Թալիա Ֆլորա-Կարավիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թալիա Ֆլորա-Կարավիա
հուն․՝ Θάλεια Φλωρά-Καραβία
Ծնվել է1871[1][2][3]
ԾննդավայրSiatista[2]
Վախճանվել է1960[1][2]
Մահվան վայրԱթենք, Հունաստան[2]
Քաղաքացիություն Հունաստան[2]
ԿրթությունZappeio Parthenagogeio?
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
ԱմուսինNikólaos Karavía?[2]
 Thalia Flora-Karavia Վիքիպահեստում

Թալիա Ֆլորա-Կարավիա (հուն․՝ Θάλεια Φλωρά-Καραβία, 1871[1][2][3], Siatista[2] - 1960[1][2], Աթենք, Հունաստան[2]), 20-րդ դարի հույն բեղմնավոր և անվանի նկարչուհի, կերպարվեստի մյուխենյան դպրոցի ներկայացուցիչ։ Հեղինակել է 2,5 հազարից ավելի յուղաներկ և ջրաներկով, ածուխով, մատիտով, պաստելով արված բազմահազար նկարներ[5]։ Համբավվել է հատկապես ռազմիկների դիմանկարներով և պատերազմական թեմայով ստեղծած այլ նկարներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1871 թվականին, Սիատիստա փոքրիկ քաղաքում՝ այդ ժամանակ թուրքերի ենթակայության տակ գտնվող Արևմտյան Մակեդոնիայում[6], քահանայի ընտանիքում։ 1874 թվականին ընտանիքով տեղափոխվել են Կոստանդնուպոլիս[7], որտեղ Ֆլորան 1883-1888 թվականներին հաճախել է օրիորդաց մասնավոր դպրոց[8][9]։

Ավարտելուց հետո մեկ տարի ուսուցչություն է արել[7], ապա փարձել է ընդունվել Աթենքի արվեստների դպրոցի կերպարվեստի ֆակուլտետը, բայց սեռը նկատի ունենալով՝ մերժել են։ 1895 թվականին նա մեկնել է Մյունխեն, աշակերտել նկարիչներ Գեորգիոս Յակոբիդիսին (1853–1932) և Նիկոլայոս Գիզիսին(1842–1901): Դարձյալ սեռը նկատի առնելով՝ նրան չեն ընդունել նաև Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, և նա հարկադրված է եղել գծանկարչության ու գունանկարչության մեջ խորանալ մասնավոր դպրոցում[8]՝ վարպետության դասեր առնելով Նիկոլայոս Վոկոսից (1859–1902), Պաուլ Նոյենից (1859–1932), Անտոն Աժբեից (1862–1905), Վալտեր Տորից (1870–1929): 1898 թվականին կարճ ժամանակով վերադարձել է Կոստանդնուպոլիս, ապա կրկին մեկնել Մյունխեն, ուր մնացել է մինչև 1900 թվականը[7]։ Ֆլորան ճամփորդել է արվեստի կենտրոնների համբավ վայելող եվրոպական քաղաքներով[7]։

1906 թվականին նա և Սոֆյա Լասկարիդուն Աթենքում համատեղ կազմակերպել են իրենց նկարչական աշխատանքների ցուցահանդեսը[10]։ 1907 թվականին Ֆլորան բնակություն է հաստատել եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ ապրել է շուրջ երեսուն տարի։ Այստեղ նա ամուսնացել է հունական «Էֆիմերիս» թերթի հրատարակիչ Նիկոս Կարավիասի հետ, բացել ու ղեկավարել է կերպարվեստի դպրոց, որը բարի համբավ էր վայելում քաղաքի հունական գաղթօջախում։

1912-1913 թվականների բալկանյան պատերազմի ժամանակ, որպես իր ամուսնու ղեկավարած թերթի թղթակից, մեկնել է ռազմի դաշտ և մարտական բազմաթիվ տեսարաններ արտացոլել իմպրեսիոնիստական ոճով, մատիտով ու պաստելով արած իր նկարներում[11], որոնք հետագայում տեղ են գտել նրա «Տպավորություններ 1912—1913 թվականների պատերազմից. Մակեդոնիա-Էպիրոս» գրքում (Մոիսիադու-Մարդա հրատարակչատուն, Աթենք, 1936): Հունական բանակին հետևել է նաև 1921 թվականի փոքրասիական ռազմարշավի և ավելի ուշ՝ 1940-1941 թվականների հույն-իտալական պատերազմի ժամանակ[7]։

1939 թվականին Թալիա Ֆլորա-Կարավիան ամուսնու հետ վերադարձել է հայրենի Հունաստան, ուր ապրել է մինչև իր կյանքի վերջը։ Նա իր մականացուն կնքել է 1960 թվականին, Աթենքում[8]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալիա Ֆլորան իր գործերը հասարակությանն սկսել է ներկայացնել 1898 թվականից, կազմակերպել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել խմբային ցուցահանդեսների ինչպես Հունաստանում, այնպես էլ այլ երկրներում, ներառյալ միջազգային "Parnassus"-ին (1900 թ., Փարիզում), Կոստանդնուպոլսում՝ 1901, 1902 թթ., Աթենքում՝ 1903 թ.. Կահիրեում՝ 1909 թ., Հռոմում՝ 1911 թ. և Վենետիկի 1934 թ. բիենալեին[7]։

