Jump to content

Փարվին Բաբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարվին Բաբի
անգլ.՝ Parveen Babi
Ծնվել էապրիլի 4, 1954(1954-04-04)
ԾննդավայրՋունագադհ, Saurashtra State, Հնդկաստան
Մահացել էհունվարի 20, 2005(2005-01-20)[1][2] (50 տարեկան)
Մահվան վայրՄումբայ
ԳերեզմանSantacruz
ԿրթությունSt Xavier's College, Ahmedabad?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունմոդել, կինոդերասանուհի և դերասանուհի
ԸնտրանիNamak Halaal?, Deewaar?, Amar Akbar Anthony?, Ashanti? և Majboor?

Փարվին Բաբի (հինդի՝ परवीन बॉबी, ամբողջական անունը՝ Փարվին Վալի Մոհամադ Խան Բաբի, ապրիլի 4, 1954(1954-04-04), Ջունագադհ, Saurashtra State, Հնդկաստան - հունվարի 20, 2005(2005-01-20)[1][2], Մումբայ), հնդիկ կինոդերասանուհի և մոդել։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նկարահանվել է մոտ 60 ֆիլմերում։ Առաջին հնդիկ դերասանուհին է, որի լուսանկարը հայտնվել է Time ամսագրի կազմին։ 1984 թվականից դադարել է նկարահանվելուց՝ շիզոֆրենիա հիվանդության զարգացման պատճառով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարվին Բաբին ծնվել է Գուջարաթ նահանգի Ջունագադհ քաղաքում ` մուսուլմանական ընտանիքում։ Նա ընտանիքի միակ երեխան էր։ Հայրը Ջունագադհի իշխանն էր և ուժերի ներածին չափով միջոցներ չէր խնայում իր սիրելի դստերը լավագույն կրթության տալու համար։ Փարվին Բաբին իր ուսումն ստացել է Ահմադաբադում։

Փարվին Բաբիի կարիերան սկիզբ է առել 1972 թվականին՝ որպես մոդել։ Իր գեղեցկությամբ նա առաջին իսկ հայացքից շլացնում էր ռեժիսորներին։ 1973 թվականին կայացել է նրա կինոդեբյուտը «Charitra» ֆիլմում, որից հետո մոտ 13 տարի Փարվին Բաբին ուղղակի փայլում էր էկրաններին։ Նա նկարահանվել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք էին Ամիթաբհ Բաչչանը, Շաշի Կապուրը, Դհարմենդրան և Ջիտենդրան։ Փարվին Բաբին համարվում էր իր ժամանակի ոճի և գեղեցկության չափանիշը Բոլիվուդում։ Նրա հետ նույն սանդղակի վրա զուգահեռ գտնվում էր այն ժամանակների մեկ այլ գեղեցկուհի՝ Զինատ Ամանը։ Նրանք երկուսով ձգտում էին փոխել ֆիլմերում հնդկական հերոսուհիների կերպարը։ Փարվին Բաբիի լուսանկարները հայտնվում էին բոլոր մոդայիկ ամսագրերի կազմերի վրա։ Նա առաջին հնդիկ դերասանուհին էր, որի լուսանկարը 1976 թվականի հուլիսին հայտնվեց Time ամսագրի կազմին։ Կարելի է հիշատակել նրա մասնակցությամբ «Պատ» (1975 թ.), «Դպրոցական սեր» (1976 թ.), «Ամար, Աքբար, Անտոնի» (1977 թ.), «Երկու անգամ երկու - հինգ» (1980 թ.), «Աբդուլա» (1980 թ.), «Երեք եղբայր» (1982 թ.), «Անհաղթը» (1986 թ.) և այլ ֆիլմեր։

1979 թվականի վերջերին Փարվին Բաբիի մոտ արդեն սկսեցին նկատվել հոգեկան հիվանդության նշանները։ Հաճախ նրան նկարահանման հրապարակից տանում էին հիսթերիայի նոպաների բռնկումների պատճառով։ Բացի այդ նա սկսել էր հաճախ ալկոհոլ օգտագործել՝ հիշեցնելով Մինա Կումարիին։ 1983 թվականին՝ իր հանրաճանաչության գագաթնակետի եռուն շրջանում, Փարվին Բաբին հանկարծակի լքեց կինոնկարահանման հրապարակը։ 1984 թվականին նա մեկնեց Լոնդոն` բուժման նպատակով։ Նույն թվականի ապրիլին նա ժամանել էր Նյու-Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայան և երբ նրանից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը, դերասանուհին հակադարձել է նյարդային նոպայի բռնկումով։ Հետևանքն այն է եղել, որ բոլիվուդյան սուպերաստղին չորս ոստիկաններ ձեռնաշղթաներ հագցրած տարել են հոգեբուժական կլինիկա։

