Ադոլֆ Դիստերվեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադոլֆ Դիստերվեգ
գերմ.՝ Adolph Diesterweg
1860er Jahre circa unbekannter Maler, Ölgemälde Porträt Adolf Diesterweg.jpg
Ծնվել էհոկտեմբերի 29, 1790(1790-10-29)[1][2][3]
ԾննդավայրԶիգեն, Առնսբերգ, Գերմանիա[1]
Մահացել էհուլիսի 7, 1866(1866-07-07)[1][2][3] (75 տարեկանում)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[4]
Ազգությունգերմանացի
ԿրթությունՀերբորնի համալսարան, Թյուբինգենի համալսարան
ԵրկերԱշխարհի վախճանի մասին,
Ձեռնարկ գերմանական ուսուցիչների կրթության համար,
Քաղաքակրթության կենսական խնդիրները,
Ձեռնարկ մաթեմատիկական աշխարհագրության և հանրամատչելի աստղագիտության,
Մանկավարժական իդեալները և հնարավորությունները,
Մանկական դպրոցական ուսուցման տարրերը
Մասնագիտությունմանկավարժ, փիլիսոփա
Անդամություն«Մանկավարժական ընկերություն»,
«Բեռլինի կրտսեր ուսուցչական ընկերություն»,
«Ընկերական ուսուցչական միություն»
Adolph Diesterweg Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Ադոլֆ Վիլհելմ Դիստերվեգ (գերմ.՝ Friedrich Adolph Wilhelm Diesterweg, հոկտեմբերի 29, 1790(1790-10-29)[1][2][3], Զիգեն, Առնսբերգ, Գերմանիա[1] - հուլիսի 7, 1866(1866-07-07)[1][2][3], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[1]), գերմանացի մանկավարժ, փիլիսոփա, գրող, հասարակական և քաղաքական գործիչ։

Ադոլֆ Դիստերվեգը 19-րդ դարի առաջին կեսի ականավոր դեմոկրատ-մանկավարժներից մեկն է, «գերմանացի ուսուցիչների ուսուցիչը»: Նա եղել է գերմանական ժողովրդական ուսուցչության առաջնորդը, առաջին ուսուցչական ընկերությունների և միությունների կազմակերպիչը: Նրա բազմամյա հասարակական-մանկավարժական գործունեությունը ցայտուն կերպով արտահայտված առաջադիմական բնույթ ուներ: Դիստերվեգը պայքարել է ուսուցման դոգմատիզմի դեմ, նա ուսուցման և դաստիարակության հիմնական խնդիրները լուծում էր որպես նորարար և ձգտում իր ժամանակի դիդակտիկան ազատել ձևականության տարրերից: Նա ձգտել է ժամանակակից կրթությունը վերակառուցել առաջավոր գաղափարների հիմունքներով, ժողովրդական ուսուցիչներին զինել գիտելիքներով և մանկավարժական վարպետությամբ, պաշտպանել նրանց քաղաքացիական իրավունքները:

Բովանդակություն

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Դիստերվեգը ծնվել է 1790 թվականին Զիգեն կոչվող արդյունաբերական ոչ մեծ քաղաքում՝ Վեստֆալիայում, աստիճանավոր իրավաբանի ընտանիքում: 18-րդ դարի վերջում Գերմանիան տիրակալ իշխանների կողմից տնտեսապես և քաղաքականապես մասնատված ֆեոդալական հետամնաց երկիր էր:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրական և լատինական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի վերջին գերմանական տարրական դպրոցը կրում էր միջնադարյան դպրոցի բնորոշ գծերը: Ուսուցումը նրանում հանգում էր կարդալուն, գրելուն, թվաբանության չորս գործողությունների դասավանդմանը, երգելուն, կատեխիզիսը, սաղմոսները և աղոթքները սերտելուն:

Տարրական դպրոցների ուսուցիչները, առանձնապես գյուղական վայրերում, սովորաբար այնպիսի մարդիկ էին, որոնք մանկավարժական աշխատանքը համատեղում էին եկեղեցական ստորին պաշտոնյայի պարտականությունների կամ արհեստի հետ: Ֆրիդրիխ 2-րդի հատուկ հրամանագիրը պարտավորեցնում էր գյուղական ուսուցչի պաշտոնում տեղ տալ պաշտոնաթող զինվորներին: Մանկավարժական անձնակազմի ցածր կրթական մակարդակը պայմանավորում էր ուսուցման համապատասխան մեթոդիկան, որը հանգում էր աշակերտներին սոսկ մեխանիկորեն գիտելիքներ հաղորդելուն: Մեխանիկական ուսուցումը հատուկ էր, ինչպես տարրական, այնպես էլ լատինական դպրոցին[5]:

Տարրական դպրոցն ավարտելուց հետո Դիստերվեգը ընդունվում է լատինական դպրոց, որն ավարտում է 1808 թվականին: Դիստերվեգի կենսագիր Լանգենբերգի վկայությամբ՝ Դիստերվեգը լատինական դպրոցում սովորելիս ստիպված է եղել տարիներ շարունակ սերտել աշակերտներին անհասկանալի լատինական դասականների բնագրերը: Դպրոցական տարիները խոր ատելություն են առաջացրել Դիստերվեգի մոտ դոգմատիկական ուսման նկատմամբ: Մանկության և պատանեկության այս տպավորություններն էլ նպաստել են Դիստերվեգի մոտ ժողովրդական դպրոցի խնդիրների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը ու այն փոխելու ուղիների մշակմանը[6]:

Հերբորնի և Թյուբինգենի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստային նամականիշ․ (Գերմանիա, 1990)

1808 թվականին Դիստերվեգը ընդունվում է Հերբորնի համալսարան, որտեղ ուսումնասիրում է մաթեմատիկա, փիլիսոփայություն և պատմություն: Մեկ տարի անց նա տեղափոխվում է Թյուբինգենի համալսարան, որն ավարտում է 1811 թվականին[7]:

1817 թվականին Թյուբինգենի համալսարնում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Աշխարհի վախճանի մասին» խորագրով՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան: Ատենախոսության մեջ նա ժխտում է Վ. Զեելի՝ աշխարհի մոտակա կործանման մասին միստիկական տեսությունը:

Դիստերվեգի աշխարհայացքը ձևավորվել է 18-րդ դարի լուսավորական փիլիսոփայության և գերմանական առաջավոր գրականության՝ Գ. Հերդերի, Ֆ. Շիլլերի, Վ. Գյոթեի ստեղծագործությունների ազդեցության տակ: «Գյոթեն՝ որպես ընդօրինակման կերպար ուսուցիչների համար»[8] իր ճառում նա Գյոթեին բնութագրում է որպես «մարդկության մեծ դաստիարակ», ով մարդկությունն ազատագրեց միջնադարյան մոլորություններից ու նախապաշարմունքներց: Դիստերվեգը Գ. Լեսսինգին համարում էր 18-րդ դարի «մեծ լուսավորիչ» և կոչ էր անում Լեսսինգից, Շիլլերից և Գյոթեից քաղել հումանիստական դաստիարակության իդեալները[9]:

