Jump to content

Սոֆյա Լասկարիդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Լասկարիդու
հուն․՝ Σοφία Λασκαρίδου
Դիմանկար
Նկարչուհի Սոֆյա Լասկարիդուի դիմանկարը, նկարիչ՝ Սպիրիդոն Վիկատոս (1874-1960)
Ծնվել էփետրվարի 15 (27), 1876 կամ 1882
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Մահացել էնոյեմբերի 13, 1965(1965-11-13)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի գեղարվեստի դպրոց (1907)[1] և Կոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
 Sofia Laskaridou Վիքիպահեստում

Սոֆյա Լասկարիդու (հուն․՝ Σοφία Λασκαρίδου, փետրվարի 15 (27), 1876 կամ 1882, Աթենք, Հունաստան - նոյեմբերի 13, 1965(1965-11-13), Աթենք, Հունաստան), հույն նկարչուհի և 20-րդ դարի ֆեմինիստուհի, Աթենքի գեղարվեստի դպրոց ընդունված առաջին կինը։ Նա հույն գրող Գրեգորիոս Քսենոպուլոսի վեպի հերոսոհու՝ Ստելլա Վիոլանտիի նախատիպն է։

Սոֆյա Լասկարիդուն ծնվել է 1882 թվականին Աթենքում, Հունաստանի մայրաքաղաքում հայտնի հարուստ ընտանիքում։

Նրա հայրը՝ լոնդոնցի մեծահարուստ վաճառական Լասկարիս Լասկարիդիսը (1820-1899), ծնունդով Տրապիզոնից էր, իսկ նրա ընտանիքի արմատներով Բյուզանդական Լասկարիսների տոհմից։ Լասկարիդիսի ընտանեկան զինանշանի տակ գրված էր «մթությունից հետո լուսի հույս ունեմ» արտահայտությունը (հուն․՝ μετά σκότους ελπίζω φως)։ Հայրը սովորել է Փարիզում և Լոնդոնում և առաջադեմ և լուսավոր անձնավորություն է եղել։ Լասկարիդիսը հույն դաստիարակ և փիլիսոփա Թեոֆիլուս Կաիրիսի ուսանողն ու հետևորդն է եղել։

Մայրը՝ Այկատերինա Լասկարիդիսը (օրիորդական անունը ՝ Քրիստոմանոս (1842-1916)) ծնվել է Վիեննայում, բայց ծագմամաբ այդ ժամանակ հունաբնակ, այժմ բուլղարական Մելնիկ քաղաքից էր, Վիեննայի և Մոսկվայի համալսարանների քիմիայի պրոֆեսոր և Աթենքի պետական լաբորատորիայի հիմնադիր Անաստասիա Քրիստոմանոսի քույրը[2]։ Մայրը մեծացել էր Վիեննայում։ Հունաստան հասնելուն պես և 17 տարեկան հասակում նա ամուսնացել էր Լասկարիդիսի հետ։ Այկատերինա Լասկարիդիսը Հունաստանի կրթության պատմության մեջ նշվում է որպես երիտասարդ տիկնանց դպրոցի կազմակերպիչ (1864) և Ֆրիդրիխ Ֆրյոբելի մանկավարժական գաղափարների հետևորդ․ նա իր ողջ կարողությունը ծախսել է Հունաստանում Ֆրյոբելի մանկավարժական մեթոդների ներդրման վրա։ Այկատերինա Լասկարիդիսը, հետևելով իր ուսուցչի գաղափարներին, ստեղծել էր մանկապարտեզ (1897)[3] և գրել է մանկական և մանկավարժական մի շարք գրքեր։

