Յոհան Հայնրիխ Պեստալոցցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պեստալոցցի Յոհանից)
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հոկտեմբերի 14, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Յոհան Հայնրիխ Պեստալոցցի
Johann Heinrich Pestalozzi
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1746(1746-01-12)[1][2][3][…]
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա[4]
Մահացել էփետրվարի 17, 1827(1827-02-17)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրԲրուգ, Արգաու, Շվեյցարիա[4]
ԳերեզմանBirr
ՔաղաքացիությունՇվեյցարիա Շվեյցարիա,
ՖրանսիաՖրանսիա
Ազգությունշվեյցարացի
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Ազդվել էԺան-Ժակ Ռուսո, Իմանուիլ Կանտ, Գոթֆրիդ Լայբնից, Յոհան Գոթլիբ Ֆիխտե
Ազդել էՖրեդերիկ Ֆրյոբել,
Ադոլֆ Դիստերվեգ
ԵրկերԼինհարդ և Հերտրուդա,
Նամակ ընկերոջս՝ Ստանցում լինելու մասին,
Ինչպես է Հերտրուդան սովորեցնում իր երեխաներին,
Գիրք մայրերի համար
Դիտելու այբուբեն,
Թվերի զննական ուսուցում,
Կարապի երգ
Մասնագիտությունմանկավարժ, փիլիսոփա, հասարակական գործիչ և գրող
Գործունեություն1774-1780-Նոյհոֆի աղքատների հիմնարկություն,
1798-1799-Ստանցի որբանոց,
1800-1804-Բուրգդորֆի ինստիտուտ,
1805-1825-Իվերդոնի ինստիտուտ
ԱշխատավայրՑյուրիխի համալսարան
ԱմուսինԱննա Պեստալոցցի
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Անդամությունիլյումինատներ, Բավարիական գիտությունների ակադեմիա և Helvetic Society?
 Johann Heinrich Pestalozzi Վիքիպահեստում

Պեստալոցցի Յոհան Հայնրիխ (գերմ.՝ Johann Heinrich Pestalozzi, հունվարի 12, 1746(1746-01-12)[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4] - փետրվարի 17, 1827(1827-02-17)[1][2][3][…], Բրուգ, Արգաու, Շվեյցարիա[4]), շվեյցարացի մանկավարժ-դեմոկրատ, նախնական ուսուցման դիդակտիկայի հիմնադիրներից։ Գլխավորել է «Նոյհոֆի աղքատների հիմնարկությունը» (1774-1780), Ստանցի որբանոցը (1798-1799), Բուրգդորֆի (1800-1804) և Իվերդոնի (1805-1825) ինստիտուտները։

Պեստալոցցին 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի ականավոր հումանիստ մանկավարժներից մեկն է, որ նշանակալի ազդեցություն է ունեցել մանկավարժության տեսության և պրակտիկայի զարգացման գործում։ Նա անձնվիրաբար իր ուժերը ներդրել է անապաստան, ծնողական խնամքից զուրկ երեխաների դաստիարակության ու խնամքի կազմակերպման գործում։

Պեստալոցցին առաջին մանկավարժներից էր, որ գտնում էր, որ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել երեխաների խնամքով զբաղվող հաստատություններում աշխատող դաստիարակների մանկավարժական պատրաստմանը։ Նրա՝ մանկական հաստատությունների դաստիարակների պատրաստման էությունը, բովանդակությունը և առանձնահատկությունները բացահայտող սոցիալ-մանկավարժական ժառանգությունն առանձնահատուկ արդիականություն ունի։

Մեծ է Պեստալոցցու ներդրումը տարրական կրթության ընդհանուր հիմունքների ու մասնավոր մեթոդիկաների մշակման գործում։ Նրա ստեղծած տարրական կրթության տեսությունը զգալիորեն նպաստել է ժողովրդական դպրոցների զարգացմանը 19-րդ դարում։ Պեստալոցցին մի շարք չափազանց արժեքավոր մտքեր է արտահայտել երեխայի ֆիզիկական, աշխատանքային, բարոյական, մտավոր դաստիարակության վերաբերյալ, պահանջել է ընդարձակել կրթության բովանդակությունը տարրական դպրոցում, ձգտել է այն մոտեցնել ժողովրդին, կրթությունը սերտորեն կապել կյանքի հետ։

Պեստալոցցու ժառանգության ուսումնասիրման գիտական և գործնական հետաքրքրությունը չի նվազում արդեն ավելի քան երկու հարյուրամյակ։

Սոցիալ-քաղաքական իրադրությունը Շվեյցարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Հայնրիխ Պեստալոցցին ծնվել է 1746 թվականին Շվեյցարիայում, երբ այնտեղ զարգանում էին կապիտալիստական հարաբերությունները, որոնք ծանր էին անդրադառնում ժողովրդական մասսաների վիճակի վրա, դնելով նրանց մի կողմից ֆեոդալների, մյուս կողմից նոր ձևավորվող բուրժուազիայի կրկնակի լծի տակ։ Կալվածատեր-ֆեոդալները, իրենց տնտեսությունը վերակառուցելով բուրժուական եղանակով, ուժեղացնում էին գյուղացիության հարստահարումը։ Գյուղերում լայն զարգացում ստացած տնայնագործությունը (ջուլհակությունը, մանածագործությունը) գտնվում էր բրդի առևտրականների և վաշխառուների հարստահարման ներքո, որոնք թալանում էին գյուղացիներին։ Կարիքից հալածված գյուղացիները ստիպված էին գնալ մանուֆակտուրաներն ու այն ժամանակ նոր հիմնադրվող ֆաբրիկաները` իրենց երեխաների հետ միասին, որոնք այնտեղ վաղ հասակից ենթարկվում էին ամենաանխիղճ հարստահարման։

Լուսավորության ընդհանուր մակարդակը երկրում շատ ցածր էր։ Պետությունը ժողովրդական դպրոցի վրա դրամ չէր ծախսում։ Դրանք պահվում էին համայնքների միջոցներով, հաճախ ծվարում էին ուսուցիչների խղճուկ բնակարաններում[5]։

Ուսուցչական գործունեությունը չէր ապահովում գոյության հնարավորություն։ Այս պատճառով էլ ուսուցչությամբ զբաղվում էին արհեստավորները, որոնք երեխաների հետ պարապմունքներին նայում էին որպես լրացուցիչ եկամուտի աղբյուրի։ Երեխաները դպրոցում սերտում էին իրենց համար անհասկանալի կրոնական տեքստեր, դժվարությամբ սովորում էին կարդալ, երբեմն էլ գրել ու հաշվել։ Քաղաքներում ազնվականությունն ու նորածին բուրժուազիան իրենց երեխաների համար ունեին թեև ավելի կատարյալ, բայց այնուամնեայնիվ սխոլաստիկական դպրոցներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեստալոցցին ծնվել է Ցյուրիխում, բժշկի ընտանիքում։ Նրան հայրը շուտ է մահանում, և փոքրիկ տղային դաստիարակում են մայրն ու դայակը։ Պեստալոցցին կրթություն է ստացել սկզբում տարրական և ապա լատինական միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելով, Պեստալոցցին ընդունվում է կոլեգիում` բարձրագույն ուսումնական հաստատություն հումանիտար թեքումով, որտեղ սովորում է բանասիրական և փիլիսոփայական բաժիններում։ Կոլեգիումի լավագույն պրոֆեսորների և ուսանողների շրջանում, շվեյցարական իրականության պայմաններում և ֆրանսիական լուսավորիչների ազդեցության ներքո, զարգանում էին առաջադիմական, դեմոկրատական գաղափարներ։

