Jump to content

Սավելի Կրամարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սավելի Կրամարով
ռուս.՝ Савелий Викторович Крамаров
Ծնվել էհոկտեմբերի 13, 1934(1934-10-13)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 6, 1995(1995-06-06)[1] (60 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHills of Eternity Memorial Park[1]
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ժանրերկինոկատակերգություն և կատակերգություն
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Սավելի Վիկտորովիչ Կրամարով (ռուս.՝ Савелий Викторович Крамаров, հոկտեմբերի 13, 1934(1934-10-13)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 6, 1995(1995-06-06)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի և կինոյի խորհրդային և ամերիկյան դերասան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1974 թ.):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավելի Կրամարովը ծնվել է հրեական ընտանիքում։ Հայրը` Վիկտոր Կրամարովը, Մոսկվայում հայտնի փաստաբան էր։ 1938 թվականին ձերբակալվել է ՆԳԺԿ-ի կողմից։ Երկրորդ անգամ նա ձերբակալվել է 1950 թվականին։ Ազատվելուց հետո ընտանիք չի վերադարձել, ամուսնացել է ուրիշ կնոջ հետ[2]։ Մայրը` Բենեդիկտա Վոլչեկը, մահացել է քաղցկեղից, երբ Սավելին 16 տարեկան էր։ Նրան իր խնամակալության տակ էր վերցրել մորեղբայրը` Լեոպոլդ Վոլչեկը[3][4]։

Դպրոցն ավարտելուց հետո, Սավելին փորձել է ընդունվել թատերական ինստիտուտ, սակայն նրան չեն ընդունել։ Ուսումը շարունակելու նպատակով, նա ընդունվել է Մոսկվայի անտառատեխնիկական ինստիտուտի կանաչապատման ֆակուլտետը։ Սովորելու տարիներին, 1954 թվականին ընդունվել է Արվեստի աշխատակիցների կենտրոնական տանը առընթեր «Առաջին քայլ» թատերական ստուդիա։ 1958 թվականին ավարտելով ինստիտուտը, որոշ ժամանակ աշխատել է իր մասնագիտությամբ։ Հետագայում ցանկանալով լքել իր աշխատանքը, Կրամարովը իր լուսանկարները ուղարկել է երկրի տարբեր կինոստուդիաներ և նրա նամակներից մեկին վերջապես արձագանքել են։ Դրանից հետո սկսվեց նրա դերասանական կարիերան։

Սավելի Կրամարովի կինոդեբյուտը կայացել է 1959 թվականին՝ «Մեր բակի տղաները» կինոնկարում։ Այնուհետև նկարահանվել է «Մնաք բարով, աղավնիներ» (1960 թ.), «Հորիզոն» (1961 թ.), «Ընկե՛ր իմ, Կոլկա՛» (1961 թ.) և այլ ֆիլմերում։ 1967 թվականին նրան հրավիրել են աշխատելու Մանրաերկի թատրոնում։ Նա կինոյում շատ էր նկարահանվում և 1970-ական թվականների սկզբին արդեն, համարվում էր կատակերգական ժանրի ամենահանրահայտ դերասաններից մեկը։ 1966 թվականին նկարահանվել է Էդմոնդ Քեոսայանի «Անորսալի վրիժառուները» ֆիլմում, որտեղ նա իր դրվագային դերով մեծ հաջողության հասավ[5], իսկ 1971 թվականին նա կատարեց իր ամենահայտնի դերերից մեկը «Հաջողության ջենթլմենները» կինոնկարում։ Այդ ֆիլմերից հետո նա նկարահանվելու բազմաթիվ հրավերներ էր ստանում։ Չհասցնելով նկարահանվել մի ֆիլմում, նա նկարահանվում էր արդեն մեկ այլ կինոնկարում։ Որոշ ժամանակ անց, արդեն հրաժարվում էր, իր կարծիքով, իրեն ոչ վայել առաջարկներից։