Համալսարանական տարիներին Դիստերվեգը ծանոթանում է նաև Ի. Հ. Պեստալոցցու առաջավոր մանկավարժական գաղափարներին և դառնում նրա սոցիալ-մանկավարժական համոզմունքների ջերմ կողմնակիցը:

Բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո Դիստերվեգը մտադիր էր դառնալ ինժեներ և այդ նպատակով մեկնում է Դյուսսելդորֆ՝ հանձնելու համապատասխան քննությունները: Սակայն պատերազմական իրավիճակի պատճառով հանձնաժողովը արձակված էր, և դա նրան չի հաջողվում: Դիստերվեգը բնակություն է հաստատում Մանհեյմում, որտեղ իր եղբայրը գիմնազիայի ուսուցիչ էր:

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեությունը Մանհեյմում և Ֆրանկֆուրտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգն իր մանկավարժական գործունեությունը սկսել է Մանհեյմ քաղաքում, որտեղ աշխատել է որպես տնային ուսուցիչ: Սկզբում նա փորձում էր կիրառել Պեստալոցցու տարրական ուսուցման մեթոդիկան: Սակայն իր իսկ խոստովանությամբ, նա այդ մասին շատ աղոտ պատկերացում ուներ, լիակատար անհաջողության հանդիպեց և ստիպված էր դիմել ուսուցման ավանդական ձևերին:

1813-1818 թվականներին Դիստերվեգն աշխատել է Ֆրանկֆուրտ քաղաքի օրինակելի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ: Այդ դպրոցում աշխատում էին Պեստալոցցու աշակերտներն ու հետևորդները, ինչը մեծ ազդեցություն է ունեցել Դիստերվեգի մանկավարժական հայացքների ձևավորման վրա: Օրինակելի դպրոցում, ընկնելով Պեստալոցցուն հետևող մանկավարժների շրջանը, Դիստերվեգը հաստատուն կերպով կանգնում է պեստալոցցիական դիրքերի վրա, որոնցով առաջնորդվում է իր մանկավարժական գործունեության ողջ ընթացքում:

Գործունեությունը Հռենոսում (Էլբերֆելդ, Մյորս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստային նամականիշ. Գերմանիա (1990)

1818 թվականին Դիստերվեգն աշխատում է Հռենոսի Էլբերֆելդի լատինական դպրոցում որպես ուսուցիչ, 1820 թվականից գլխավորում է Մյորս քաղաքի նորաբաց ուսուցչական սեմինարիան (1820-1832): 12 տարվա ընթացքում, երբ Դիստերվեգը Մյորսի սեմինարիայի ղեկավարն էր, Հռենոսի տարրական դպրոցների համար պատրաստվեց ավելի քան 200 ուսուցիչ: Մյորսի սեմինարայի համար նրա մշակած պլանը համարվեց օրինակելի և հիմք ընդունվեց պրուսական մյուս սեմինարիաների աշխատանքների համար:

1827 թվականից ընդհուպ մինչև կյանքի վերջը հրատարակում է «Հռենոսյան թերթիկներ դաստիարակության և ուսուցման համար» ամսագիրը[Ն 1]: Այս ամսագրում զետեղվել են նրա ավելի քան 400 հոդվածները կրթության և դաստիարակության հարցերի վերաբերյալ: Հանդեսի առաջին համարի նախաբանում Դիստերվեգը նշում է, որ դրա հիմնական խնդիրը պայքարն է ուսուցչի լիարժեք ընդհանուր կրթության համար: Դիստերվեգը ուսուցիչներին կոչ էր անում չներփակվել ամենօրյա դպրոցական գործունեության նեղ շրջանակներում, այլ իրենց հետաքրքրությունն ուղղել այնպիսի կարևոր խնդիրների վրա, ինչպիսին են՝ մարդու կոչումը, կրթության հիմնահարցերը, ժամանակակից հասարակական զարգացման շարժիչ ուժերը: Նա ձգտում էր, որ ուսուցիչները յուրացնեն դաստիարակության և կրթության առաջավոր սկզբունքները և իրենց սեփական դասավանդման մեջ հաղթահարեն դոգմատիզմն ու հնամոլությունը: Դիստերվեգը «Հռենոսյան թերթիկներ»-ում կոնկրետ ցուցումներ է տալիս նաև առանձին առարկաների դասավանդման մեթոդիկաների վերաբերյալ:

Այս նույն շրջանում Դիստերվեգը գրում է մի շարք դասագրքեր, որոնք մեծ տարածում ուեցան ժամանակի դպրոցներում՝ ինչպես տարրական, այնպես էլ միջնակարգ (ռեալական դպրոցների և գիմնազիաների ստորին դասարաններում): Առավել մեծ հաջողություն ունեցան Դիստերվեգի կազմած երկրաչափության, թվաբանության և մայրենի լեզվի ձեռնարկները:

Գործունեությունը Բեռլինում[խմբագրել | խմբագրել կոդը]

1832 թվականին Դիստերվեգը նշանակվում է Բեռլինի քաղաքային դպրոցների սեմինարիայի տնօրեն և այդ պաշտոնում մնում մինչև 1847 թվականը:

1832 թվականի նոյեմբերին Դիստերվեգը Բեռլինում հիմնադրում է «Մանկավարժական ընկերությունը»: Այդ ընկերության ժողովների ընթացքում նրա անդամները հանդես էին գալիս մանկավարժության տարբեր հարցերի շուրջ զեկուցումներով: 1840 թվականին Դիստերվեգը կազմակերպում է «Բեռլինի կրտսեր ուսուցչական ընկերությունը», որտեղ մշակվում էին պեստալոցցիական մեթոդիկայի կոնկրետ հարցերը և զեկուցումներ կարդացվում դասական և ժամանակակից մանկավարժական գրականության մասին: 1841 թվականին Դիստերվեգը հիմնում է «Ընկերական ուսուցչական միությունը»: Նա այս բոլոր ընկերությունների գործունյա անդամ էր, իսկ հաճախ նաև նախագահ:

Ձգտելով ժողովրդական ուսուցչության մեջ հետաքրքրություն առաջացնել մանկավարժական գործի նկատմամբ՝ Դիստերվեգը 1835 թվականին հրատարակում է իր առավել հայտնի աշխատությունը՝ «Ձեռնարկ գերմանական ուսուցիչների կրթության համար»[7]: 1851 թվականին «Հռենոսյան թերթիկներ»-ին զուգահեռ հրատարակում է «Մանկավարժական տարեգիրքը»:

1850 թվականին Դիստերվեգը լիովին հեռացվում է ծառայությունից, ինչի կապակցությամբ գրում է. «Ինձ թվում էր՝ ես ապրեցի իմ սեփական մահը»[10]: Սակայն պաշտոնից հեռացվելուց հետո էլ Դիստերվեգը շարունակեց մնալ գերմանական ժովորդական ուսուցիչների առաջնորդը: Նրան սկզբում ընտրեցին Համագերմանական ուսուցիչների միության նախագահ, իսկ այնուհետև իրենց ներկայացուցիչը Պրուսական պատգամավորների պալատում[11]: Դիստերվեգն իր հասարակական-քաղաքական գործունեությունը շարունակել է մինչև իր կյանքի վերջին օրերը:

Դիստերվեգը մահացել է 1866 թվականին Բեռլինում խոլերայից:

Դիստերվեգը՝ որպես միասնական դպրոցի քարոզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Դիստերվեգին նվիրված հուշարձան Բեռլինում

Դիստերվեգն ակտիվ կերպով մասնակցել է դասային դպրոցների կողմնակիցների և միասնական համընդհանուր դպրոցի կողմնակիցների միջև Գերմանիայում ծավալված պայքարին: Դասային դպրոցների կողմնակիցները գտնում էին, որ ժողովրդական կրթության գերմանական համակարգում բնակչության յուրաքանչյուր խավի համար պետք է լինի հատուկ դպրոց (ամենաաղքատ բնակչության համար՝ ժողովրդական դպրոց, բյուրգերների համար՝ միջնակարգ ռեալական դպրոց, ազնվականների ու պաշտոնյաների համար՝ դասական գիմնազիա): Միասնական դպրոցի կողմնակիցները, դրանց թվում նաև Դիստերվեգը, պահանջում էին ստեղծել այնպիսի դպրոց, որը միատեսակ մատչելի կլինի բոլոր երեխաների համար անկախ դասային պատկանելիությունից, նրանց ծնողների հասարակական դիրքից ու կրոնական հայացքներից: Նա պահանջում էր դադարեցնել եկեղեցու խնամակալությունը դպրոցի վրա և դպրոցի հսկողությունը հանձնել ոչ թե քահանաներին, այլ մասնագետ մանկավարժներին[12]:

Դաստիարակության նպատակն ու էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգը հանդես է եկել համամարդկային դաստիարակության գաղափարների պաշտպանությամբ: Նրա կարծիքով՝ դպրոցի խնդիրն է դաստիարակել հումանիստ մարդիկ ու գիտակից քաղաքացիներ: Սերը հանուն մարդկության և իր ժողովրդի հանդեպ պետք է զարգանա մարդկանց մոտ սերտ միասնության մեջ:

Aquote1.png Մարդ՝ իմ անունն է, գերմանացի՝ իմ մականունը:
- «Ինչից պետք է խուսափի ուսուցիչը ներկայում և ինչին պետք է հետևի» (հոդված)
Aquote2.png

Դաստիարակության բարձրագույն նպատակը Դիստերվեգը սահմանել է որպես ճշմարտությանը, գեղեցիկին և բարուն ծառայելու ինքնագործունեություն: Այս ձևակերպումն իր ողջ անորոշությամբ հանդերձ պարունակում է առաջադիմական գաղափարներ:

Դաստիարակության սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնահարմարության սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգը դաստիարակության կարևորագույն սկզբունքը համարում էր բնահարմարությունը: Նրա մեկնաբանությամբ՝ դաստիարակության բնահարմարությունը մարդու բնական զարգացման գործընթացին հետևելն է, անհատական ու տարիքային առանձնահատկությունների հաշվառումն է[13]: Նա ուսուցիչներն կոչ էր անում մանրազնին կերպով ուսումնասիրել մանկական ուշադրության, հիշողության, մտածողության առանձնահատկությունները՝ հոգեբանությունը համարելով «դաստիարակության վերաբերյալ գիտության հիմքը»[14]: Սակայն Դիստերվեգը մարդկային բնությունը դիտում էր որպես անփոփոխ, վերացական էություն՝ հաշվի չառնելով, որ հասարակության զարգացման գործընթացում մարդը զարգանում և փոփոխվում է: Ընդ որում՝ վերջինս ակտիվ դեր ունի շրջակա միջավայրի և հասարակական կյանքի փոփոխման գործում:

Մշակութահարմարության սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի լրումն բնահարմարության սկզբունքի, Դիստերվեգն առաջադրում էր այն պահանջը, որ դաստիարակությունը կրի մշակութահարմար բնույթ: Նա գրում է. «Դաստիարակության ժամանակ պետք է նկատի ունենալ տեղի և ժամանակի պայմանները, ուր ծնվել է և պիտի ապրի մարդը, մի խոսքով՝ ամբողջ ժամանակակից մշակույթը՝ այս խոսքի լայն ու համընդգրկող իմաստով…»: Չնայած՝ պատմական զարգացման ընթացքի իդեալիստական մեկանբանումը խանգարեց Դիստերվեգին լրիվ հասկանալու դաստիարակության սոցիալակսն էությունը, այնուամենայնիվ նրա՝ դաստիարակության և հասարակական կյանքի միջև սերտ կապ ստեղծելու անհրաժեշտության պահանջը առաջադիմական էր: Ներկայում էլ Դիստերվեգի առաջ քաշած մշակութահարմարության սկզբունքը համարվում է սոցիալական մանկավարժության՝ որպես գիտության կարևորագույն սկզբունքներից մեկը[15]:

«Բնահարմարության և մշակութահարմարության սկզբունքը ուսուցման մեջ» հոդվածում Դիստերվեգը պնդում էր, որ բնահարմարության սկզբունքը մանկավարժության մեջ կատարում է կողմնորոշչի դեր և մշակութահարմարության սկզբունքի համեմատությամբ ավելի բարձր սկզբունք է. նրանց միջև կոնֆլիկտ առաջանալու դեպքում՝ նախապատվությունը պետք է տրվի առաջինին[16]:

Երեխայի տարիքային զարգացման աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգը առանձնացնում է երեխայի տարիքային զարգացման երեք աստիճան:

Տարիքային զարգացման առաջին աստիճանում (6-9 տարեկան) երեխաների մոտ գերակշռում է զգայական ընկալումը, հակվածությունը դեպի խաղային գործունեությունը: Այս տարիքում երեխաները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում երևակայական պատմությունների, հեքիաթների նկատմամբ: Այս տարիքային խմբի երեխաների ուսուցման գործընթացում առաջնայինը զգայական ճանաչողությունն է, զգացողությունների մարզումը:

Տարիքային զարգացման երկրորդ աստիճանում (9-14 տարեկան) երեխաներին բնորոշ է հիշողության զարգացումը և հակվածությունը դեպի պատկերացումները: Այս փուլում ուսուցման գլխավոր խնդիրը մտքի և զգայությունների միջոցով ընկալվող նյութի միջև կապի ստեղծումն է և անհրաժեշտ հմտությունների ձևավորումը:

Տարիքային զարգացման երրորդ աստիճանը (14-16 տարեկան) դատողությունների շրջանն է: Այս շրջանում զարգանում է երեխայի հիշողությունը և տրամաբանական մտածողությունը: Երեխայի պատկերացումներն այժմ առաջանում են տրամաբանական հաջորդականությամբ: Ուսումը կատարվում է միանգամայն գիտակցաբար՝ օրենքների և կանոնների որոշակի ըմբռմամբ: Բարոյական հայացքները վեր են ածվում համոզմունքների: Այս շրջանում դաստիարակը պետք է նպաստի դատողության աստիճանական զարգացմանը[17]::

Դիստերվեգն առաջարկում է դաստիարակության գործընթացը կառուցել երեխայի հոգեկան զարգացման այս սխեմայի հիման վրա:

Ուսուցման գործընթացի էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգի անվան գիմնազիան Պլաուեն քաղաքում, Գերմանիա

Դիստերվեգը ստեղծել է զարգացնող ուսուցման դիդակտիկա, որի հիմնական պահանջները շարադրել է ուսուցման 33 օրենքների ու կանոնների ձևով:

Դրանք բաժանվում են հետևյալ խմբերի.