Փոստային նամականիշ. Գերմանիա (1951)

Պեստալոցցին լավ գիտեր ֆրանսիական լուսավորիչների ստեղծագործությունները և տասնյոթ տարեկան հասակում կարդացել էր Ռուսոյի «Էմիլը»։ Այս գիրքը, ինչպես նաև «Հասարակական դաշինքը», երիտասարդի վրա հսկայական ազդեցություն ունեցավ և ամրապնդեց անձնազոհ կերպով ժողովրդին ծառայելու նրա մտադրությունը։ Ռուսոյի գաղափարների ազդեցության տակ Պեստալոցցին իր ողջ կյանքը նվիրեց ժողովրդի վիճակի բարելավմանն ուղղված ուղիների որոնմանը[6]։

Ցյուրիխի առաջավոր երիտասարդությունը կազմակերպել էր մի խմբակ «Մուշտակագործների հելվետիկական (այսինքն`շվեյցարական) միություն» անունով (նրանց ժողովները կազմակերպվում էին կաշեգործների համքարության շենքում)։ Խմբակի անդամները, իրենց անվանելով «հայրենասերներ», քննարկում էին բարոյագիտության, դաստիարակության, քաղաքականության խնդիրներ, մերկացնում էին պաշտոնական անձանց, որոնք չարաշահումներ էին թույլ տալիս և թալանում էին գյուղացիներին։

1767 թվականին խմբակը ցրվեց քաղաքային իշխանությունների կողմից, իսկ պատանի Պեստալոցցին, խմբակի մյուս անդամների հետ միասին ձերբակալվեց։ Կոլեգիումը չավարտած, նա որոշեց զբաղվել ժողովրդի վիճակը լավացնելու իր նվիրական երազանքի իրագործմամբ։ 1768 թվականին նա սկսեց իր սոցիալական էքսպերիմենտները։ Փոխառնված դրամով նա գնեց մի փոքրիկ հողամաս, անվանեց այն «Նոյհոֆ» («Նոր տնտեսություն»), որտեղ մտադիր էր կազմակերպել ցուցադրական ֆերմա, այն միտումով, որ շրջակա գյուղացիներին սովորեցնի, թե ինչպես պետք է ռացիոնալ վարել տնտեսությունը։ Միաժամանակ, քանի որ Պեստալոցցին անփորձ և ոչ գործնական տնտեսատեր էր, շուտով սնանկացավ և ստիպված էր իր ուժերը ժողովրդին ծառայեցնելու նոր ուղիներ որոնել։

Գործունեությունը Նոյհոֆում (1774-1780)[խմբագրել | խմբագրել կոդը]

1774 թվականին Նոյհոֆում Պեստալոցցին բացում է «Հիմնարկ աղքատների համար»։ Նա հավաքում է հիսունից ավելի որբ երեխաների և սկսում նրանց կրթել ու դաստիարակել։ Երեխաները պետք է և´ աշխատեին, և´ սովորեին։ Նրանք զբաղվում էին հողագործությամբ` կատարելով բազմաթիվ դաշտային աշխատանքներ, մեղվաբուծությամբ, բանջարաբուծությամբ, ձմեռը զբաղվում էին նաև արհեստներով, սովորում կարդալ, գրել ու հաշվել։ Իր ծրագիրը իրագործելու համար Պեստալոցցին բավարար միջոցներ չուներ, բայց դա չէր կարող խոչընդոտ լինել մեծ մանկավարժի համար։ Թերթերից մեկում նա վստահեցնում էր, որ երեխաները աշխատելով կարող են ոչ միայն հոգալ իրենց սեփական կարիքները, այլև կարող են որոշակի գումար կուտակել, որը բավարար կլինի հիմնարկից կյանք դուրս եկող երիտասարդների համար։

Պեստալոցցին ցանկանում էր, որ Նոյհոֆը օրինակ լինի ողջ Շվեյցարիայի համար, որ բացվեն այդպիսի հաստատություններ Շվեյցարիայի բոլոր ծայրերում։ Ժամանակի համար նոր ու անսովոր գաղափարը մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Երկու նպատակներից, որոնք հետապնդում էր Պեստալոցցին, առաջինը և ամենակարևորը հավաքված երեխաների դաստիարակությունն էր, որն իրականանում էր շնորհիվ այն ջերմ սիրո, որ Պեստալոցցին տածում էր երեխաների հանդեպ։ Նա հավաքեց այնքան երեխաներ որքան կտեղավորվեր իր կառուցած հսկայական տան մեջ։ Պեստալոցցու միակ օգնականը կինն էր՝ Աննան։ Նրանք երկուսով հոգում էին, որ երեխաները կուշտ լինեին, սովորեցնում էին նրանց գրել, կարդալ։ Զարմանալի չէ, որ երեխաներն էլ Պեստալոցցուն էին շատ սիրում, և նրա խոսքը օրենք էր բոլորի համար։ Շատ կարճ ժամանակ անց Նոյհոֆում հավաքված թափառաշրջիկ երեխաները անճանաչելիորեն փոխվեցին։ Նրանք` այդ բարի, քնքուշ արարածները, ամեն ինչ անում էին, որպեսզի գոհացնեին իրենց «հորը»։ Բայց մեկ տարի անց ակնհայտ էր, որ Նոյհոֆը` «Մանկական թագավորության» այդ ամրոցը կառուցված էր ավազի վրա։ Պեստալոցցու երազանքը, որ երեխաները իրենք կարող են վաստակել իրենց գոյությունը պաշտպանելու համար, հեռու էր իրականությունից, և ամբողջ հոգսը ընկած էր իր ուսերին[7]։ Արդեն առաջին տարվա վերջում բոլոր ռեսուրսները սպառվեցին։ Այդ ժամանակ (1775 թվական) Պեստալոցցին օգնություն խնդրեց մարդկանցից․ «Մարդկության բարեկամներին խնդրանք, օգնելու այն հաստատությանը, որ խեղճ գյուղացիների երեխաներին դաստիարակելու ու կրթելու նպատակ ունի»։ Ստացված օգնությունը (1400 ֆրանկ) բավականացրեց շատ կարճ ժամանակ միայն։ Բայց Պեստալոցցին չէր հուսահատվում։ Նա վստահ էր, որ պետք է պարզապես մի փոքր էլ համբերել, և հաստատությունը իր դրական արդյունքներով հասարակությանը կստիպեր հասնել օգնության։ Պեստալոցցին սկսեց վաճառել ամենը, ինչ հնարավոր էր միայն թե հիմնարկը չփակվեր։ Շվեյցարիայի բուրժուաները այդ քայլը ընկալեցին որպես անմտություն։ Նույնիսկ ընկերներն էին զարմանում Պեստալոցցու արարքից, և այն հարցին թե, որն է նրա շահը այս ամենի մեջ, նա պատասխանում էր․

Աննկարագրելի մեծ երջանկություն է տեսնել մեծացող ու ծաղկող պատանիներին ու աղջիկներին, ում` աղքատությունը այդքան մոտեցրել էր կործանման։ Այնքան մեծ երջանկություն է տեսնել նրանց գոհ ժպիտը, նրանց սովորեցնել արդար աշխատանքին, լսել նրանց անմեղ աղոթքները ավելի լավ ապագա ունենալու համար՝ այն դեպքում, երբ ամեն ինչ կործանված էր թվում․․․[8]

