Մարիո Բենեդետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիո Բենեդետտի
իսպ.՝ Mario Orlando Hardy Hamlet Brenno Benedetti Farrugia
Ծննդյան անունիսպ.՝ Mario Orlando Hardy Hamlet Brenno Benedetti Farrugia
Ծնվել էսեպտեմբերի 14, 1920(1920-09-14)[1][2][3][…]
ԾննդավայրՊասո դե լոս Տորոս, Տակուարեմբո, Ուրուգվայ
Վախճանվել էմայիսի 17, 2009(2009-05-17)[1][2][3][…] (88 տարեկան)
Վախճանի վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[4]
ԳերեզմանՄոնտեվիդեոյի կենտրոնական գերեզմանատուն
Գրական անունDamocles[5] և Mario Benedetti
Մասնագիտությունգրող, լրագրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ և վիպասան
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Ուրուգվայ[6][7]
Ժանրերվեպ, պատմվածք, պոեզիա, թատրոն և էսսե
Գրական ուղղություններGeneración del 45?
Ուշագրավ աշխատանքներThe Truce?
ԿուսակցությունԼայն ճակատ
Պարգևներ
 Mario Benedetti Վիքիպահեստում

Մարիո Բենեդետտի (իսպ.՝ Mario Benedetti, ամբողջական անունը՝ Մարիո Օռլանդո Համլետ Հարդի Բրեննո Բենեդետտի Ֆարուջիա, սեպտեմբերի 14, 1920(1920-09-14)[1][2][3][…], Պասո դե լոս Տորոս, Տակուարեմբո, Ուրուգվայ - մայիսի 17, 2009(2009-05-17)[1][2][3][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[4]), ուրուգվայցի լրագրող, բանաստեղծ, գրող, դրամատուրգ, գրականագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդետտին ծնվել է իտալական ներգաղթյալներ Բրեննո Բենեդետտի և Մատիլդա Ֆարուջիաների ընտանիքում։ Չորս տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Մոնտեվիդեո, որտեղ կենտրոնացված էր Ուրուգվայի բնակչության մեկ երրորդ մասը։ Հայրն ուներ ոչ մեծ դեղատուն, ընտանիքն ապրում էր աղքատիկ, հաճախ էր հայտնվում ծանր վիճակում։ 1928-1933 թվականներին Բենեդետտին հաճախել է Մոնտեվիդեոյի գերմանական դպրոց, իսկ դրանից հետո՝ ևս մեկ տարի Միրանդա լիցեյ։ 1935 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված էր թողնել դպրոցը։

14 տարեկանից Բենեդետտին ստիպված է եղել աշխատել ավտոմեքենաների պահեստամասերի ընկերությունում[9]։ 1938-1941 թվականներին նա ապրել է Բուենոս Այրեսում, որտեղ աշխատել է փոքր հրատարակչությունում՝ որպես սղագրող։ Հետագայում Բենեդետտին անցել է տարբեր հիմնարկներով, որոնք նրա համար դարձել են կյանքի դպրոց։ 1945 թվականին Բենեդետտին վերադարձել է Մոնտեվիդեո և ընդունվել աշխատանքի «Մարչա» շաբաթաթերթի խմբագրությունում։ Այստեղ աշխատել է մինչև 1974 թվականը ներառյալ, երբ խմբագրությունը փակվել է Խուան Մարիա Բորդաբերիի իշխանության ճնշման տակ։ Սկսած 1954 թվականից՝ Բենեդետտին գլխավորել է խմբագրության գրականության բաժինը։

