Մյունստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մյունստեր
գերմ.՝ Münster
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես303,28 կմ²
ԲԾՄ60±1 մետր
Բնակչություն320 946 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0251[2]
Փոստային դասիչ48143–48167
Ավտոմոբիլային կոդMS
Պաշտոնական կայքmuenster.de(գերմ.)
Մյունստեր (Գերմանիա)##
Մյունստեր (Գերմանիա)

Մյունստեր (գերմ.՝ Münster [ˈmʏnstɐ], լատին․՝ Monasterium Westphalorum), քաղաք Գերմանիայում, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում։

Մյունստերում են գտնվում Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի կարևոր դատական և վարչական հաստատությունները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը և Վերին վարչական դատարանը։ Մյունստերի եպիսկոպոսությունը, որ հիմնվել է ավելի քան 1200 տարի առաջ, համարվում է հնագույններից մեկը Հյուսիսային Գերմանիայում և մեծ դեր է խաղում Վեստֆալիայի սահմաններից դուրս։

Հեծանվորդների մեծ թիվը և քաղաքի պատմական կենտրոնը անկրկնելի տեսք են հաղորդում Մյունստերին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյունստերը գտնվում է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի հյուսիսում։ Մոտակա քաղաքներն են Օսնաբրյուկը (44 կմ դեպի հյուսիս), Դորտմունդը (61 կմ դեպի հարավ), Բիլեֆելդը (62 կմ դեպի արևելք) և Էնշխեյդեն (Նիդեռլանդներ) (65 կմ դեպի հյուսիս–արևմուտք)։

Քաղաքը Գերմանիայի 42 քաղաքային ագլոմերացիաներից մեկն է։ Իր տարածքի չափով Գերմանիայում 16-րդն է, սակայն տարածքի մեկ երրորդը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Մյունստերում տարեկան տեղումների միջին քանակը գրեթե հավասար է Գերմանիայի տարեկան տեղումների միջին քանակին, այնուամենայնիվ քաղաքը ստացել է անձրևային քաղաքի կարգավիճակ։ Պատճառը ոչ այնքան տեղումների քանակն է, որքան անձրևային օրերի թիվը։ Տարեկան միջին ջերմաստիճանը 9 °C է տարեկան 1500 արևային ժամերի դեպքում։ Համեմատած այլ գերմանական քաղաքների՝ Մյունստերը գտնվում է 20% ամպամած եղանակ ունեցող քաղաքների թվի մեջ։ Ամառվա ջերմաստիճանը համապատասխանում է երկրի միջին ջերմաստիճանին։

Քաղաքի վարչական բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյունստերը բաժանվում է 6 վարչական շրջանների․ Կենտրոն, Հյուսիս, Արևելք, Արևմուտք, Հարավ–արևելք, Հիլտրուպ։ Յուրաքանչյուր շրջան ունի իր ինքնակառավարումը, որ բաղկացած է 19 անդամներից, որոնք ընտրովի են։ Թվարկված բոլոր շրջանները իրենց հերթին ավելի փոքր կազմավորումներից են բաղկացած։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պատմությունը տևում է գրեթե 1200 տարի։ Առաջնային բնակեցումը տեղի է ունեցել 793 թվականին Կառլ Մեծի կողմից, որը հրամայել էր կառուցել ոչ մեծ վանք՝ իր նստավայրից ոչ հեռու (լատիներեն «monasterium» բառից էլ առաջացել է քաղաքի անվանումը)։ XVI դարի առաջին կեսում քաղաքի բոլոր արխիվների վերացվեցին։ Այդ իսկ պատճառով բոոր պատմական վկայությունները, որոնք վերաբերվում են մինչև նշված ժամանակաշրջանին, մասնակիորեն ոչ ճշգրիտ են և հիմնված այն փաստաթղթերի վրա, որոնք պահպանվել են քաղաքի սահմաններից դուրս։

