայում հասանելի չէ:
  • Թեմուրյաններ. աչքի են ընկնում խաղում ամենաուժեղ առանձին զորքերով (ռազմական փղեր, փղային հրետանի, հրեշային ռմբակոծիչներ, հրթիռներ). բնորոշվում են սակավ հետևակով. կամպանիայում հասանելի չեն:
  • Պապական մարզ. բնորոշվում է ուժեղ աշխարհազորով, սակայն սարսափելի շարժունությամբ, արժեքավոր հեծելազորի սակավությամբ. կամպանիայում հասանելի չէ:

«Ապստամբները» նույնպես խմբակցություն են ներկայացնում՝ ներկայացնելով տարածքները, որոնք չեն ղեկավարվում որևէ այլ խմբակցության կողմից: Նրանք նաև տեղաշարժվում են քարտեզի վրա՝ խանգարելով առևտրին և դարանակալելով օտար բանակներին: Նրանք կարող են նաև տիրել քաղաքին, եթե ժողովրդին դուր չի գալիս ղեկավարությունը, կամ երկրի ամբողջ դինաստիան մահանում է (խմբակցության վախճան), բայց մնում են քաղաքներ կամ ամրոցներ տեղական ղեկավարների ձեռքին:

Բացի այդ, Հասթինգսի ճակատամարտը նկարագրող պատմական սցենարիայում և Անգլիայի նորմանդական նվաճմանը նվիրված ուսուցողական կամպանիայում հայտնվում են նորմանները և սաքսերը:

Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Medieval II: Total War-ը սերիայի նախորդ խաղից՝ Rome: Total War-ից տարբերվում է մի շարք խաղային բաղկացուցիչներով: Զորքերի և զորատեսակների վարձման և վարժեցման նոր համակարգ է կիրառված, որի հետևանքով նույնիսկ անսահմանափակ ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում սահմանափակված է զորքերի վարժեցման հնարավորության հաճախությունը: Զորատեսակների ավելի մեծ թվից բացի, Medieval II: Total War-ը բնորոշվում է նաև նոր տիպի գործակալներով և կառույցներով:

Նորամուծություն է քարտեզի մասշտաբների մեծացումը, ինչը դրսևորվում է «Նոր Աշխարհի» հայտնագործմամբ:

Խաղում դերակատարություն ունի խմբակցությունների դավանանքը, որը ներկայացված է հինգ խմբերով՝ կաթոլիկ քրիստոնյաներ, ուղղափառ քրիստոնյաներ, մուսուլմաններ, հեթանոսներ, հերետիկոսներ (հատուկ է միայն ապստամբներին): Բացի այդ, կամպանիայի ընթացքում մի քանի անգամ կարող են տեղի ունենալ այնպիսի պատմական իրադարձություններ, ինչպիսիք են խաչակրաց արշավանքները և ջիհադը:

Լրացումները (ադդոնները)[խմբագրել | խմբագրել կոդը]

Medieval II: Total War-ի համար թողարկվել է մեկ պաշտոնական ադդոն՝ Medieval II: Total War: Kingdoms` բաղկացած իրարից անկախ 4 կամպանիաներից:

Մոդիֆիկացիաները (մոդերը)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ խաղը ծրագրավորողները օգտագործողներին թողել են խաղի ֆայլերը փոփոխելու հնարավորությունը, Medieval II: Total War-ի մոդիֆիկացիաների (մոդերի) զգալի քանակություն է լույս տեսել: Մոդերում, համամատած բնօրինակի հետ, բարելավված է ոչ միայն գրաֆիկական մասը, այլև համակարգչային հակառակորդի գործողությունները մարտադաշտում: Իրականացված են նաև մի քանի թեմատիկ ծրագրեր, որոնցում ամբողջությամբ փոփոխված են հաշվեկշիռը և խաղային պրոցեսը: Խաղի երկրպագուների հսկայական հետաքրքրությունը մոդիֆիկացիաների նկատմամբ խթան է հանդիսանում Total War ամբողջ սերիայի զարգացման համար:

Ցանցային խաղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանցային հակամարտությունները տեղի են ունենում GameSpy-ի պաշտոնական սերվերում: Մեկ ճակատամարտում միաժամանակ կարող են մասնակցել մինչև ութ մասնակիցներ (չորսը չորսի դիմաց): Ցանցով խաղի համար անհրաժեշտ է գրանցվել gamespyid.com կայքում և ունենալ խաղի նույն տարբերակը (վերսիան), ինչ որ հակառակորդները: Kingdoms ադդոնի համար (ինչպես նաև մի շարք մոդերում) նախատեսված է քայլափոխային ցանցային խաղը կամպանիայում (հոթ-սիթ):

Վրիպակները և պատմական անհամապատասխանությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղը սկիզբ է առնում 1080 թվականով, սակայն քարտեզի վրա արդեն առկա է Մոսկվա քաղաքը:
  • Խաչակրաց արշավանք հայտարարելու ժամանակ ցուցադրվում է տեսանյութ և հաղորդվում է, որ հայտարարված է արշավանք դեպի Սուրբ Երկիր, որպեսզի ազատագրվի Սուրբ Գերեզմանը: Այսուհանդերձ հաշվի չի առնվում, թե հենց ուր և ում դեմ է հայտարարված արշավանքը:
  • Անունները, որոնք ընդունում է յուրաքանչյուր նոր ձեռնադրված Հռոմի Պապը, ունեն բավականին անորոշ ծագում. ըստ երևույթին դա ընդամենը ծրագրավորողների երևակայության պտուղն է:
  • Երբ էկրանին հայտնվում է «հարսանիք» իրադարձությունը, ցուցադրվում է պսակադրության պատկերը գոթական տաճարում, ընդ որում անկախ այն բանից, թե հարսանիքը կաթոլիկ տերությունում է, թե ուղղափառ:
  • Կամպանիայի սկզբում՝ 1080 թ., Կրետե կղզին պատկանում է Վենետիկին, սակայն իրականում այդ ժամանակ եղել է Բյուզանդիայի տարածք:
  • Նմանապես կամպանիայի հենց սկզբում Տոլեդոն պատկանում է իսպանացիներին, սակայն քաղաքը Ալֆոնսո VI-ի կողմից նվաճվել է 5 տարի անց միայն (1085 թ. մայիսի 25-ին):
  • Քարտեզի վրա առկա է Ռիբինսկի ջրամբարը, որի շինարարությունը սկսվել է միան 1935 թ.:
  • Բազմաթիվ անհամապատասխանություններ և անճշտություններ կան զինվորների համազգեստում, հատկապես ուշ շրջանի համար:
  • Անգլիական դրոշը պատկերված է երեք առյուծներով, ինչը պատմականորեն ճիշտ չէ: Վիլհելմ նվաճողի զինանշանը, որը Անգլիայի դրոշը դարձավ, զարդարված էր ընդամենը երկու առյուծներով: Երրորդ առյուծը հայտնվել է միայն Ռիչարդ Առյուծասիրտի կառավարման ժամանակներում:

Համակարգային պահանջները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվազագույն պահանջները

  • Պրոցեսոր՝ 1.5 GHz Pentium 4® կամ AMD® Athlon 64
  • Հիշողություն՝ 512 MB
  • Տեսաքարտ՝ 128 MB
  • Դիսկային տարածություն՝ 7.2 GB

Խորհուրդ տրվող պահանջները

  • Պրոցեսոր՝ 2.4 GHz Pentium 4® կամ AMD® Athlon 64
  • Հիշողություն՝ 1024 MB
  • Տեսաքարտ՝ 512 MB
  • Դիսկային տարածություն՝ 7.2 GB

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]