Ճագում սպիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճագում սպիտակ
Ճագում սպիտակ
Ճագում սպիտակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Սանտալածաղկավորներ (Santalales)
Ընտանիք Սանտալազգիներ (Santalaceae)
Ցեղ Մղամուճ (Viscum)
Տեսակ Ճագում սպիտակ (V. album)
Միջազգային անվանում
Viscum album

Ճագում սպիտակ (լատին․՝ Viscum album), փոկածաղկազգիների ընտանիքն պատկանող թփիկ։ Հայկական տարանունները` ճագոմ, Ճագում, Ճուշ, մզամուրճ, մղամուրճ, պանթումա, սպիտակ ճագոմ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոկածաղկազգիների ընտանիքին պատկանող, մշտադալար, գնդաձև, կիսամակաբույծ բույս է, որն ունի 0,3-0,5 սմ բարձրություն և մինչև 120 սմ թփի տրամագիծ։ Աճում է սաղարթավոր և փշատերև ծառերի վրա, արմատներով թափանցելով դրանց կեղևի և բնափայտի մեջ, ուր առաջացնելով բազմաթիվ ծծաններ, սնվում է տվյալ ծառի հաշվին։ Ունի հակադիր, հաստ, կաշեկերպ տերևներ։ Բույսը երկտուն է, հազվադեպ` միատուն, բայց ծաղիկները միշտ բաժանասեր են, դեղնականաչավուն, սպիտակ, պտուղը հյութալի հատապտուղ է` 1 - 2 երբեմն ավելի սերմերով, որոնք պատված են կպչուն, լորձանման զանգվածով։ Բույսը ծաղկում է մարտ - ապրիլ, իսկ պտուղները հասունանում են օգոստոս - սեպտեմբեր ամիսներին և մնում ճյուղերի վրա ամբողջ ձմռանը։ Աճում է հատկապես կաղնու, տանձենու, խնձորենու, ուռենու, ավելի սակավ` լորենու, թեղու, կեչու, բոխու, ալոճենու, սոճու, եղևնու վրա։ Բազմանում է սերմերով և արմատային ելունդներով։ Մղամուճի յուրաքանչյուր նմուշ կարող է ապրել մինչև քառասուն տարի։ Մեր հանրապետությունում աճում է ընդամենը մեկ տեսակ, որը հիմնականում հանդիպում է Իջևանի, Դիլիջանի, Մեղրու, Կիրովականի անտառների, ինչպես նաև բոլոր պտղատու այգիների ծառերի վրա։

Մղամուճ սովորական։ տերևները, ծաղիկը, պտուղները, սածիլները

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները պարունակում են վիսկոտոքսին, վիսցերին, վիսկոլ և այլ տեսակի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր, ինչպես նաև խոլին, ացետիլխոլին, գլիկոզիդներ, սապոնիններ, ինոզիտ, հիմքեր, ստերիոլ, օլեանոլաթթու, ուրսոլաթթու, թիրամին, յուղ, սպիրտներից` պինիտ, կվեբրախիտ, կեղևը` գլիկոզիդներ, ֆլավոններ, մոմ, պտուղները` կաուչուկ, ինոզիտ C Վիտամին, կարոտին։

Բուժական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակով օգտագործում են բույսի տերևներն ու տերևակալված, մատղաշ ընձյուղները, որոնք մթերվում են ուշ աշնանը կամ ձմռանը, երբ սնող ծառի տերևաթափ լինելուց հետո լավ երևում է մղամուճը։ Բույսի եղանակերպ ճյուղերը կտրում են դանակով կամ պոկում են ձեռքով։ Կոշտ մասերը դեն գցելուց հետո դալար մասերը կտրատում են 15 - 20 սանտիմետր չափերով, չորացնում ջեռոցում կամ ստվերում` միջանցուկ քամու տակ։ Չոր հումքը, որ ունի տհաճ, դառը համ, պահում են արկղերի մեջ` թղթով փաթաթված ձևով։ Մղամուճն օգտագործվում է արթրոզների, սպոնդիլիտի (ողնաբորբ), հոդերի խրոնիկական ախտահարումների ժամանակ։ Մաքուր մզվածքն օգտագործվել է վիրահատման ոչ ենթակա քաղցկեղի դեպքում։ Մղամուճը մեզ մոտ` գիտական բժշկության մեջ չի կիրառվում։ Սակայն պետք է նշել, որ բույսի ջրիկ մզվածքը` օմելենը և չոր մզվածքը` ռեվիսցենը ունեն արյան ճնշումն իջեցնող, սրտի աշխատանքն ուժեղացնող, անոթները լայնացնող, աղիների շարժունակությունը բարձրացնող, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածությունը նվազեցնող և հեմոստատիկ հատկություն, որի շնորհիվ օգտագործվում են տարբեր բնույթի արյունահոսությունների, աթերոսկլերոզի և աղիների ատոնիայի ժամանակ։ Այն մտել է ռադիկուլիտի ժամանակ օգտագործվող ակոֆիտ պատրաստուկի կազմի մեջ։ Ըստ Ս.Մ. Կիտի և Գ.Գ. Օռլիկի, դեղաբույսն օժտված է նաև որոշակի հիպոգլիկեմիկ ներգործությամբ։ Սակայն թունավոր լինելու պատճառով չի կարելի երկարատև օգտագործել, այն էլ մեծ դոզաներով։ Բավական է ասել, որ նրա որոշ բաղադրատարրեր, ինչպես վիսկոտոքսինը, փորձնականորեն ներերակային կիրառելուց, առաջ է բերում բորբոքումներ և ընդհանուր թունավորման երևույթներ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում,Եվրոպայում, և Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրում։

Այլ օգտակար հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մղամուճը վնասակար բույս է. այն զգալի վնաս է հասցնում անտառներին և այգիներին։ Պտուղներից ստացվող սոսինձը լավ միջոց է ճանճերի դեմ պայքարելու համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ. Հ. Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984։
  • Ա. Թորոսյան, «Հայաստանի Դեղաբույսերը», «Հայաստան» հրատարակչություն, Երևան - 1983 թվական, էջ 214