Մասնակից:Մերի Տոնեյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմն ունի հայ ժողովրդական բանահյուսությունից վերցված բնաբան. «Ցավը տվեց սարերին՝ սարերը չտարան, ցավը տվեց մարդուն՝ մարդը տարավ»: Այս իմաստությունը արտահայտում է, մի կողմից, ընդհանրապես մարդու հզորության միտքը, մյուս կողմից համաշխարհային պատերազմի մարտահրավերն ընդունած մարդկության հաղթանակը չարիքի ու բռնության ուժերի դեմ:

«Բիբլիականը» այն գաղափարի խտացումն է, ըստ որի՝ ցավն ու տառապանքը մարդուն մաքրում են մեղքերից, դարձնում հրաշագործ, հնարամիտ,անընդհատ որոնող, ինչն էլ իմաստավորում է կատարելության հասնելու մարդկային ձգտումը: Մարդու կողմից Աստծու որոնումը Շիրազը պատկերել է ամբողջ պոեմի ոգին խտացնող այս արտահայտությամբ.

{{{1}}}
- . Այնինչ՝ նիրհում է աստված իր հոգում:

Այսինքն՝ կատարյալը մարդու մեջ է, և նրա տենչը՝ հասնելու կատարելության, իր էության մեջ կատարվող ներքին պայքարն է: Զգալով իրենց պակասություններն ու թերացումները՝ մարդիկ մտովի հորինում են կատարելության պատրանքը և դրան հառում իրենց հայացքները: Փաստորեն, անկատար և կատարյալ մարդու միջև եղած տարբերության հաղթահարումն էլ դառնում է այն ռոմանտիկ ձգտումը, որը և բորբոքում է կյանքն իմաստավորելու ցանկություն:

Այս պոեմում Շիրազն իր տաղանդի ամբողջ ուժով ստեղծել է մարդու ներքին տարերքի երգը, տիտանական ուժի երգը, որը կապվում է հայ ժողովրդի բարոյական զորության, անհուն մաքառումների հետ:

Գրական զուգահեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիբլիական պոեմն իր խոհափիլիսոփայությամբ խորը աղերսներ ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հետ: Նարեկացու քնարական հերոսն ինքն իրեն հաստատել է՝ Աստծու առաջ իր թերի, աղավաղված էութան խոստովանությամբ և ձգտել դեպի կատարյալը, որն անհասանելի է։ Շիրազի պոեմում մարդն իրեն առավել չափով շարժման է մղել ցավի ու վշտի արտաքին ազդակներով, որոնք, աստիճանաբար վերածվելով ներքին հոգեբանական գործոնի, նրան պարտադրել են մաքառումներով նվաճելու իր կարողության սահմանները։ Շիրազի քնարական հերոսը «Ոգու ներդաշնակության» հասնելու ուղին սկզբում որոնել է իրենից դուրս և ապա միայն գիտակցել, որ իրենից դուրս եղածը կա այնքանով, որքանով արտացոլված է իր երազանքների մեջ։

Մարդուն վիճակված տառապանքներ և տառապանքի ուղի, մարդը որպես մահկանացու, և մարդը որպես Աստված՝ սրանք են պոեմի հիմնադրույթները: Այս մտայնությունը հայ գրականության մեջ Նարեկացուց առաջ արտահայտվել է նաև Մեսրոպ Մաշտոցի ապաշխարանքի երգերում, իսկ հետագայում ողողել Հովհաննես Թումանյանի ամբողջ պոեզիան:

Ի տարբերություն ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Կաֆկայի «Պրոցես» վեպում առաջ քաշված այն հարցադրմանը, ըստ որի աշխարհը դատապարտված է, որովհետև հակամարդկային է, իսկ անհատը չի կարող մարտնչել չարի և անհատին խորթացած ուժերի դեմ, Շիրազը ցույց է տվել, որ մեծ են մարդու ներքին հնարավորությունները ու դիմադրելու ընդունակությունը, նա կարող է գոյատևել անգամ բռնության ու տառապանքի ամենահրեշավոր պայմաններում:

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բիբլիականը» աչքի է ընկնում գեղարվեստական կատարելությամբ։ Տիեզերքի կենտրոնում կանգնած մարդուն Շիրազը պատկերել է վիթխարի չափանիշների խտացումով և պատկերների արտասովոր հորձանքով։ Փոխաբերությունների, համեմատությունների ու մակդիրների թարմությունը նոր տեսանկյուն են բացել նաև մարդու ու աշխարհի հարաբերության մեջ, ավելի ցայտուն ուրվագծել բնությունը.

Ամպերով գոռաց երկիմքը զարհուր,

Ցավից անձրևը կարկուտի փոխվեց,

Անեծք կայծակեց ու լացեց անհույս,

Ու մնաց լուսինն աչքում երկնքի

Որպես մի շիթը սառած արցունքի։

Այս պատկերը փոխաբերությունների մի ամբողջական համաձուլվածք է, ինչպես ամպերով գոռացող երկինքը, ցավից կարկուտի փոխվող անձրևը, կայծակող անեծքը, երկնքի աչքը։ Փոխաբերական է նաև լուսինը որպես սառած արցունքի շիթ համեմատությունը։

Հովհաննես Շիրազը Նարեկացուց հետո համեմատության հակադրության խոշորագույն վարպետն է հայ քնարերգության մեջ: Աշխարհի անընդմեջ շարժման զգացողությամբ նա անընդհատ զուգադրել է ծնունդի ու մահվան պարագծերը և հասել մարդկային ամբողջ կյանքը սոսկ մեկ «մահ-վայրկյանի» հանգեցնելու գաղափարին։ Կյանքի ու մահվան հարցասիրությունը մեկ անգամ չէ, որ Շիրազին հասցրել է շեքսպիրյան մենախոսությունների՝ տեսնելով մահվան մեջ կյանք, կյանքի մեջ՝ մահ՝ որպես բնության մշտանորոգ շարժում։

  1. Աղաբաբյան Սուրեն (1965)։ Սովետահայ գրականության պատմություն։ Երևան: Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն։ ISBN 06739
  2. «Հովհաննես Շիրազ | Բիբլիական | համառոտ»։ Տարընթերցում։ Վերցված է 2020-12-17
  3. Թամրազյան Հրանտ (2010)։ Երկեր։ Երևան: Նաիրի։ էջ 717։ ISBN 9785550016213