1972 թվականին Սավելի Կրամարովը ընդունվել է Թատերական արվեստի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ, որն ավարտելուց հետո որևէ թատրոնում աշխատանքի չանցավ։ Խորհրդային կինեմատոգրաֆում Սավելի Կրամարովը դարձել էր իսկական աստղ։ Նրա հիմարոտ արտաքինը և օգնում էր, և խանգարում նրան։ Բավական էր, որ նրա դեմքը երևար էկրանին և հանդիսատեսը արդեն ծիծաղում էր։

Սավելի Կրամարովի շփումների շրջանակը և Իսրայել արտագաղթած մորեղբայրը, նրան դարձրել էին ԽՍՀՄ-ի համար կասկածելի կապեր ունեցող մարդու[6]։ Դա հավասար էր կարիերայի ավարտի։ Բացի այդ, նա սկսեց զբաղվել յոգայով, հաճախ արտահայտում էր կրոնական մտքեր, այցելում էր սինագոգ և հրաժարվում էր շաբաթ օրերին նկարահանվելուց[7]։ Նրան սկսեցին աստիճանաբար ավելի քիչ նկարահանել և վերջին տարիներին ընդհանրապես դերեր չէին առաջարկում։ Նա իր փաստաթղթերը հանձնեց` Իսրայել արտագաղթելու նպատակով, սակայն նրան մերժեցին ԽՍՀՄ-ից դուրս գալու, քանի որ նա նկարահանվել էր մոտ 40 կինոնկարներում, իսկ արտագաղթելու դեպքում, այն տարիների կանոններով, պետք է այդ ֆիլմերը արգելվեին[8]։ Երկրից դուրս գալ նրան չէին թողնում և իր մասնագիտությամբ նա աշխատել նույնպես չէր կարող։

1981 թվականին Սավելի Կրամարովը, թատերական ռեժիսոր Ալեքսանդր Լևենբուկի հետ միասին նամակ գրեց ԱՄՆնախագահ Ռոնալդ Ռեյգանին, որում անկեղծորեն բողոքում էր իր ճակատագրից։ Այդ նամակը մի քանի անգամ կարդացին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի եթերում։

Սավելի Կրամարովը ԽՍՀՄ-ը լքեց 1981 թվականի հոկտեմբերի 31-ին` Իսրայել մեկնելու նպատակով, սակայն նրան դիմավորեցին Վիեննայում և կազմակերպեցին հյուրախաղեր Եվրոպայում, Ավստրալիայում, Իսրայելում, Ճապոնիայում և Ամերիկայում։ Լոս Անջելեսում Կրամարովը սկսեց նկարահանվել գովազդային հոլովակներում, իսկ հետո նաև կինոյում։ ԱՄՆ-ում, սկզբնական շրջանում նա բնակվում էր 1976 թվականին ԽՍՀՄ-ից արտագաղթած դերասան Իլյա Բասկինի մոտ, որի հետ նա նկարահանվել էր «Մեծ դասամիջոց» (1973 թ.) կինոնկարում։ Մեկ տարի անց, ԱՄՆ-ում նրանք միասին նկարահանվեցին «Մոսկվան Հուդզոնի վրա» (1984 թ.) կինոնկարում։ Այնուհետև նա նկարահանվել է «Տիեզերական ոդիսական 2010» (1984 թ.) կինոնկարում, խորհրդային տիեզերագնաց Վլադիմիր Ռուդենկոյի դերում։ Նրանից պահանջում էին կերպարին տալ առավել հումորային բնույթ, սակայն Կրամարովը հրաժարվում էր` պնդելով, որ ԽՍՀՄ-ում տիեզերագնաց կարող են դառնալ միայն խիզախ և կրթված մարդիկ, այլ ոչ թե ինչ-որ ապուշներ։

