Լուսանկարչությունը Երևանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսանկարչությունն ի հայտ է եկել տեխնոլոգիական հեղաշրջման արդյունքում։ Ժամանակի քառուղիներում կատարելագործվելով և իր ուրույն տեղը գտնելով, այսօր արդեն դարձել է մեր առօրյա կյանքի անբաժան մի մասնիկը, ժամանակի նյութական արտահայտությունները գրանցող և հավերժացնող արվեստի մի ճյուղ է, որի ինքնատիպ դրսևորումն է նաև հայ լուսանկարչական արվեստը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի առաջին լուսանկարչատները բացվել են 19-րդ դարի 80-ական թվականներին։

Արևելյան Հայաստանում գործունեություն ծավալած ամենահին լուսանկարչատներից մեկը համարվում է «Լեոն» լուսանկարչատունը։ Ժամանակի մամուլում հաճախ է հանդիպում «Լեոն» լուսանկարչատան գովազդները, որոնցից երևում է, որ Թիֆլիսում գործող այդ լուսանկարչատունը, ամեն տարի եկել է Երևան և լուսանկարել ցանկացողների, իսկ այդպիսիք քաղաքում շատ ու շատ էին։ Ըստ Երևանի պատմության թանգարանի փաստաթղթերի ֆոնդի՝ այդ ուղևորություններից մեկը կատարվել է 1911 թվականի ապրիլին։ Լուսանկարչատունը տեղակայվել է «Ապոլլո» կինոթատրոնի հարևանությամբ գործող Ե.Ջանփոլադյանի թատրոնում[1]։

Բուն Երևանում գործունեություն ծավալած լուսանկարիչների առաջին սերունդը իր գործունեությունը սկսել է դեռ նախախորհրդային շրջանում։ Առաջիններից էին Թարիվերդյանցը, Դադյանցը, Փեշտմալջյանը, Ռուբինյանցը, Քյուրքչյանցը, Դոնկովը, Մելիք-Աղամալյանը, Տեր-Արիստակեսյանը[2], ովքեր արդի հայ լուսանկարչության հիմնադիրները դարձան։ Ըստ վերջիններիս հեղինակած լուսանկարների, որոնցից շատերն այսօր պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում, դրանք հանդիսանում են Երևան քաղաքի հին դեմքը, կոլորիտը, կենցաղն արտացոլող, հնաբնակ երևանցիների վարքն ու բարքը վերամարմնավորող եզակի նմուշներ։

Գեղամ Թարիվերդյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանում ֆոտոտաղավար ունեցող առաջին լուսանկարիչներից մեկն է (1860 թվական Երևան - 1942թվական Երևան), արժանացել է կրկնակի ոսկե մեդալի։ Լուսանկարչատունը, որը մի փայտե տնակ էր, գտնվել է Աստաֆյան 11 հասցեում (Աբովյան փողոց)՝ այժմյան Հանրապետության Հրապարակի շրջակայքում՝ ներկայիս Արարատ ռեստորանի կամարի տեղում, որի բակում նա ապրել է իր ընտանիքով։ Համաձայն պահպանված կնիքի և տեղեկության՝ իր հետ միասին լուսանկարչատանն աշխատել են նաև կինը՝ Եղիսաբեթ Անանյանը և որդիները։

Անվանի լուսանկարիչների այդ կնիքները հանդիպում ենք լուսանկարների հակառակ երեսին։ Նրանք հետաքրքիր տեղեկություներ են պարունակում լուսանկարչատների հասցեների, մատուցվող ծառայությունների, ստացած մրցանակների և պարգևների մասին։ Այսպես, միջազգային ցուցահանդեսներին մասնակցած Գեղամ Թարիվերդյանցի լուսանկարչական շտամպ-կնիքի վրա դրոշմված են 1909 թվականի Ռոտերդամի և 1910 թվականի Հռոմի ցուցահանդեսներում նրա շահած երկու ոսկե մեդալների պատկերները։

Նրա հեղինակած լուսանկարներում կարող ենք տեսնել ժամանակաշրջանին բնորոշ ոգին։ Կերպարներն արտացոլում են հիմնականում հայ ազնվական դասի ներկայացուցիչներին, նրանց հագ ու կապը, արդուզարդը։ Դրանցից յուրաքանչյուրն այսօր պատմական արժեք է ներկայացնում։

