Հայնրիխ Պետերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայնրիխ Պետերման
Heinrich Petermann
Julius Heinrich Petermann.jpg
Ծնվել է օգոստոսի 12, 1801(1801-08-12)[1][2]
Գլաուխաու, Zwickau, Սաքսոնիա
Մահացել է հունիսի 10, 1876(1876-06-10)[1][2] (74 տարեկանում)
Բադ Նաուհայմ, Վետերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն արևելագետ և հայագետ
Հաստատություն(ներ) Հումբոլդտի համալսարան
Գործունեության ոլորտ Արևելագիտություն
Անդամակցություն Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներին լատիներեն և գերմաներեն[2]


Հայնրիխ Պետերման (գերմ.՝ Julius Heinrich Petermann, 1801 թ. օգոստոսի 12, Գլաուխաու, Գերմանիա - 1876 թ. հունիսի 10, Բադ-Նաուհայմ), գերմանացի նշանավոր լեզվաբան, արևելագետ[3], սեմագետ, հայագետ, հայերենի համեմատական ուսումնասիրության հիմնադիր, 1837-ից Բեռլինի համալսարանի պրոֆեսոր։

Հայագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի մեջ հմտացել է Վենետիկի Մխիթարյանների մոտ։ 1852-1855-ին ճանապարհորդել է Արևելքում (Դամասկոս, Երուսաղեմ, Կիլիկիա, Մոսուլ, Բաղդադ և այլն), որ և հիմք է դարձել «Ճանապարհորդություն դեպի Արևելք» երկհատոր աշխատության (1860-61, 2-րդ հրատ. 1865), որտեղ հետաքրքրական տեղեկություններ է հաղորդում հայերենի մասին։ 1837 թ. լույս տեսավ նրա հայտնի աշխատությունը՝ «Հայերենի քերականությունը»։ Այս գիրքը ունեցավ վերահրատարակություններ, առաջին վերահրատարակությունը՝ 1842-ին, երկրորդը՝ 1872-ին։

Քերականությունը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը, որ ունի երեք գլուխ նվիրված է հնչյանաբանական-արտասանական միավորներին, գրությանը, կետադրությանը։ Այստեղ հեղինակն անդրադառնում է այբուբենին, ուղղագրությանն ու արտասանությանը (արևմտահայ, երկրորդ հրատարակության մեջ նաև արևելահայ), տալիս (հնչյունների դասակարգում, պարզաբանում է շեշտի, հնչյունազուգորդումների, վանկակազմության, համառոտագրությունների հետ կապված և հարակից այլ հարցեր։ Այս կապակցությամբ նա հաստատում է հնչյունական մի շարք համապատասխանություններ։ Համեմատության մեջ է առնում շուրջ 103 բառ։ Մերձավոր ցեղակցություն է տեսնում հայերենի ու իրանական լեզուների միջև։

Գրքի երկրորդ մասը նվիրված է հիմնականում խոսքի մասերին։ Այստեղ հեղինակը նախապես քննում է արմատների կազմությանն ու արմատատիպերին (հայերենի արմատի հնչյունական կաղապարներին) վերաբերող հարցեր։ Ճանաչում է յոթ հոլովում, հետևելով Գաբրիել Ավետիքյանին՝ գրաբարում զանազանում է վեց հոլով։ Ընդլայնում է դերանունների շրջանակը, տարբերակում է տասը խումբ։ Ընդունելությունը դիտում է որպես բայական աոանձին եղանակ։ Փորձում է բայաժամանակները ներկայացնել ինքնատիպ մեկնաբանությամբ։ Գրքի հաջորդ հրատարակություններում ավելացվում են տեքստեր, բառարան, քերականական վերլուծության նմուշ, գրականության ցանկ, կատարվում են մասնակի այլ փոփոխություններ։

Աշխատությունը կարևոր ներդրում էր հայերենագիտության պատմության մեջ։ Նրա շնորհիվ ամենից առաջ հայերենը ճանաչվեց որպես հնդեվրոպական լեզու և այն մտավ հնդեվրոպական լեզուների համեմատական քերականության ոլորտը, ինչ-որ չափով լույս սփռեց հայերենի ծագման ակունքների և նրա ցեղակցության հարցերի վրա։ Թեև այդ դիրքը նաև դարձավ «հայերենը-իրանական բարբառ (լեզու)» տեսության անկյունաքարը։ Սույն գրքի գրախոսականում, որի շնորհիվ Պետերմանի աշխատությանը ավելի մեծ համարում ձեռք բերեց, Լ. Դիֆենբախը ևս նպատակահարմար է գտնում հայերենը հատկացնելու «արիական» կամ մարապարսկական ճյուղին՝ իր հերթին նպաստելով նշված տեսության մասսայականացմանը, մինչև որ Հայնրիխ Հյուբշմանի կողմից այն հիմնավորապես հերքվեց։

1866 թ. Պետերմանը հրապարակեց ուսումնասիրություններ Ագուլիսի և Թիֆլիսի բարբառների մասին։ Նա նաև գրախոսել է (1867 թ.) Արսեն Այտընյանի «Քննական քերականությունը»։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grammatica linguae armenicae. Berlin, 1837,
  • De Ostikanis, Arabicis Armeniae gubernatroibus. Berlin, 1840,
  • Porta linguarum orientalium. Bde 1—4, 6. Berlin, 1840—1872 (մի քանի արևելյան լեզուների համառոտ քերականություն),
  • Beiträge zu einer Geschichte der neuesten Reformen des Osmanischen Reiches . Berlin, 1842 (Ռամիս Էֆենդիի հետ, գերմաներենով և թուրքերենով),
  • Reisen im Orient. 2 Bde. Leipzig, 1860—1861,
  • Thesaurus sive liber magnus vulgo liber Adami appellatus. 2 Bde. Leipzig, 1867,
  • Versuch einer hebräischen Formenlehre nach der Aussprache der heutigen Samaritaner. Leipzig, 1868,
  • Pentateuchus samaritanus. 5 Bde. Berlin, 1872—1891։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրանտ Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., Հայաստան, 1987, էջ 527-528։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]