Հասմիկ Թորոսյան
Հասմիկ Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և կատարողուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (2004) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2010) |
Պարգևներ |
Հասմիկ Թորոսյան (29 Սեպտեմբեր, 1983, Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասմիկ Թորոսյանը ծնվել է Երևանում։ 2004 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, իսկ 2010 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 2004-2009 թվականներին երգել է սուրբ Գեղարդավանքի երգեցիկ խմբում։ 2011 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի[1]։
2012 թվականին հրավիրվել է ԱՄՆ (Միննեսսոտա)՝ «Հարավային լույսեր» երաժշտական փառատոնում կատարելու Նեդդայի դերերգը՝ Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում։ 2013 թվականին առաջին անգամ հանդես է եկել բրիտանական Գլայնբուրն օպերային թատրոնում, որտեղ հրավիրվել է կատարելու Նորինայի դերերգը «Դոն Պասքուալե» և Ադինայի դերերգը Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերաներում[1]։
2014 թվականին Հասմիկ Թորոսյանին հրավիրում են Իտալիա՝ սովորելու Ռոսսինիի ակադեմիայում՝ Ալբերտո Զեդդայի ղեկավարությամբ։ Իտալիայում առաջին անգամ բեմ է դուրս գալիս Պեզարո քաղաքում՝ Ռոսսինիի անվան օպերային թատրոնում՝ «Ճանապարհորդություն դեպի Ռեիմս» օպերայում կատարելով Կորինայի դերերգը, որից հետո՝ 2015 թվականին, հրավեր է ստանում Զեդդայի և «Ռոսսինի Օպերա Փառատոն»-ի կողմից՝ Ռոսսինիի «Լա Գազետա» օպերայում հանդես գալու Լիզետայի դերերգով[1]։
2015 թվականին հանդես է եկել նաև Նոր Զելանդիայի «Ֆեստիվալ օպերա» փառատոնում, որտեղ Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայում կատարել է Ադինայի դերերգը։ Նույն թվականին ելույթ է ունեցել «Փարիզի ազգային նվագախմբի» հետ՝ դիրիժոր Միխայիլ Յուրովսկու ղեկավարությամբ, որտեղ համերգային կատարումով հանդես է եկել Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» օպերայում` կատարելով Մարֆայի դերերգը։ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ, կատարել է Մոցարտի «Ռեքֆիեմ»-ը[1]։
Համագործակցում է նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան)։ Վարպետության դասեր է ստացել Թերեզա Բերգանցայից, Միրելա Ֆրենիից, Գրեիս Բամբրիից և Խուան Դիեգո Ֆլորեսից[1]։
Համերգներով շրջագայել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Հարավային Կորեայում, Չեխիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Դուբայում, Լիբանանում, Թուրքիայում[1]։
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Օպերա | Դեր |
---|---|---|
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Իդոմենեոս, Կրետեի արքա | Իլիա |
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ | Կախարդական սրինգ | Գիշերային Թագուհի |
Ջակոմո Պուչինի | Ջանի Սկիկի | Լաուրետա |
Ջակոմո Պուչինի | Ծիծեռնակ | Լիզետ |
Ջակոմո Պուչինի | Բոհեմ | Մուզետտա |
Ջոակինո Ռոսսինի | Սևիլյան սափրիչ | Ռոզինա |
Ջոակինո Ռոսսինի | Ամուսնական մուրհակ | Ֆաննի |
Ջոակինո Ռոսսինի | Ճանապարհորդություն դեպի Ռեիմս | Կորինա |
Ջոակինո Ռոսսինի | Գազետա | Լիզետտա |
Գաետանո Դոնիցետի | Լյուչիա դի Լամերմուր | Լուչիա |
Գաետանո Դոնիցետի | Դոն Պասքուալե | Նորինա |
Գաետանո Դոնիցետի | Սիրո ըմպելիք | Ադինա |
Ջուզեպպե Վերդի | Տրավիատա | Վիոլետտա |
Ռուջերո Լեոնկավալո | Ծաղրածուներ | Նեդդա |
Արմեն Տիգրանյան | Անուշ | Անուշ |
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի առաջին կարգի մրցանակ՝ ոսկե մեդալ (2008)
- Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակ՝ ոսկե մեդալ (2009)
- Մոսկվայի 16-րդ «Գեղեցիկ ձայն» միջազգային մրցույթի առաջին կարգի մրցանակ (2010)
- Հռոմի «Musica Sacra» միջազգային մրցույթի առաջին կարգի մրցանակ (2011)
- Հայաստանի մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հասմիկ Թորոսյան». opera.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Հայաստանի մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.