Լասկարիդիս զույգն ուներ 3 դուստր՝ Մելպոմենեն, Սոֆյան և Իրինան (1882-1958)։ Ավելի ուշ Իրինան նվիրվել է Հունաստանում կույրերի կրթությանը։ 1887 թվականին Լասկարիդիսը առանձնատնով մի ակալվածք է գնել այն ժամանակվա արվարձան Կալիտեյա քաղաքում՝ Իլիսոս գետի ափին։ Այսօր դա մեծ Աթենքի ամենաբազմաբնակ տարածքն է, սակայն այդ տարիներին Կալիտեյան աթենական ազնվականության սիրված հանգստավայրն էր։ Լասկարիդիսները հաճախ հյուրընկալում էին Աթենքի բարձր հասարակությանը։ Նրանց հաճախ այցելում էին Հունաստանի թագավոր Գեորգիոս I- ը և թագավորական ընտանիքի անդամները։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյայի նկարչական տաղանդը նկատվել է դեռևս մանկուց․ նա անընդմեջ նկարում էր և 14 տարեկանում «Արվեստասերների միության» շենքում ներկայացել է իր առաջին ցուցահանդեսով; Մալբերտով իր բազմաթիվ և մեծ հեռավորություններ կատարած արշավների արդյունքում հայրը ստիպված է եղել նրան տրամադրել հրացան՝ ինքնապաշտպանության համար։ Սոֆյայի որոշ կենսագիրներ նրան ներկայացնում են հենց այդպես՝ «մի ձեռքում հրացան, մյուսում՝ վրձին» բռնած տիկին։

1900 թվականին Սոֆյան կրթության նպատակով վեց ամսով մեկնել է արտասահման։ Այդ ընթացքում եղել է տարբեր ցուցահանդեսներում, գեղանկարչության դասեր է վերցրել Ժյուլիանի ակադեմիայում, Ժան Ժոզեֆ Բենջամենի և Ժան Պոլ Լորանի արվեստանոցներում։ Հոր մահից հետո Սոֆյան գրանցվել է գեղարվեստի՝ «Արվեստասեր հասարակության իգական դպրոցում»։ Սակայն այդ դպրոցի մակարդակից բավարարված չլինելով՝ Սոֆյան Աթենքի գեղարվեստի դպրոց ընդունվելու ուղիներ է փնտրել։ Առաջին կինը, որը փորձել է այդ դպրոց ընդունվել եղել էր Թալիա Ֆլորա-Կարավիան, սակայն պահպանողական ղեկավարությունը նրան մերժել էր սեռի վրա շեշտադրում անելով։ 1901 թվականին Գեորգիոս I- ի հետ հանդիպման ժամանակ Սոֆյան խնդրել է նրա միջնորդությունը։ Սակայն, թույլտվությունը նա ստացել է միայն 1903 թվականին, ինչը բացասական է ընդունվել հասարակության պահպանողական շրջանակների և համակուրսեցիների կողմից։

Սոֆյան ուսանել է Աթենքի գեղարվեստի դպրոցում 1903-1907 թվականներին։ Նրան դասավանդել են Կոնստանտին Վոլանակիսը, Գեորգիոս Ռոյլոսը, Նիկիֆորոս Լիտրասը և Գեորգիոս Յակովիդիսը։ Լիտրասը ուսանողուհու առաջադիմությունից գոհ լինելով հայտարարել է, որ հպարտանալու է իր սանով։ Սոֆյայի ուսուցիչներից էր նաև Սպիրիդոն Վիկատոսը։ Դեռևս ուսանելու տարիներին Սոֆյան մասնակցել է Զափփեյոնի, Արվեստի ընկերների հասարակության և «Պառնաս» հասարակության գեղավեստական ցուցահանդեսներին, ինչպես նաև 1903 թվականին կայացած Աթենքի միջազգային ցուցահանդեսին։ 1906 թվականին նա և նկարչուհի Թալիա Ֆլորա-Կարավիան միասին ներկայացրել են իրենց աշխատանքները։ 1907 թվականին «Պառնաս» ֆիլհարմոնիկ հասարակության շենքում հանդես է եկել անհատական ցուցահանդեսով։