805 թվականին Մյունստերին տրվեց քաղաքի կարգավիճակ։ Գրեթե նույն ժամանակաընթացքում սկսվեց քաղաքային ամրությունների կառուցումը։ Քաղաքային պատի երկարությունը մոտավորապես 4 կմ էր։ XIV դարի վերջին այն ամրացվեց կողքի այլ շինությունների հաշվին։ Այդ ժամանակ էլ Մյունստերը դարձավ Վեստֆալիայի տարածքով ամենամեծ քաղաքը։

1358 թվականին Մյունստերը առաջին անգամ հիշատակվում է որպես Հանզայի անդամ։ Սակայն, հնարավոր է, որ քաղաքը մինչ այդ արդեն եղած լինի միության կազմում։

Քաղաքի պատմական տեսքը․ Գեորգ Բրաուն և Ֆրանց Հոգենբերգ (1572 և 1618)։
Քաղաքի պատմական տեսքը․ Գեորգ Բրաուն և Ֆրանց Հոգենբերգ (1572 և 1618)։

1648 թվականին քաղաքում տեղի ունեցավ եվրոպական մակարդակի իրադարձություն․ կնքվեց Վեստֆալյան հաշտությունը, որը վերջ դրեց Երեսնամյա պատերազմին և Ութսունամյա պատերազմին։

Ցիտադելը Մյունստերում 1680 թվականի քարտեզի վրա

1815 թվականից մինչև 1945 թվականը Մյունստերը դարձավ պրուսական Վեստֆալիա պրովինցիայի մայրաքաղաքը։

1915 թվականին քաղաքի բնակչությունը գերազանցեց 100 000–ը։

1990 թվականի հունիսի 18–ին տեղի ունեցավ Էդուարդ Շևարնաձեի և Հանս–Դիտրիխ Հենշերի հանդիպումը։ Քաղաքի բնակիչները մեծ ուշադրություն ցուցաբերեցին քաղաքական գործիչների նկատմամբ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ռատուշա

Մյունստերի բնակչությունը ավելի քան 270 հազար է և 10 հազար մարդ էլ նշում է Մյունստերը որպես իր երկրորդ բնակության վայր։ Քաղաքի բնակչության գրեթե 9%–ը արտասահմանցիներ են։ Աշխատունակ բնակչության 6,3%–ը գործազուրկ է։ Աշխատողների 80%–ը զբաղված է ծառայության ոլորտում, 17%–ը՝ արդյունաբերության և 1%–ը՝ գյուղատնտեսության ոլորտներում։

Բնակչության կյանքի տևողության ենթադրելի տարիքը 76,3–ն է տղամարդկանց և 83,1–ը կանանց համար։ Սա ամենաբարձր ցուցանիշն է ողջ Գերմանիայում։

Տնտեսություն և արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյունստերի հիմնական աշխատաստեղծ կազմակերպխությունները երբեք չեն եղել արդյունաբերական ընկերությունները, ավելի շուտ՝ կառավարչական և ուսումնական հաստատությունները, այդ թվում և համալսարանը և շրջանի ղեկավարությունը։ Այդ իսկ պատճառով Մյունստերը հաճախ անվանում են «Վեստֆալիայի գրասեղան»։ Մյունստերը նաև մեծ դեր է խաղում շրջանում առևտրի զարգացման մեջ։ Քաղաքի կենտրոնական շրջաններում լայն տարածում ունի գյուղատնտեսությունը, որը մեծ ունի քաղաքի տնտեսության մեջ։

Մյունստերում չկան մեծ կազմակերպություններ, իսկ միջին ձեռնարկությունները փոքր թիվ են կազմում։ Հիշատակել կարելի է BASF Coatings AG–ը, BASF–ը, Brillux–ը, ինչպես նաև Westfalen AG–ը։

Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյունստերը համարվում է համալսարանական քաղաք։ Ընդհանուր առմամբ այստեղ սովորում է 50 000 ուսանող։