Նրա աշխատանքները թեմատիկայի և ժանրային առումներով խիստ բազմազան են՝ բնանկարներ, նատյուրմորտներ, կենցաղային տեսարաններ, գրքերի նկարազարդումներ, դիմանկարներ... Ընդ որում՝ ստեղծել է շուրջ 500 դիմանկարներ, որոնց թվում՝ անվանի բանաստեղժ Կոնստանտինոս Կավաֆիսի, կին գրող Ալեքսանդրա Պապադոպուլուի, բազմաթիվ մարտիկների, տարբեր բնագավառների ճանաչված գործիչների դիմապատկերներ։ Սկզբնական շրջանում ստեղծագործում էր՝ հետևելով ակադեմիզմի պահպանողական կանոններին, բայց հետո անցում կատարեց իմպրեսիոնիզմին, իսկ վերջում՝ նաև էքսպրեսիոնիզմին[7]։

Նկարչուհու գործերի հարուստ հավաքածուներ ներկայումս տեղ են գտել Հունաստանի ազգային պատկերասրահում, պատմության ազգային թանգարանում, Յանինայի քաղաքային պատկերասրահում, Է. Ավերոֆի պատկերասրահում (Մեցովո) և այլուր։ Ռազմական թեմաներով նրա նկարների զգալի մասը[12] գտնվում է 3-րդ բանակային կորպուսի շտաբում (Թեսալոնիկ) և Աթենքի ռազմական թանգարանում[13]։ Ուշագրավ փաստ է, որ արվեստագետի աշխատանքներից յոթանասունը միանգամից գնվել է հեղինակից ու նվիրվել Յանինայի քաղաքային պատկերասրահին[11]։

Հունաստանի արվետում ներդրած ավանդի համար Թալիա Ֆլորա-Կարավիան պարգևատրվել է Աթենքի գիտությունների ու արվեստների ակադեմիայի արծաթե մեդալով /1945 թ./ և Կոմանդորի խաչով (Առաքինության շքանշանով) /1954 թ./:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թալիա Ֆլորա-Կարավիա - «Տպավորություններ 1912-13 թվականների պատերազմից» — Θάλεια Φλωρά-Καραβία, Εντυπώσεις από τον πόλεμο του 1912-13 (1936)
  2. «Ի հիշատակ Սիատիստա քաղաքի բնակիչների» — Σιατιστέων μνήμη, λέυκωμα συλλόγου Σιατιστέων Θεσσαλονίκης, Θεσσαλονίκη 1972.
  3. «Սալոնիկը 1921 թվականին՝ Թալիա Ֆլորա-Կարավիայի նկարներում» — Η Θεσσαλονίκη του 1921 μέσα από τα σχέδια της Θάλειας Φλωρά-Καραβία, Δήμος Θεσσαλονίκης, Κέντρο Ιστορίας Θεσσαλονίκης, Θεσσαλονίκη 1991, 75 σελ.
  4. Յանիս Վուցինաս - «56 հույն նկարիչներ խոսում են իրենց արվեստի մասին» — Γιάννης Βουτσινάς, 56 έλληνες ζωγράφοι μιλούν για την τέχνη τους, Γκοβόστης, Αθήνα 2000, σσ. 160—166.
  5. Մանոլիս Յարուլակիս - «Հելլենների Եգիպտոսը» — Μανώλης Γιαλουράκης, Η Αίγυπτος των Ελλήνων, β΄ έκδοση. Εκδόσεις Καστανιώτη, Αθήνα 2006, σελ. 544. ISBN 9600340544.
  6. Դեսպինա Ցուրիանի - «Նկարչուհի Թալիա Ֆլորա-Կարավիա», «Η ζωγράφος Θάλεια Φλωρά-Καραβία (1871—1960)», μονογραφία. Εθνικό και Καποδιστριακό Πανεπιστήμιο Αθηνών, Αθήνα 2005, 173 σελ. ISBN 960630843X.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Thalia Flora-Karavia — 2008.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 https://www.nationalgallery.gr/el/zographikh-monimi-ekthesi/painter/phlora-karabia-thaleia.html
  3. 3,0 3,1 DACS register
  4. BiblioNet
  5. Α. Χαραλαμπίδης Μακεδονικά τόμ.ΙΗ΄ «Άγνωστα έργα της Θ. Φλωρά-Καραβία στη Θεσσαλονίκη», Θεσσαλονίκη 1978
  6. «Flora Karavia Thaleia». www.nationalgallery.gr (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Arta Greece, 2012
  8. 8,0 8,1 8,2 Flora - Karavia Thalia - Larissa
  9. Μ. Σκλάβου-Μαυροειδή-Γ. Τσαρούχη, Οι Έλληνες Ζωγράφοι «Θάλεια Φλωρά-Καραβία» τόm. Α΄, Αθήνα 1974, όπου και η σχετική βιβλιογραφία
  10. Λασκαρίδου Σοφία – National Gallery
  11. 11,0 11,1 Συλλογή Σχεδίων Θάλειας-Φλωρά Καραβία – Ioannina
  12. Α. Χαραλαμπίδης,Μακεδονικά, τ ΙΔ΄ (Θεσσαλονίκη 1974) «Σχέδια της Θάλειας Φλωρά-Καραβία από τον πόλεμο 1912—1913»
  13. Smith, 2004, էջ 231

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալիա Ֆլորա-Կարավիա» հոդվածին։