Սոֆյան «Դպրոցն» ավարտել է 1907 թվականին։ 1908 թվականին ստանալով Բոզիոսի հիմնադրամի կրթաթոշակ՝ Սոֆյան մեկնել է Գերմանիա՝ ուսումը շարունակելու։ Սոֆյան հուլիսին բնապատկերային գեղանկարչություն է ուսանել Դախաու քաղաքում նկարիչ Վոն Հայեքի (Von Haieck) մոտ։ Մի քանի ամիսներ անց կրթությունը շարունակել է Մյունխենում, նկարիչներ Վ․ Թորի և Ս․ Հոլլոսիի մոտ (W. Thor, S. Hollosy)։ Սոֆյան միաժամանակ կոմպոզիցիայի դասեր է վերցրել «նկարիչների ասոցիացիայի տիկինների դպրոցում», Լեո Պուտցի և Մաքս Ֆելդաուերի ( Leo Putz, Max Feldbauer ) մոտ։ Սոֆյան մասնակցել է նաև Գերմանիայի մրցույթներին և մրցանակների արժանացել։ Սակայն 1910 թվականի սկզբին նկարչուհին հասկանալով, որ Մյունխենում այլևս սովորելու բան չունի, պատրաստվում էր մեկնել Փարիզ։ Այդ ուղևորությունը հետաձգել է և իր սիրած տղայի՝ Պերիկլիս Յաննոպուլոսի նամակից անհանգստացած վերադարձել Հունաստան[4]։

Անձնական կյանք։ Պերիկլիս Յանոպուլոս

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերիկլ Յանոպուլոս, լուսանկարից նկարել է քանդակագործ Պետրոս Ռումբոսը

Նախքան Աթենքի գեղարվեստի դպրոց ընդունվելը, իր նկարչական զբոսանքներից մեկի ժամանակ Սոֆյան ծանոթացել էր երիտասարդ գրականագետ և լրագրող Պերիկլիս Յանուպուլոսի հետ։ Այդ ծանոթությունը նրանց մեջ առաջացրել էր փոխադարձ սեր՝ «սեր առաջին հայացքից»։ Յանոպուլոսը հայտնի մտավորական էր և «հունական ոգու» նախանձախնդիր երկրպագու։ Լեզվի հարցում նա ավանդապահ էր և ավանդական կաթարևուսայի կողմնակից էր։ Յանոպուլոսը հավատում էր հելլենակենտրոն կրթության միջոցով հույն ազգի վերելքին և մերժում էր բոլոր օտար գաղափարներն ու սովորույթները։ Ժամանակակիցները Յանոպուլոսին նկարագրել են որպես գեղեցիկ տղամարդ և աշխարհիկ աթենացիների սիրելին։ Յանոպուլոսը երկու տարի ապրել էր Փարիզում՝ լինելով փարիզյան գրական և գեղարվեստական շրջանակներում, ընկերացել էր Ժան Մորեասի հետ։ 1892 թվականին հոր մահը նրա համար նյարդային ցնցում էր եղել, և նրան հեռացրել իր փարիզյան ժամանցից։ Ութ ամսվա ընթացքում, երբ նա Լոնդոնում էր, ավելի մոտեցել էր սիմվոլիզմին, բայց սրվել էր նրա հոգեկան առողջությունը։

1893 թվականին Աթենք վերադառնալը նրան մեծապես օգնել էր վերականգնել հոգեկան անդորրը և արժանի տեղ գտնել Աթենքի հասարակության մեջ։ Այնուամենայնիվ, աթենացիներն անտեսում էին նրա «Նոր ոգու» (1906) և «Դեպի պան-հելլենիզմ ուղղված կոչերի» (1907) մանիֆեստները, որոնք նա բաժանում էր անվճար՝ իր ազգայնական գաղափարները տարածելու նպատակով։ «Հունական լույսի սիրահար» լինելով՝ նա այն փնտրում էր Աթենքի Ակրոպոլիսում և Աթենքի մերձակայքում զբոսնելիս։ Այդ զբոսանքներից մեկի ժամանակ էլ հանդիպել էր Սոֆյա Լասկարիդուին։