Մյունստերի պալատ․ Վեստֆալյան համալսարանի գլխավոր մասնաշենք

Վիլհելմի անվան Վեստֆալյան համալսարանը (գերմ.՝ Westfälische Wilhelms-Universität), որի 15 ֆակուլտետներում սովորում է 42 000 ուսանող, համարվում է Գերմանիայի խոշորագույն համալսարաններից մեկը և քաղաքի ամենախոշոր աշխատատուներից մեկը (13 000 աշխատող, ներառյալ համալսարանական հիվանդանոցը)։ Համալսարանը հիմնադրվել է 1780 թվականին։ 2004 թվականի ապրիլի 1–ից համալսարանի կազմի մեջ է մտնում նաև Մյունստերի Բարձրագույն երաժշտական դպրոցը։ Համալսարանին է պատկանում ավելի քան 280 շինություն։

1999 թվականի հուլիս–սեպտեմբեր ամիսներին համալսարանի հիվանդանոցում կատարում էին լեյկեմիայից բուժում, սակայն դրանից հետո մահացավ Ռաիսա Մակսիմովնա Գորբաչյովան։

Խոշորագույն բուհերի թվին է դասվում նաև Մյունստերի բարձրագույն մասնագիտական դպրոցը (գերմ.՝ Fachhochschule Münster)։ Նրա 12 ֆակուլտետներում սովորում է գրեթե 9 000 ուսանող (ներառյալ Շտայֆուրտի մասնաճյուղը)։ Այն հիմնադրվել է 1971 թվականին և համարվում է Գերմանիայի խոշոր մասնագիտական դպրոցներից մեկը։

Մյունստերի առաջատար հետազոտական կենտրոնը Մաքս Պլանկի անվան Մոլեկուլյար բիոբժշկության ինստիտուտն է (հիմն. 1 օգոստոսի 2001 թ.)

Քաղաքի այլ բարձրագույն ուսումնական հաստատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետական կառավարման բարձրագույն դպրոց (գերմ.՝ Fachhochschule des Bundes für öffentliche Verwaltung) (հիմնադրվել է 1978 թ.),
  • Արվեստների ակադեմիա (գերմ.՝ Kunstakademie Münster) (հիմնադրվել է 1971 թ.),
  • Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա երկրամասի Բարձրագույն կաթոլիկ դպրոց (գերմ.՝ Katholische Fachhochschule Nordrhein-Westfalen) (հիմնադրվել է 1971 թ.),
  • Գործնական կառավարման և տնտեսագիտության դպրոց։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբը «Պրոյսեն Մյունստերն» է՝ 1951 թվականի երկրի փոխչեմպիոնը։ 2011/2012 մրցաշրջանից հանդես է գալիս երկրի Երրորդ լիգայում։ USC Münster վոլեյբոլային ակումբը հանդես է գալիս առաջին վոլեյբոլային լիգայում։

Քաղաքում մշտապես անցկացվում են սպորտային միջոցառումներ։

Մշակույթ և զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Պավել տաճարը

Մյունստերը հարուստ է ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից ճարտարապետության գլուխգործոցներով։ Քաղաքի պատմական տեսքը ձևավորվել է առաջին հերթին եկեղեցիների շնորհիվ, որոնց թիվը քաղաքում գերազանցում է 20–ը։ Նրանց մեջ հատուկ տեղ են զբաղեցնում Սուրբ Պավելի տաճարը (գերմ.՝ St.-Paulus-Dom) և Լամբերտիկիրխեն (գերմ.՝ Lambertikirche)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում քաղաքի կենտրոնական մասը գրեթե ամբողջովին ավերվել էր, սակայն շատ և շատ շինություններ վերականգնվել են։ Ժամանակակից ճարտարապետության ստեղծագործությունների մեջ կարելի է նշել քաղաքային թատրոնի շինությունը (գերմ.՝ Städtische Bühnen) և քաղաքային գրադարանը;

10 տարին մեկ անգամ քաղաքում անցկացվում է ճարտարապետական քանդակների միջազգային մրցույթ, որից հետո քաղաքը հարստանում է տարբեր քանդակներով, որոնց թիվը ներկայումս հասել է 60–ի։

