Ջոզեֆ Ֆրանկլին
Ջոզեֆ Ֆրանկլին | |
---|---|
![]() | |
Մականուն | Ռասսայական մարդասպան |
Ծննդյան ամսաթիվ | 13․04․1950 |
Ծննդավայր | Մոբայլ, Ալաբամա |
Քաղաքացիություն | ![]() |
Մահվան ամսաթիվ | Նոյեմբեր 20, 2013 (63 տարեկան) |
Մահվան վայր | Միսսուրի, ԱՄՆ |
Մահվան պատճառ | Մահաբեր ներարկում |
Պատիժ | ցմահ ազատազրկում x4 |
Սպանություն | |
Զոհերի թիվ | 7-21[1] |
Սպանության շրջան | 7.08.1977–20.08.1980 |
Սպանության հիմնական տարածք | ԱՄՆ, Օհայո, Թենեսի, Ջորջիա, Վիրջինիա, Արևմտյան Վիրջինիա, Ինդիանա, Փենսիլվանիա, Յուտա, |
Դրդապատճառ | ռասսայական պատերազմ արթնացնելու ցանկություն |
Ձերբակալության ամսաթիվ | 28․10․1980 |
Ջոզեֆ Պոլ Ֆրանկլին (անգլ.՝ Joseph Paul Franklin, ապրիլի 13, 1950, Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ - նոյեմբերի 20, 2013[2], Bonne Terre, Սենտ Ֆրենսիս շրջան, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի սպիտակամորթ ռասիստ և սերիական մարդասպան։ 1976 թվականին նա փոխել է իր անունը և դարձրել Ջոզեֆ Պոլ Ֆրանկլին (իրական անունը՝ Ջեյմս Կլեյտոն Վոն)։ Այդ անունը նա վերցրել է՝ ի պատիվ Նացիստական Գերմանիայի գաղափարախոս Յոզեֆ Պաուլ Գեբբելսի, իսկ Ֆրանկլին ազգանունը՝ ի պատիվ ամերիկացի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոզեֆը ծնվել է աղքատ ընտանիքում։ Չափազանց ծանր մանկություն է ունեցել․ երեխայի ծնունդից հետո ծնողները սկսել են չարաշահել ալկոհոլը։ Միջին դպրոցում Ջոզեֆը սկսել է հետաքրքրվել նացիզմով և ավելի ուշ անդամագրվել է ամերիկյան նացիստական կուսակցությանը։ Հետագայում դարձել է Կու-կլուքս-կլանի երկրպագու[3]։ 1968 թվականին Ջոզեֆը ամուսնացել է և այդ ամուսնությունից ունեցել երկու դուստր։
Հիվանդության արդյունքում Ֆրանկլինի ձախ աչքը մասամբ կուրացել է, որը, սակայն, խոչընդոտ չի հանդիսացել նրա համար նշանառու հրաձգությամբ զբաղվելու հարցում, որի շրջանակներում նա մեծ հաջողություններ է գրանցել։ Ֆրանկլինին ձերբակալելուց հետո ոստիկանությունը նրան անվանել է պատմության ամենախորամանկ և անորսալի հանցագործներից մեկը։
Ինչպես հետագայում նշել է Ֆրանկլինը, իր հիմնական նպատակը խառը զույգերն էին, որոնք «հակադրվում էին Աստծո կողմից ստեղծված օրենքներին»։ Նա երբեք որևէ կապի մեջ չի մտել իր զոհերի հետ, սակայն հանցագործությունները միշտ ծրագրել է չափազանց մանրակրկտորեն. հաճախ փոխում էր մազերի գույնը, հագուստը և երթևեկության միջոցները։ Նա իր մոտ ունեցել է ոստիկանների բանակցությունները պելենգավորող ռացիա։ Հետագայում Ֆրանկլինը խոստովանել է, որ իր հիմնական նպատակը ԱՄՆ նախագահ Ջիմմի Կարտերին, որպես «սեփական ժողովրդին և ռասսային դավաճանած մարդու», ոչնչացնելն էր։
