Շանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շանսոն (ֆր.՝ chanson - երգ).

1. Կուրտուազական երգի ժանրի ֆրանսիական անվանումը (համեմատել «կանցոն», «կանցո», «կանսյոն» ռոմանական լեզուներով. իտ.՝ canzone, կաթ.՝ cançó, իսպ.՝ cancion, բառացիորեն՝ երգ), 2. Ֆրանսիական էստրադային երգ կաբարե ոճով։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլիֆոն երգի ժանր, որ մշակել են նիդերլանդական դպրոցի ֆրանկո-ֆլամանդացի կոմպոզիտորները 15-րդ դարում։ Շանսոնների երևան գալը նախապատրաստվել է Գիյոմ դը Մաշոյի (14-րդ դար) բալլադներով ու ռոնդոներով։ Ֆրանսիական երաժիշտ, Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչ Կ․ Ժանեքենի (16-րդ դար) շնորհիվ շանսոնները դարձան հոմոֆոն բնույթի, ազգային վառ յուրահատկություն ունեցող երգեր, 17-րդ դարի սկզբում լիովին տեղի տվեցին հոմոֆոն երգ-ռոմանսային ժանրերին։

Շանսոնի ժանրերն օգտագործել են ֆրանսիական կաբարեի երգիչները 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի առաջին կեսին։ Առավել հայտնի են Արիստիդ Բրյուանը, Միստենգետը։ Շանսոնի այս մոդիֆիկացիան կաբարեից անցել է 20-րդ դարի ֆրանսիական էստրադային երաժշտություն։ Կաբարե ժանրի հետ մեկտեղ ֆրանսիական երգի մեջ կար «ռեալիստական (իրատեսական) երգի» (chanson réaliste) ուղղությունը, որը ներկայացվում էր գրեթե բացառապես կանանց կողմից։ Ամենահայտնի կատարողներն էին Դամիեն, Ֆրիելը և Էդիթ Պիաֆը։

50-ական թվականներին ձևավորվել են ֆրանսալեզու երգի երկու գլխավոր ուղղություններ, որոնք առկա են մինչ այժմ.

1. Դասական շանսոնի ժանրը, որտեղ առաջնային նշանակություն է տրվում երգի բանաստեղծական բաղադրիչին և հեղինակին, որը, որպես կանոն, ինքը կատարողն է՝ շանսոնիեն։ Այս ժանրն առաջին հերթին կապվում է Մորիս Շևալյեի, Շառլ Տրենյեի և Էդիթ Պիաֆի անունների հետ, որը շարունակում էր իրատեսական երգի ավանդույթը։ Այս ուղղության խոշորագույն ներկայացուցիչներն են ֆրանսիացիներ Լեո Ֆերրեն, Ժորժ Բրասենսը և բելգիացի Ժակ Բրելը։ Աշխարհահռչակ են նաև Շառլ Ազնավուրը և Սալվատորե Ադամոն, թեև նրանց ստեղծագործությունն ավելի մոտ է ավանդական էստրադային երգին։ Հենց այս բանաստեղծական-երաժշտական ուղղության ներկայացուցիչներն են լիովին համապատասխանում շանսոնիե (chansonnier) տերմինին։
Այսպես կոչված «նոր շանսոնի» (nouvelle chanson) կամ «նոր բեմի» (nouvelle scène française) ներկայացուցիչները էստրադային արտիստների ֆրանսիացի երիտասարդ սերունդն են։ Իրենց ստեղծագործության մեջ նրանք չեն հրաժարվում ժամանակակից թեթև երաժշտության նորագույն հնարքներից, ներառյալ ռոքի տարրերը, լատինաամերիկյան և տարբեր այլ էթնիկ ռիթմերը, էլեկտրոնային երաժշտությունը և այլն, բայց առաջվա պես շատ պահանջկոտ են իրենց երգերի տեքստերի նկատմամբ։ «Նոր շանսոնի» սկիզբը կապում են Դոմինիկ Ա-ի անվան հետ և դասում 20-րդ դարի վերջին տասնամյակին։ 21-րդ դարում բեմ եկած շանսոնիեներ են Բենջամին Բյոլեն, նրա քույր Կորալի Կլեմանը, Քերեն Աննը, Օլիվիա Ռուիզը և շատ ուրիշներ։
2. 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական երգի մյուս ուղղությունը էստրադային երգն է, որը կատարում են chanteurs-ը (երգիչները)։ Այս ուղղության ներկայացուցիչները նույնպես հաճախ են սեփական ստեղծագործության (բանաստեղծներ և/կամ կոմպոզիտորներ) երգերի կատարողներ, բայց բանաստեղծական բովանդակության թեթևության պատճառով նրանք շանսոնիե չեն բառիս բուն իմաստով։ Ֆրանսիական էստրադային երգերի աշխարհահռչակ կատարողներն են.

Շանսոնի և էստրադային երգի միջև սահմանը բավական պայմանական է, և ամեն մի ֆրանկոֆոն երգչի չի կարելի միանշանակորեն դասել այս կամ այն ուղղության մեջ։ Ֆրանսախոս երկրներից դուրս հաճախ ֆրանսերենով երգող բոլոր կատարողներին անվանում են շանսոնիե։

Դասական ֆրանսախոս շանսոնի այլ ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бедуш Е., Кюрегян Т. Ренессансная песня. Москва: Композитор, 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png