Ի վերջո վերջացան նաև վերջին միջոցները։ Նոյհոֆի բնակիչներին սովամահություն էր սպասվում։ Պեստալոցցին ստիպված է փակել հիմնարկը, իսկ դա նրա համար աներևակայելի դժվար էր, չէ որ այդ ամենի մեջ նա ներդրել էր իր հոգին, իր ողջ ուժերը, փոքրիկ բնակիչներին նվիրել իր անսահման սերը. դժվար էր դարձյալ երեխաներին թողնել բախտի քմահաճույքին։ Բայց ոչինչ անել հնարավոր չէր։ Պեստալոցցին հայտնվեց ծանր վիճակում, նրանից հրաժարվեցին բոլորը։ Կային մարդիկ, որոնք սիրում էին Պեստալոցցուն, բայց նրանց համար էլ նրա արարքը անհեթեթ էր թվում։ Այս դժվարին պահին Պեստալոցցու միակ աջակիցը կինն էր, որ ոչ միայն չէր խրատում, այլև քաջալերում էր ամուսնուն։

Պեստալոցցին մանկական աշխատանքի մեջ ամենից առաջ տեսնում էր ֆիզիկական ուժերի, մտավոր ու բարոյական ունակությունների զարգացման միջոցը, աշխատում էր երեխաներին տալ ոչ թե նեղ մասնագիտական հմտություններ, այլ աշխատանքային բազմակողմանի պատրաստություն։ Սրանում է կայանում Պեստալոցցու Նոյհոֆյան փորձի կարևորագույն մանկավարժական նշանակությունը։ Սակայն այս փորձը զուրկ չէր նաև զգալի թերություններից։ Սրանց թվին պետք է դասել, ոչ միայն Պեստալոցցու սխալ պատկերացումն այն մասին, որ իբր երեխաների աշխատանքը կարող է լրիվ հոգալ նրանց գոյության համար անհրաժեշտ բոլոր ծախսերը։ Ապաստարանում տեղ ուներ երեխաների աշխատանքի և նրանց ուսուցման միջև մեխանիկական կապ, չկար գիտական հիմնավորումն այն ամենի, ինչով երեխաները զբաղվում էին արհեստանոցում, դաշտում, պարտեզում[9]։

Գործունեությունը Ստանցում (1798-1799)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Անկեր. «Պեստալոցցին որբերի հետ»

Ֆրանսիական հեղափոխությունը, որ տարածվել էր գրեթե ամբողջ Եվրոպայում, հեղափոխական շարժում առաջացրեց նաև Շվեյցարիայում։ Նախկին կարգերը վերացան, հաստատվեցին նոր կարգեր։ Որոշ շրջաններ սկսեցին գործել նոր կարգերի դեմ։ Ֆրանսիացիները, որոնք այդ ժամանակ Շվեյցարիայում էին ժողովրդին պաշտպանելու պատրվակով, իրականում տանջանանքների ու չարչարանքների էին ենթարկում նրանց։ Երբ Ստանց քաղաքում բռնկվեց ազնվականության և կաթոլիկ հոգևորականության կողմից հրահրված գյուղացիների ապստամբությունը, և ապստամբության ճնշումից հետո շատ երեխաներ մնացին անապաստան, Պեստալոցցուն հանձնարարվեց նրանց համար կազմակերպել դաստիարակչական հիմնարկություն։ Առաջարկը Պեստալոցցին ընդունեց մեծ ուրախությամբ և անմիջապես գնաց այն վայրը, որտեղ պետք է ծավալեր իր գործունեությունը, և որին սպասել էր այդքան երկար տարիներ։ Պեստալոցցին նախկին վանքի շենքում բաց արեց ապաստարան անապաստան մնացած երեխաների համար, որտեղ ընդունվեց 5-ից մինչև 10 տարեկան 80 երեխա։ Երեխաները, ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական առումով, գտնվում էին ամենասարսափելի վիճակում։ Պեստալոցցին ձգտում էր ապաստարանը դարձնել մի մեծ ընտանիք, երեխաների համար նա դարձել էր հոգատար հայր ու լավագույն ընկեր։ Հետագայում, ընկերներից մեկին հասցեագրված նամակում, իր Ստանցում գտնվելու մասին նա գրել է.

Առավոտից մինչև երեկո ես մենակ էի նրանց մեջ… Իմ ձեռքը նրանց ձեռքերի մեջ էր, իմ աչքերը նայում էին նրանց աչքերին։ Իմ արցունքները հոսում էին նրանց արցունքների հետ, և իմ ժպիտը հաջորդում էր նրանց ժպիտին։ Նրանք աշխարհում չէին, Ստանցում չէին, նրանք ինձ հետ էին, իսկ ես` նրանց հետ։ Նրանց սնունդը նաև իմ սնունդն էր, նրանց խմելիքը` իմ խմելիքը։ Ես ոչինչ չունեի` ո´չ տուն, ո´չ բարեկամ, ո´չ ծառաներ, ունեի միայն նրանց[10]։

Պեստալոցցու հայրական հոգատարությանը ապաստարանի սաները պատասխանում էին անկեղծ մտերմությամբ ու սիրով, որը նպաստում էր նրանց բարոյական դաստիարակության հաջող իրագործմանը։ Իր կյանքի վերջին տարիների հուշերում, Պեստալոցցին այսպես է գնահատել իր փորձը Ստանցում.

Դա ինձ համար որոշիչ և համարյա խենթ մի քայլ էր, «տեսնելու» ունակ մարդը այդ չէր անի, բայց բարեբախտաբար ես «կույր» էի։ Ես հստակ չգիտեի, թե ինչ եմ անում, բայց ես գիտեի, որ ուզում եմ այդ անել, իսկ դա ինձ համար նշանակում էր կա´մ մեռնել, կա´մ հասնել նպատակին... Ուրախացած, որ իմ ամբողջ կյանքի երազանքը կարող է իրականանալ, ես ոչ մի րոպե չտատանվեցի, որ կյանքս սկսում եմ բարձր Ալպերում, առանց կրակի և առանց ջրի[10]։

Բացի երեխաների հանդեպ ջերմ սիրուց, Պեստալոցցին ուներ ևս մեկ միջոց, և այդ միջոցը նրա անսահման հարգանքն էր դեպի երեխաների անձը, հենց այդ հարգանքն էլ հրաշքներ էր գործում, կարճ ժամանակ անց երեխաները անճանաչելիորեն փոխվել էին։ Պեստալոցցին չէր հրամայում, ոչինչ չէր պահանջում երեխաներից, նա բացատրում էր թե ինչ է պետք անել և ինչի համար, և երեխաները հետևողականորեն անում էին այն, ինչ պետք էր։ Շատերի համար այդ ձևը անիրականանալի է թվում, բայց Պեստալոցցին արեց այդ, ընդ որում ամենաանբարենպաստ պայմաններում։ Պեստալոցցու հաջողությունն այն էր, որ նա մանկավարժ էր ոչ թե պաշտոնով, այլ կոչումով։ Վերջապես թվում էր, թե ամեն ինչ կարգին է, բայց ծավալված ռազմական գործողությունների պատճառով ապաստարանի շենքը զինվորական հիվանդանոց դարձնելու կարիք զգացվեց, և ապաստարանը փակվեց[11]։ Պեստալոցցուն ոչինչ չէր մնում անել քան թողնել երեխաներին, որովհետև ոչ տանիք կար, որտեղ կարող էր համախմբել երեխաներին, ոչ էլ ուտելիք։ Սա Պեստալոցցու համար արդեն երկրորդ ծանր հարվածն էր, որը չէր կարող չանդրադառնալ թե´ նրա ներաշխարհի և թե´ ֆիզիկական առողջության վրա։

Գործունեությունը Բուրգդորֆում (1800-1804)[խմբագրել | խմբագրել կոդը]