«Հայֆոտո»[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսանկարչական գործի կենտրոնացման և զարգացման նպատակով արդեն խորհրդային ժամանակաշրջանում Երևանում աստիճանաբար սկսեցին ձևավորվել, այսպես կոչված, «լուսանկարչական գործը կազմակերպող պետական կազմավորումներ»։ Պահպանված արխիվային փաստաթղթերի համաձայն՝ առաջիններից Էր «Հայֆոտո»-ն։ Սա լուսանկարչական տրեստ էր, որը կազմակերպվել էր որպես ՀՍԽՀ Ժողկոմխորհի գործերի կառավարությանը կից լուսանկարչական միավոր Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1934 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ՝ լուծարքի ենթարկելով «Հայկինոյի» լուսանկարչական բաժինը։ Առաջին տնօրենն էր Ս. Պետրոսյանը։ «Հայֆոտո»-ն կոչված է եղել ընդունելու և իրականացնելու բոլոր տեսակի լուսանկարչական աշխատանքներ ու հատուկ պատվերներ։ Արտադրանքը պետք է լիներ բարձրորակ, գները՝ մատչելի։

Ազգաբնակչությանը սպասարկելու համար տրեստն ուներ լուսանկարչական պավիլիոններ (տաղավարներ) ինչպես Երևանում՝ պետական բանկի նոր շենքի դիմաց՝ քաղաքային այգում, այնպես էլ՝ Լենինականում (Գյումրիում) և Ղարաքիլիսայում (Վանաձորում)։ Տրեստի ժամանակավոր գրասենյակը Տերյան փողոցում էր՝ համար 2 տանը՝ Հայկինոյի շենքում։ Արխիվային փաստաթղթերում տրեստի գործունեության մասին նյութեր պահպանվել են մինչև 1937 թվականը ներառյալ։ Տրեստն ունեցել է հաստիքագրված մի շարք լուսանկարիչներ, որոնցից առաջիններից էր Սեդրակ Վարդանյանը (Սեթոն)։ Նրա լուսանկարներից շատերը, որոնք մակագրված են Սեթո մականվամբ, ներկայումս պահվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Դրանք մեծ մասամբ պատկերում են հին Երևանի կենտրոնական փողոցները, ժամանակի հայտնի շինությունները, պատմամշակութային հուշարձանները։

Հետագայում լուսանկարչական տաղավարները համախմբվեցին կենցաղ-սպասարկման ֆոտո կոմբինատի հովանու ներքո, ուր գործում էր ժամանակաշրջանին հատուկ պլանային համակարգ։ Այդ տարիներին ևս շատ լուսանկարիչ-վարպետներ Երևանում ծավալեցին իրենց գործունեությունը։ Դրանց թվում էին նաև Սփյուռքից հայրենիք վերադարձած շատ լուսանկարիչներ, որոնք իրենց հետ բերեցին և հայաստանյան լուսանկարչություն ներմուծեցին ժամանակի արտասահմանյան լուսանկարչության բոլոր նորագույն նվաճումները։ Իրենց գործի փայլուն վարպետները դարձան Գաբրիել Խանոյանը, Սամվել Խանդիկյանը, Շանթ Տեր-Առաքելյանը, Գուրգեն Միսակյանը, Թորգոմ Բոյաջյանը, Ք. Սևանցյանցը, Նեմրութ Բաղդասարյանը, Պարգև Չոլակյանը, Արշավիր Պողոսյանը, Անդրանիկ Քոչարը և շատ ուրիշներ։

Երևանի այս ժամանակաշրջանի լուսանկարչատներից պահպանվել են մեծ մասամբ «Խանոյան»-ի լուսանկարչատանը վերաբերող տեղեկություններ։