  • ուսուցման կանոններ, որոնք վերաբերում են աշակերտին (սուբյեկտին),
  • ուսուցման կանոններ, որոնք վերաբերում են ուսումնական նյութին (օբյեկտին),
  • ուսուցման կանոններ, որոնք համապատասխանում են արտաքին պայմաններին, տեղին, ժամանակին և այլն,
  • ուսուցման կանոններ, որոնք վերաբերում են ուսուցչին[18]:

Ըստ Դիստերվեգի՝ ուսուցման գլխավոր խնդիրը երեխաների մտավոր ուժերի ու ընդունակությունների զարգացումն է: Նշելով, որ ձևական կրթությունը սերտ կերպով կապված է նյութականի հետ, Դիստերվեգն ընդգծում էր, որ մաքուր ձևական կրթություն առհասարակ գոյություն չունի, արժեք ունեն միայն այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք աշակերտը ձեռք է բերել ինքնուրույն ճանապարհով:

Ուսուցումը պետք է նպաստի մարդու համակողմանի զարգացմանը և նրա բարոյական դաստիարակությանը: Ուսումնական յուրաքանչյուր առարկա կրթական արժեք ներկայացնելու հետ մեկտեղ ունի նաև բարոյական նշանակություն: Այսինքն՝ ճշմարիտ ուսուցումը պետք է ունենա դաստիարակող բնույթ:

Դիստերվեգը երեխաների կրթության գործում մեծ տեղ էր հատկացնում հայրենիքի պատմությանը և աշխարհագրությանը, մայրենի լեզվին ու գրականությանը: Նա հատկապես բարձր է գնահատում բնական և մաթեմատիկական գիտությունները, որոնց մեջ տեսնում էր երեխաների մտավոր զարգացման կարևոր միջոց:

Դիդակտիկական սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Դիստերվեգի՝ ինչպես դաստիարակությունը, այնպես էլ ուսուցումը պետք է տարվեն բնահարմար ձևով, մանկական ընկալման առանձնահատկություններին համապատասխան: Օրինակներից պետք է գնալ դեպի կանոնները, առարկաներից ու նրանց մասին կոնկրետ պատկերացումներից՝ դեպի դրանք արտահայտող բառերը: Մեծ նշանակություն տալով երեխաներին այն առարկենիերին ծանոթացնելուն, որոնք անմիջական կերպով մատչելի են նրանց զգայարաններին, Դիստերվեգը միաժամանակ ընդգծում է երեխայի կողմից զգայական ճանապարհով ընկալված ամբողջ նյութի կշռադատման և գիտակցման անհրաժեշտությունը: Զննական ուսուցումը նրա մոտ կապված է «պարզից դեպի բարդը», «հայտնիից դեպի անհայտը», «հեշտից դեպի ավելի դժվարը» կանոնների հետ[19]:

Դիստերվեգը մեծ նշանակություն էր տալիս ուսումնասիրվող նյութի գիտակցական յուրացմանը: Նման յուրացման ցուցանիշներից մեկը աշակերտների կողմից գործի էությունը պարզ ու հստակ շարադրելու ընդունակությունն է: Նյութի հաջող յուրացման պարտադիր պայմանը նրա մատչելիությունն է աշակերտների համար: Չափազանց կարևոր են հետևյալ կանոնները. «Երբեք մի՛ սովորեցրու այն, ինչը աշակերտը դեռ ի վիճակի չէ յուրացնել» կամ «Ոչինչ մի՛ սովորեցրու ժամանակից շուտ»[20]: Այս կանոններն ընկած են նաև տարիքային առանձնահատկությունների հաշվառման սկզբունքի հիմքում:

Ուսուցման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցման գործընթացը մեկնաբանելով որպես աշակերտների մտավոր ուժերի հրահրում՝ Դիստերվեգը մեթոդի արժեքը որոշում էր առաջին հերթին երեխայի զարգացման տեսանկյունով: Այսինքն՝ ուսուցման այս կամ այն մեթոդի արդյունավետությունը որոշվում է նրանով, թե որքանով է այն օգնում աշակերտների մտավոր ուժերի արթնացմանը:

Aquote1.png Ամեն մեթոդ վատ է, եթե աշակերտին ընտելացնում է հասարակ ընկալման կամ պասիվության, և լավ է, եթե նրա մեջ ինքնագործունեություն է արթնացնում: Aquote2.png


Դիստերվեգը ուսուցման իսկական զարգացնող մեթոդ է համարում միայն, այսպես կոչված, տարրական մեթոդը, որը համապատասխանում է «իմացության բնական ուղուն»: Նրա կարծիքով, այդ տարրական մեթոդը ընթանում է դիտողականության ուղիով: Նա սկսում էր եզակիից (կոնկրետից) և սովորեցնում նրանից դուրս բերել և զարգացնել ընդհանուրը: Այսպիսով՝ Դիստերվեգը նույնացնում էր տարրական մեթոդը ինդուկտիվ մեթոդի հետ:

Նա կարևորում էր դասավանդման հարց ու պատասխանի մեթոդը և նրա լավագույն ձևը համարում էվրիստիկ զրույցը, որն առավելագույն չափով արթնացնում է աշակերտների մտավոր ուժերը:

Aquote1.png Վատ ուսուցիչը ճշմարտություններ է հաղորդում, լավ ուսուցիչը՝ սովորեցնում գտնել դրանք: Aquote2.png


Չնայած այս ամենին՝ Դիստերվեգը գերագնահտում էր դասավանդման հարցողական ձևի նշանակությունը (հատկապես տարրական դպրոցում) և թերագնահատում էր ուսուցչի պատմելու դաստիարակչական և կրթական դերը:

Ուսուցչին ներկայացվող պահանջները[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Այնտեղ, ուր դպրոցական գործը ընկած վիճակում է, մեղավոր է ուսուցիչը, որտեղ այն լավ է դրված, պարտական է ուսուցչին: Ուսուցիչը դպրոցի համար նույնն է, ինչ արևը՝ տիեզերքի, նա աղբյուր է այն ուժի, որ շարժման մեջ է դնում ամբողջ մեքենան: Այդ մեքենային ուժ և շարժում տվողը ուսուցիչն է[21]: Aquote2.png


