Հովսեփ արքեպիսկոպոս Արղության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովսեփ Արղության (այլ կիրառումներ)
Հովսեփ արքեպիսկոպոս Արղության
Hovsep Arghutyan.jpg
Ծնվել էմայիսի 23, 1743(1743-05-23)
ԾննդավայրԹիֆլիս, Քարթլիի թագավորություն
Մահացել էմարտի 9, 1801(1801-03-09) (57 տարեկանում)
Մահվան վայրԹիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն
Ազգությունհայ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Հովսեփ Շիոշբեկի Արղության – Երկայնաբազուկ (մայիսի 23, 1743(1743-05-23), Թիֆլիս, Քարթլիի թագավորություն - մարտի 9, 1801(1801-03-09), Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն), արքեպիսկոպոս, ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Սերել է Զաքարյանների իշխանական տոհմից։ Կրթությունն ստացել է Սանահինում, Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում, աշակերտել Սիմեոն Ա Երևանցուն, որը 1769 թվականին նրան ձեռնադրել է եպիսկոպոս, ապա շնորհել արքության տիտղոս ու պատիվ։ 1773 թվականին կարգվել է ռուսահայոց թեմի առաջնորդ, 1780 թվականից՝ նաև ղրիմահայերի հոգևոր առաջնորդ։ Արղությանը սատարել է շուրջ 12600 ղրիմահայերի արտագաղթը (1778) Ռուսաստան, նրանց համար հիմնել հինգ գյուղ (Չալթըր, Մեծ Սալա, Սուլթան Սալա, Թոփթի և Նովիթա) ու քաղաք (1780), օրհնել քաղաքի ծնունդն ու անվանել Նոր Նախիջևան։ Իբրև հմուտ քաղաքագետ Արղությանը յուրաքանչյուր պատեհ առիթով ըստ արժանվույն ներկայացրել է հայ ժողովրդին։

1780 թվականին Հովհաննես Լազարյանի հետ մասնակցել է Ռուսաստանի կովկասյան քաղաքականության և Հայաստանի ազատագրության հարցերի քննարկման համար ռուսական արքունիքում հրավիրված խորհրդակցություններին։ Նույն թվականին խնդրել է ռուսական իշխանություններին արգելել կաթոլիկ քարոզչությունը հայոց մեջ, հատուկ հրովարտակով պարտադրել կաթոլիկ հոգևորականներին իրենց ժամերգությունները կատարել միայն օտար լեզուներով, թույլատրել կաթոլիկ հայերին վերադառնալ Հայ առաքելական եկեղեցի։ Ռուս պետական և ռազմական գործիչ, դիվանագետ Գրիգորի Պոտյոմկինն ընդառաջել է Արղությանին, հրահանգել նահանգապետներին բավարարել նրա խնդիրքը։ 1782 թվականին, ի պատասխան Կովկասի գեներալ-նահանգապետ Պ. Ս. Պոտյոմկինի հարցումների, Արղությանը ռուսական իշխանություններին է ներկայացրել տեղեկանք հայոց պատմության, նրա ներկայի, սպասելիքների, աջակցության դեպքում ազատագրական պայքարի ելնելու պատրաստակամության և ռուսական օժանդակությունը Հայաստան հասցնելու ուղիների մասին։ 1783 թվականին նա հատուկ տեղեկանք է ներկայացրել նաև Արցախի մելիքությունների վերաբերյալ՝ ընդգծելով հայոց պետականությունը Ռուսաստանի գործակցությամբ վերականգնելու նրանց պատրաստակամությունը։ 1783 թվականին Արղությանը կազմել և ռուսական արքունիք է ներկայացրել «Կերպ դաշնադրութեան ի մէջ երկուց ազգաց` Ռուսաց և Հայոց» նախագիծը։

Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1787–1791), Իզմայիլի ազատագրումից հետո 320 տուն հայեր (1650 հոգի) մնացել են անօթևան, մերկ, քաղցած, հուսահատ։ Արղությանի ջանքերով 1792 թվականին հիմնվել է հայկական մի նոր քաղաք, որը նրա առաջարկով կոչվել է Գրիգորիուպոլիս՝ Գրիգոր Լուսավորչի անունով։ Նորաստեղծ քաղաքի բնակիչներն իրենց խնամատար հորն են մատուցել թանկագին հնություն՝ հայոց թագավորներին պատկանած, հաջորդաբար փոխանցված դաշույնն ու թուրը։ Արղությանը ռուսական արքունիքի հանձնարարությամբ մասնակցել է ռուսական զորքերի՝ 1796 թվականի անդրկովկասյան արշավանքին, գլխավոր հրամանատարին ներկայացրել իր առաջարկություններն ու խորհուրդները, դիմել հայ ժողովրդին՝ օգնելու ռուսական բանակին։ 1799 թվականին կայսրի հրովարտակով Գրիգորիուպոլսի, Ղրիմի, Աստրախանի, Ղզլարի, Մոզդոկի հայ գաղթավայրերի համար սահմանվել են միասնական արտոնություններ, որոնց մշակման գործում մեծ դեր է կատարել Արղությանը։ Նա Հայ և Ռուս եկեղեցիների, ինչպես և եկեղեցականների միջև ստեղծել է փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ։ Եկատերինա II կայսրուհին նրան շնորհել է ադամանդե խաչ՝ վեղարի համար, և պարեգոտ։ 1800 թվականի հուլիսի 28-ին Պավել I-ի հրովարտակով Արղությանը ճանաչվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն չի օծվել. Էջմիածին գնալու ճանապարհին՝ Թիֆլիսում, հիվանդացել է ու վախճանվել։

Արղությանը եղել է ռուսահայ առաջին տպարանի ստեղծման նախաձեռնողներից, հրատարակչական գործի կազմակերպիչն ու ոգեշնչողը։ Նրա ջանքերով ռուսահայ կենտրոններում (Սանկտ Պետերբուրգ, Նոր Նախիջևան, Աստրախան) հրատարակվել է ավելի քան քառասուն անուն գիրք։ Արղությանը նամակագրական կապեր է ունեցել Ռուսաստանի հայկական գաղթավայրերի ներկայացուցիչների, Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկաս Ա Կարնեցու, Վրաստանի և Հնդկաստանի հայ համայնքների, ռուսական պետական գործիչների, Վրաց Հերակլ II և Գեորգի XII թագավորների, Արցախի մելիքների և բազում այլ գործիչների հետ։ Պահպանվել են նրա առաքած նամակների պատճենները, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են XVIII դ. վերջի պատմության ուսումնասիրման համար։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պավել Չոբանյան, Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին, Ս. Էջմիածին, 2006 (Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, Ա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png