Միաժամանակ նա ղեկավարում էր նաև «Մարգինալիա» (Marginalia) գրական թերթը (1948-1949)։ Հետագայում՝ 1949 թվականին, դարձել է Ուրուգվայի ամենահայտնի ամսագրերից մեկի` «Նումերո» (Número) գրական ամսագրի խմբագրակազմի անդամ։ 1964 թվականին նա աշխատել է «Լա Մանյանա» (La mañana) օրաթերթում որպես թատերական քննադատ և գրականությանը նվիրված էջի պատասխանատու։ Գրախոսել է «Լա Տրիբունա Պոպուլար» (La tribuna popular) կինոնկարը և համագործակցել հումորային «Պելոդուրո» (Peloduro) ամսագրի հետ։ Գրել սկսել է վաղ։ Մանուկ հասակում գրել է արկածային վեպ, որին հաջորդել են բանաստեղծությունները։ Առաջին գիրքը հրատարակվել է 1945 թվականին, սակայն նրան լայն ճանաչում է բերել «Կարճատև դադար» վեպը` տպագրված 1960 թվականին։

1966 թվականին Բենեդետտին «Ամերիկայի Տուն» Կուբայի մշակույթի ինստիտուտի կողմից շնորհվող մրցանակի ժյուրիի անդամներից էր, որտեղ ծանոթացել է Ռուբեն Դարիոյի հետ։ 1967 թվականին նա մասնակցել է Լատինական Ամերիկայի գրողների երկրորդ կոնգրեսին։ Նույն տարում դարձել է «Ամերկիայի Տուն» ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ և գլխավորել գրականության հետազոտության կենտրոնը` աշխատելով այնտեղ մինչև 1971 թվականը։

1960-ականների վերջին և 70-ականների սկզբին Մարիո Բենեդետտին վարել է ակտիվ հասարական-քաղաքական կյանք։

1971 թվականին նա դարձել է Մոնտեվիդեոյի հանրապետական համալսարանի (Universidad de la República) փիլիսոփայական ֆակուլտետի իսպանա-ամերիկյան գրականության բաժնի տնօրեն։

Նույն թվականին Բենեդետին, որն ակտիվ դիրքորոշում էր որդեգրել 1948 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ստորագրված միջամերիկյան ռազմական պայմանագրի դեմ, Տուպամորսի անդամների հետ հիմնել է «Մարտի 26-ի շարժումը»՝ դառնալով «Լայն ճակատ»-ի ձախ կոալիցիայի մասը։

Ռազմական հեղաշրջումից հետո՝ 1973 թվականին, կորցրել է համալսարանի իր պաշտոնը և ստիպված 12 տարով լքել Ուրուգվայը։ Սկզբում գնացել է Բուենոս Այրես, իսկ հետո` 1976 թվականին, Կուբա։ 1980 թվականին նա տեղափոխվել է Պալմա դե Մալյորկա։ 2 տարի անց նա սկսել է աշխատել «El País» շաբաթաթերթում, իսկ սկսած 1983 թվականից ապրել է Մադրիդում։

1983 թվականի մարտին Բենեդետտին վերադարձել է Ուրուգվայ՝ սկսելով ստեղծագործական նոր փուլ։ Նա ղեկավարել է «Brecha» ամսագրի խմբագրությունը, որը դարձել էր «Marcha»-ի հաջորդողը։

Էլիսեո Սուբելիի «Սրտի մութ կողմը» (El lado oscuro del corazón) արգենտինական գեղարվեստական ֆիլմում, որը էկրան է բարձրացել 1992 թվականին, ներկայացվում է ուրուգվայցի պոետի կյանքը, որն ուղեկցվում է Մարիո Բենեդետտիի, Օլիվերիո Հիրոնդոյի և Հուանա Հելմանայի բանաստեղծություններով։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Բեռլինի կինոփառատոնում և Բենեդետտիին հայտնի դարձրել լայն լսարանի համար։

Բենեդետտին մշտապես իր ժամանակի մի մասը ապրել է Մոնտեվիդեոյում, իսկ մի մասը՝ Մադրիդում։