Ուսուցման գործընթացում մանկական ինքնագործունեության զարգացումը, աշակերտներին գիտելիքներով զինելը Դիստերվեգը հնարավոր էր համարում միայն ուսուցչի ղեկավար դերի պայմաններում: Ուսուցման մեջ նա մեծ նշանակություն էր տալիս հստակ մշակված պլանին և լավ դասագրքին: Լավ ուսուցիչը պետք է կատարելապես տիրապետի իր առարկային և սիրի իր մասնագիտությունն ու երեխաներին:

Դիստերվեգը հսկայական նշանակություն էր տալիս ուսուցչի ինքնակրթությանը: Նա մեծ նշանակություն էր տալիս ուսուցիչներին գործնական մանկավարժության ունակություններով ու հմտություններով զինելուն:

Aquote1.png Անհնար է ուրիշին տալ այն, ինչ դու չունես, և անհնար է զարգացնել, դաստիարակել և կրթել ուրիշներին, եթե ինքդ զարգացած, դաստիարակված ու կիրթ չես:
- «Ձեռնարկ գերմանական ուսուցիչների համար»
Aquote2.png


Aquote1.png Ես գտնում եմ, որ միայն այն ժամանակ կարելի է բարձրացնել ժողովրդական դպրոցը և դրա հետ մեկտեղ բարձրացնել ողջ ժողովրդական կրթությունը, երբ ժողովրդական ուսուցիչները հաղորդակից դառնան ընդհանուր մարդկային կրթությանը և ամբողջ կյանքի ընթացքում աշխատեն ավելի ու ավելի լրացնել իրենց կրթությունը[22]: Aquote2.png


Դիստերվեգը մեծ նշանակություն էր տալիս ուսուցչի անձնական օրինակին.

Aquote1.png Ես տանել չեմ կարողանում այն ուսուցիչներին, ովքեր դպրոցից դուրս են գտնվում անմիջապես, երբ հնչում է զանգը: Նրանք կարող են գիտելիքներ ունենալ, բայց հուսալի մարդիկ չեն երեխաների դաստիարակության համար: Aquote2.png


Ըստ Դիստերվեգի՝ լավ ուսուցիչն ամենից առաջ պետք է կատարելապես տիրապետի իր առարկային, սիրի երեխաներին ու դասավանդումը և այն պետք է այնպես կազմակերպի, որ նրանց մեջ ձգտում առաջ բերի դեպի գիտելիքները:

Aquote1.png Ամեն մի ճշմարիտ ուսուցման մեջ միացած են երեք գործոններ. գործի գիտենալը, սերը գործի և աշակերտի նկատմամբ, մանկավարժական ընդունակությունները: Ուսուցման այդ երեք կողմերը ուսուցչի անձնավորության մեջ միանում են որպես մի ամբողջական ներդաշնակություն, որը և աշակերտի վրա ունենում է եռակի ազդեցություն, դրա շնորհիվ նա իմանում, սիրում է այն, կամք և ուժ է ստանում՝ ճշմարտության հասնելու և նրան ծառայելու համար:
- «Դպրոցական կարգապահությունը և նրա կապը ուսուցման հետ» (հոդված)
Aquote2.png


Ուսուցչի հասարակական դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգի հասարակական-մանկավարժական գործունեության մեջ մեծ տեղ է գրավում ուսուցչի նյութական և իրավական վիճակի բարելավման համար նրա տարած պայքարը: 1859 թվականին «Մանկավարժական տարեգրքի» առաջաբանում նա գրում է.

Aquote1.png Ով ցանկանում է, որ ժողովուրդը երջանիկ լինի և լավ դաստիարակվի, նա պետք է ընդունի, որ այդ նպատակին հասնելու առաջին և անխուսափելի պայմանն է ուսուցիչների դաստիարակությունն ու կրթությունը և նրանց այնպիսի դիրքը, որը համապատասխանում է նրանց կարևոր պարտականություններին... Դուք ցանկանում եք հոգ տանել ձեր երեխաների մասին՝ ուրեմն հոգ տարեք այն մարդկանց վիճակի բարգավաճման մասին, ում վստահել եք նրանց դաստիարակությունը[23]:
- «Մանկավարժական տարեգիրք» (1859)
Aquote2.png


Ուսուցչի կյանքի պայմանների լավացումը, Դիստերվեգի կարծիքով, նրան հնարավորություն կտա էլ ավելի անձնվիրաբար նվիրվելու իր գործին և մանկավարժի մասնագիտության նշանակությունը բարձրացնելու թե՛ բնակչության, և թե իր սեփական աչքերում:

Դիստերվեգը ուսուցչի կոչումը համարում էր ամենակարևորը և նշում, որ ժողովրդին դաստիարակողները պետք է լինեն ազգի լավագույն մարդիկ: Նա ձգտում էր հենց ուսուցիչների մեջ արթնացնել իրենց քաղաքացիական իրավունքների գիտակցումը, առաջարկում էր նրանց միավորվել հատուկ կազմակերպություններում՝ պայքարել սեփական մասնագիտական շահերը պաշտպանելու, ինչպես նաև մանկավարժական փորձի փոխանակաման ու ինքնակրթության համար:

Ուսուցիչների պատրաստումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգը ուսուցիչների պատրաստմանը մեծ նշանակություն էր տալիս: Նա պահանջում էր, որ ուսուցիչների կրթությունը չսահմանափակվի միայն ապագա ուսուցիչներին գիտելիքներ հաղորդելով, այլ գիտության նկատմամբ սեր ու հետաքրքրություն առաջացնի նրանց մոտ:

Դիստերվեգը մեծ ուշադրություն էր դարձնում սեմինարիայում մասնագիտական առարկաների դրվածքին: Ուսուցչի գիտելիքները երեխայի ֆիզիոլոգիայի և հոգեբանության մասին նա անհրաժեշտ նախապայման էր համարում դաստիարակության և ուսուցման հիմունքները հասկանալու համար:

Ապագա ուսուցիչներ պատրաստող ուսումնական հիմնարկում, Դիստերվեգի կարծիքով, դասավանդումը լիովին պետք է կառուցված լինի տեսականի և գործնականի սերտ միասնության հիման վրա:

Aquote1.png Ապագա ուսուցիչների ուսուցումը բաժանվում է տեսականի և գործնականի. այսինքն՝ նրանք իրենք սովորում են և պետք է սովորեն ուսուցանել: Այս երկու կողմերը անքակտելի ձևով կապված են[24]: Aquote2.png