Յանոպուլոսը վտիտ ու բարձրահասակ Սոֆյա Լասկարիդուի մեջ գտել էր իր իդեալների մարմնացումը։ Սոֆյան կիսում էր «Հունական լույսի» նրա գաղափարները, իսկ բնության մեջ նրա աշխատանքը միասին ամենօրյա զբոսանքի պատճառ հանդիսացավ։ Բայց Սոֆյան ժամանակակից կին էր և նկարիչ դառնալու վճռական նպատակ ուներ։ Երբ Յանոպուլոսը խնդրեց նրան ամուսնանալ իր հետ, Սոֆյան հրաժարվեց։ Բայց նրանց հարաբերությունները շարունակվել են Աթենքի գեղարվեստի դպրոցում Սոֆյայի ուսման տարիներին։ Երբ Սոֆյան պատրաստվում էր մեկնել Գերմանիա, Յանոպուլոսը, իր հերթին, հրաժարվեց հետևել նրան՝ Արևմտյան Եվրոպայի մայրաքաղաքներն անվանելով «Էրեբուսի հետույքներ»։

Սոֆյայի կրթության ընթացքում նրանք շարունակել են նամակագրությունը։ Բայց մելամաղձությունը Յաննոպուլոսին հաղթել էր, և նա «կատարյալ ինքնասպանություն» էր գործել, քանի որ նա այն նկարագրել էր իր ընկերներին մի քանի տարի առաջ։ 1910 թվականի ապրիլի 8-ին Յանոպուլոսը, սպիտակ ձի նստելով, մտել էր ծով և, որոշ հեռավորություն անցնելով, կրակել իր գլխին[5]։

Ինքնասպանի մարմինը ալիքներն ափ էին հանել 10 օր անց։ Յանոպուլոսի վերջին նամակից անհանգստացած Սոֆյան Հունաստան վերադարձի ճանապարհին՝ գնացքում է իմացել իր սիրեցյալի մահվան մասին։ Հուղարկավորությունից մի քանի օր անց Սոֆյան նույնպես փորձել է ինքնասպան լինել, բայց մոր ժամանակին միջամտությամբ փրկվել է։

Սոֆյան մեկնել է Փարիզ՝ ուսումը շարունակելու։

Փարիզում Սոֆյան՝ իր հույն ընկերուհի Լենա Սկորդելլիի հետ բացել է արվեստանոց, և շարունակել է կրթվել Գրանդ Շոմեր և Կոլարոսի ակադեմիաներում (1911-1912) և նկարիչներ Լ․ Սիմոնի և Օ․ Բոնասկայի մոտ (L.Simon և O.Bonaska ) (1910-1914)։ Փարիզում եղած տարիներին Սոֆյան իր աշխատանքերը ցուցադրել է Փարիզյան սալոններում և խմբային ցուցահանդեսներում։ Ջոսե Բելոնին (José Belloni, 1882-1965) 1911 թվականին Անկախների սալոնում (Salon des Indépendants) ցուցադրված հազար աշխատանքներից հիշատակում է քչերին, որոնց թվում Սոֆյա Լասկաիդուին և Մարի Լորանսենին։

Սոֆյան հիմնականում բնապատկերներ է նկարել, հազվադեպ՝ դիմանկարներ։ Սոֆյան 1911 թվականին եղել է Անգլիայում և 1912 թվականին՝ Վենեցիայում։ Այդ ուղևորությունները նրան լրացուցիչ թեմա են տվել։ Նրան իր ազնվական ծագումը չի խանգարել, երբ իր հուշերում հպարտորեն գրել է, որ իր արվեստանոց էին այցելում ինչպես հունական թագավորական ընտանիքի անդամները, այնպես էլ Հունաստանի վարչապետը՝ «մեր մեծն Վենիզելոսը»։