Ջոզեֆը մտադիր է եղել սպանել նաև սևամորթ իրավապաշտպան և քաղաքացիների իրավունքների հարցերով ակտիվիստ Ջեսսի Ջեքսոնին, սակայն վերջինիս անվտանգության ծառայությունը նրան բառացիորեն ցանկապատել է քարե պատի ներսում, ինչից հետո Ֆրանկլինը իր թիրախը փոխել է դեպի բրիտանական բորսայի մագնատ Ջորդան Վերնոնը, որը հետագայում դարձավ Բիլ Քլինթոնի քաղաքական գործընկերը։
Ֆրանկլինին հաջողվել է 4 տարի խուսափել արդարադատությունից։ Նա ձերբակալվել է չնչին բացթողման արդյունքում։ Ֆլորիդայում Ֆրանկլինից արյուն վերցնող բուժքույրը ճանաչել է նրան՝ տեսնելով ձեռքի նացիստական արծվի դաջվածքը։ Նրան ձերբակալել են 1980 թվականին։ Նրա հետ կապված դատական գործընթացները, որոնց արդյունքում նա ստացել է 6 ցմահ ժամկետ և Միսսուրի նահանգում դատապարտվել մահվան, տևել են մինչև 1997 թվականը։ Դատական գործընթացների ավարտին Ֆրանկլինը մեղավոր է ճանաչվել 20 սպանության, 6 մահափորձի, 16 անգամ բանկ թալանելու և սինագոգների վրա 2 անգամ ռմբային հարձակում գործելու համար։ Նա ընդունել է մեղքը միայն 8 սպանությունների դեպքում, և դա էլ միայն այն պայմանով, որ իրեն պետք է դատի «գրավիչ սպիտակամորթ դատավոր»։ 1993 թվականին՝ դատական նիստերից մեկի ժամանակ, այն հարցին, թե արդյոք զղջում է իր արարքի համար, Ֆրանկլինը պատասխանել է, որ մեղքի զգացում չունի, և եթե իրեն չձերբակալեին, ապա ինքը «կշարունակեր իր պատերազմը մինչև վերջ»։ Կապված գրավի դիմաց մահապատիժը չեղարկելու իրավունքից զրկելու հետ՝ 2013 թվականի նոյեմբերի 20-ին Ջոզեֆ Պոլ Ֆրանկլինը Միսսուրիում ենթարկվել է մահապատժի։
Հանցագործ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոզեֆ Պոլ Ֆրանկլինը բռնության ճանապարհով ընթացել է իր կողմից իրականացրած առաջին հանրահայտ սպանությունից ավելի վաղ։ Դեռևս 1976 թվականին նա Մոլոտովի կոկտեյլներով ողողել է Թենեսի նահանգի սինագոգը։ Մի քանի ամիս անց նույն նահանգում Ջոզեֆը մաչետեով հարձակում է գործել խառը, սևամորթ-սպիտակամորթ զույգի վրա, ինչի արդյունքում աֆրո-ամերիկացին վիրավորվել է։ 1977 թվականից սկսած՝ Ջոզեֆ Պոլը, ինչպես ինքն է նշել, սկսել է իր «անձնական մահացու մարտը կառավարության դեմ»՝ թալանելով Մեդիսոնի բանկը։
1976[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1976 թվականի սեպտեմբերի 6-ին Ֆրանկլինը հետապնդել է սևամորթ-սպիտակամորթ զույգին և նրբանցնքներից մեկում նրանց վրա արցունքաբեր գազ բաց թողել։
1977[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1977 թվականի օգոստոսի 7-ին Ֆրանկլինը կովբոյի հագուստով Մեդիսոնում բանկ թալանելուց հետո առևտրի կենտրոնի կողքին գտնվող ավտոկայանատեղիում ատրճանակից կրակելով սպանել է աֆրոամերիկացի Ալֆոնս Մաննինգին և նրա սպիտակամորթ ընկերուհի Թոննի Շեննին։
