Jump to content

Մարի Լորանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Լորանսեն
ֆր.՝ Marie Laurencin
ԿեղծանունLouis Lalanne
Ծնվել էհոկտեմբերի 31, 1883(1883-10-31)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ
Վախճանվել էհունիսի 8, 1956(1956-06-08)[1][2][4][…] (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություննկարչուհի, նկարիչ-փորագրող, բեմանկարիչ, նկարազարդող, բանաստեղծուհի, արվեստագետ և գծանկարիչ
Ոճֆովիզմ և կուբիզմ
Ժանրդիմապատկեր և ծաղկային նատյուրմորտ
Թեմաներգեղանկարչություն և փորագրում
ՈւսուցիչՄադլեն Լեմեր
ԱմուսինOtto von Wätjen?
Համատեղ ապրողԳիյոմ Ապոլիներ
Կայքmarielaurencin.com(անգլ.)
 Marie Laurencin Վիքիպահեստում
Մադամ Վիժե-Լեբրոնի այս ինքնանկարը /1799 թ./ պարզապես հմայել է 15-ամյա Մարի Լորանսենին, խթան հանդիսացել կերպարվեստում նրա ինքնադրսևորման համար[6]:
Բանաստեղծն ու նրան ոգեշնչող մուսան /ֆրանսիացի պրիմիտիվիստ Ռուսսոյի այս աշխատանքում կատականկարի՝ շարժի ոճով պատկերված են Ապոլիներն ու Մարի Լորանսենը

Մարի Լորանսեն (ֆր.՝ Marie Laurencin, հոկտեմբերի 31, 1883(1883-10-31)[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ - հունիսի 8, 1956(1956-06-08)[1][2][4][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի նկարչուհի և փորագրիչ[7]. անդամակցել է կուբիստների «Ոսկե բաժանմունք» (Section d'Or) կամ Groupe de Puteaux անվանումը կրած խմբակին, դարձել փարիզյան ավանգարդի կարևոր դեմքերից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարին ծնվել է 1883 թվականի հոկտեմբերի 31-ին, Փարիզում։ Նրան խնամել, մեծացրել է դերձակուհի մայրը՝ Մելանի Լորանսենը։ Մարին սովորել է Լամարտինի անվան լիցեյում, ապա հախճապակու նկարազարդման պարապմունքների հաճախել Սևրում ու Մադլեն Լեմերի մոտ[8]։ Ընդունվել է Էմբեր ակադեմիա, որտեղ ծանոթացել է Ժորժ Բրակի հետ։ Անրի Պիեռ Ռոշեի խորհրդով 1907 թվականին մասնակցել է Անկախների ցուցասրահի կազմակերպման աշխատանքներին։ Այդ նույն տարում Պաբլո Պիկասոն նրան ծանոթացրել է լեհական ծագումով ֆրանսիացի ճանաչված բանաստեղծ Գիյոմ Ապոլիների հետ։ Նրանց կրքոտ կապը շարունակվել է մինչև 1912 թվականը։ Ապոլիները Մարիին բանաստեղծություններ է նվիրել, նրան ոգեշնչել, որ ստեղծի իր լավագույն գործերից մեկը՝ «Ապոլիներն ու նրա ընկերները» (1912). ընդ որում՝ ընկերների խմբում պատկերված են նաև Պիկասոն ու Գերտրուդ Սթայնը։ Մարին գեղանկարչության հետ մեկտեղ փորագրանկարչական աշխատանքներ է կատարել Ժան Էմիլ Լաբուրերի մոտ;

1914 թվականի հունիսին Լորանսենն ամուսնացել է բարոն Օտտո ֆոն Վետիենի (von Wätjen) հետ. նրանց ծանոթությունը կայացել էր դրանից մեկ տարի առաջ, Մոնպառնասում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց շատ չանցած՝ ամուսնական զույգը մեկնել է Իսպանիա՝ նախ՝ Մադրիդ, ապա Մալագա ու Բարսելոն։ Քանի որ Ֆրանսիան ու Գերմանիան ախոյաններ էին այդ պատերազմում, Մարին, ինքնըստինքյան, զրկվել է ֆրանսիական քաղաքացիությունից։ Զույգը Իսպանիայում ապրել է փաստորեն արտաքսվածի կարգավիճակով։ Նեղության մեջ հայտնված Մարիին զգալի աջակցություն է ցուցաբերել նրա ընկերուհին՝ նորաձև հագուստի մոդելավորող Նիկոլ Գրուլտը՝ այդ ժամանակների ամենահռչակված մոդելավորող Պոլ Պուարեի քույրը։ Հենց Իսպանիայում գտնված տարիներին էլ Մարին գրել է իր առաջին բանաստեղծությունները, որոնք հետագայում լույս են ընծայվել «Գիշերային նոթատետր» ժողովածուում։ Մադրիդում Լորանսենը ֆրանսիացի ավանգարդիստ նկարիչ և գրող-հրապարակախոս Ֆրանսիս Պիկաբիայի միջոցով ծանոթացել է արվեստի նոր ոճի՝ օրֆիզմի հիմնադիրներ Սոնա և Ռոբեր Դելոնեների հետ։

