Պեպտիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պեպտիդներ, օրգանական նյութեր, կազմված են պեպտիդային կապերով իրար միացած ամինաթթվային մնացորդներից։ Ըստ վերջիններիս թվի տարբերում են երկպեպտիդներ, եռպեպտիդներ, քառապեպտիդներ և բազմապեպտիդներ (պոլիպեպեպտիդներ)։ Ցածրամոլեկուլային պեպտիդները փոքր քանակությամբ պարունակվում են համարյա բոլոր կենդանի բջիջներում։ Պեպտիդներ են մի շարք բնական կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոշ հորմոններ (ինսուլին, վազոպրեսին, օքսիտոցին), անտիբիոտիկներ (գրամիցիդին)։ Պեպտիդների մոլեկուլը գծային կամ ճյուղավորված շղթա է, որի մի ծայրում ամինային խումբն է, մյուսում՝ կարբօքսիլ խումբը։ Հանդիպում են նաև փակ շղթայով պեպտիդներ՝ ցիկլոպեպտիդներ։ Շատ բնական պեպտիդներ պարունակում են այնպիսի ամինաթթուներ, որոնք չեն հանդիպում սպիտակուցներում։ Պեպտիդներն ունեն ամֆոտեր հատկություն լավ լուծվում են ջրում, թթուներում, հիմքերում, չեն լուծվում օրգանական լուծիչներում, քայքայվում են 200—300 °C տաքացնելիս։ Կենդանի բջիջներում պեպտիդներ սինթեզվում են ամինաթթուներից կամ առաջանում են սպիտակուցների ֆերմենտային ճեղքման ժամանակ։ Քիմիական սինթեզով ստացվել են բազմաթիվ բնական պեպտիդներ։ Պեպտիդների քիմիայի հաջողությունները նպաստել են ժամանակակից կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության մի շարք կարևորագույն պրոբլեմների լուծմանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 234 CC-BY-SA-icon-80x15.png