Գեղարվեստական ոճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեղարվեստական ոճը գրական ստեղծագործությունների լեզվի առանձնահատկությունն է։ Այն պատկերավոր մտածողության դրսևորում է, որը իրականացվում է պատկերավորման և լեզվի արտահայտչամիջոցների կիրառմամբ, բառերի փոխաբերական գործածությամբ, երբեմն նաև որոշակի հնչյունական կազմ ունեցող բառերի նպատակային ընտրությամբ։ Եթե գրական լեզվի նորմերի պահպանումը գործառական մյուս ոճերի դեպքում պարտադիր է, ապա գեղարվեստական լեզուն հաճախ է շեղվում ընդունված նորմերից։ Դրանց շնորհիվ հզորանում է խոսքի ներգործության ուժը, ասելիքը դառնում է պատկերավոր։ Գեղարվեստական լեզուն գրական լեզվի մի տարբերակ է, որը ստեղծվում, զարգանում և անվերջ հարստանում է գրողների ստեղծագործությունների միջոցով։ Այն ամենատարողունակն է և բառապաշարի հարստությամբ, և քերականական զուգաձևություններով, և լեզվի ու պատկերավորման միջոցների գործածության բազմազանությամբ։ Գեղարվեստական լեզվի հարստությունն ու ինքնատիպությունը դրսևորվում են լեզվական բոլոր մակարդակներում։

Հնչյունական յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշակի հնչյունական կազմ ունեցող բառերի միջոցով բանաստեղծության զգացմունքային կողմը ուժգնացնելու հնարքը գեղարվեստական գրականության մեջ համեմատաբար քիչ է հանդիպում։ Հայ գրականության մեջ բաղաձայնույթի հաջող կիրառություններով աչքի են ընկել Գրիգոր Նարեկացին, Միսաք Մեծարենցը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը և այլք։ Առավել սակավ են առձայնույթի գործածության դեպքերը։ Առձայնույթն ավելի հաճախ գործածվում է բանաստեղծական տողերը հանգավորելու համար, որտեղ կարևորվում է հատկապես վերջին վանկի ձայնավորը։

Բառապաշարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ոճի կարևոր արժանիքներից է բառի փոխաբերական գործածությունը, որով խոսքը դառնում է առավել խորիմաստ և պատկերավոր։ Հատկապես այս հնարքի շնորհիվ են ստեղծվում գեղարվեստական լեզվի յուրօրինակությունն ապահովող պատկերավորման և արտահայտչական միջոցները։ Թեև գեղարվեստական լեզուն գրական լեզվի մի տարբերակ է, սակայն, ի տարբերություն գործառական մյուս ոճերի, այս ոճում չկա բառապաշարի մի շերտ, որի գործածությունն այս ոճում բացառվի։

Համագործածական բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործածական բառերը գրական լեզվի բառապաշարի ամենածավալուն շերտն են կազմում և գործառական բոլոր ոճերում էլ ամենից հաճախ կիրառելին են։ Այս բառերը հազվադեպ են նպաստում խոսքի ոճավորմանը։ Կիրառական տարբեր ոճերում այս բառերը ոճական առումով համեմատաբար չեզոք են։ Համագործածական բառերը նոր իմաստ ու նրբերանգ հաղորդելու միջոցով գեղարվեստական խոսք կռելու արվեստը բնորոշ է բոլոր առաջնակարգ գրողներին։

Բարբառային և ժողովրդախոսակցական բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական լեզվի զարգացման համար բառապաշարային ու քերականական ձևերի հարուստ գանձարան են բարբառները։ Բարբառային և ժողովրդախոսակցական բառերից չօգտվելու դեպքում գրական լեզուն կարող է վերածվել կաղապարված ու անկենդան գրքային լեզվի և որոշ ժամանակ անց բավականաչափ կհեռանա կենդանի խոսքից։ Սակայն բարբառային բառերից, առավել ևս քերականական ձևերից օգտվելը մեծ հմտություն է պահանջում։ Երբեք չի կարելի չարաշահել ո՛չ խոսակցական, ո՛չ բարբառային տարրերի գործածությունը։ Հակառակ դեպքում գեղարվեստական խոսքը կկորցնի իր համակարգային ամբողջականությունը, կդառնա բարբառախառն և հանրության համար դժվարընկալելի[1]։

Հնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես բարբառային բառերի, այնպես էլ հնաբանությունների գործածությունը գեղարվեստական խոսքում ինքնանպատակ չպետք է լինի։ Հնաբանություններին՝ քնած բառերին, դիմելու համար ևս գրողից մեծ ճաշակ և վարպետություն է պահանջվում։ Պատմական թեմաներով գրված ստեղծագործություններում դարաշրջանի շունչն ու կոլորիտը վերարտադրելու համար նպատակային է երբեմն գործածել նաև հնաբանություններ։ Ընդ որում, հնաբանություններից պատմաբառերը՝ ժամանակի ընթացքում գործածությունից դուրս եկած իրերի, առարկաների, պաշտոնների անվանումները պատմականությանը նպաստում են ավելի շատ ճանաչողական առումով, քան ոճական, որովհետև դրանք ոչ թե գեղարվեստական պատկեր են կերտում, այլ մասնակցում են պատմական միջավայրի նկարագրությանը։

Նորակազմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական երկերի հեղինակների կողմից նորակազմությունների ստեղծումը բացառապես սուբեկտիվ երևույթ է՝ միտված խոսքի նրբերանգային կողմերն ընդլայնելուն։ Այս բնագավառում ստեղծված նորակազմությունների գերակշիռ մասը մնում է տվյալ ստեղծագործության էջերում՝ որպես դիպվածային նորաբանություն, և միայն փոքր թվով բառեր, ժամանակի ընթացքում ուրիշների կողմից ևս գործածվելով, անցնում են գրական լեզվին։ Սակայն հենց գեղարվեստական խոսքում հանդիպող նորակազմություններն են,որ, անցնելով գրական լեզվին, թարմացնում ու նոր նրբերանգներով են հարստացնում այն։ Նորակազմությունների գլխավոր առանձնահատկությունը բառիմաստային տարողությունն է, գրողի ասելիքն առավել հակիրճ, բայց խորիմաստ արտահայտելը։

Քերականական հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոճական արժեք ունեցող քերականական իրողությունների մեծ մասը պայմանավորված է ձևաբանական զուգաձևությունների և շարահյուսական կառույցների հոմանիշային տարբեր կիրառություններով։

Ձևաբանական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողները, հատկապես քնարերգուները առավել հաճախակի են դիմում քերականական զուգաձևություններին տողերի հանգավորման և բարեհնչության համար։ Հայերեն բոլոր խոսքի մասերն էլ որոշակի ոճական արժեք ունեն։ Նույնիսկ ոչ նյութական արժեք ունեցող խոսքի մասերը համատեքստում հաճախ կարող են մասնակցել խոսքի նրբերանգային ձևավորումներին։

Գոյական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյականի ոճական ինքնատիպ կիրառությունների բազում օրինակներ կան հայ գրականության մեջ։ Գոյականի ոճական արժեքը մեծ է հատկապես մակդիրային կիրառությունների ժամանակ։ Տարբեր հոլովներով, նաև կապերի հետ դրված գոյականական մակդիրները անկրկնելի նրբերանգներ են հաղորդում բանաստեղծական խոսքին։ Գոյականը ոճական ինքնատիպ հումք է դառնում, երբ հոգնակի չունեցող բառը գործածվում է հոգնակի թվով։

Ածական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր լեզուներում էլ գեղարվեստական խոսքի ոճավորման մեջ իր լայն հնարավորություններով առանձնանում է ածական խոսքի մասը։ Եթե ածականը, բացի մակդիրից, ուրիշ ոչ մի դեր չունենար, արդեն կլիներ ոճականորեն ամենակիրառելի խոսքի մասը։ Խեսքն առաջին հերթին վերաբերվում է որակական ածականներին, որոնք իրենց համեմատության աստիճաններով ու շարահյուսական բազմաբնույթ կիրառություններով կարող են զարդարել ցանկացած գրական երկ։ Ածականները հաջողությամբ կազմում են խոսքային հոմանիշներ և հականիշներ։ Որակական ածականները գործածվում են նաև փոխանվանաբար և ստանում գոյականին բնորոշ հատկանիշներ։

Թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվականները որոշ չափով ոճական արժեք են ստանում դարձվածքներում, ժողովրդական ստեղծագործություններում և դրանց մշակումներում, որտեղ հաջողությամբ մասնակցում են չափազանցություն պարունակող դրվագների կառուցմանը։ Թվականները կարող են գործածվել որպես խորհրդանիշ պատմական կարևորության տարեթվերի մասին պատմող ստեղծագործություններում։

Դերանուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև գրողները այնքան էլ հաճախ չեն դիմում դերանվան միջոցով ոճավորված կառույցների, բայց դերանունը ևս ոճական որոշակի լիցքեր է պարունակում, և նրա ընձեռած հնարավորություններից հմտորեն օգտվելու դեպքում նույնպես ծնվում են գեղարվեստական խոսքի գլուխգործոցներ։

Մակբայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ մյուս չթեքվեղ խոսքի մասերի պես մակբայը ևս ոճական առումով այնքան էլ ակտիվ չէ, այնուամենայնիվ արվեստագետներից շատերին էլ հաջողվել է վարպետորեն օգտվել նաև այս խոսքի մասի ոճական հնարավորությունից։ Մակբայը կարող է բավականին ակտիվ դեր ունենալ փոխաբերությունների, համեմատությունների և այլ արտահայտչամիջոցների ստեղծման գործում։

Բայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայը ևս ոճական մեծ արժեք է ձեռք բերում, երբ գործածվում է փոխաբերաբար՝ նպաստելով պատկերավորման տարբեր միջոցների ձևավորմանը։ Խոսքի ոճավորման հաջողված ձևերից են այս դերբայների՝ ածականի հետ հոմանիշային և հականիշային զույգեր կազմելը և փոխանվանաբար գործածելիս գոյականին բնորոշ ոճական գործառույթները։

Շարահյուսական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարահյուսական կառույցները գեղարվեստական ստեղծագործությունների ոճավորման գործում առանձնակի դեր ունեն։ Այստեղ կարող են էական դեր կատարել նախադասությունների և բառակապակցությունների շրջուն շարադասությունը, միակազմ, անդեմ նախադասությունների, ճարտասանական դարձույթների, ընդհատված խոսքի և այլ լեզվական միջոցների գործածությունը։ Շարահյուսական ոճավորման նրբերանգները հատկապես տեսանելի են ոչ պատմողական բնույթի նախադասություններով կառույցներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Տեր֊Մինասյան,Հայոց լեզու և խոսքի մշակույթ, գիրք բ, ԵՊՀ հրատարակչություն 2015,էջ 210֊234

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://kantegh.asj-oa.am/1584/1/28-32.pdf(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստական ոճ» հոդվածին։