1799 թվականին Պեստալոցցին սկսում է էքսպերիմենտալ աշխատանքներ տանել Բուրգդորֆ քաղաքի դպրոցներում։ Նրան հաջողվեց ապացուցել, որ երեխաներին գրաճանաչություն և հաշիվ սովորեցնելու իր մեթոդը շատ առավելություններ ունի ուսուցման ավանդական ձևերի համեմատությամբ, և իշխանությունները նրան հնարավորություն ընձեռեցին կիրառելու այդ մեթոդիկան ավելի լայն մասշտաբներով։ Բուրգդորֆում բացվեց միջնակարգ դպրոց` հանրակացարանով, և դպրոցին կից նաև ուսուցչական կադրեր պատրաստող բաժանմունք. այս դպրոցի ղեկավար նշանակվեց Պեստալույցին։ 19-րդ դարի հենց սկզբներին լույս տեսավ նրա «Ինչպես է Հերտրուդան սովորեցնում իր երեխաներին», «Գիրք մայրերի համար», «Դիտելու այբուբեն», «Թվերի զննական ուսուցում» աշխատությունները, որոնցում շարադրված էին տարրական ուսուցման նոր մեթոդները։ Պեստալոցցու գրքերը, որտեղ նա բացատրում էր ժողովրդի կրթության կարևորությունն ու անհրաժեշտությունը, մեծ արձագանք գտան ժամանակի շվեյցարական գործիչների շրջանում։ Այդ պայմաններում Պեստալոցցու կրթադաստիարակչական հաստատություն բացելու գաղափարը մեծ արձագանք գտավ։ Ղեկավարությունը Պեստալոցցուն տրամադրեց Բուրգդորֆյան դղյակը։ Այն իր գեղեցիկ, կանաչապատ շրջակայքով, թարմ օդով, որն առողջարար էր սովորողների համար, լիովին համապատասխանում էր, լինելու այնպիսի վեհ հաստատություն, ինչպիսին Պեստալոցցու ինստիտուն էր։ Այստեղ սովորում էին և´ ունևոր ընտանիքների երեխաները (նրանց ուսուցումը վճարովի էր), և´ աղքատ, որբ երեխաները։ Բուրգդորֆյան ինստիտուտը բացվեց 1800 թվականին։ Նոր կրթական հաստատության փառքը տարածվեց ողջ Շվեյցարիայում և նույնիսկ հարևան երկրներում։ Հաստատության առաջին այցելուները տալիս էին հիացական մեկնաբանություններ։

Բուրգդորֆի ամրոցը, Շվեյցարիա

Ահա դրանցից մեկը՝

Տագնապային անհանգստության մեջ գտնվող հանճարեղ այդ մարդը` չճանաչված և բոլորի կողմից լքված, վերջապես կարողացավ իրագործել այն երազանքը, որին նա նվիրել էր իր ողջ կյանքը, զոհաբերելով ողջ ուժերը։ Նրա ստեղծած համակարգը կիրառական է բոլոր ազգերի և բոլոր ժամանակների համար։ Այն անընդհատ է ինչպես բնությունը, և նրա օգնությամբ հնարավոր է կրթել ոչ թե գիտնականներ, այլ մարդիկ, ինչին և պետք ձգտել ու հասնել[12]։

Օրեցօր ավելի ու ավելի էր տարածվում Բուրգդորֆի հռչակը։ Այստեղ գալիս էին Եվրոպայի բոլոր ծայրերից և նույնիսկ Ամերիկայից։ Հազիվ թե Բուրգդորֆի բոլոր այցելուները հասկանային Պեստալոցցու գաղափարներն ու դասավանդման համակարգի էությունը, բայց տեսնելով բնակիչների փոխհարաբերությունները գալիս էին այն համոզման, որ «սերն աստվածային ուժ ունի, և դաստիարակողի և դաստիարակվողների փոխադարձ սերը հրաշքներ է գործում»[13]։ Պատահական չէ, որ Պեստալոցցու համբավը տարածվել էր գրեթե ամբողջ աշխարհում, և շվեյցարացիները Պեստալոցցուն համարում էին իրենց ազգի պարծանքը։

Գործունեությունը Իվերդոնում (1805-1825)[խմբագրել | խմբագրել կոդը]

1805 թվականին Պեստալոցցին իր ինստիտուտը տեղափոխեց Շվեյցարիայի ֆրանսիական մասը` Իվերդոն քաղաքը, և իր տրամադրությանը հանձնված ամրոցում ստեղծեց մեծ ինստիտուտ (միջնակարգ դպրոց և մանկավարժական ուսումնական հաստատություն), որը շուտով համաշխարհային հռչակ ստացավ։

Իվերդոնի ամրոցը, Շվեյցարիա

Այս ինստիտուտը այցելում էին գիտնականներ, գրողներ, քաղաքական գործիչներ։ Այստեղ սովորում էին արիստոկրատներ, ունևոր բուրժուաներ, որոնք պատրաստվում էին համալսարան ընդունվել կամ պաշտոն ու դիրք ձեռք բերել։ Պեստալոցցին մեծ անբավականություն էր զգում այն բանից, որ իր ուսմունքն ու գործունեությունը օգտագործվում էին ոչ թե ժողովրդական զանգվածների, այլ ազնվատոհմ ու հարուստ մարդկանց շահերի համար։ Պեստալոցցու ողբերգությունը կայանում էր նրանում, որ ազնվատոհմ մարդիկ, օգտվելով նրա մանկավարժական գաղափարներից ու վարպետությունից` իրենց երեխաներին դաստիարակելու համար, բոլորովին խուլ ու համր էին մնում աղքատության ու տգիտության ճիրաններց դուրս գալու համար ժողովրդին օգնելու նրա կոչերի նկատմամբ։

1825 թվականին հիասթափված Պեստալոցցին վերադառնում է Նոյհոֆ, որտեղ կես դար առաջ սկսել էր իր սոցիալ-մանկավարժական գործունեությունը։ Այստեղ նա արդեն ութսունամյա մի ծերունի, գրեց իր վերջին ստեղծագործությունը` «Կարապի երգը»[11]։ Պեստալոցցին մահացավ 1827 թվականին, այդպես էլ չհասկանալով, թե ինչու ինքը, իր ամբողջ տաղանդը և իր բոլոր ուժերը անձնազոհ կերպով տալով աշխատավորությանը, չկարողացավ հասնել նրանց ծանր վիճակի բարելավմանը։

Աշխարհայացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեստալոցցու աշխարհայացքը ուներ դեմոկրատական բնույթ, բայց պատմականորեն սահմանափակ էր։ Պեստալոցցին երազում էր իր ժողովրդի վերածննդի մասին, բայց միամտորեն հավատում էր, որ կարելի է աշխատավորության կյանքը վերափոխել նրանց լուսավորության ու դաստիարակության միջոցով։ Նա չէր հասկանում, որ մարդկանց սոցիալական և իրավական անհավասարությունը իր ժամանակի հասարակության մեջ գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների արգասիքն էր։ Պեստալոցցին ժողովրդական թշվառությունների աղբյուրը տեսնում էր ոչ թե տնտեսական պայմանների մեջ, այլ տգիտության, լուսավորության բացակայության մեջ։