2006 թվականի հունվարի 26-ին Մարիո Բենեդետտին միացել է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Գաբրիել Գարսիա Մարկեսը, Էրնեստո Սաբատոն, Տյագո դե Մելյոն, Էդուարդո Գալեանոն, Կարլոս Մոնսիվայսը, Պաբլո Արմանդո Ֆերնանդեսը, Խորխե Էնրիկ Ադոումը, Պաբլո ՄԻլանեսը, Լուիս Ռաֆաել Սանչեսը, Մայրո Մոնտերոն և Անա Լիդիա Վեգան, որոնք պահանջում էին Պուերտո Ռիկոյի անկախությունը[10]։

Բենեդետտիի վերջին գիրքը` «Testigo de uno mismo» բանաստեղծությունների ժողովածուն, հրատարակել է 2008 թվականին։ Մադրիդի իր գրադարանի մեծ մասը նա հանձնել է Ալիկանտեի հետազոտական համալսարանին։

Մարիո Բենեդետտին մահացել է 2009 թվականի մայիսի 17-ին՝ 89 տարեկան հասակում, Մոնտեվիդեոյի իր տանը[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Մարիո Բենեդետտին ամուսնացել է Լուս Լոպես Ալեգրեի հետ։ 1973 թվականի հեղափոխությունից հետո Լուս Լոպես Ալեգրեն մնացել է Ուրուգվայում՝ հոգ տանելու իր ծնողների մասին, ուստի ամուսինները 10 տարի միմյանց չեն տեսել։ Լուս Լոպեսը մահացել է 2006 թվականին Ալցհայմերի հիվանդությունից։ Կնոջ մահը Մարիոյի առողջության վրա բացասաբար է ազդել։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1949-1958 թվականներին Բենեդետտին բազմիցս արժանացել է Ուրուգվայի կրթության նախարարության մրցանակին, որից նա հետագայում հրաժարվել է որոշ գրողների նկատմամբ կատարվող կողմնակալության պատճառով։

1982 թվականին Կուբայի պետական խորհուրդը նրան հանձնել է Ֆելիքս Վարելայի շքանշան, իսկ 1989 թվականին՝ Աիդա Սանտամարիայի մեդալ։

1986 թվականին գրական ստեղծագործությունների համար արժանացել է Խրիստո Բոտևայի բուլղարական մրցանակի։ 1987 թվականին Բրյուսելի «Միջազգային համաներում» մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը նրան պարգևատրել է «Ոսկե բոց» մրցանակով «Գարուն` պառակտված անկյունով» (Primavera con una esquina rota) վեպի համար, որը հետագայում թարգմանվել է աշխարհի 12 լեզուներով։

Բենեդետտիի «Կարճատև դադար» (La tregua) վեպը արգենտինական ռեժիսոր Սերխիո Ռենանայի (Sergio Renán) էկրանավորմամբ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ որպես 1975 թվականի լավագույն օտարալեզու ֆիլմ։ Այն նաև արժանացել է Ֆեդերիկո Ֆելինիի «Ամարկորդ» մրցանակի։

1996 թվականի նոյեմբերի 30-ին Բենեդետտին ստացել է Խուան Խոսե Մորոսոլիի մրցանակ։ 1999 թվականին պարգևատրվել է թագուհի Սոֆիայի իբերո-ամերիկյան պոեզիայի մրցանակով, իսկ 2000 թվականին՝ Խոսե Մարտինի անվան միջամերիկյան մրցանակով։

2004 թվականին Իսպանիայի Խաեն նահանգի Ալկալա լա Ռեալ քաղաքում Բենեդետտին ստացել է միջազգային էթնիկական փառատոնի «Էթնոսուր» մրցանակ։

2005 թվականի հունիսի 7-ին Սանտանդերի Մենենդես-ի-Պելայոյի միջազգային համալսարանը պարգևատրել է նրան միջազգային Մենենդես-ի-Պելայո մրցանակով` 48 000 եվրոյի չափով։

2007 թվականի դեկտեմբերի 18-ին Բենեդետտին շնորհվել է Ֆրանսիսկո Միրանդայի առաջին կարգի շքանշան, որը Վենեսուելայի բարձրագույն մրցանակն է մշակույթի ոլորտում ունեցած ներդրումների համար։