Դիստերվեգի մանկավարժական վարպետությունը և նրա համախմբած մանկավարժական կոլեկտիվի համերաշխ աշատանքը նպաստեցին նրա գլխավորած հիմնարկները դնելու բարձր մակարդակի վրա: Դիստաերվեգի ժամանակակիցները վկայում էին, որ նրա ղեկավարությամբ կրթություն ստացած ուսուցիչները, ինչպես իրենց ընդհանուր պատրաստությամբ, այնպես էլ դպրոցը հրաշալիորեն ճանաչելու տեսակետից, զգալիորեն տարբերվում էին գերմանական մյուս սեմինարիաների շրջանավարտներից: Նա մեծ ուշադրություն էր դարձնում իր ուսանողների կարիքներին ու հետաքրքրող հարցերի բավարարմանը, քանի դեռ նրանք գտնվում էին սեմինարիայում, իսկ ավարտելուց հետո՝ նրանց հետ սերտ կապ էր պահում: Դիստերվեգը նրանցից շատերի հետ նամակագրություն ուներ և պրակտիկ աշխատանքների վերաբերյալ նրանց միշտ ցուցումներ էր տալիս:

Դիստերվեգի դաստիարակած ուսուցիչների սերունդը համակված էր ժողովրդի նկատմամբ ջերմ համակրանքով, իրենց համոզմունքների համար պայքարելու պատրաստակամությամբ, դեպի գիտելիքները ունեցած ձգտումով և լիակատար մանկավարժական խանդավառությամբ:

Մանկավարժական տեսության ու պրակտիկայի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգի հուշարձանը Բեռլինում (հատված)

Ադոլֆ Դիստերվեգի մանկավարժական գործունեությունը և ուսմունքը ոչ միայն պատմական մեծ նշանակություն ունեն, այլև արժեք են ներկայացնում նաև մեր օրերի համար: Դիստերվեգի զարգացնող ուսուցման դիդակտիկան և նրանից բխող կանոնները, նրա մտքերը այս ուսուցման մեջ ուսուցչի ունեցած հսկայական դերի վերաբերյալ, նրա բարձր բարոյական դեմքի, նրա խոր գիտելիքների և մանկավարժական վարպետության մասին՝ մեծ արժեք ունեն:

Դիստերվեգը նպաստել է ժողովրդական դպրոցում գիտելիքների ծավալի ընդարձակմանը, նրանում դիտողականության արմատավորմանը և մի ամբողջ շարք առարկաների ուսուցման վերակառուցմանը, որոնք մինչև նրա գրքերի հրապարակ գալը դասավանդվում էին ծայրաստիճան սխոլաստիկ ձևով: Դիստերվեգը պայքարել է ռեակցիայի դեմ՝ ժողովրդական կրթության գործում: Պեստալոցցուց հետո նա ձգտում էր ուսուցման ողջ գործընթացը կառուցել երեխայի զարգացման օրենքների համաձայն: Ժողովրդական դպրոցի բարելավման համար հսկայական նշանակություն է ունեցել Դիստերվեգի բեղմնավոր աշխատանքը ժողովրդական ուսուցիչների մի ամբողջ սերունդ պատրաստելու գործում:

Պատմամանկավարժական աշխատություններում (Դեյտերս, Զիբերտ) Դիստերվեգը բնութագրվում է որպես հումանիստ, դեմոկրատ, առաջավոր մանկավարժ, ում դերը բարձր է գնահատվում մանկավարժության տեսության զարգացման գործում:

Դիստերվեգի առաջավոր գաղափարները համամարդկային դաստիարակության, ուսուցման բնահարմարության մասին մեծ տարածում են գտել ոչ միայն Գերմանիայում, այլև դրա սահմաններից դուրս: 1866 թվականին Ի. Ի. Պաուլսոնը Դիստերվեգին նվիրված իր հոդվածում գրում է. «Իմ ամբողջ մանկավարժական գիտությամբ, իմ համոզմունքների մշակմամբ ես առավելապես պարտական եմ Դիստերվեգի երկերին»:

Համառոտ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի վախճանի մասին (1817),
  • Ձեռնարկ գերմանական ուսուցիչների կրթության համար (1935),
  • Քաղաքակրթության կենսական խնդիրները (1836),
  • Ձեռնարկ մաթեմատիկական աշխարհագրության և հանրամատչելի աստղագիտության (1840),
  • Մանկավարժական իդեալները և հնարավորությունները (1857),
  • Մանկական դպրոցական ուսուցման տարրերը (1861):

Մանկավարժական հանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հռենոսյան թերթիկներ դաստիարակության և ուսուցման համար (1827 թվականից սկսած),
  • Մանկավարժական տարեգիրք (1851 թվականից սկսած):