- 1977 թվականի օգոստոսի 8-ին Միսսուրի նահանգում թաքնվելով հեռագրական սյան կողքին՝ նա 30-06 տրամաչափի Րեմինգթոն 700 հրացանով գնդակահարել է սինագոգից դուրս եկող հրեաներից մեկին (Ջերալդ Գորդոնին) և վիրավորել երկուսին (Սթիվեն Գոլդմանին և ՈՒիլյամ Աշին)։ Ֆրանկլինը հանցագործության վայր էր հասել հեծանիվով՝ կիթառը մեջքին, որի տուփի մեջ էլ թաքցրել էր ատրճանակը։ Հենց այդ հեծանիվով էլ նա լքել է տարածքը՝ զենքը թողնելով հանցագործության վայրում։
1978[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1978 թվականի մարտի 6-ին Ջորջիա նահանգի Գվայնետի շրջանում 44 տրամաչափի ատրճանակի երկու կրակոցով վիրավորել է «Hastler» պորնոամսագրի հրատարակիչ Լարրի Ֆլինտին և մեկ կրակոցով վիրավորել նրա փաստաբան Ջին Ռիվզին։ Ավելի ուշ Ֆրանկլինն այդ արարքը մեկնաբանել է նրանով, որ Ֆլինտն իր ամսագրում ակտիվորեն պրոպագանդում էր միջռասսայական սեռական հարաբերությունները։
- 1978 թվականի հունիսի 29-ին Թեննեսի նահանգում՝ Չատտանուգայում, թաքնվելով ճանապարհի կողքին գտնվող Pizza Hut պիցցերիայի կողքին, Ջոզեֆը 12 տրամաչափով կոտորակի հրացանով սպանել է սևամորթ Բրայանթ Տատումին և ծանր վիրավորել նրա սպիտակամորթ ընկերուհուն՝ մարմնավաճառ Նենսի Հիլթոնին։
1979[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979 թվականի հուլիսի 12-ին Ջորջիա նահանգում 30-30 տրամաչափի ատրճանակից 150 յարդ հեռավորությունից ավտոմեքենայի լուսամուտի միջով Ֆրանկլինը սպանել է «Taco Bell» կազմակերպության մենեջեր սևամորթ Հարոլդ Մակուայերին։ Ֆրանկլինը սպանությունը բացատրել է նրանով, որ սևամորթը հաճախ է հանդիպելիս եղել սպիտակամորթ կանանց հետ, սակայն դատարանում նա իրեն մեղավոր չի ճանաչել այդ սպանության համար։
- 1979 թվականի օգոստոսի 18-ին Վիրջինիա նահանգում 30-30 տրամաչափի ատրճանակի կրակոցից սպանվել է «Բուրգեր Քինգ» ռեստորանի սևամորթ թիկնապահը։
- 1979 թվականի հոկտեմբերի 21-ին Օկլահոմա նահանգում ավտոկայանատեղիի կողքին 100 յարդ հեռավորությունից 30-06 տրամաչափի ատրճանակից 3 կրակոցով սպանվել է սևամորթ Ջեսսի Տեյլոն, և մեկ կրակոցից՝ նրա սպիտակամորթ ընկերուհի Մերիան Բրեզետտը։
- 1979 թվականի դեկտեմբերի 5-ին Ջորջիա նահանգի Դեկալբ շրջանում դիմահար կրակոցից սպանվել է 15-ամյա սպիտակամորթ մարմնավաճառ Մերսեդես Լիննը։ Ֆրանկլինը այդ սպանությունը մեկնաբանել է՝ ասելով, որ նման արարք է գործել, քանի որ Լիննի ծառայություններից հաճախ են օգտվել բազմաթիվ սևամորթներ։
1980[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980 թվականի հունվարի 11-ին Ինդիանա նահանգում 30-30 տրամաչափի ատրճանակից սպանվել է 19-ամյա աֆրոամերիկացի, որը սպասում էր հորը «KFC» սննդի կետի պատուհանի մոտ։
- 1980 հունվարի 16-ին Ինդիանա նահանգում սննդի կետի դիմաց գտնվող շինությունից՝ 150 յարդ հեռավորության վրա, ապակու միջով 30-30 տրամաչափի ատրճանակից սրտին բաժին հասած կրակոցից սպանվել է հոթ դոգ ուտող մի սևամորթ։
- 1980 թվականի մայիսի 2-ին Վիսկոնսին նահանգի Մոնրո շրջանում ատրճանակով գնդակահարվել է ավտոստոպով ճանապարհորդող երիտասարդ հրեուհի Ռեբեկկա Բերգստրոմը։
