Չարլի Փարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլի Փարքեր
Բնօրինակ անունանգլ.՝ Charlie Parker
Ծնվել էօգոստոսի 29, 1920(1920-08-29)[1][2][3][…]
Կանզաս Սիթի, Կանզաս, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ[5]
Մահացել էմարտի 12, 1955(1955-03-12)[1][3][6][…] (34 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7] կամ Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8]
Ժանրերջազ[9][10][11] և բիբոփ[12][13][14]
Մասնագիտությունսաքսոֆոնահար, ջազ երաժիշտ, երաժիշտ և կոմպոզիտոր
Գործիքներալտ սաքսոֆոն և սաքսոֆոն
ԼեյբլVerve Records, Savoy Records?, Մերկուրի Ռեքորդս և Dial Records?
ԿրթությունԼինքոլնի ավագ դպրոց և Lincoln College Preparatory Academy?
ԱնդամակցությունHoward McGhee Quintet?
ԱմուսինChan Parker?
Պարգևներ
Կայքcharliebirdparker.com
 Charlie Parker Վիքիպահեստում

Չարլի (Չարլզ) Փարքեր (անգլ.՝ Charles (Charlie) «Bird» Parker, Jr., օգոստոսի 29 1920 - մարտի 12 1955), ամերիկացի սաքսոֆոնահար և կոմպոզիտոր, բիբոփ ժանրի հիմնադիրներից մեկը։ Լուի Արմսթրոնգի և Դյուկ Էլինգտոնի հետ միասին համարվում է ջազի պատմության հեղինակավոր երաժիշտներից մեկը[16]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլի Փարքերը ծնվել է Կանզաս Սիթիում, Կանզաս նահանգ, սակայն մեծացել է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթիում։ Նա եղել է Չարլզ և Էդդի Փարքերների միակ երեխան։ Չարլին սկսել է նվագել սաքսոֆոն, երբ 11 տարեկան էր, իսկ արդեն 14 տարեկանում նվագում էր դպրոցական անսամբլում՝ վարձակալելով գործիքը դպրոցից[17]։ Երաժշտական ուղղվածության առումով Չարլիի հայրը որոշակի ազդեցություն է ունեցել. նա եղել է դաշակահար, պարող և երգիչ կրկեսում, մինչդեռ մայրը աշխատել է Western Union ընկերության տեղական մասնաճյուղում[18]։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ականների վերջին Փարքերը սկսեց լրջորեն զարգացնել կատարողականոււթյունը սաքսոֆոնի վրա։ Այդ ընթացքում նա յուրացրեց իմպրովիզացիայի հիմնական սկզբունքները և զարգացրեց մի քանի գաղափարներ, որոնք նախորդում էին բիբոպին։ Պոլ Դեզմոնդին տված հարցազրույցում Փարքերը նշել է, որ 3-4 տարի նա պարապում էր սաքսոֆոն օրվա մեջ 15 ժամ[19]։

Անվիճելի է, որ Փարքերի վրա մեծ ազդեցություն են թողել Քաունթ Բեյսիի և Բեննի Մոտենի ջազային անսամբլները։ Չարլին նվագել է տեղական բենդերում, որոնք ելույթ էին ունենում Կանզաս Սիթիի ջազ-ակումբներում։ Նա կատարելագործեց կատարողական իր տեխնիկան Բասթեր Սմիթի (ալտ սաքսոֆոնահար) ղեկավարությամբ։ 1938 թվականին Փարքերը նվագում էր դաշնակահար Ջեյ Մաքշեննի հետ, ով ղեկավարում էր պարային անսամբլ։ Վերջինս հանդես էր գալիս գիշերային ակումբներում և հարավարևմտյան ԱՄՆ-ի այլ հաստատություններում։ Անսամբլը շրջագայություններով լինում է նաև Նյու Յորքում ու Չիկագոյում։ Իր առաջին պրոֆեսիոնալ ձայնագրությունը Փարքերն իրականացրել է հենց Մաքշեննի անսամբլի հետ[20]։

Դեռահասության տարիքում Փարքերը կախվածություն է ձեռք բերում մորֆինից, երբ հիվանդանոցում է հայտնվում ավտովթարից հետո։ Արդյունքում այս կախվածությունը վերաճում է թմրամոլության, որն ուղեկցում է նրան ողջ կյանքում և որը, վերջին հաշվով, դառնում է նրա մահվան պատճառը։

Նյու Յորք[խմբագրել | խմբագրել կոդը]

1939թ.-ին Փարքերը տեղափոխվում է Նյու Յորք երաժշտի կարիերան շարունակելու նպատակով։ 1942 թվականին Չարլին հեռանում է Մաքշեննի անսամբլից, որպեսզի նվագի Էռլ Հայնսի նվագախմբում։ Այստեղ էլ ծանոթանում է շեփորահար Դիզի Գիլեսփիի հետ։ Արդյունքում Չարլին և Դիզին երկար ժամանակ դուետով են հանդես գալիս։ Դժբախտաբար, Փարքերի կարիերայի սկիզբը և նոր ժանրի՝ բիբոպի ձևավորումը գործնականում չփաստագրվեցին 1942-1943թթ.-ին Երաժիշտների ամերիկյան ֆեդերացիայի գործադուլի պատճառով։ Այս շրջանում նոր ձայնագրություններ չէին կատարվում[21]։