1913 թվականին Բադեն-Բադենից գրած նամակում Սոֆյան գրել է․ «․․․ես մի քանի ամսով Փարիզ կվերադառնամ։ Հետո կգնամ Հունաստան։ Այնտեղ է իմ տեղը։ Այնտեղ պետք է ապրեմ և մեռնեմ»[6]։

1916 թվականին Սոֆյա Լասկարիդուն մոր մահից հետո վերադարձել է Հունաստան և ղեկավարել է «Նախադպրոցական ուսուցիչների ուսումնարանը», որն իր ժամանակին հիմնադրել էր մայրը։ Սոֆյան այստեղ գծանկարչություն և գեղանկարչություն է դասավանդել 31 տարի։ Միաժամանակ գեղանկարչության մասնավոր դասեր է տվել։ 1951 թվականին լույս է տեսել նրա «Դպրոցական նկարչության և գեղանկարչության շարք» գիրքը, որտեղ ներկայացրել է դասավանդման իր համակարգը։

Սոֆյան շարունակել է նկարել և ցուցահանդեսների մասնակցել (1917, 1919, 1924, 1927)։ 1927 թվականի ցուցահանդեսում, որտեղ նա ցուցադրվում էր իր աշակերտների հետ միասին, նա ներկայացել է նաև իր մանկավարժական աշխատանքով։ Նկարչուհու աշխատանքների թեման ընդգրկում էր ժանրային տեսարաններ, դիմանկարներ, նատյուրմորտներ և բնանկարներ։ Նկարված թին իմպրեսիոնիզմի ոճով։

Սոֆյան իր նկարներին դիմոտիկ (հունարեն խոսակցական) վերնագրեր էր տալիս։ Ինչը նրան ներքաշել էր լեզվի խնդրի վեճի մեջ։ Ս. Դաֆնիսը գրել է, որ նա ավելի շատ հիանում է վերնագրերով, քան հենց Սոֆյայի նկարներով։ Միևնույն ժամանակ, կաթարևուսայի կողմնակիցները վրդովված էին նրա հայտարարությունից, որ պահպանողական լեզվով վերնագրերը սառն են դարձնում նկարների թեման։

1930 թվականից ի վեր նա հազվադեպ է մասնակցել ցուցահանդեսներին և ցուցադրել է հիմնականում անցած տարիների նկարները։ 1953 թվականին Սոֆյա Լասկարիդուն պարգևատրվել է Աթենքի Գիտությունների ակադեմիայի կողմից՝ հունական նկարչության մեջ ունեցած ավանդի համար։ 1955 թվականին Սոֆյան հրատարակել է իր ինքնակենսագրական «Իմ օրագրից։ Հուշեր ու մտքեր» գիրքը, որտեղ նա հիմնականում նկարագրում է Մյունխենի և Փարիզի ուսման տարիները։

5 տարի անց՝ 1960 թվականին, նա հրատարակել է «Իմ օրագրից. Լրացում․ մեծ սեր» գիրքը, որտեղ նա նկարագրել է իր սերը և Պերիկլես Յաննոպուլոսի հետ ունեցած հարաբերությունները։ Նրա սիրո պատմությունն այն էր, ինչը նկարիչը ցանկանում էր թողնել իրենից հետո։ Իր կյանքի վերջին տարիներին նա «ամբողջությամբ ապրում էր այս հետադարձ սիրո մեջ»՝ զղջալով իր սիրելիի մահվան համար։

Կյանքի վերջին տարիներին նկարչուհին ապրել է Կալիտեյայի իր տանը, մեկուսի կյանքով․ այցելուներ ընդունում էր միայն յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օրը։ Սոֆյա Լասկարիդուն մահացել է 1965 թվականի նոյեմբերի 13-ին[7]։