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դաստիարակության բարձրագույն սկզբունքի մասին (1830)[Ն 2],
  • Ի՞նչ է պահանջում դպրոցից արդի ժամանակը (1830)[Ն 3],
  • Բնահարմարության և մշակութահարմարության սկզբունքները ուսուցման մեջ (1832),
  • Ո՞րն է ուսուցչի այն տարբերիչ հատկանիշը, որ հրահրում է աշակերտի հոգեկան ուժերը և ամրապնդում նրա բնավորությունը (1833)[Ն 4],
  • Տարրական ուսուցման սկզբունքը (1834)[Ն 5],
  • Գերմանական համալսարաններում տիրող կազմալուծման մասին (1836)[Ն 6],
  • Դաստիարակող ուսուցում-ուսուցանող դաստիարակություն (1841)[Ն 7],
  • Դպրոցի արտաքին կարգ ու կանոնի մասին (1842)[Ն 8],
  • Ամեն մի դպրոցական ուսուցիչ պետք է բնագետ լինի, իսկ ամեն մի գյուղական ուսուցիչ՝ բնախույզ (1842)[Ն 9],
  • Ուսուցչի ինքնագիտակցության մասին (1843)[Ն 10],
  • Դպրոցական կարգապահությունը և նրա կապը ուսուցման հետ (1844)[Ն 11],
  • Ժամանակակից մանկավարժության սկզբունքը (1845)[Ն 12],
  • Պեստալոցցու սկզբունքները դաստիարակության և կրթության գործում (1846)[Ն 13],
  • Ուսուցչության կրթության մասին (1849)[Ն 14],
  • Ժամանակակից դպրոցի ուսուցման հիմունքները (1853)[Ն 15],
  • Դիդակտիկական կատերխիզիս (1856)[Ն 16],
  • Երեք դիտողություն մանկավարժության և ուսուցիչների ձգտումների մասին (1858)[Ն 17],
  • Ինչից պետք է խուսափի ուսուցիչը ներկայում և ինչին պետք միշտ հետևի (1862)[Ն 18]:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հռենոսյան թերթիկներ դաստիարակության և ուսուցման համար» ամսագրի հրատարակությունը Դիստերվեգի հետևորդների կողմից շարունակվել է նաև նրա մահից հետո՝ մինչև 1903 թվականը:
  2. Տվյալ հոդվածում Դիստերվեգը բացահայտում է բնահարմարության սկզբունքի իր ըմբռնումը, որը նա համարում էր դաստիարակության բարձրագույն սկզբունք: Դիստերվեգի մանկավարժական հայեցակարգում այս սկզբունքը կապված է երեխային ուսումնասիրելու, ուսուցման ընթացքում նրա տարիքային և անհատական առանձնահատկությունները հաշվի առնելու պահանջի հետ:
  3. Այս հոդվածում Դիստերվեգը փորձում է ապացուցել, որ երիտասարդության բարոյական անկման պատճառը թաքնված է դպրոցական վատ աշխատանքի մեջ: Այս հոդվածի պատճառով 1831 թվականին Դյուսելդորֆ քաղաքի մագիստրատը Դիստերվեգին դատի է տվել: Դիստերվեգը մեղադրվում էր քաղաքի դպրոցները անհիմն կերպով ամբաստանելու մեջ, սակայն դատարանը արդարցրել է նրան:
  4. Այս հոդվածում Դիստերվեգը ընդգծում է, որ ուսուցումը բարերար ազդեցություն է ունենում ոչ միայն սովորողների գիտակցության, այլև կամքի վրա: Նա հոդվածում բացահայտում է «ուսուցչի դիդակտիկական ուժեր» հասկացությունը՝ որպես սովորողների մտավոր ուժերն առավելագույն չափով արթնացնելու, և նրանց մոտ ամուր բնավորություն կազմավորելուն օժանդակելու ընդունակություն
  5. Ուսուցման մեջ կարևորելով դիտողականությունը՝ Դիստերվեգը ձգտում է ցույց տալ, թե ինչպես այն պետք է իրագործվի երեխաներին գրել, կարդալ, թվաբանություն, բնագիտություն, մայրենի լեզու սովորեցնելու գործընթացում:
  6. Հոդվածում Դիստերվեգը քննադատում է Գերմանիայի բարձրագույն կրթության համակարգը, պնդելով, որ բարձրագույն դպրոցում կյանքից կտրված գիտականությունը փոխարինել է իսկական գիտություններին, իսկ պրոֆեսորները անընդունակ են երիտասարդությանն անհրաժեշտ ձևով դաստիարակելու, որովհետև հեռու են կանգնած ուսանողներից և իրենց գործունեության մեջ հաճախ առաջնորդվում են ոչ թե գաղափարական մղումներով, այլ մանր փառասիրական շարժառիթներով:
  7. Դիստերվեգը հոդվածը գրել է Բեռլինի մանկավարժական ընկերության ժողովում՝ 1841 թվականի նոյեմբերի 10-ին, իր արտասանած ճառի հիման վրա: Այդ ճառը անհրաժեշտ էր դարձել ընկերության անդամներից մեկի ելույթի կապակցությամբ, ով կասկածի տակ էր առել դպրոցի դաստիարակչական գործառույթները: Դիստերվեգի ճառը նվիրված էր այն դրույթի ապացուցմանը, որ իսկական ուսուցումն ունի միաժամանակ դաստիարակչական ուժ
  8. Հոդվածում խոսվում է այն մասին, որ երեխաների կարգապահությունը, ճիշտ ժամանակին դպրոց գալը, հստակ պատասխանները և ճիշտ խոսելը դասերի ժամանակ ոչ միայն ապահովում են արտաքին կարգ ու կանոնը դպրոցում, այլև մեծ ազդեցություն են ունենում սովորողների ամբողջ հոգեկան զարգացման վրա
  9. Հոդվածում խոսվում է բնագիտության՝ որպես ուսումնական առարկայի նշանակության, գյուղական ուսուցչի կողմից բնությունը, շրջապատող միջավայրը ուսումնասիրելու, դրա աշխարհագրական, երկրաբանական և ֆիզիկական առանձնահատկությունները գերազանց ճանաչելու անհրաժեշտության մասին
  10. Այս հոդվածում խոսվում է ուսուցչի բարձր կոչման, նրա իրավունքների և պարտականությունների մասին՝ որպես քաղաքացու և երիտասարդության դաստիարակի
  11. Այս հոդվածում Դիստերվեգը կանգ է առնում սովորողների ուժերը զարգացնող ուսուցման էության վրա: Դպրոցական կարգապահությունը նա դիտում է ոչ թե որպես ինքնուրույն երևույթ, այլ որպես այս «իսկական ուսուցման» հետևանք
  12. Այս հոդվածում Դիստերվեգը ձգտում է ապացուցել, որ ժամանակակից մանկավարժության հիմնական սկզբունքը օրինաչափությունն է, այսինքն՝ մարդու բնության մեջ դրված բնական օրենքներին համապատասխանելը: Հոդվածում զգացվում է գերմանական իդեալիստական փիլիսոփայության, մասնավորապես՝ կանտականության ազդեցությունը Դիստերվեգի վրա: Արժեքավոր է Դիստերվեգի այն դրույթը, թե իրական իմացությունը հիմնվում է զգայական ընկալումների վրա, այդ պատճաառով ժամանակակից ուսուցումը պետք է դիտողական լինի:
  13. Հոդվածը Դիստերվեգի՝ Պեստալոցցու ծննդյան 100-ամյակին նվիրված ելույթներից մեկն է: Այստեղ նա ձգտում է բացահայտել Պեստալոցցու գաղափաարների նշանակությունը գերմանական ժողովրդական դպրոցի համար: Հիմնականում այն նվիրված է երկու հարցի. 1.Պեստալոցցու հայացքներին ընտանիքի և ընտանեկան դաստիարակության մասին, 2.Պեստալցցու տարրական մեթոդին:
  14. Այս հոդվածում Դիստերվեգը ապացուցում է ուսուցիչների համար լայն ընդհանուր կրթության անհրաժեշտությունը, նա մատնանշում է, որ սեմինարիայում ամբողջ ուսուցմանը պետք է տալ մանկավարժական մասնագիտական ուղղվածություն, անխզելի կերպով իրար կապել ապագա ուսուցիչների տեսական և գործնակաան կրթությունը:
  15. Հոդվածում խոսվում է չորս սկզբունքների մասին (սուբյեկտիվ, ձևական, դիտողականության, տարրական), որոնք, Դիստերվեգի կարծիքով, կազմում են ուսուցման հիմքը ժամանակակից դպրոցում:
  16. Տվյալ հոդվածը գրված է կատերխիզիսի՝ հարցերի և պատասխանների ձևով, բացահայտում է Դիստերվեգի՝ տարրական դպրոցում թվաբանության, երկրաչափության, ֆիզիկայի և աստղագիտության ասպարեզում զարգացնող ուսուցման կենսագործմանը վերաբերող տեսակետները:
  17. Հոդվածը հետաքրքիր է, որպես Դիստերվեգի մանկավարժական յուրատեսակ հավատամք, նրա մանկավարժական հայացքների խիստ սեղմ և հատուկ բնորոշում: Այստեղ Դիստերվեգը, արդեն իր կյանքի վերջում, հանրագումարի է բերում այն սկզբունքները, որոնց նա հետևում էր իր մանկավարժական գործունեության, իր ուսմունքի մեջ. հստակեցնում է իր դիրքորոշումը կրոնի նկատմամբ. բողոքում է դավանական, ծիսակատար կրոնի, եկեղեցական դպրոցի դեմ, պահանջում է ուսուցիչների դրության բարելավում:
  18. Հոդվածն ուղղված է դպրոցական հետադիմական օրենքների դեմ: Դրանում Դիստերվեգը կոչ է անում ուսուցիչներին չհետևել իրենց պարտադրված դոգմաներին, այլ հավատարիմ մնալ առաջավոր գաղափարներին, իրագործել համամարդկային և ոչ թե նեղ ազգայնական գերմանական դաստիարակություն, մշտապես լրացնել սեփական գիտելիքների պաշարը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118525484 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. LIBRIS — 2012.
  5. Դիստերվեգ, «Մանկավարժական ընտիր երկեր», Երևան, 1963 (էջ 9)
  6. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.–2-е изд., испр. и дополн.–М.:ТЦ «Сфера», 2001.–512 с. (էջ 169)
  7. 7,0 7,1 История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.-2-е изд., испр. и дополн.-М.: ТЦ «Сфера», 2001.-512 с. (էջ 169)
  8. Diesterweg, F. A. W.: Schriften und Reden in zwei Banden. vol. 2, Berlin/Leipzig 1950 (էջ 186)
  9. Diesterweg, Lessing als Pädagog. Ausgewählte Schriften, hrsg. von Landenberg, B IV (էջ 8)
  10. Դիստերվեգ, «Մանկավարժական ընտիր երկեր», Երևան, 1963 (էջ 22)
  11. Коджаспирова Г.М. История образования и педагогической мысли: Таблицы, схемы, опорные конспекты: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений.-М Изд-во ВЛАДОС-ПРЕСС, 2003.-224 с. (էջ 93)
  12. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972 (էջ 122)
  13. Джуринский А.Н. История педагогики: Учеб. пособие для студ. педвузов.-М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000.-432 с. (էջ 239)
  14. http://www.p-lib.ru/pedagogika/mazalova/mazalova22.html
  15. История социальной педагогики: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений /Н. Ф. Басов, В. М. Басова, А. Н. Крав¬ченко.-М.:Издательский центр «Академия», 2005.- 256 с. (էջ 109)
  16. История социальной педагогики: Хрестоматия-учеб.: Учеб. пособие . Под. ред. М.А. Галагузовой. - М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000. - 544 с. (էջ 149)
  17. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.-2-е изд., испр. и дополн.-М.: ТЦ «Сфера», 2001.-512 с. (էջ 171)
  18. Иванов Е.В. История образования и педагогической мысли: Великий Новгород: НовГУ им. Ярослава Мудрого, 2002.-52 с. (էջ 31)
  19. Коджаспирова Г.М. История образования и педагогической мысли: Таблицы, схемы, опорные конспекты: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений.-М Изд-во ВЛАДОС-ПРЕСС, 2003.-224 с. (էջ 94)
  20. Дистервег А. Руководство к образованию немецких учителей// Дистервег А. Избранные педагогические сочинения. М.: Учпедгиз, 1956. С. 136-203. (էջ 15)
  21. Langenberg, Adolph Diesterweg. Sein Leben und seine Schriften, B. 1, (էջ 26)
  22. Aus Adolph Diesterwegs «Rheinischen Blättern», Pädagogik, 1954, №10 (էջ 769)
  23. Դիստերվեգ, «Մանկավարժական ընտիր երկեր», Երևան, 1963 (էջ 64)
  24. Դիստերվեգ, «Մանկավարժական ընտիր երկեր», Երևան, 1963 (էջ 61)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Давыдов, В.В. Труды А. Дистервега и современная педагогика / В.В. Давыдов // Педагогика.- 1992.-№1-2.-С. 85-89.
  2. Давыдов В. В., Труды Дистервега и современная педагогика, "Педагогика", 1992, № 1-2;
  3. Дистервег, А. Руководство для немецких учителей / А. Дистервег; обраб. и предисл. К. Ваккера; пер. с нем. А.Ф. Гретмана.-М.: Книгоизд-во К.И. Тихомирова, 1913.-321 с.: портр. - (Педагогическая библиотека; под. ред. Д.Н. Королькова).
  4. Дистервег, А. О высшем принципе воспитания / А. Дистервег //Народное образование.-1998.-№4.-С. 155-162.
  5. Дистервег, А. О природосообразности и культуросообразности в обучении / А. Дистервег // Народное образование. - 1998. - №7-8. - С. 193-197.
  6. Дистервег, Ф.А. Радость приобретенного знания: из кн. "Руководство к образованию немецких учителей" / Ф.А. Дистервег // Первое сентября. -2008. - №13-14.-С. 30.
  7. Дистервег, А. Руководство к образованию немецких учителей: приводится науч. коммент. к работе авт. "О высшем принципе воспитания"/
  8. Дистервег А.// Народное образование.-2001.-№1.-C. 247-257.
  9. История педагогики и образования: от зарождения воспитания в первобыт. обществе до конца ХХ века: учеб. пособие для пед. учеб. заведений / А.И. Пискунов [и др.] ; под ред. А.И. Пискунова.-2-е изд., испр. и доп. - М.: ТЦ "Сфера", 2001.-510 с.: ил.
  10. Керженцев, А. Учитель немецких учителей: к 100-летию со дня смерти А. Дистервега / А. Керженцев // Народное образование. - 1966. - №7.-С. 86-87.
  11. Корнилов, С.В. Педагогическое наследие А. Дистервега [к 200-летию со дня рождения нем. педагога (1790-1866)] / С.В. Корнилов // Советская педагогика. - 1990.-№11.-С. 124-129.
  12. Кухарева, Е. Педагогическая вселенная Дистервега / Е. Кухарева //Минская школа.-2006. - №4.-С. 54-57.
  13. Пискунов А. И.. Дидактич. взгляды А. Дистервега, там же. 1956, № 1;
  14. Ротенберг В. А., Дистервег об учителе, СП, 1940, № 10;
  15. Рутцен, В. Дистервег как воспитатель учителей / В. Рутцен //Образование. - С. Петербург, 1896.-№ 5-6-С. 1-30.
  16. Синицкий, Л. Из истории педагогических идей на Западе / Л. Синицкий // Вестник воспитания.-М., 1905.-№2.-С. 67-100; №3.-С. 24-63; №4.-С. 36-84.
  17. Степашко, Л.А. Гуманист и демократ Фридрих Вильгельм Адольф Дистервег (1790-1866) /Л. А. Степашко // Философия и история образования: учеб. пособие для студентов высш. учеб. заведений / Л.А. Степашко; Акад. пед. и соц. наук; Моск. психол.-соц. ин-т.-М.: Флинта, 1999.-С. 86-92.
  18. Степашко, Л.А. Философия и история образования: учеб. пособие для студентов вузов / Л.А. Степашко ; Акад. пед. и соц. наук ; Моск. психол.-соц. ин-т.-М.: Флинта, 1999.-268 с.-(Библиотека педагога-практика).
  19. Фрумов С. А., Пед. деятельность Дистервега, там же, 1951, №7;
  20. Siebert H., A. Diesterweg. Seine Bedeutung fur die Entwicklung der Erziehung und Bildung in Deutschland, B., 1953.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են