Նյու Յորք, 1947

Չարլի Փարքերը միացավ երիտասարդ երաժիշտների խմբի, որը նվագում էր Հարլեմի ակումբներում։ Այդ երիտասարդ երաժիշտների թվում էին Դիզի Գիլեսփին, դաշնակահար Թելոնիուս Մոնկը, կիթառահար Չարլի Քրիսթիանը և թմբկահար Կեննի Կլարկը։ Ջազի զարգացման գործում այս երաժիշտների դիրքորոշումը լավագույնս ամփոփված է դաշնակահար Մոնկի հետևյալ խոսքում․ «Մենք ուզում էինք այնպիսի երաժշտություն, որը նրանք չեն կարողանա նվագել»։ «Նրանք» ասելով էլ ի նկատի ունեին նվագախմբերի սպիտակամորթ ղեկավարներին, ովքեր յուրացրել էին սվինգի արվեստը սևամորթներից և մեծ գումարներ էին աշխատում շնորհիվ այդ երաժշտության։ Նյու Յորքում Չարլին երաշտության դասեր էր անցնում ժամանակի հայտնի կոմպոզիտոր և գործիքավորող Մորի Դոյտչի մոտ։

Բիբոփ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի 50-ական թվականներին տրված հարցազրույցներից մեկում Փարքերը հիշում է, թե ինչպես մի երեկո 1939 թվականին կիթառիստ Ուիլյամի հետ նվագում էր «Cherokee»-ն, ու միտք ծագեց՝ ինչպես կարող է փոփոխել ու յուրօրինակ ձևով ներկայացնել իր սոլոն։ Արդյունքում նրա հայտնագործումը դարձավ առավել նշանակալի ինովացիաներից մեկը ջազային երաժշտության մեջ։ Չարլին հասկացավ, որ, օգտագործելով խրոմատիկ գամմայի բոլոր 12 հնչյունները, կարելի է մեղեդին տանել ցանկացած տոնայնությամբ, ինչը խախտում էր ջազային սոլոյի սովորական որոշ սկզբունքներ[22]։

Բիբոփի ձևավորման վաղ շրջանում այս ոճը քննադատվել է սվինգի դարաշրջանի հայտնի բազմաթիվ ջազմենների կողմից։ Սակայն հին դպրոցի մի շարք երաժիշտներ էլ, ինչպիսիք էին Կոուլմեն Հոքինսը և Բենի Գուդմենը, ավելի դրական էին տրամադրված նոր ոճի նկատմամբ և անգամ նոր ուղղության ներկայացուցիչների հետ համատեղ մասնակցում էին իմպրովիզացիոն ծրագրերի և ձայնագրությունների։ Առևտրային նպատակներով թողարկվող ցանկացած ձայնագրությունների երկամյա արգելքի (1942-1944) պատճառով բիբոփի ձևավորման վաղ շրջանից շատ գործեր չեն պահպանվել։ Արդյունքում նոր երաժշտությունը ներկայացվում էր ռադիոհեռարձակմամբ համեմատաբար համեստ մասշտաբներով, և մինչև 1945 թվականը բիբոփի ներկայացուցիչները լայն լսարան չեն ունեցել։ Երբ ձայնագրությունների վերաբերյալ արգելքը հանվեց, Չարլի Փարքերը Դիզի Գիլեսփիի, Մաքս Ռոուչի և Բադ Պաուելի հետ, ասես մի վայրկյանում փոխեցին ջազային ողջ արվեստը։ Առաջին և, երևի թե ամենահռչակավոր ելույթներից մեկը՝ համերգը Նյու Յորք Թաուն Հոլում 1945 թվականի հունիսի 22-ին, փոքր կազմով վերաթողարկվեց 2005 թվականին։ Շատ շուտով բիբոփը լայն տարածում գտավ ոչ միայն երաժիշտների, այլ նաև մելոմանների շրջանում։

1945 թվականի նոյեմբերի 26-ին Փարքերը ձայնագրվեց Savoy լեյբլի համար, որը ներկայացվում էր որպես «բոլոր ժամանակների լավագույն ջազային սեսսիա»։ Այդ սեսսիայի ժամանակ ձայնագրված գործերից էին «Ko-Ko», «Now's the Time» երգերը։ Շուտով այս իրադարձություններից հետո, Չարլիի ու Դիզիի խումբը մեկնեց ոչ այնքան հաջող շրջագայության դեպի Ամերիկա, որն ավարտվեց Լոս Անջելեսում «Բիլլի Բերգս» ակումբում։ Նվագախմբի մեծ մասը վերադարձավ Նյու Յորք, բայց Փարքերը մնաց Կալիֆոռնիայում՝ փոխանակելով իր ավիատոմսը հերոինի որոշակի չափաբաժնի հետ։ Կալիֆոռնիայում նա առերեսվեց մեծ դժվարությունների՝ կապված թմրանյութերի և ալկոհոլի հետ, վերջին հաշվով նա կես տարի անցկացրեց Կամարիլլոյի պետական հոգեբուժարանում[23]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարքերի գերեզմանը Կանզասում