Պնդելով, որ դաստիարակությունն ու կրթությունը պետք է լինեն բոլոր մարդկանց սեփականությունը, Պեստալոցցին դպրոցները համարում էր հասարակության սոցիալական վերափոխման կարևորագույն լծակներից մեկը։ Նրա կարծիքով, ամենացավոտ սոցիալական խնդիրների լուծումը, հասարակական արմատական վերափոխումները կիրագործվեն միայն այն ժամանակ, երբ մարդու մեջ կարթնացվեն և կամրապնդվեն իսկական մարդկային բոլոր ուժերը։ Այս բանը կարելի է անել միայն դաստիարակության միջոցով։ Ըստ Պեստալոցցու՝ մարդու դաստիարակության և զարգացման կարևորագույն միջոցը աշխատանքն է, որը զարգացնում է ոչ միայն ֆիզիկական ուժերը, այլև միտքը, ինչպես նաև ձևավորում է բարոյական կողմը։ Պեստալոցցին զարգացնում էր յուրաքանչյուր մարդու մեջ դրված ուժերի ինքնազարգացման գաղափարը, այն գաղափարը, որ մարդու յուրաքնաչյուր ընդունակության ներհատուկ է անկենդան վիճակից դուրս գալու և զարգացած ուժ դառնալու ձգտումը։

Աչքը ցանկանում է տեսնել, ականջը՝ լսել, ոտքը՝ քայլել և ձեռքը բռնել։ Բայց նույնպես և սիրտը ցանկանում է հավատալ ու սիրել։ Միտքը ցանկանում է մտածել[14]։
- Յոհան Պեստալոցցի

Մարդու ֆիզիկական ու հոգևոր գործունեության այս ձգտումը, ինչպես ենթադրում էր Պեստալոցցին, նրա մեջ դրված է ի ծնե, և դաստիարակությունը պետք է օգնի դրանց իրագործմանը։ Իմացությունը, պնդում էր Պեստալոցցին, սկսվում է զգայական ընկալումից և պատկերացումների վերամշակման միջոցով բարձրանում է գաղափարների մակարդակին, որոնք գոյություն ունեն մարդու գիտակցության մեջ որպես ձևավորող ուժեր, բայց իրենց դրսևորման ու շնչավորման համար զգայությունների բերած նյութի կարիքն ունեն։

Պեստալոցցու աշխարհայացքը ամբողջությամբ իդեալիստական է, բայց այն ունեցել է առաջադիմական բնույթ, որովհետև ներթափանցված է եղել հումանիզմով, դեմոկրատական ձգտումներով և պարունակել է մատերիալիստական որոշ պնդումներ ու դիալեկտիկական դրույթներ[15]։

Մանկավարժական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստիարակության նպատակն ու էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստիարակության նպատակը, ըստ Պեստալոցցու, մարդու բոլոր բնական ուժերի ու ընդունակությունների զարգացումն է, ըստ որում զարգացումը պետք է լինի բազմակողմանի և ներդաշնակ։ Դաստիարակի ներգործությունը երեխայի վրա պետք է համաձայնեցված լինի նրա բնության հետ[16]։ Ոչ մի դեպքում մանկավարժը չպետք է ճնշի աճող մարդու բնական զարգացումը, ինչպես դա տեղ ուներ Պեստալոցցու ժամանակի դպրոցներում։ Դաստիարակը, նրա կարծիքով, այդ զարգացումը պետք է դնի ճիշտ ուղու վրա, վերացնի այն արգելակներն ու ազդեցությունները, որոնք կարող էին այն կասեցնել կամ շեղել մի այլ ուղղությամբ։

Դաստիարակության հիմնական սկզբունքը, ինչպես դա հասկանում էր Պեստալոցցին, համաձայնեցվածությունն է բնության հետ։ Սակայն նպատակաուղղված դաստիարակությունը միանգամայն անհրաժեշտ է ամեն մի մարդու, քանի որ ինքն իրեն թողնված, տարերայնորեն զարգացող մարդը չի կարող հասնել մարդկային իր բոլոր ուժերի ներդաշնակ զարգացման այն աստիճանին, որ պահանջվում է նրանից, որպես հասարակության անդամի։

Ըստ Պեստալոցցու երեխայի դաստիարակությունը պետք է սկսվի նրա լույս աշխարհ գալու առաջին օրվանից։ Ահա թե ինչու իսկական մանկավարժությունը պետք է մայրերին զինի դաստիարակության ճիշտ մեթոդներով, իսկ մանկավարժական արվեստը այնքան հեշտացնի այդ մեթոդիկան, որ նրան տիրապետի յուրաքանչյուր մայր, այդ թվում նաև գեղջկուհին։ Ընտանիքում սկսված բնահարմար դաստիարակությունը պետք է այնուհետև շարունակվի դպրոցում[17]։

Մարդկային բոլոր ուժերի և հնարավորությունների զարգացման գործընթացը սկսվում է ամենահասարակից և աստիճանաբար բարձրանում է դեպի ավելի ու ավելի բարդը։ Այս ուղիով պետք է ընթանա նաև դաստիարակությունը։ Ի ծնե յուրաքանչյուր երեխայի հատուկ ուժերի և ընդունակությունների նախադրյալները անհրաժեշտ է զարգացնել, այն համապատասխանեցնելով մարդու զարգացման հավերժական և անփոփոխ օրենքներին։

Ֆիզիկական դաստիարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխայի ֆիզիկական դաստիարակության նպատակը Պեստալոցցին համարում էր նրա ֆիզիկական բոլոր ուժերի և հնարավորությունների զարգացումն ու ամրապնդումը, իսկ երեխաների ֆիզիկական դաստիարակության հիմքը՝ շարժվելու նրանց բնական ձգտումը, որը ստիպում է խաղալ, ամեն ինչի ձեռք տալ, միշտ գործել։ Երեխայի ֆիզիկական ուժերը պետք է մարզել և զարգացնել այն հասարակ շարժումների միջոցով, որոնք նա անում է ամենօրյա կյանքում[18]։ Հաջորդաբար կատարվող նման վարժությունների համակարգը երեխային կզարգացնի ոչ միայն ֆիզիկական առումով, այլև կնախապատարաստի նրան աշխատանքային գործունեությանը, կձևավորի աշխատանքային կարողություններ։

Պեստալոցցին մարդու անձնավորության զարգացման գործում հսկայական նշանակություն էր տալիս ֆիզիկական դաստիարակությանը և համարում էր այն մեծերի կողմից երեխաների զարգացման վրա խելացի ներգործելու առաջին ձևը[19]։

Աշխատանքային դաստիարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեստալոցցու կարևոր մանկավարժական դևույթներից մեկը արտադրողական աշխատանքի հետ ուսուցման կապ ստեղծելու կարևոր փորձն էր։ Այս գաղափարը հիմնավորվում է նրա «Լինհարդ և Հերտրուդա» վեպում[20]։ Պեստալոցցու դպրոցն ուներ հողամաս և գործվածքների ու մանվածքային արհեստանոցներ, որտեղ յուրաքանչյուր երեխա իր աշխատանքն էր կատարում։ Երեխեաները սովորում էին մշակել վուշն ու բուրդը, ծանոթանում գյուղական լավագույն տնտեսություններին, ինչպես նաև տնայնագործական արհեստանոցներին։ Աշխատանքի ժամանակ, ինչպես նաև աշխատանքից ազատ ժամերին, ուսուցիչը երեխաների հետ պարապմունքներ էր անցկացնում՝ սովորեցնում գրել կարդալ, հաղորդում կենսականորեն անհրաժեշտ գիտելիքներ։ Չնայած ուսուցման միացումը արտադրողական աշխատանքին մեխանիկական բնույթ ուներ, այնուամենայնիվ արժեքավոր էր այն, որ Պեստալոցցին երեխաների աշախատանքին տալիս էր մեծ դաստիարակչական նշանակություն[21]։