Գաբրիել Խանոյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Խանոյանը (1898 թվական, Վան – 1982 թվական, Երևան) վանեցի էր, հայտնի «Մեծ վանեցի» մականունով, իսկական ազգանունը՝ Ալեքսանյան, սակայն թուրքերը «խան» են ասել, քանի որ եղել է առևտրական, մեծահարուստ և որից էլ ծագում է Խանոյան ազգանունը։ Ծնվել է Վանի Այգեստան փողոցում։ Լուսանկարել սովորել է Կիսլովոդսկում, հրեա լուսանկարիչ Պրովոդի մոտ։ Տասնվեց տարեկանում մասնակցել է Վանի հերոսամարտին, 1934 թվականին եկել է Երևան և 1937 թվականին Աստաֆյան 22 (այժմ՝ Աբովյան 12) հասցեում՝ նախկին Սպայի տանը, հիմնել լուսանկարչատուն։ Այս հաստատությունը շուտով ձեռք է բերում լայն ճանաչում հատկապես արվեստի գործիչների դիմանկարների շնորհիվ, որոնք բազմացվում և վաճառվում էին ֆոտո-բացիկների տեսքով։ Այս պատկերաշարի մեջ ներառվել են 1930-70-ական թվականներին Խորհրդային Հայաստանում գործող գրեթե բոլոր ականավոր մշակութային դեմքերը՝ Ավետիք Իսահակյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Արամ Խաչատրյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ և այլք[3]։ Խանոյանը երկար տարիներ՝ ավելի քան 25 տարի, եղել է նաև Սունդուկյանի թատրոնի լուսանկարիչը՝ հավերժացնելով Վ. Փափազյանի և թատրոնի անվանի այլ աստղերի բեմական կյանքը։ Այդ տարիների աշխատանքները եզակի արժեք են ներկայացնում, քանի որ ներառում են և՛ բեմարվեստի վարպետների, և՛ ներկայացումները վավերագրող լուսանկարներ։ Թատրոնի այդ տարիների երկարամյա գործունեությունը իր խոր հետքն է թողել Խանոյանի արվեստի վրա։ Դա արտահայտված է հատկապես նրա դիմանկարներում, որոնց բնորոշ է ակնհայտ թատերայնությունը, լուսանկարվող անհատներին «պերսոնաժային» կերպարանք հաղորդելու միտումը[4]։ Թատրոնին և իր ֆոտո-տաղավարին զուգահեռ նա աշխատել է նաև որպես վավերագրական լուսանկարիչ։ Նրա ուշադրությունից չեն վրիպել քաղաքի բոլոր հիշարժան իրադարձությունները և նշանավոր մարդկանց այցելությունները։ Մարդիկ գնում էին Խանոյանի լուսանկարչատուն վերջին իրադարձություններին իրազեկվելու կամ քաղաքական նշանավոր գործիչների լուսանկարները տեսնելու համար։ Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ այսօր էլ մեր քաղաքում առկա բազմաթիվ այլ լուսանկարչատների կողքին շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել Խանոյան լուսանկարչատունը, որի աշխատանքները 1950-ականներից սկսած ստանձնել է Գաբրիել Խանոյանի քրոջ որդին՝ Օնիկ (Հովհաննես) Խանոյանը, որի տաղավարը գտնվում է Պուշկինի փողոցում՝ նորակառույց շենքի առաջին հարկում[5]։

Սամվել Խանդիկյան[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի առաջին կեսի Երևանի լուսանկարչության անբաժան մասնիկն էր նաև «Խանդիկյան» լուսանկարչատունը։ Սամվել Խանդիկյանը ծնվել է 1914 թվականի Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում։ 1915 թվականին մայրը երեք երեխաների հետ, կոտորածներից մազապուրծ լինելով, հասել է Անթիլիաս, որտեղի որբանոցում զավակները ստացել են նախնական կրթություն։ 1921 թվականին տեղափոխվել են Բեյրութ, ուր և անց են կացրել իրենց մանկությունն ու պատանեկությունը։ Բեյրութում Խանդիկյանն աշակերտել է քաղաքի գլխավոր ճարտարապետ, նկարիչ Մարտիրոս Ալթունյանին։ Իսկ լուսանկարչական առաջին հմտությունները յուրացրել է Լևոն Թուֆենքչյանի մոտ՝ ծառայության անցնելով տեղի հայտնի «Ֆոտո Լեոն» լուսանկարչատանը՝ հեղինակելով իր առաջին լուսանկարները։ Արդեն 1946 թվականին հայրենադարձների առաջին քարավանով Խանդիկյանն իր ընտանիքով՝ կնոջ, դստեր՝ Աստղիկի, որդիների՝ Տիգրանի, Արայի և Արմենի հետ գալիս է հայրենիք, հաստատվում Երևանում և որպես լուսանկարիչ շարունակում իր գործը։ Սկզբնական շրջանում նա լուսանկարչական տաղավար-արվեստանոց է բացում «Ինտուրիստ» («Երևան») հյուրանոցի առաջին հարկում, ճաշարանի հարևանությամբ։ Հյուրանոցի ամառային ռեստորանի այցելուները (հիմնականում արտիստներ, գրողներ, նկարիչներ, առհասարակ, արվեստի աշխարհի մարդիկ) նախ հատուկենտ զգուշավորությամբ, ապա հաճախակի սկսեցին մտնել Խանդիկյանի արվեստանոց՝ ոչ միայն լուսանկարվելու, թեև դա պարտադիր էին համարում։ Այսպիսով, այն աստիճանաբար վերածվեց Երևանի արտիստական լավագույն դեմքերի հավաքատեղիի և արվեստի շուրջը աշխույժ մտքերի փոխանակության վայրի։ Մինչև 1958 թվական, մոտ 12 տարի, Խանդիկյանի լուսանկարչական տաղավար-արվեստանոցը մնաց նույն տեղում (հետագայում այստեղ կառուցվեց Նկարիչների միության ներկայիս շենքը)։ Ավելի ուշ նրա արվեստանոցը տեղակայվեց Պուշկին փողոցում (Աբովյան փողոցի անկյունի մոտ), իսկ վերջինը՝ ամենաընդարձակը, գործեց Նալբանդյան 102 հասցեում։ Ինչպես նշեցինք Խանդիկյանը սկսել է գեղանկարչությունից և հետո միայն, դեպքերի բերումով, անցել լուսանկարչության՝ իր մեջ պահպանելով ճշմարիտ արվեստագետին։ Հանդես է եկել Սամո-Խանտիկ ծածկանվամբ։ Իր գործունեության ընթացքում ստեղծել է անվանի մարդկանց դիմանկարների մի ամբողջ շարք՝ Հարություն Կալենց, Մարտիրոս Սարյան, Ավետիք Իսահակյան, Վիլյամ Սարոյան, Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ, Շառլ Ազնավուր, Մեդեա Աբրահամյան և այլք, որոնք բոլորը կոնտրաստից դուրս, մեղմ լուսավորված բնական դեմքեր են՝ կեցվածքից զերծ բնական վիճակներում։ Դրանցում չկա ոչ մի էֆեկտ՝ ո՛չ լուսային, ո՛չ էլ լուսանկարչական տեխնիկայի այլ միջոցներով։ Հենց այս հատկանիշներն են, որ տարբերակում և արժևորում են նրան՝ որպես հմուտ լուսանկարչի, ով Անդրկովկասի մի շարք ցուցահանդեսների դիպլոմատ էր, վարպետի կոչում կրող։

Ֆոտոլրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ֆոտոլրագրությունը հանդիսանում է լուսանկարչության ճյուղի, որը հիմնվել է դեռ 1920-ական թվականներին։ Այս ոլորտում կարևոր դերակատարում է ունեցել «Արմենպրես» գործակալությունը, որի ֆոտոխրոնիկայի բաժանմունքի խնդիրն էր արձագանքել Հայաստանում կատարվող անցուդարձին, բոլոր բնագավառների նվաճումներին։ Ֆոտոխրոնիկայի առաջին տնօրենն էր Վոլոդյա Ամալյանը, ով իր շուրջ հավաքեց ֆոտոլրագրության լավագույն մասնագետներին։ Այս ասպարեզում նահապետներ են Նեմրութ Բաղդասարյանը, Պարգև Չոլակյանը, Արշավիր Պողոսյանը, Վիլյամ Փիչխուլյանը և այլք։

Երևանում ՝ որպես ֆոտոլրագրության հիմնադիր, մեծ է մասնավորապես Նեմրութ Բաղդասարյանի ներդրումը ոլորտի կայացման և զարգացման գործում։ Նա առաջիններից էր, ով հայկական լրագրերում զետեղեց լուսանկարներ, որոնք փոխարինելու եկան մինչ այդ ձեռքով արված նկարներին։ Նա միակն էր, ում շնորհվել է արվեստի վաստակավոր գործչի կոչում։ Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նեմրութն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է միաժամանակ աշխատելով տարբեր թերթերի խմբագրություններում[6], որից ավելի քան 20 տարին՝ Արմենպրեսի ֆոտոխրոնիկայում։ Բացի հայկական լրագրերից, նրա լուսանկարները տպագրվել են «Պրավդայում», «Իզվեստիայում», Լենինգրադի, Կիևի, Թբիլիսիի և ՍՍՀՄ-ի այլ քաղաքներում տպագրվող գրեթե բոլոր թերթերում, ինչպես նաև՝ արտասահմանյան հայատառ պարբերական մամուլում։ Նա մշտապես գտնվել է իրադարձությունների կենտրոնում՝ արվեստագետի աչքով նկարելով հանրապետության և նրա մարդկանց կյանքում տեղի ունեցող իրադարձությունների բոլոր նրբերանգները։ Այսօր արդեն լուսանկարչի գործը շարունակում են որդիները՝ Հերբերտ, Գագիկ և Մելիք Բաղդասարյանները, ու թոռները` Հայկ և Վահրամ Բաղդասարյանները։

Գեղարվեստական լուսանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Քոչար[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Քոչար

Երևանյան իրականության մեջ գեղարվեստական լուսանկարչությունը կապված է Անդրանիկ Քոչարի (Քոչարյան, 1919-1984 թվականներ) անվան հետ, նա արմատներով Արևմտյան Հայաստանից էր։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա հաճախ է հանդիպել Մարտիրոս Սարյանին և լուսանկարել է նրա կտավները։ Վերջինս նրան այսպես է բնորոշել.

