Խոտորջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավան
Խոտորջուր
Կոորդինատներ: 40°47′0″ հս․ լ. 41°15′0″ ավ. ե. / 40.78333° հս․. լ. 41.25000° ավ. ե. / 40.78333; 41.25000
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներԽոտոջուր, Խոտայջուր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն6․293[1] մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունխոտորջուրցի
Ժամային գոտիUTC+3
##Խոտորջուր (Աշխարհ)
Red pog.png

Խոտորջուր (հայտնի է նաև Խոտոջուր, Խոտայջուր անուններով, թուրք.՝ Hadiçorköyü, Hodiçor, Hodiçorköyü), ինքնավար համայնք XVI - XX դդ. սկզբին, Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[2]։ Խոտորջուրի համայնքը կազմված էր երկու գյուղախմբից. առաջինը ինը գյուղից էր՝ Ճիճապաղ, Կրման, Կիսակ, Միջինթաղ, Խանդաձոր, Սունինց, Կաղմխուտ, Վահնա գյուղ, Գեղուտ, երկրորդը՝ Մոխրակույտն էր (Վերին և Ստորին), Գորքերը, Արեգին։ Խոտորջուրին էր վերաբերում նաև Կարմրիք գյուղը Ճորոխի աջ ափին։

Գտնվում է Քաջքար լեռան ստորոտին, Ճորոխ գետի ձախ վտակ Խոտորջուրի (Մեծ գետի) ավազանում։ Սահմանակից է Սպերին, արևմուտքից՝ Համշենին։

Առաջին անգամ Խոտորջուրը հիշատակվում է 1586 թ-ին։ Անունը մեկնվում է երկու ձևով՝ «խոտորջուր»՝ գետի ընթացքը խոտորվելու պատճառով, նաև «խոտ և ջուր»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ միջնադարում (III - VIII դդ.) Խոտորջուրի տարածքը եղել է Մամիկոնյանների տոհմական սեփականությունը (Տայքի Արսյաց փոր գավառում)։ Հին պատմական հուշարձաններից պահպանվել են Աստվածամոր բերդը (Մոխուրկուտում), Ծրարաջուր բերդը՝ Ճորոխի աջ ափին։ Խոտորջուրի բնակչությունը XVII դ. ընդունել է կաթոլիկություն։

Տնտեսության հիմնական ճյուղերն էին երկրագործությունը (հացահատիկի մշակում), անասնապահությունը և արհեստագործությունը։ Խոտորջուրի շրջակա գյուղերի բռնությամբ մահմեդականացված հայերը պահպանել էին մայրենի լեզուն կամ խոսում էին «կեսկեսերեն» (խառը՝ հայերեն-թուրքերեն)։ Խոտորջուրի յուրաքանչյուր գյուղ ուներ ընտրովի գյուղական ավագ և ընդհանուր ժողով, որն իրագործում էր ինքնավարությունը՝ ավագի գլխավորությամբ։ Ժողովն ուներ հատուկ հավաքատեղի («ժողովայտ»)՝ Ճիճապաղ գյուղում։

Խոտորջուրը թուրքական իշխանություններին վճարում էր միանվագ տարեկան հարկ, և թուրք պաշտոնյաները չէին միջամտում համայնքի ներքին գործերին։ Խոտորջուրի բոլոր գյուղերը ունեին վարժարաններ, ուր XIX - XX դդ. սկզբին բացի հայերենից ուսուցանում էին նաև ֆրանսերեն, թուրքերեն և ռուսերեն։ Ոմանք իրենց երեխաներին հանձնում էին գիշերօթիկ դպրոցներ և վարժարաններ՝ Կարինում, Տրապիզոնում, ինչպես նաև Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։

1914-ին Կրման գյուղում կարճատև հրատարակվել է «Աղավնի Տայոց» թերթը։

Սակավահողությունը ստիպում էր Խոտորջուրի տղամարդկանց երիտասարդ հասակից դիմել պանդխտության, որը առավել տարածվեց XIX դ. կեսերին։ Գնում էին Կարին, Տրապիզոն, Կովկաս, Ղրիմ, Ուկրաինա, Հարավային Ռուսաստան, ուր զբաղվում էին գլխավորապես հացագործությամբ (հացթուխներ)։

Խոտորջուրը տևական ծանր պայքար է մղել թուրք ավազակախմբերի դեմ (առանձնապես XIX դ. 70-ական թթ.)։ 1915-ի նախօրեին Խոտորջուրի բնակչությունը հասնում էր 4 հազարի։ Խոտորջուրցիները Մեծ եղեռնի ժամանակ, 1915-ի հունիսի 11-ից տարագրվեցին, ճանապարհին շատերը ոչնչացվեցին։ 1916-ի փետրվարին ռուսական բանակը գրավեց էրզրումը և շրջակա բնակավայրերը, պանդուխտ խոտորշուրցիները վերադարձան հայրենիք և սկսեցին վերաշինել իրենց բնակավայրերը։ Բայց 1917-ի վերջին, ռուսական բանակի նահանջից հետո, Խոտորջուրի վրա հարձակվեց թուրքական զորքը, և սկսվեց Խոտորջուրի ինքնապաշտպանությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնt., 1806։
  • Տեղագրություն խոտրջրո, «Բազմավեպ», 1875, էջ 225-29, 333-37, 1876, էջ 193 - 98։
  • Բորչանյան Ֆ. Բ., Մի ակնարկ Տայոց Խոտորջրի անցյալից, «էջմիածին», 1950, JSP 3 - 4։
  • Հուլունյան Հ., Հաճյան Մ., Հուշամաւոեան Խոտորջուրի, Վնն., 1964։
  • Տաշյան Հ., Տայք, Դրացիք և Խոտորջուր, «ՏԱ», 1970 - 74։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ըստ 1913-14 թթ. Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից անցկացված մարդահամարի տվյալների
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 789

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 82 CC-BY-SA-icon-80x15.png