Բենեդետտին եղել է Ուրուգվայի Հանրապետության համալսարանի, Ալիկանտեի և Հավանայի համալսարանների պատվավոր դոկտոր, Մոնտեվիդեոյի Գրականության ազգային ակադեմիայի պատվավոր անդամ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիո Բենեդետտին գրել է մոտ 60 վեպ, հարյուրավոր բանաստեղծություններ, կարճ պատմություններ և պիեսներ։

Քնարերգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1945՝ La víspera indeleble - առաջին հրատարակված գիրքը
  • 1956՝ Poemas de oficina
  • 1963՝ Inventario, Poesía 1950-1958, Poemas del hoyporhoy
  • 1977՝ La casa y el ladrillo
  • 1981՝ Viento del exilio
  • 1986՝ Preguntas al azar
  • 1988՝ Yesterday y mañana
  • 1991՝ Las soledades de Babel
  • 1994՝ Inventario dos (1985-1994)
  • 1995՝ The Exercise of Discretion: Oblivion Is Full of Memory
  • 1996՝ El amor, las mujeres y la vida. Poemas de amor.
  • 1997՝ La vida ese paréntesis
  • 2002՝ Insomnios y Duermevelas,
  • 2004՝ Defensa propia,
  • Little Stones At My Window,
  • Poemas de otros
  • Noción de Patria
  • Sólo mientras tanto
  • Quemar las naves
  • A ras de sueño
  • Letras de emergencia
  • 2008: Testigo de uno mismo

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977՝ La vecina orilla - Մոտակա ափ (թարգմանվել է ռուսերեն)
  • 1960՝ Montevideanos - Մոնտեվիդեացիները (հավաքածու)
  • Aquí se respira bien - Այստեղ հեշտ է շնչել
  • Los pocillos - Սուրճի բաժակներ
  • Acaso irreparable - Հնարավոր է, անուղղելի (թարգմանվել է ռուսերեն)
  • Escrito en Überlingen
  • El reino de los cielos
  • Miss Amnesia - Միսս Մոռացություն (թարգմանվել է ռուսերեն)
  • Una carta de amor
  • La noche de los feos - Տգեղների գիշերը
  • La sirena viuda
  • El buzón del tiempo և այլն

Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960՝ El país de la cola de paja
  • La Colección

Սիրավեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1953՝ Quién de Nosotros
  • 1960՝ La tregua - Դադար (թարգմանվել է ռուսերեն), 1974 թվականի համանուն ֆիլմի հիմքն է
  • 1965՝ Gracias por el fuego - Շնորհակալություն կրակի համար (թարգմանվել է ռուսերեն), 1984 թվականի համանուն ֆիլմի հիմքն է
  • 1971՝ El cumpleaños de Juan Ángel
  • 1982՝ Primavera con una esquina rota - Բացված անկյունով գարունը (թարգմանվել է ռուսերեն)
  • 1982՝ Vientos del exilio
  • 1984՝ Geografías
  • 1991՝ Las soledades de Babel
  • 1993՝ La borra del café
  • 1996՝ Andamios
  • 2003՝ El porvenir de mi pasado

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958՝ Ida y Vuelta
  • 1979՝ Pedro y el capitán

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենեդետտիի «Կարճատև դադար» (La tregua) վեպը, որն էկրանավորել է արգենտինական ռեժիսոր Սերխիո Ռենանան (Sergio Renán), առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ որպես 1975 թվականի լավագույն օտարալեզու ֆիլմ։ Այն նաև Ֆեդերիկո Ֆելինիի կողմից արժանացել է «Ամարկորդ» մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 todotango.com (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118508873 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  7. National Library of Uruguay — 1815.
  8. https://secretariageneral.uva.es/competencias/doctores-honoris-causa/
  9. «Fundación Mario Benedetti». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  10. El lado oscuro del corazón(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  11. Benedetti dies

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Բենեդետտի» հոդվածին։