- 1980 թվականի մայիսի 29-ին Ինդիանա նահանգում Ֆրանկլինի կրակոցներից վիրավորվել է ֆինանսական մագնատ, իսկ հետագայում նաև Բիլլ Քլինտոնի կոլեգա Վերնոն Ջորդոնը, որն այդ պահին զբոսնում էր սպիտակամորթ կնոջ հետ։
- 1980 թվականի հունիսի 8-ին Ցինցինատիում Ֆրանկլինը պատահաբար սպանել է 14-ամյա Դարրելլ Լեյնին և 13-ամյա Դոնտե Էվանս Բրաունին։ Դատի ժամանակ Ֆրանկլինը ափսոսանքով բացատրել է, որ ժամեր շարունակ անցումի մոտ սպասել է խառը զույգի և մթության մեջ տղաներին շփոթել սպիտակամորթ-սևամորթ ամուսինների հետ։
- 1980 թվականի հունիսի 15-ին Փենսիլվանիա նահանգում՝ Ջոնսթաունում, Ֆրանկլինի կրակոցներից սպանվել են սևամորթ 22-ամյա Արթուր Սմորեզը և նրա սպիտակամորթ ընկերուհի 16-ամյա Կետլին Միկուլան։
- 1980 թվականի հունիսի 25-ին արևմտյան Վիրջինիայի Պոկահոնտաս շրջանում Ֆրանկլինը 44 տրամաչափի ատրճանակով սպանել է երկու սպիտակամորթ աղջիկների՝ 19-ամյա Նենսի Սանտոմերոյին և 26-ամյա Վիկա Դերիանին։ Հետագայում Ֆրանկլինը բացատրել է, որ երկուսին էլ սպանել է այն բանից հետո, երբ նրանց վերցրել է ճամփեզրից ավտոմեքենա կանգնեցնելիս և զրույցի ընթացքում պարզել, որ նրանցից մեկը՝ Դերիանը ընկերություն է անում սևամորթի հետ, իսկ երկրորդը՝ Նենսին, ոչ մի վատ բան չի տեսնում դրա մեջ։
- 1980 թվականի օգոստոսի 20-ին Յուտա նահանգի քաղաքային այգում Ջոզեֆը 30-30 տրամաչափի հրացանով սպանել է երկու սևամորթ վազորդների[4]։
- 1980 թվականի սեպտեմբերին Ֆլորիդա նահանգում իր ձերբակալությունից հետո Ֆրանկլինը ծեծի է ենթարկել երկու ոստիկանի, ապա թաքնվել, սակայն օրեր անց նորից ձերբակալվել է։
Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձերբակալությունից հետո Ֆրանկլինը ընդհանրապես զղջում չի արտահայտել, բացի այն դեպքը, երբ դատարանում նա իր վիշտն է հայտնել սինագոգի կրակոցների կապակցությամբ՝ ասելով, որ իր կարծիքով ամերիկյան օրենքը պետք է իրավաբանորեն թույլ տա արդարացնել հուդաների սպանությունը։ 1985 թվականին Ջոզեֆը հարվածներ է հասցրել և սպառնացել բռնաբարել իրենից հարցազրույց վերցնելու եկած հրեական ծագում ունեցող հոգեբանին։ Բոլոր դատական գործընթացների ժամանակ Ջոզեֆը վախեցրել է դատավորներին՝ ասելով, որ եթե իրեն մահվան չդատապարտեն, ինքը բանտից երբևէ փախուստի կդիմի և կմաքրի հաշիվները ամբողջ դատական կոլեգիայի հետ, որոնք իրեն այդքան երկարաժամկետ դատավճիռ են տալիս (6 ցմահ, ինչը ավելի է, քան 300 տարին)։
Մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում ենթադրվում էր, որ մահապատիժը կիրականացվի անմիջապես նոյեմբերի 20-ի կեսգիշերից հետո, սակայն դատական գործընթացների պատճառով հարկ է եղել այն հետաձգելու։ Նոյեմբերի 19-ին դաշնային երկու դատավոր հետաձգել են մահապատիժը, բայց վճռաբեկ դատարանը նահանգի իշխանությունների բողոքի հիման վրա մերժել է մահապատժի հետաձգումը։ Հետաձգվել է 19 բանտարկյալների մահապատիժ։ Դրանից հետո Ֆրանկլինը դիմել է ԱՄՆ-ի գերագույն դատարան՝ խնդրելով հերթական անգամ հետաձգել մահապատիժը։ Ջոզեֆ Ֆրանկլինի դատապաշտպանը պահանջել է հետաձգել մահապատիժը՝ կապված ներարկման բաղադրության մեջ պենտոբարբիտալի պատրաստուկ օգտագործելու՝ իշխանությունների մտադրության հետ, որը, համաձայն որոշ տվյալների, կարող է մահացողին տանջանքների ենթարկել։ Փաստաբանների կարծիքով վերջինս սահմանադրական խախտում էր։ Պենտոբարբիտալի կիրառման վերաբերյալ որոշումը ընդունվել է միայն հոկտեմբերին՝ կապված նախկինում օգտագործվող մահացու ներարկումների համար անհրաժեշտ բաղադրամասերի անբավարարության հետ։ Լարիի Ֆլինտը ևս հանդես է եկել մահապատժի վերաբերյալ դեմ դիրքորոշմամբ՝ համարելով, որ լավագույն պատիժը ցմահ բանտարկությունն է և ոչ թե ակնթարթային մահը։ Ֆլինտի այդ հայտարարությունը հրատարակվել է նոյեմբերի 17-ին «Hollywood Reporter»-ում[5]։ Գերագույն դատարանը մերժել է Ֆրանկլինի խնդրանքը մահապատիժը հետաձգելու վերաբերյալ՝ այդպիսով թույլ տալով իրականացնել մահապատիժը։
Միսսուրի նահանգի իշխանությունները 2013 թվականի նոյեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ի մոտակայքում, Բոնն-Տերր քաղաքի բանտում մահապատժի են ենթարկել սերիական մարդասպան Ջոզեֆ Պոլ Ֆրանկլինին[6]։
Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին հրատարակվել է Ուիլյամ Պիրսի «Որսորդը» վեպը։ Համարվում է, որ վեպի գլխավոր հերոսի նախատիպը հենց Ջոզեֆ Պոլ Ֆրանկլինն է, ում Ուիլյամ Պիրսն անվանել է «իր ռասսայի նվիրյալ, որն անում է այն, ինչ պետք է անի ցանկացած տղամարդ՝ անկախ իրեն սպասվող հետևանքներից»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Perry Kimball (November 30, 2018)։ «Mo. executes white supremacist serial killer Franklin»։ USA Today։ The Cincinnati Enquirer
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Nation: Racist Rifleman Archived 2013-08-25 at the Wayback Machine. // TIME
- ↑ «AROUND THE NATION — Judge Denies Trial Request For Suspect in Iowa Deaths — NYTimes.com»
- ↑ «Lenta.ru: Мир: Общество: Ларри Флинт призвал сохранить жизнь своему несостоявшемуся убийце»
- ↑ «Lenta.ru: Мир: Преступность: В США казнили несостоявшегося убийцу Ларри Флинта»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Damaged: New Yorker article on Franklin
- Franklin’s confession frees man
- Court TV: police photography
- Hunter // Amazon.com
- Racist Rifleman Archived 2013-08-25 at the Wayback Machine. // Time Magazine, Monday, November 10, 1980. — Retrieved May 7, 2010
- AROUND THE NATION; Judge Denies Trial Request For Suspect in Iowa Deaths