Տարեկան քաղաք են այցելում ավելի քան 5 միլիոն զբոսաշրջիկներ։ Մոտավորապես 478 հազար մարդ, որոնցից 47000–ը՝ արտասահմանցիներ, մնում են քաղաքում մի քանի օրով և միջինը այնտեղ անցկացնում երեք օր։ Մյունստերը հյուրերի սիրելի է այնտեղ անցկացվող տեղական տոների՝ EuroCityFest–ի, սուրբծննդյան շուկայի և Send տոնավաճառի շնորհիվ։ Այդ իրադարձությունները բազում հյուրեր են գրավում Ռուրի մարզից և Նիդեռլանդներից։

Քաղաքում կա 8 թատրոն, 30 թանգարան (այդ թվում՝ հնէաբանական, պալոօնթոլոգիական թանգարանները, Աստվածաշնչի թանագարանը և այլն), կենդանաբանական այգի, 80 հյուրանոց՝ մոտավորապես 7 000 տեղով, գրեթե 800 սրճարան և ռեստորան։

Համայնապատկեր․ ձախից՝ բնակելի թաղամաս, իսկ կենտրոնում երևում են քաղաքի պատմական կենտրոնի եկեղեցիների աշտարակները։
Համայնապատկեր․ ձախից՝ բնակելի թաղամաս, իսկ կենտրոնում երևում են քաղաքի պատմական կենտրոնի եկեղեցիների աշտարակները։

Տարբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեծանիվների վարձույթի և պահպանման կայան Մյունստերի կայարանում

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991, 2004, 2005 - «Ամենաընկերասեր քաղաքը հեծանվորդների համար» (Շրջակա միջավայրի և բնության պաշտպանության միություն)։

2004 - «Բնակվելու լավագույն քաղաք» (LivCom-Award)։

2001 - «Քաղաքի կենտրոնական հատվածների հասանելիությունа» ազգային մրցույթի հաղթող։

2004 - «Սիրտ երեխաների համար» նախաձեռնության համար քաղաքը անվանվել է «ամենաընկերասեր քաղաքը երեխաների համար»։

2005 - European Energy Award–ի ոսկե մեդալ։

2006 - «Մեր քաղաքը բարգավաճում է» (գերմ.՝ Unsere Stadt blüht auf) համազգային մրցույթի ոսկե մեդալ։

2007 - «Entente Florale» միջազգային մրցույթի ոսկե մեդալ։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կա՛մ անձրևում է, կա՛մ Մյունստերում հնչում են զանգերը։ Եթե և՛ մեկը, և՛ մյուսը, ապա այսօր կիրակի է» - տեղական ասացվածք։
  • «Գերմանիայի գեղեցկագույն քաղաքներից մեկը» - Հանս Գյունտեր Վինկլեր, օլիմպիական և աշխարհի բազմակի չեմպիոն։
  • «Գեղեցիկ, պարզապես ազնվագույն քաղաք։ Այստեղ մեծագույն անցյալը համապատասխանում է դինամիկ ներկային։ Ապշեցուցիչ է։» - Բենեդիկտ XVI:
  • «Այս ամենը ավերվե՞լ է։ Դա ընդհանրապես տեսանելի չէ։» - Էդուարդ Շևարդնաձե։
  • «Մյունստերում ես անկրկնելի հնարավորություն ունեի հանդիպել քաղաքի հրաշալի պատմության հետ և մասնակցել նրան» - Հենրի Քիսինջեր։

Հանրահայտ բնակիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանց ֆոն Զոնենբերգ (1779-1805) - գերմանացի բանաստեղծ,
  • Գյունտեր Յաուխ (ծնվ. 1956) - գերմանացի հաղորդավար և պրոդյուսեր,
  • Տանիտա Տիկարամ (ծնվ. 1969) - անգլիացի երգչուհի,
  • Քրիստիան Պանդեր (ծնվ. 1983) - գերմանացի ֆուտբոլիստ,
  • Գերման Լանդուա (1835-1905) - գերմանացի կենդանաբան,
  • Ալֆրեդ Դեգեր - գերմանացի պահպանողական քաղաքական գործիչ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]