Սոֆյա Լասկարիդուի պատկերասրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ Լասկարիդների տունը, երբեմնի արվարձանային Կալիտեյա քաղաքում, այժմ մեծ Աթենքի ամենախիտ բնակեցված տարածքում, լքված էր։ Հարևանները երեխաներին վախեցնում էին նկարչի ուրվականով, որը գիշերը թափառում էր լքված տան շուրջը։ Հաշվի առնելով այն փաստը, որ տունը Կալիտեյայի առաջին շենքերից մեկն էր, կառուցվել է Էռնստ Ցlիլլերի նախագծով և կապված է եղել Լասկարիդիս ընտանիքի հետ, Կալիտեյայի քաղաքապետարանը որոշեց վերականգնել տունը։

2002 թվականին Լասկարիդիսների վերականգնված տանը բացվել է «Կալիտեյայի Սոֆյա Լասկարիդուի մունիցիպալ պատկերասրահը»։ Բացման արարողությանը մասնակցել են Հունաստանի նախագահ Կ․ Ստեֆանոպուլոս և խորհրդարանի նախագահը։ Շենքում տեղակայված է Սոֆյա Լասկարիդուի թանգարանը և նրա աշխատանքների ցուցահանդեսը, որը կոչվում է «Հույն առաջին նկարչուհի Սոֆյա Լասկարիդուի պատմությունը՝ կայացման հեղաշրջում»[8][9]։

Քննադատների և արվեստաբանների տեսակետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստաբան Քրիստինա Գրամատիկոպուլուն նկարչուհու մասին իր աշխատանքը վերնագրել է «Իրականությունից առասպել»՝ այն համարելով ամենաբնորոշ օրինակը հունական արվեստում։ Նա գրում է, որ Լասկարիդուի հիշատակը վառ է, չնայած նրա աշխատանքը երկար ժամանակ մոռացված է մնացել։ Արվեստաբանը գրում է, որ երբ նա «հրապարակ հանեց» Սոֆյայի 339 աշխատանքները՝ հայտնաբերելով նկարչի գաղտնի փորձերը կուբիզմի, աբստրակցիոնիզմի և սյուրռեալիզմի հետ, մշտապես շրջանառվում էր «սա այն Լասկարիդում չէ, որ ...» արտահայտությունը։

Սոֆյան հայտնի էր ոչ այնքան որպես նկարիչ, որքան որպես իր դարաշրջանի բարքերի հետ հակասության մեջ հայտնված անձ։ Նրա անհատականությունը, ի սկզբանե, իր ժամանակի լրագրողների և արվեստագետների հետաքրքրությունն էր շարժում, և նրանց այս հետաքրքրությունն այսօր էլ ազդում է նկարչի գնահատման վրա։ Աստիճանաբար անհատականությանն սկսեց ավելի ու ավելի մեծ նշանակություն տրվել, ինչի արդյունքում նկարչի աշխատանքներից հետաքրքրությունը տեղափոխվեց դեպի իրեն։ Նկարչի մահից 40 տարի անց նրա աշխատանքը ստվերում էր, մինչդեռ նա ինքնին հայտնի-առասպել է դարձել` հեռուստասերիալների, թատերական ներկայացումների, վեպերի և հոդվածների միջոցով։ Սոֆյայի դերն այս գործում առանցքային նշանակություն է ունեցել, քանի որ ինքնակենսագրականում Սոֆյան կենտրոնացել է իր կյանքի, այլ ոչ թե աշխատանքի վրա։

Գրամատիկոպուլուն նշում է, որ երբ Սոֆյան 19-րդ դարի վերջին մասնակցում էր ցուցահանդեսների, «միջին» հույն քննադատները պատրաստ չէին մոդեռնիզացիայի արմատական դրսևորումներին, բայց պատրաստ էին ընդունել նրա «ավելի մեղմ» արտահայտությունը, որտեղ ոճը ազատ է, բայց թեման «անընթեռնելի» չէ, ինչը լիովին վերաբերում է Սոֆյայի ստեղծագործություններին[10]։