Բարոյական դաստիարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Պեստալոցցու բարոյական դաստիարակությունը դաստիարակության գործընթացի առանցքն է։ Դաստիարակության հիմնական խնդիրն է՝ ձևավորել ներդաշնակորեն զարգացած մարդ, որը պետք է արդյունավետ մասնակցություն ունենա հասարակության կյանքին։ Երեխայի բարոյական վարքի հիմքերը դրվում են ընտանիքում, իսկ բարոյական ուժերի հետագա զարգացումը իրագործվում է դպրոցում։ Ընդ որում՝ բարոյական վարքագիծը ձևավորվում է ոչ թե բարոյախոսության միջոցով, այլ երեխաների մոտ բարոյական զգացումներ և բարոյական հակումներ զարգացնելու շնորհիվ։

«Իդեալական մարդը» միայն հոգեբանորեն զարգացած «անհատականություն» չէ, այլ բարոյական անձնավորություն, որը զգում է իր միասնությունը հասարակության և ամբողջ մարդկության հետ ընդհանրապես[22]։

Մտավոր կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեստալոցցու մանկավարժական հայեցակրգում մտավոր կրթությունը սերտորեն կապված է բարոյական դաստիարակության հետ։ Նա առաջ է քաշում դաստիարակող ուսուցման պահանջը։ Պեստալոցցին իմացության ելակետը համարում էր երեխայի կողմից շրջապատող աշխարհի իրերի և երևույթների զգայական ընկալումը։ Ուսուցումը պետք է հիմնվի դիտման և փորձի վրա, այնուհետև բարձրանա մինչև եզրակացություններ և ընդհանրացումներ։ Ուսուցման խնդիրն է ճշտել, կարգավորել զգայարանների օգնությամբ ձեռք բերված պատկերացումները, դրանք հասցնել պարզ հասկացությունների աստիճանի։

Ուսուցման կարևագույն հիմքը, ըստ Պեստալոցցու զննականությունն է։ Առանց զննականության հնարավոր չէ ճիշտ պատկերացում ունենալ շրջապատի մասին, զարգացնել մտածողությունը և խոսքը։ Անհրաժեշտ է մտածելու կարողության հետ զարգացնել նաև երեխայի գործնական ունակությունները։ Գիտելիքներին տիրապետելը, առանց դրանցից օգտվելու կարողության, Պեստալոցցու դիտարկմամբ, դաստիարակության մեծագույն թերությունն է։ Պեստալոցցին ուսուցման ամբողջ գործընթացը կառուցում էր աստիճանաբար ու հաջորդաբար՝ մասից ամբողջին անցնելու միջոցով։

Ուսուցման առջև դնելով պատասխանտու խնդիրներ, Պետսալոցցին նրանում կարևորում էր ուսուցչի դերը։ Ուսուցիչը միայն կրթված մարդ չէ, որ նախապատրաստված է երեխաներին հաղոդելու իր գիտելիքները, նրա գործառույթները շատ ավելի բարդ են ու պատասխանատու։ Նա ամենից առաջ պետք է անկեղծորեն սիրի երեխաներին, և երեխաների դաստիարակության ու զարգացման համար անհրաժեշտ ամեն ինչը պետք է մտնի իր պարտականությունների շրջանակը։ Նա պետք է ուսումանսիրի երեխաներին և իր ամբողջ աշխատանքը կառուցի այդ ուսումնասիրության տվյալների վրա[23]։

Տարրական կրթության տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեստալոցցու մանկավարժական համակարգի առանցքը տարրական կրթության տեսությունն է, որի համաձայն դաստիարակության գործընթացը պետք է սկսվի ամենահասարակ տարրերից և աստիճանաբար բարձրանա դեպի առավել բարդը։ Տարրական կրթության տեսության մեջ Պեստալոցցին ներառում է ֆիզիկական, աշխատանքային և գեղագիտական դաստիարակությունը, մտավոր կրթությունը։ Դաստիարակության բոլոր կողմերը առաջարկվում է իրագործել փոխադարձ կապակցության մեջ, որպեսզի ապահովվի մարդու ներդաշնակ զարգացումը[24]։

Տարրական կրթության մասնավոր մեթոդիկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելնելով իր ընդհանուր դիդակտիկական դրույթներից՝ Պեստալոցցին ստեղծեց տարրական կրթության մասնավոր մեթոդիկաների հիմունքները։ Մայրենի լեզվի դասավանդման խնդիրը Պեստալոցցին համարում էր երեխայի խոսքի զարգացումը և նրա բառապաշարի հարստացումը[25]։ Նա կողմ էր տառաճանաչության ուսուցման հնչյունային մեթոդի կիրառմանը։ Պեստալոցցին արժեքավոր ցուցումներ է տվել երեխաների բառապաշարի հարստացման ուղղությամբ, մայրենի լեզվի ոսուցումը սերտ կերպով կապելով զննականության և բնագիտությունից, աշխարհագրությունից և պատմությունից տարրական տեղեկություններ հաղորդելու հետ։ Սակայն գործնականում նրա դասերը երբեմն հանգում էին նախադասություններ կազմելու ձևական վարժությունների, որոնք բովանդակում էին առարկանիերի արտաքին հատկանիշների թվարկում։

Գրելու հմտություններ ձեռք բերելու համար Պեստալոցցին խորհուրդ էր տալիս անցկացնել ուղիղ և կոր գծեր, տառերի մասնիկներ գրելու նախանական վարժություններ։ Գրել ուսուցանելը Պեստալոցցին կապում էր առարկաների չափումների, նկարչության, ինչպես նաև խոսքի զարգացման հետ։

Առարկելով թվաբանության ուսուցման ավանդական մեթոդիկայի դեմ, որը հիմնված էր կանոնները բերանացի սովորելու վրա, Պեստալոցցին առաջարկեց թվերի ոսւոմնասիրման իր մեթոդը՝ սկսած յուրաքանչյուր ամբողջական թվի էլեմենտից՝ միավորից[21]։ Զննական պատկերացումների, միավորները համադրելու և բաժանելու հիման վրա նա երեխաներին միանգամայն պարզ պատկերացում է տալիս թվերի հատկությունների ու հարաբերության մասին։ Թվաբանական շատ հասկացություններ պետք է պարզաբանվեն խաղերի ժամանակ։ Միավորներն ուսումնասիրելուց հետո երեխաներն այնուհետև անցնում են տասնյակների ուսումնասիրությանը։

Կոտորակներն ուսումնասիրելու համար Պեստալոցցին վերցնում էր քառակուսին և նրա վրա ցույց էր տալիս, ընդունելով այն որպես միավոր, մասերի և ամբողջի հարաբերությունները։ Այս գաղափարի հիման վրա Պեստալոցցու հետևորդների կողմից դպրոցական պրակտիկայում գործարկման դրվեց այսպես կոչված՝ թվաբանական արկղիկը, որը դպրոցում լայն կիրառություն է գտնում մինչև այսօր։

Պեստալոցցին մի շարք ցուցումներ է տվել աշխարհագրության ավանդման վերաբերյալ։ Նա այստեղ իր աշակերտներին տանում է մոտիկից հեռուն, բնական վիճակում շրջապատի տեղանքի դիտումներից դեպի ավելի բարդ պատկերացումները։ Երեխաները ծանոթանալով դպրոցական հողամասին, իրենց գյուղին, ձեռք են բերում սկզբում աշխարհագրական տարրական պատկերացումներ, որոնք այնուհետև աստիճանաբար ընդարձակվում են, իսկ վերջում նրանք պետք է պատկերացում կազմեն ամբողջ երկրագնդի մասին[26]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լինհարդ և Հերտրուդա» (1781-1787),
  • «Նամակ ընկերոջս՝ Ստանցում լինելու մասին» (1799),
  • «Ինչպես է Հերտրուդան սովորեցնում իր երեխաներին» (1801),
  • «Գիրք մայրերի համար» (1803),
  • «Դիտելու այբուբեն»,
  • «Թվերի զննական ուսուցում»,
  • «Կարապի երգ», (1826)[7]։