1998 թվականին Փարվին Բաբին վերադարձել է Հնդկաստան, սակայն նա անճանաչելիորեն փոխվել էր։ Նախկին գեղեցկուհուց ոչինչ չէր մնացել։ Նա հերքում էր, որ տառապում է շիզոֆրենիայով և համարում էր, որ դա ԶԼՄ-ների և կինոգործիչների դավադրությունն է իր նկատմամբ, որոնք ցանկանում էին թաքցնել իրենց հանցագործությունները` սևացնելով իր անունն ու համբավը։ Նա մեղադրում էր հնդկական կինոարդյունաբերության շատ գործիչների, ինչպես նաև արտասահմանյան հյուրերի, որ իբր ցանկանում են իրեն սպանել։ Ըստ նրա, իրեն վնասելու ցանկություն ունեին Ամիթաբհ Բաչչանը, Բիլ Քլինթոնը, Ռոբերտ Ռեդֆորդը, արքայազն Չարլզը, Ալբերտ Գորը, ԿՀՎ-ն, ՊԱԿ-ը, Մոսադը և այլն։ 2002 թվականին Փարվին Բաբին դատի էր տվել դերասան Սանջայ Դատին, մեղադրելով նրան 1993 թվականի մարտի 12-ին Բոմբեյում կատարված ահաբեկչական գործողություններում մասնակցություն ունենալու մեջ։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարվին Բաբին սիրավեպ է ունեցել դերասան Կաբիր Բեդիի հետ։ Ամենուր հետևում էր նրան, նույնիսկ նրա հետ մեկնել էր Իտալիա, երբ Կաբիր Բեդին նկարահանվում էր այնտեղ։ Այնուամենայնիվ նրանց անձնական կյանքն այդպես էլ չդասավորվեց և բաժանվեցին որպես ընկերներ։ Փարվին Բաբին սիրավեպ է ունեցել նաև ռեժիսոր Մահեշ Բհատի հետ։

Կյանքի վերջին երեք տարիների ընթացքում նա ապրում էր ճգնավորի պես, թաքնվում էր բոլորից և չէր շփվում ոչ մեկի հետ։ Այդպես էլ մահացել էր միայնության մեջ՝ 2005 թվականի հունվարի 20-ին, Մումբայի իր բնակարանում։ Մահվան պատճառ էր հանդիսացել շաքարային դիաբետը, որից էլ առաջացել էր աջ ոտնաթաթի գանգրենա։ Վերջին օրերին դերասանուհին տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակի օգնությամբ։ Դիահերձումը ցույց է տվել, որ նա մահացել է սովից։

Հուղարկավորությանը ներկա էին երկու տղամարդ, ովքեր սիրում էին նրան իրական կյանքում ՝ Կաբիր Բեդին և Մահեշ Բհատը։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1974Ստիպողական հանգամանքներMajboorՆիլու
1974ԱնամոթըCharitraheen-
1975ՊատDeewaarԱնիտա
1976Դպրոցական սերBhanwarՌուպա Դ'Սուզա
1976ԳնդակBulletՍապնա
1977Ամար, Աքբար, ԱնտոնիAmar Akbar AnthonyՋեննի
1977Արծաթ և ոսկիChandi SonaՌիտա
1978Ամուսինը, կինը և...Pati Patni Aur WohՆիտա
1978Անսովոր առաջարկAahutiՌեքհա
1979Սև քարըKaala PattharԱնիտա
1979Գողն ու զինվորըChor SipaheeԲհարտի Կհաննա
1979Ընտանեկան երջանկությունSuhaagԱնու
1980Երկու անգամ երկու - հինգDo Aur Do PaanchԱնջու Շարմա
1980Բոցավառվող գնացքըThe Burning TrainՇիտալ Վինոդ Վերմա
1980Գեղեցիկ կյանքShaanՍունիտա
1981Այրվող սիրտKrantiՍուրելի
1981ՀատուցումKhoon Aur PaaniՌիտա
1981Քայլ առ քայլAhista Ahista-
1981Լսեք իմ ձայնըMeri Aawaz SunoՌիտա
1981ԿալիաKaaliaՇալինի, Ռանի Սինգհ
1981ՊաշտպանությունRakshaՉանդա, Բիջլի
1982ՀայրենասերըDesh Premeeդոկ. Պրիտի
1982ԱնհանգստությունAshantiՍունիտա
1982Նվիրված ծառանNamak HalaalՆիշա
1982Երեք եղբայրKhud-DaarՄարի
1982Այդ կապըYeh NazdeekiyanԿիրան
1983Խոր վերքGehri Chot: Urf - Door-DeshՌենու
1983Ամեն ինչ հանուն սիրոArpanՍոնա
1983ՍադրիչըRang BirangiՆիրմալա
1983ԶարմանալինMahaanՄանջու
1983Թանկագին ընկերJaani DostՄինա
1983Սուլթանի դուստրըRazia SultanԽակուն
1983ՈստիկանըChor PoliceՍիմա
1985ՍիտամգարSitamgarՇիլա
1986ԱնհաղթըAvinashՆիշա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]