Չնայած մինչև 1907 թվականը քննադատները գրում էին, որ նրա աշխատանքն «ամենայն հավանականությամբ մոդեռնիստական է և շարքային հանդիսատեսի համար անսովոր», նրա նկարները հեշտությամբ վաճառվում էին։

Քննադատների կարծիքները բարենպաստ էին։ Կային նաև բացասական ակնարկներ «էկզեմայի այս գույնի» և «վրձնի անոմալիայի մասին, որը մատնում է ոգեշնչման անոմալությունը»։

Դ. Գալանիսը Սոֆիայի տեխնիկայի մասին խոսելիս ասում է, երբ «կիլոգրամներով դրված ներկը դուրս է գալիս կտավից, կյանք և ուժ է տալիս գործին»։ Սիմեոն Սավվիդիսը կարծում էր, որ Սոֆյայի ստեղծագործություններում կա «շատ պոեզիա»։ Թալիա Ֆլորան գրել է, որ Սոֆյայի աշխատանքները «ինքնատիպ էին և նա ճանաչվեց իմպրեսիոնիզմի ռահվիրա»։ Գործընկերներն անմիջապես են նկատել Սոֆյային և նրա աշխատանքում տեսել են տարրեր, որոնք հասարակության համար պարզ դարձան միայն 20-րդ դարի առաջին տասնամյակից հետո։

Գործունեության սկզբում նկարչուհին բնապատկերներ է նկարել։ Դա պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ նա բնակվում էր արվարձանային Կալիտեայում, այլև նրանով, որ նա սկսել էր նկարել նախքան նկարչական կրթություն ստանալը, որը բավարար կլիներ մարդկանց կառուցվածքին անդրադառնալու համար։

Այդ դարաշրջանում բնապատկերը կարևոր դերակատարում ուներ «հելլենիստականի» որոնման և հատուկ, հունական արվեստի ձևավորման գործում։ Սոֆյայի ժամանակակիցները հավատում էին, որ «հելլենիզմի» էությունը գալիս է հունական բնապատկերից՝ շլացնող լույս, որը չեզոքացնում է գրեթե բոլոր գույները և պարզեցնում ուրվագծերը։ Դարաշրջանի քննադատների համար հունական բնապատկերը կրում էր գաղափարական կշիռ և ներառում էր «հելլենիզմի անփոփոխ հոգին դարերի ընթացքում»։ «Հունական լույսը» ներկայացվում էր որպես առանձին սուբյեկտ՝ հատուկ խորհրդանշականությամբ։ Սոֆյային, որի արտահայտչամիջոցը հիմնականում լույսը և գույնն էր, հաջողվել էր որսալ այդ լույսը, որն աննկատ չմնաց.

Հունական լույսը ոչ մի տեղ հնարավոր չէ որսալ այնքան վստահորեն և ճշմարտացիորեն, որքան Լասկարիդուի նկարում։

Այս ճանաչումը մեծ կշիռ ուներ հատուկ՝ հունական արվեստի որոնման դարաշրջանում։ Քննադատները նշում էին, որ նկարիչների մեծ մասը սովորում էր արտերկրում և ընդունում էր հունական ավանդույթին և իրականությանը խորթ ձև։ Նրանք կարծում էին, որ անհրաժեշտ է բաց թողնել Արևմուտքը, քանի որ «Արևմուտքն արդեն կաթվածահար է, և այնտեղի մեկօրյա դպրոցները նորաձևություն են թելադրում»։