Մանկավարժական տեսության ու պրակտիկայի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարացի նշանավոր մանկավարժ Իոհան Հայնրիխ Պեստալոցցին մեծ ներդրում ունի մանկավարժության և սոցիալական մանկավարժության` որպես գիտության և պրակտիկայի զարգացման գործում։ Նա անձնվեր կերպով իր բոլոր ուժերը տվեց աղքատների երեխաների դաստիարակությանը։ Նրա անվիճելի ծառայությունն այն էր, որ նա ամեն կերպ ընդգծում էր դաստիարակության դերը երեխայի զարգացման գործում և նշում էր այդ դաստիարակությունը դպրոցում և տանը պլանաչափ ձևով իրագործելու անհրաժեշտությունը։ Դաստիարակության առջև Պեստալոցցին դրեց առաջադիմական խնդիր՝ ներդաշնակ կերպով զարգացնել մարդու բնական բոլոր ուժերն ու ընդունակությունները։ Նա ստեղծեց տարրական կրթության տեսությունը, որը մեծ դեր խաղաց դոգմատիկական ուսուցման և մեխանիկական հիշողության դեմ մղած պայքարում և նպաստեց ժողովրդական դպրոցների զարգացմանը 19-րդ դարում։ Նա մի շարք արժեքավոր մտքեր է արտահայտել երեխայի ֆիզիկական, աշխատանքային, բարոյական, մտավոր դաստիարակության վերաբերյալ, պահանջել է կրթության բովանդակության ընդարձակում տարրական դպրոցում, ձգտել է այն մոտեցնել ժողովրդին, սերտորեն կապել ժողովրդական զանգվածների կյանքի պահանջմունքների հետ, մեծ ուշադրություն է դարձրել երեխաների աշխատանքային ուսուցմանը։ Պեստալոցցին մշակել է տարրական կրթության սկզբնական ուսուցման ընդհանուր հիմունքները և մասնավոր մեթոդիկաները։

Պեստալոցցին նաև սոցիալական մանկավարժության` որպես գիտություն ու պրակտիկայի հիմնադիրներից է։ Առաջինը, ով սկսեց վերլուծել Պեստալոցցու մանկավարժության սոցիալական կողմը գերմանացի փիլիսոփա և մանկավարժ Պաոլ Նատորպն էր։ Նատորպը ընգծում է Պեստալոցցու սոցիալական մանկավարժության կարևոր տարրերը.

  1. ակտիվ մասնակցությունը ժողովրդի կրթական մակարդակի բարձրացմանը,
  2. դաստիարակության անմիջական, սերտ կապը արտադրական աշխատանքին,
  3. մասնագիտական և քաղաքացիական դաստիարակության խիստ ստորադասությունը մարդու դաստիարակությանը, չէ որ տնտեսական, հասարակական, քաղաքական կարգը գոյություն ունի մարդու համար, այլ ոչ թե մարդը նրանց համար։
    Պեստալոցցու հուշարձանը Իվերդոնում

Պեստալոցցու սոցիալ-մանկավարժական գործունեության հիմնական նպատակն էր բնակչության աղքատ խավերի սոցիալական բարեփոխումները և նրանց բազմակողմանի կատարելագործումը։ Այդ նպատակի իրականացման հիմնական միջոցը դաստիարակչական աշխատանքների ճիշտ կազմակերպումն էր, կրթական համակարգի բարեփոխումը և նրա կատարելագործումը, որի միջով տեղի է ունենում հասարակության առաջընթացը։ Նատորպի կարծիքով Պեստալոցցու սոցիալ-մանկավարժական հիմնական սկզբունքը բնահարմարության սկզբունքն էր, որի վրա կառուցվել է շվեյցարացի մեծ մանկավարժի ողջ սոցիալ-մանկավարժական գործունեությունը։ Դաստիարակությունը նրա կարծիքով, պետք է իրականացվի երեխայի զարգացման բնական ընթացքին համապատասխան։ Պեստալոցցու սոցիալ-մանկավարժական գործունեության կարևոր սկզբունքներից մեկը մարդու զարգացման սոցիալական պայմանավորվածության սկզբունքն է։ Պեստալոցցին գտնում էր, որ հոգեկան կատարելության հիմքը դրված է մարդու մեջ, բայց նա իբրև անհատականություն զարգանում է ոչ թե զատված, մեկուսացված մարդկությունից, այլ կազմում է սոցիալական ամբողջության մի մասը։

Պեստալոցցուն ընդունված է կոչել «ժամանակակից մանկավարժության հայր»։ Պեստալոցցու հուշարձանի վրա, որը կառուցվել է 1890 թվականին Իվերդոնում, որտեղ այդքան տարիներ աշխատել էր նա, գրված է «աղքատների փրկիչ», «որբերի հայր», «ժողովրդական դպրոցի հիմնադիր» և «մարդկության դաստիարակ»։ Եվ իրոք, որպես ժողովրդական կրթության քարոզիչ՝ Պեստալուցցին հանճարեղ էր։

Պեստալուցցու հուշարձանին դրոշմված է. «Ուրիշներին ամեն ինչ, իրեն ոչինչ»։ Պեստալոցցին անձնական կյանք, անձնական նպատակեր չուներ։ Նրա ամբողջ կյանքը նվիրված էր իր ժողովրդին անշահախնդիր ծառայելուն։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեստալոցցու անվան փողոցներ կան Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Լեհաստանում, Ավստրիայում։

Հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեստալոցցու անվան հիմնադրամը ստեղծվել է 1847 թվականին Համբուրգում[27]։

Պեստալոցցի մանկական գյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեստալոցցու պատվին անվանակոչվել է Պեստալոցցի մանկական գյուղը Շվեյցարիայում։ 1945 թվականին ստեղծեվել է «Պեստալոցցի մանկական գյուղ» ասոցիացիան, 1946 թվականին՝ սկսվել է գյուղի առաջին տան կառուցումը[28]։ Այստեղ՝ «Պեստալոցցու անվան հիմնադրամի» միջոցներով, բնակվում և խնամք են ստանում աշխարհի տարբեր երկրներից եկած երեխաներ։

Մեդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեստալոցցու անվան մեդալ շնորհվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում 1956-ից մինչև 1990 թվականը՝ մանկավարժներին՝ բարեխիղճ աշխատանքի համար։

1956 թվականի նոյեմբերի 15-ին Պեստալոցցու անվան մեդալ է շնորհվել տարբեր ուսումնական հաստատությունների մանկավարժների՝ համապատասխանաբար՝ բրոնզե մեդալ՝ 10 տարվա, արծաթե մեդալ 25, և ոսկե մեդալ՝ 40 տարվա անբասիր աշխատանքի համար։ 1966 թվականից սկսած՝ բրոնզե մեդալ է շնորհվել 10, արծաթե մեդալ 20, և ոսկե մեդալ՝ 40 տարվա, իսկ 1971 թվականից սկսած՝ բրոնզե մեդալ է շնորհվել 10 տարվա, արծաթե մեդալ՝ 20, և ոսկե մեդալ՝ 30 տարվա անբասիր աշխատանքի համար։ Առաջին բրոնզե մեդալը հանձնվել է 1957, արծաթե մեդալը՝ 1966, ոսկե մեդալը՝ 1975 թվականին[29]։

Աստերոիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին շվեյցարացի աստղագետ Պաուլ Վիլդը Պեստալոցցու անունով է կոչել իր հայտնաբերած աստերոիդը (նույնականացման համար՝ 2970):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Silber K. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Շվեյցարական թատրոնի բառարան (գերմ.) / Hrsg.: A. Kotte
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Песталоцци Иоганн Генрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. История педагогики под ред. Шабаевой. Учебно-методическое пособие.-М.:Просвещение, 1981.(էջ 38)
  6. История социальной педагогики: Хрестоматия-учеб.: Учеб. пособие . Под. ред. М.А. Галагузовой.- М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000.- 544 с. (էջ 110)
  7. 7,0 7,1 История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.-2-е изд., испр. и дополн.-М.: ТЦ «Сфера», 2001.-512 с. (էջ 156)
  8. Джуринский А.Н. История педагогики: Учеб. пособие для студ. педвузов.-М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000.-432 с. (էջ 74)
  9. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972, (էջ 92)
  10. 10,0 10,1 Песталоцци И. Г.; Письмо другу о пребывании в Станце
  11. 11,0 11,1 Джуринский А.Н. История педагогики: Учеб. пособие для студ. педвузов.-М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000.-432 с. (էջ 75)
  12. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.-2-е изд., испр. и дополн.-М.: ТЦ «Сфера», 2001.-512 с. (էջ 157)
  13. Генрих Песталоцци /биография/ Бургдорф и Мюнхенбухзее
  14. Иванов Е.В. История образования и педагогической мысли: Великий Новгород: НовГУ им. Ярослава Мудрого, 2002.-52 с. (էջ 30)
  15. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972, (էջ 95)
  16. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.-2-е изд., испр. и дополн.-М.: ТЦ «Сфера», 2001.-512 с. (էջ 158)
  17. История социальной педагогики: Хрестоматия-учеб.: Учеб. пособие. Под. ред. М.А. Галагузовой.- М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000.- 544 с. (էջ 111)
  18. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.-2-е изд., испр. и дополн.-М.: ТЦ «Сфера», 2001.-512 с. (էջ 159)
  19. Коджаспирова Г.М. История образования и педагогической мысли: Таблицы, схемы, опорные конспекты: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений.-М Изд-во ВЛАДОС-ПРЕСС, 2003.-224 с. (էջ 83)։
  20. Иоганн Генрих Песталоцци. Избранные педагогические произведения в трех томах, т. III. М., Изд-во АПН РСФСР, 1965, (էջ 339-366)
  21. 21,0 21,1 Коджаспирова Г.М. История образования и педагогической мысли: Таблицы, схемы, опорные конспекты: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений.-М Изд-во ВЛАДОС-ПРЕСС, 2003.-224 с. (էջ 83)
  22. История социальной педагогики: Хрестоматия-учеб.: Учеб. пособие . Под. ред. М.А. Галагузовой.- М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000.- 544 с. (էջ 111)
  23. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972 (էջ 103)
  24. Иванов Е.В. История образования и педагогической мысли: Великий Новгород: НовГУ им. Ярослава Мудрого, 2002.-52 с.(էջ 30)
  25. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.-2-е изд., испр. и дополн.-М.: ТЦ «Сфера», 2001.-512 с.(էջ 159)
  26. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972, (էջ 105)
  27. Pestalozzi-Stiftung Hamburg
  28. Pestalozzi Children’s Foundation
  29. [«Медаль Премии Песталоцци "За верную службу (ռուս.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Медаль Премии Песталоцци "За верную службу (ռուս.)]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Будняя О. Н., Основы политкультурного образования в педагогическом наследии И. Г. Песталоцци// История и современные проблемы сравнительной педагогики.-Пятигорск: Изд-во ПГЛУ, 2005.-Вып.5.-C. 22-34.
  2. Горностаев П. В., И. Г. Песталоцци о подготовке детей к труду// Шк. и пр-во.-1996.-N 3.-С. 8-9.
  3. Горностаев П. В., И. Г. Песталоцци о физическом воспитании// Физ. культура в шк.-1996.-N 6.-С. 11-13.
  4. Горностаев П. В., Проблема развивающего обучения в наследии И. Г. Песталоцци// Нач. шк.-1996.-N 7.-С. 6-10.
  5. Еремкин А. И., Идея естественного и свободного воспитания в наследии И. Г. Песталоцци// Проблемы свободного воспитания и развития личности.-М., 1997.-С. 28-33.
  6. Кларин В. М., И. Г. Песталоцци: подвижник педагогики// Педагогика.-1996.-N 1.-С. 44-49.
  7. Корнетов Г. Б., Педагогическая система И. Г. Песталоцци// Школьные технологии: науч.-практ. журн. школ. технолога (завуча).-2007.-№ 3.-C. 48-58.
  8. Корнетов Г. Б., Педагогика И. Г. Песталоцци// Труды кафедры педагогики/ отв. ред. и сост. Г. Б. Корнетов.-М.:АСОУ; Тверь: Золотая буква, 2005.-Вып. 1.-С. 80-98.
  9. Кумарин В. В., Аксиомы Песталоцци// СЕЛЬСКАЯ ШКОЛА: практ. журн. рук. и учителей сел. шк./ учредители: С. Вишникина, В. Ермолаев, А. Кушнир, Н. Целищева; НИИ школ. технологий; изд. совместно с Лаб. малочисл. шк. Ин-та содерж. и методов обучения Рос. акад. образования. -М.: Нар. образование, 2007.-№ 1. -C. 111-121.
  10. Кумарин В. В., Аксиомы Песталоцци и психология// Нар. образование.-2002.-N 4.-С. 219-224.
  11. Кумарин В. В., Аксиомы Песталоцци и психология (с краткой хрестоматией).-М.: Престижное воспитание, 2001.-92 с.
  12. Рыбин, В. А., Философские основы " элементарного образования " И. Г. Песталоцци// ВОПРОСЫ ФИЛОСОФИИ: науч.-теорет. журн.-2006.-№ 7.-C. 74-83.
  13. Флегонтова Н. П., Педагогика Иоганна Генриха Песталоцци// Ребенок в дет. саду.-2003.-N 2.-С. 33-38.
  14. Шевченко, Л. И., И. Г. Песталоцци: внутренний покой и внешний порядок/ Л.И. Шевченко, Заплатников Л.Т.// Педагогика.-1996.-N 3.-С. 68-71.
  15. Der Mut des Demütigen: Worte zum Glauben/ Johann Heinrich Pestalozzi; ausgewählt und eingeleitet von Hermann Horn. Zürich: Theologischer Verlag, 1996. 152 S.
  16. Koller, Hans-Christoph. Die Liebe zum Kind und das Begehren des Erziehers: Erziehungskonzeption und Schreibweise pädagogischer Texte von Pestalozzi und Jean Paul. Weinheim: Deutscher Studien Verlag, 1990. 394 S.
  17. Ramsauer, Peter. Zieh aus deines Vaters Hause: die Lebenswanderung des Pädagogen Johannes Ramsauer im Bannkreis Pestalozzis. Oldenburg: Isensee, c2005. 334 S.
  18. Schifferli, Dagmar. Anna Pestalozzi-Schulthess, 1738-1815: ihr Leben mit Heinrich Pestalozzi. 3. Aufl. Zürich: Pendo, 1996. 226 S.
  19. Michel Soëtard, Pestalozzi, un pédagogue suisse, Genève, Slatkine, 2016, 180 p.
  20. James Guillaume, Aux sources de la pédagogie moderne, Paris, Théolib, 2015, 183 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 235