Աթենքի ակադեմիա
Աթենքի ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | գիտությունների ակադեմիա և ազգային ակադեմիա |
Հիմնադրված է | 1926, մարտի 18 |
Անդամակցություն | Տիեզերական հետազոտությունների հանձնաժողով[1], Միջազգային գիտական խորհուրդ[2], InterAcademy Partnership?[3] և All European Academies?[4] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Աթենքի մունիցիպալիտետ |
Կայք | academyofathens.gr(անգլ.) |
![]() ![]() Աթենքի ակադեմիա, Հունաստան | |
![]() |
Աթենքի ակադեմիա (հուն․՝ Ακαδημία Αθηνών, Akadimía Athinón), ազգային ակադեմիա Հունաստանում, ամենաբարձր հետազոտական հաստատությունը երկրում։ Հիմնադրվել է 1926 թվականին։ Գործում է Հունաստանի Կրթության նախարարության ենթակայության ներքո։ Ակադեմիայի շենքը համարվում է Աթենքի կարևոր վայրերից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աթենքի ակադեմիան ստեղծվել է 1926 թվականի մարտի 18-ին, անվանումը կապված է Պլատոնական ակադեմիայի հետ։ Կանոնադրությունը վավերացվել է 4398/1929 օրենքով։ Աթենքի ակադեմիայում որոշակի բարեփոխումներով գործում է այս կանոնադրությունը։ Ըստ կանոնադրության ակադեմիան բաժանվում է երեք մասերի՝ բնական գիտություններ, արվեստ-գրականություն, բարոյական և քաղաքական գիտություններ։
Հետազոտական կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիան ունի 12 հետազոտական կենտրոն, 10 հետազոտական գրասենյակներ և «Ioannis Sykoutris» կենտրոնական գրադարանը։ 2002 թվականին հիմնադրվել է Աթենքի ակադեմիայի կենսաբժշկական հետազոտությունների հիմնադրամը։ Ակադեմիայի ենթակայության ներքո են գործում նաև Բյուզանդագիտության հունական ինստիտուտը և Վենետիկի հետ-բյուզանդական ուսումնասիրությունների կենտրոնը։
Միջազգային անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրումից ի վեր Աթենքի ակադեմիան եղել է Ակադեմիաների միջազգային ընկերության (AIA) և Գիտական միությունների միջազգային խորհրդի (ICSU) անդամ։ Անդամակցում է նաև Համաեվրոպական ակադեմիաներին (ALLEA), Եվրոպական գիտությունների ակադեմիաների խորհրդատվական խորհրդին (EASAC), Միջ-ակադեմիական խորհրդին (IAC), Միջ-բժշկական ակադեմիային (IAMP)։
Գլխավոր շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիայի գլխավոր շենքը նեոդասական ոճի կառույց է և գտնվում է Աթենքի կենտրոնում՝ Պանեպիստիմիու և Ակադեմիա փողոցների միջև։ Շենքը նախագծվել է 1859 թվականին դանիացի ճարտարապետ Տեոֆիլ ֆոն Հանսենի կողմից Աթենքի համալսարանի և Հունաստանի ազգային գրադարանի հետ միասին որպես ճարտարապետական եռյակ։ Դրամական միջոցները տրամադրվել են մեդիամագնատ Սիմոն Սինասի կողմից հատուկ այս նպատակով, հիմնաքարը դրվել է 1859 թվականի օգոստոսի 2-ին։ Շինարարությունը մեծ թափով սկսվել է 1861 թվականից հետո Էռնստ Ցիլլերի ղեկավարությամբ։ Ներքին խռովությունների պատճառով շինարարությունը 1864 թվականին դադարեցվել է և վերսկսվել 1868 թվականին, սակայն շենքի կառուցումը չի ավարտվել մինչև 1885 թվականը։ Շինարարույթյան արժեքը կազմել է 2,843,319 դրախմա, դրա մեծ մասը տրամադրել է Սինասը, իսկ նրա մահից հետո կինը՝ Իֆիգենիան։
Հույն նեոդասական քանդակագործ Լեոնիդաս Դրոսիսը ստեղծել է գլխավոր բազմաֆիգուր ճակտոն քանդակը ըստ նկարիչ Կարլ Ռալի նախագծի, որի համար Վիեննայի 1873 թվականի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է առաջին մրցանակի[6]։ Դրոսիսը պատասխանատու է եղել նաև Աթենասի և Ապոլլոնի քնարով քանդակների, Պլատոնի և Սոկրատեսի նստած մարմարե քանդակների համար, որոնք իրականացրել է իտալացի քանդակագործ Պիկարելին[6]։ Ութ փոքր ճակտոններն ավստրացի քանդակագործ Ֆրանց Մելիցկիի տերակոտա աշխատանքներն են[7]։ Ներքին որմնանկարներն ու գեղանկարներն ստեղծել է ավստրիացի նկարիչ Քրիստիան Գրիպենկերը։
1887 թվականի մարտի 20-ին "Sinaean Academy"-ի շենքը հանձնվում է Հունաստանի վարչապետ Խարիլաոս Տրիկուպիսին։ Ազգային ակադեմիայի բացակայությամբ պայմանավորված 1890 թվականին շենքում տեղակայվում է Աթենքի դրամագիտական թանգարանը, 1914 թվականից՝ Աթենքի բրիտանական և քրիստոնեական թանգարանը և Պետական արխիվը։ 1926 թվականի մարտի 24-ին շենքը հանձնվում է Աթենքի նորաստեղծ ակադեմիային։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://cosparhq.cnes.fr/about/members/national-scientific-institutions/
- ↑ https://council.science/members/online-directory/
- ↑ https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://allea.org/members
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 6,0 6,1 «The Exterior»։ Academy of Athens
- ↑ Neoclassical Architecture in Greece, by Mānos G. Bīris, Márō Kardamítsī-Adámī, page 142