Սոֆյային բարձր էին գնահատում «հունական թեմաներ» ընտրելու և դրանք նկարելու ձևով։ Մատնանշվում էր, որ նրա բնապատկերները Հունաստանում ճանապարհորդելու և en plein air աշխատանքների արդյունք էին։ Նրանք հիանում էին նրա՝ միայնակ, արվեստանոցից դուրս աշխատելու համարձակությամբ՝ ուշադրություն չդարձնելով կանանց վարքի կանոններին։ Նկարչի սեռը քննադատներին չի հուզել։ Բայց դիտողությունն այն մասին, որ նրա աշխատանքը «տղամարդկային է և լուրջ», հուշում է, որ նա որպես բացառություն է ընդունվել այդ արական արվեստում։ Քննադատներին հետաքրքրում էր նրա արտաքին տեսքը (բարձրահասակ, տարօրինակ սանրվածքով)՝ նրա մեջ տեսնելով մի այնպիսի կերպար, որն ինքնին գալիս է մոդեռնիզմից։ Նրա կերպարը նույնացվում էր գրականության և նկարչության «նոր կնոջ» կերպարի հետ։ Այս պատկերն էլ ի վերջո ստեղծել է Լասկարիդուի առասպելը։

1908 թվականին նրա Գերմանիա մեկնելուց հետո թերթերն արևմտյան թերթերից վերատպել են Սոֆյայի հաջողությունների մասին զեկույցներ՝ չնայած նոր գեղարվեստական շարժումների նկատմամբ իրենց ցուցաբերած զգուշավորությանը։ Երբ Սոֆյան վերադարձավ Հունաստան 1916 թվականին, նա արդեն ճանաչված նկարիչ էր։ Միջպատերազմյան շրջանում Սոֆյայի աշխատանքը քննադատները համարում են նախորդ դարաշրջանի արտահայտություն։

1927 թվականից հետո Սոֆյան անհատական ցուցահանդես է կազմակերպել միայն 1952 թվականին։ Այս ժամանակահատվածում հասարակության հետաքրքրությունը նրա աշխատանքներից տեղափոխվել էր նրա կյանք՝ ստանալով առասպելական բնույթ։ Սոֆյայի նկատմամբ հետաքրքրությունը կրկին ի հայտ է եկել 1950-ական թվականներին։ Բայց դա ավելի շատ հետաքրքրություն էր նրա կյանքին և անցյալ դարաշրջանին, քան թե աշխատանքին[11][12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.nationalgallery.gr/el/zographikh-monimi-ekthesi/painter/laskaridou-sophia.html
  2. Μελένικο " Αικατερίνη Λασκαρίδου-Χρηστομάνου (1842—1916)
  3. Tamboukou, Maria (2010 թ․ ապրիլի 16). In the Fold between Power and Desire: Women Artists’ Narratives (անգլերեն). Cambridge Scholars Publishing. ISBN 978-1-4438-2186-5.
  4. Λασκαρίδου Σοφία — Lascaridou Sofia [1882-1965] | paletaart — Χρώμα & Φώς
  5. Χρ Γραμματικοπούλου, Η Ζωγράφος Σ Λασκαρίδου, Θεσσαλονίκη 2007, σσ. 277—278
  6. «National gallery». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  7. Μελένικο " Σοφία Λασκαρίδου (1876—1965)
  8. Στο σπίτι της θελκτικής ζωγράφου — πολιτισμός — Το Βήμα Online
  9. Δημοτική Πινακοθήκη Καλλιθέας «Σοφία Λασκαρίδου» — Τέχνες — αθηνόραμα.gr
  10. «From Artist to Myth: The reception of Sophia Laskaridou | CHRISTINA GRAMMATIKOPOULOU | Interartive | Contemporary Art + Thought». interartive.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.
  11. Από καλλιτέχνιδα, μύθος: Η υποδοχή της Σοφίας Λασκαρίδου | ΧΡΙΣΤΙΝΑ ΓΡΑΜΜΑΤΙΚΟΠΟΥΛΟΥ " Interartive | Contemporary Art + Thought
  12. http://invenio.lib.auth.gr/record/72682/files/?ln=el Γραμματικοπούλου Χριστίνα, «Η γυναίκα στην ελληνική ζωγραφική του πρώτου μισού του 20ού αιώνα»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Լասկարիդու» հոդվածին։