Մինա Կումարին ծնվել է Բոմբեյում։ Նրա հայրը երաժիշտ էր, իսկ մայրը՝ պարուհի։ Նա ուներ երկու ավագ քույրեր։ Մինա Կումարիին հաճախ անվանում են «ողբերգության թագուհի»` իր դրամատիկական դերերի և նույնքան էլ դրամատիկ կյանքի պատճառով[3]։ 1939-1972 թվականների ընթացքում նա նկարահանվել է մոտ 100 ֆիլմում։ Հիշարժան են նրա դերերը «Բայջու Բավրա» (1952 թ.), «Ամուսնացածը» (1953 թ.), «Երկու բիգհ հող» (1953 թ.), «Ազադ» (1955 թ.), «Աարտի» (1962 թ.), «Ստվերներ» (1965 թ.), «Քար և ծաղիկ» (1966 թ.), «Թշնամին» (1971 թ.), «Կուրտիզանուհին» (1972 թ.) ֆիլմերում։
Մինա Կումարին 1952-1964 թվականներին ամուսնացած է եղել սցենարիստ, ռեժիսոր և բանաստեղծ Քամալ Ամրոհիի հետ։ Այնուհետև կարճատև սիրավեպեր է ունեցել ռեժիսոր Գուլզարի և դերասան Դհարմենդրայի հետ։ Կյանքի վերջին տարիներին տրվել է ալկոհոլին՝ ցանկանալով մոռացության տալ իր դժբախտ կյանքը։ Մահացել է 1972 թվականի մարտի 31-ին լյարդի ցիրոզից՝ 39 տարեկանում։