Չարլի Փարքերը մահացել է 1955 թվականի մարտի 12-ին, պատճառը լյարդի ցիռոզն էր, որը հավանաբար արդյունք էր վիրուսային հեպատիտի զարգացման վերջին փուլի (մեծապես հանդիպում է թմրամոլների մոտ)։ Փարքերն այնքան հյուծված էր, որ դիահերձող բժիշկը ենթադրել էր, թե նա 50-60 տարեկան կարող է լինել, այնինչ նա ընդամենը 34 տարեկան էր[24]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմմի[25]
Տարի Անվանակարգ Անվանում Ժանր Լեյբլ Արդյունք
1974 Լավագույն սոլո ելույթ First Recordings Ջազ Onyx Հաղթող
Գրեմմի փառքի սրահ[26]
Ձայնագրման տարի Անվանում Ժանր Լեյբլ Ներառման տարի
1945 Billie's Bounce Ջազ (սինգլ) Savoy 2002
1953 Jazz at Massey Hall Ջազ (ալբոմ) Debut 1995
1946 Ornithology Ջազ (սինգլ) Dial 1989
1950 Charlie Parker with Strings Ջազ (ալբոմ) Mercury 1988

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլի Փարքերի անվան Ջազի փառատոն, 2022
  • 2005 թվականին Selmer Paris ընկերությունը թողարկեց ալտ սաքսոֆոնների արտադրական սերիա Tribute to Bird անվամբ՝ Չարլիի մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ։
  • 1988 թվականին լույս տեսավ Քլինթ Իսթվուդի «Թռչուն» կենսագրական ֆիլմը՝ նվիրված Փարքերին։ Ֆիլմի գլխավոր դերում էր Ֆորեսթ Ուիթակերը։
  • City Parks հիմնադրամը ամեն տարի ամռանը Մանհեթենում կազմակերպում է Չարլզ Փարքերի անվան Ջազի փառատոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://www.nytimes.com/2007/08/24/arts/music/24park.html?ref=arts
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. Deutsche Nationalbibliothek Record #118739328 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://rateyourmusic.com/label/savoy_records/
  6. Dufour R. P. Parker, Charlie (29 August 1920–12 March 1955), alto saxophonist and jazz composer, also nicknamed "Bird" and "Yardbird" // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1800917
  7. http://www.jstor.org/stable/2931674
  8. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. http://www.cdbaby.com/cd/pappyjones3
  10. http://www.maniadb.com/artist/192300
  11. http://www.npr.org/artists/15119268/charlie-parker
  12. http://www.independent.co.uk/news/people/obituary-ronnie-scott-1316102.html
  13. http://www.nytimes.com/1985/12/15/arts/dance-view-a-jazzman-s-art-and-angst-inspire-a-choreographer.html
  14. http://rateyourmusic.com/label/giants_of_jazz/
  15. https://www.ksmhof.org/alphabetical-list/
  16. Powell, Neil (2000). The Language of Jazz (անգլերեն). Chicago: Taylor & Francis. էջ 20. ISBN 978-1-57958-277-7.
  17. «Человек-революция. Как Чарли Паркер изменил джаз во всем мире - ТАСС».
  18. GIDDINS, GARY (2013). Celebrating Bird: The Triumph of Charlie Parker. University of Minnesota Press. doi:10.5749/j.ctt4cggp6. ISBN 978-0-8166-9041-1.
  19. «Paul Desmond Interviews Bird». web.archive.org. 2014 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին.
  20. «Charlie Parker, (1920-1955)». web.archive.org. 2007 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին.
  21. DeVeaux, Scott (1988). Journal of the American Musicological Society (անգլերեն). Vol. 41. Oxford University Press, USA. էջեր 126–165. doi:10.2307/831753. ISBN 978-0-19-513241-0. ISSN 0003-0139.
  22. Giddins, Gary (1998). Visions of Jazz: The First Century (անգլերեն). Oxford University Press, USA. ISBN 978-0-19-513241-0.
  23. The Dial Recordings of Charlie Parker: A Discography (անգլերեն). Greenwood Publishing Group. 1998. ISBN 978-0-313-29168-5.
  24. Reisner, Robert George (1962). Bird: The Legend of Charlie Parker (անգլերեն). Citadel Press. ISBN 978-0-598-57666-8.
  25. «Past Winners Search». web.archive.org. 2015 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին. {{cite web}}: Text "GRAMMY.com" ignored (օգնություն)
  26. «GRAMMY Hall Of Fame». web.archive.org. 2015 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին. {{cite web}}: Text "GRAMMY.org" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլի Փարքեր» հոդվածին։