Այնուհետև Սավելի Կրամարովը նկարահանվել է «Զինված է և վտանգավոր» (1986 թ.), «Մորգան Ստյուարտի վերադարձը» (1987 թ.), «Կարմիր տապ» (1988 թ.) և այլ ֆիլմերում։ Կրամարովը ընդգրկվել էր ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մեջ, նրա հայտնվելը կինոնկարահանման հրապարակում, ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում, բոլորի դեմքին բարի ժպիտ էր առաջացնում։ Նրա շահավետ արտաքինը (աչքերի շլությունը և ամբողջ դեմքով մեկ տարածվող հաճելի ժպիտը), հզոր կատակերգական խառնվածքը, դերասանական վարպետությունը, հմայքը, դիմախաղն ու մարմնի շարժողունակությունը թույլ էին տալիս Կրամարովին` ստեղծել բազմաթիվ կոմիկական և բացասական կերպարներ, որոնք ծիծաղելի էին իրենց հիմարության և անմտության պատճառով։ Նրա հերոսները իրենց ողջ թերություններով հանդերձ, բնույթով հմայիչ էին ու անվնաս։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավելի Կրամարովի առաջին կինը համակուրսեցի Լյուդմիլան էր, երբ դեռ նա սովորում էր Թատերական արվեստի պետական ինստիտուտում։ Սակայն նրանք երկար չապրեցին միասին։

Երկրորդ կինը` Մարիան, ճարտարապետ էր։ Նրա հետ Կրամարովը ապրել է 13 տարի։ Մանուկ հասակում մահացել էր նրանց դուստրը։ Հետագայում հիշելով Մարիային, Կրամարովն ասում էր, որ իրեն մեղավոր է զգում նրա առաջ[2][9]։

1986 թվականին Կրամարովն ամուսնացել է Մարինա անունով կնոջ հետ։ Մեկ տարի անց նրանք դուստր են ունեցել, ում Կրամարովն իր մոր անունով է կոչել` Բենեդիկտա։ Դստեր ծնվելուց մեկ տարի անց, կինը դստեր հետ տեղափոխվել է Լաս Վեգաս։ Նրանց հարաբերությունները լարված էին։

Վերջին անգամ Սավելի Կրամարովը ամուսնացել է Նատալյա Սիրաձեի հետ, ով 21 տարով փոքր էր նրանից։ Նրանք ամուսնացել էին 1994 թվականին, Կրամարովի մահից կես տարի առաջ[2][10]։

1995 թվականի հունվարին Կրամարովի մոտ հայտնաբերեցին ուղիղ աղիքի քաղցկեղ[11]։ Փետրվարին հեռացրին ուռուցքը, որի ընթացքում նա ստացավ քիմիոթերապիայի բավականին մեծ չափաբաժին, որից հետո սկսվեցին բարդացումներ։ Նրա մոտ առաջացավ էնդոկարդիտ։ Դրան հաջորդեց թրոմբոզը, իսկ հետո կաթվածը։ Բժշկությունն անզոր էր նրան փրկելու[8]։

Սավելի Կրամարովը մահացել է 1995 թվականի հունիսի 6-ին Սան-Ֆրանցիսկոյում` երկրորդ կաթվածից։ Թաղված է Սան-Ֆրանցիսկոյի մոտակայքում գտնվող «Հավերժության բլուրներ» (Hills of Eternity Cemetery) հրեական գերեզմանատանը[11]:

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1959Մեր բակի տղաներըРебята с нашего двораՎասկա Ռժավի
1960Մնաք բարով, աղավնիներПрощайте, голубиՎասկա Կոնոպլյանիստի
1961ՀորիզոնГоризонтվարորդ
1961Ընկե՛ր իմ, Կոլկա՛Друг мой, Колька!Պիմենով
1962Առանց վախի և հանդիմանությանБез страха и упрёкаՍվետիկ Սավյոլով
1962Քայլ ձիովХод конёмԿոլկա Լոպատին
1963Առաջին տրոլեյբուսըПервый троллейбусպորտաբույծ, Կոլյայի հարևանը
1964Հեքիաթ կորած ժամանակի մասինСказка о потерянном времениՎասյա` պապիկ
1965Վարպետների քաղաքըГород мастеровԿլիկ-Կլյակ
1965ԵրեսուներեքТридцать триՌոդիոն Խոմուտով
1965Արտակարգ հանձնարարություն-անարխիստ
1966Անորսալի վրիժառուներըНеуловимые мстителиԻլյուխա Վերեխով
1966Ծիածանի բանաձևըФормула радугиՎասյա
1967Աստղեր և զինվորներЗвёзды и солдатыսպիտակ կազակ Սավվա
1968Անորսալիների նոր արկածներըНовые приключения неуловимыхպահակախմբի զինվոր
1969Ամանորյա առևանգումНовогоднее похищениеՊաշա Վետչենկո
197112 աթոռ12 стульевմիաչքանի շախմատիստ
1971Հաջողության ջենթլմեններըДжентльмены удачиԿոսոյ (Ֆեդյա Երմակով)
1972Ոսկյա եղջյուրներЗолотые рогаՍունդուկ, չար ավազակ
1973Մեծ դասամիջոցБольшая переменаՊյոտր Տիմոխին
1973Այս ուրախ մոլորակըЭта весёлая планетаգյուտարար Պրոխոր
1973Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունըИван Васильевич меняет профессиюՖեոֆան
1973Դոնիի և Միքիի նոր արկածներըНовые приключения Дони и МиккиԿեշա
1974Էկրանի աստղըЗвезда экранаվարորդ Գրիշա
1975ԱֆոնյաАфоняԵգոզա
1975Չի կարող պատահելНе может быть!Սերգեյ, Վլադիմիրի ընկերը
197612 աթոռ12 стульевՊոլեսով
1977ՄիմինոМиминоկալանավոր դատարանի մոտ
1977Այս անհավանական երաժիշտները կամ Շուրիկի նոր երազներըЭти невероятные музыканты, или Новые сновидения ШурикаՍավելի Կրամարով
1978Ապրեք ուրախության մեջЖивите в радостиԲացիլա
1978Նավապետ Վրունգելի նոր արկածներըНовые приключения капитана Врунгеляգործակալ Կատաղի Գարի
1978Փողոցներով կոմոդ էին տանումПо улицам комод водилиպրոֆեսոր
1984Տիեզերական ոդիսական 20102010: The Year We Make ContactՎլադիմիր Ռուդենկո
1984Մոսկվան Հուդզոնի վրաMoscow on the HudsonԲորիս
1986Զինված է և վտանգավորArmed And Dangerousպահպանության աշխատակից
1987Մորգան Ստյուարտի վերադարձըMorgan Stewart’s Coming HomeԻվան Վինդիկով
1987Երկակի գործակալDouble AgentՅուրի
1988Կարմիր տապRed HeatԳրիգորի Մազուրսկի
1989Տանգոն ու ԿեշըTango And Cashավտոմեքենայի սեփականատերը
1993ՆաստյաНастяգող
1993Ռուսական բիզնեսРусский бизнесքեռի Վասյա
1994Սիրային պատմությունLove Affairռուս նավաստի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Find A Grave — 1996.
  2. 1 2 3 Вдова Савелия Крамарова: «Савик был уверен, что его сглазили» стр.7 — 7Дней.ру
  3. https://books.google.ch/books?id=Dd9aONENAxgC&pg=PA745&lpg=PA745&dq=Крамаров
  4. «Русский комик и еврей-ортодокс». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  5. Чтобы получить разрешение на выезд из СССР, Савелий Крамаров написал письмо президенту США Рональду Рейгану, fakty.ua.
  6. Неизвестный бенефис. Савелий Крамаров. Телеканал «Россия»(չաշխատող հղում)
  7. Сичкин Б. «Мы смеёмся, чтобы не сойти с ума»
  8. 1 2 Сердцеед Савелий, «Вечерняя Москва», № 192 (23990) от 12.10.2004.(չաշխատող հղում)
  9. Любимец миллионов Савелий Крамаров | KM.RU
  10. Крамаров Савелий Викторович, сайт «Актёры советского и российского кино».
  11. 1 2 «Russia-IC / People / Culture & Art / K / Saveli Kramarov». Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.