1920 թվականին Մարին վերադարձել է Փարիզ, ամուսնալուծվել և լիովին ինքնուրույն սկսել է ստեղծել նկարչուհու իր կարիերան։ Բազմաբեղուն էր նրա համագործակցությունը անվանի մի ամբողջ շարք գրողների՝ Անդրե Ժիդի, Պոլ Մորանի, Ժակ դը Լակրատելի, Մաքս Ժակոբի, Սեն-Ժոն Պերսի, Մարսել Ժուանդոյի, Ժան Կոկտոյի, Ժան Պոլանի, Սոմերսեթ Մոեմի և շատ ու շատ ուրիշների հետ, որոնց գրքերը մեծ ճաշակով նկարազարդել է նա։ Մարին նաև դեկորացիաներ է պատրաստել բալետի ու թատրոնի, այդ թվում՝ Սերգեյ Դյագիլևի ղեկավարած բալետային խմբի համար։

1925 թվականին դեկորատիվ արվեստի ցուցահանդեսում նրա ներկայացրած աշխատանքները հիացմունքով են ընդունվել արվեստասեր հասարակության կողմից։ Այդուհետ Լորանսենը մի շարք սքանչելի գործեր է ստեղծել նաև հաստոցային նկարչության բվնագավառում։ Նա ակտիվորեն ներգրավվել է Փարիզի՝ արվեստների այդ մայրաքաղաքի արտիստական կյանքում; 1929 թվականի տնտեսական ճգնաժամի ընթացքում և դրանից հետո դասախոսել է XVI-ի ակադեմիայում։

Գեղանկարչությունից զատ՝ Մարի Լորանսենն զբաղվել է փորագրությամբ ու փայտափորագրությամբ՝ կրելով աֆրիկյան քանդակագործության ազդեցությունը, պատկերազարդումներ է արել և դեկորացիաներ պատրաստել Կոմեդի Ֆրանսեզի համար, բանաստեղծություններ է գրել, որոնք լույս են ընծայվել Լուիզա Լալանի գրական կեղծանունով։ Սակայն առաջին հերթին ճանաչման ու համբավի է հասել իր գեղանկարների շնորհիվ, որոնցում տասնութերորդ դարի ռոկոկո ոճը համադրված է պարսկական ու մոնղոլական միջնադարյան մանրանկարներին հատուկ տարրերի հետ։ Գերապատվությունը տալով լուսավոր վարդագույն ու երկնագույն երանգներին՝ նա ստեղծել է կանանց ու երեխաների քնարաշունչ ու տպավորիչ բազմաթիվ դիմանկարներ ու կոմպոզիցիաներ, կրկեսային տիպարներ... Նկարչուհու ստեղծած կանացի կերպարները, որ ժամանակին բնութագրվել են որպես «ոգիների երկրի էակներ», հիրավի սքանչելի են ու մշտապես հմայիչ։

Մարի Լորանսենը մահացել է 73 տարեկան հասակում՝ 1956 թվականի հունիսի ութին, Փարիզում։ Թաղված է նշանավոր Պեր Լաշեզ գերեզմանատանը[9]։ Ողջ ժառանգությունը նա կտակել է իր որդեգրած աղջկան՝ Սյուզան Մորո-Լորանսենին, որին խնամել ու մեծացրել էր մանուկ հասակից։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել է Մարի Լորանսենի թանգարանը[10]։

Ուշագրավ փաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Լորանսենի անունը հիշատակված է ֆրանսիացի ճանաչված երգիչ Ջո Դասենի L'été indien հարահայտ երգում. «…Երկարափեշ քո զգեստի մեջ դու նմանվում էիր Մարի Լորանսենի պատկերած կնոջ»։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Marchesseau, Daniel. Marie Laurencin, Cent Œuvres du musée Marie Laurencin, Martigny, Fondation Pierre Gianadda, 1993
  • Marchesseau, Daniel, Marie Laurencin, Paris, Musée Marmottan Monet / Hazan, 2013
  • Otto, Elizabeth (2002). «Memories of Bilitis: Marie Laurencin beyond the Cublist Context». genders.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին.
  • Fonds Marie Laurencin, Bibliothèque littéraire Jacques Doucet, Փարիզի համալսարան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Marie Laurencin (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Marie Laurencin (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 Marie Laurencin — 2008.
  5. 5,0 5,1 5,2 https://www.lemonde.fr/archives/article/1956/06/11/marie-laurencin-la-fauvette-du-cubisme_2259654_1819218.html
  6. M. Laurencin, Le Carnet des nuits, Genève, Pierre Caillier, 1956
  7. Maurice Raynal: Modern French Painters, Ayer Publishing, 1928, 978-0-405-00735-4, p. 108
  8. Bertrand Meyer-Stabley, Marie Laurencin, c. 84, Pygmalion, Paris, 2011, ISBN 978-2-7564-0430-1
  9. Marie Laurencin (1883—1956) — Find A Grave Memorial
  10. «About Musée Marie Laurencin». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Լորանսեն» հոդվածին։