Անդրանիկ Քոչարը բացառիկ էներգիայի և ճաշակի տեր մարդ է, լուսանկարչական ապարատը նրա ձեռքում հրաշքներ է գործում։ Նրա լուսանկարները միշտ հետաքրքիր են, գեղարվեստական տեսակետից՝ ինքնատիպ և իրենց ուժով անմիջականորեն ազդում են մարդու վրա։ Անդրանիկ Քոչարը արվեստագետ է, որն իր կամքն ու ճաշակն է թելադրում լուսանկարչական ապարատին։
- Պարսամյան նշվ․աշխ. — P. 5.

Եվ իսկապես, Քոչարի մոտ առկա լուսանկարչի նուրբ աչքը, արվեստագետի մտածողությունն ու գործնական հմտությունը ստեղծում են այնպիսի որակ, որի մասին սովորաբար ասում են. «Կան լուսանկարներ, որ արվեստի ստեղծագործություններ են և՝ հակառակը»։

Ստեղծագործական ժառանգության վարպետության գագաթնակետն են հատկապես նրա դիմանկարները, որոնք մեզ են ներկայացնում հայաստանաբնակ և սփյուռքահայ արվեստագետների լուսանկարների՝ մեկը մյուսին չկրկնող մի ամբողջ բույլ։ Նա համոզված էր, որ յուրաքանչյուր մարդու դիմախաղն ու շարժումներն անկրկնելի են, և դիմանկարի նպատակն է այդ անկրկնելին պատկերելը։ Նրա կարծիքով չկա ոչ լուսանկարելի դեմք, հարկավոր է միայն գտնել այդ դիտակետը, այդ պահը։ Հենց այստեղ էլ թաքնված է լուսանկարչի վարպետությունը[7]։ Տեխնիկայի հարցում նա աչքի չէր ընկնում արդիական լուծումներով, բայց նրան հաջողվել է ներթափանցել մարդու ներաշխարհը։ Գրեթե յուրաքանչյուր դիմանկարում տեսնում ենք ձեռքեր, որոնք ոչ թե զուտ հորինվածային առանձին տարրն են, այլ միահյուսվում են լուսանկարչական դիմանկարի ընդհանուր հյուսվածքին՝ ամբողջացնելով այն, ստեղծելով պատկերվողի հոգու ու մարմնի միասնություն։ Երբ նայում ես այդ աշխատանքները, հանկարծ ինքդ քեզ համար բացահայտում ես Մարտիրոս Սարյանին, Մինաս Ավետիսյանին, Վիլյամ Սարոյանին, Ավետիք Իսահակյանին[8], Արամ Խաչատրյանին և այլ նշանավոր հայորդիների։ Այսպիսով, փորձելով ներկայացնել վարպետի ստեղծագործական բնութագիրը, կարող ենք ասել, որ նա գեղարվեստական լուսանկարչություն է ներմուծել մոնումենտալ արտահայտչականությունը, շեշտել սևի ու սպիտակի, լույսի ու ստվերի երանգավորման հակադրությունը։ Նրա համար լույսը ինքնանպատակ չէր, այլ ծառայում էր որպես միջոց՝ բացահայտելու կերպարի ներքին էությունը, ընդգծելու ամենաբնորոշը[7]։ Նրա և նրա լուսանկարիչ ընկերների՝ մեզ ժառանգած ստեղծագործությունները Խորհրդային Հայաստանի մշակութային կյանքի լավագույն ձեռքբերումներից են, որոնք մինչ օրս էլ չեն կորցրել իրենց գեղարվեստական արժեքն ու նշանակությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Новая жудожественная фотография „Леонъ“, Ериванския объявления, №30, Ериван, 20 апреля 1911., с. 2.
  2. Տեր-Արիստակեսյանին է պատկանել Աստաֆյան փողոցում գտնվող «Մոսկվա» լուսանկարչատունը
  3. Lusadaran, Armenian Photography Foundation, 2016/ Khanoyan Gabriel. Տես՛ http://lusadaran.org/artists/khanoyan-gabriel
  4. Lusadaran, Armenian Photography Foundation, 2016/ Khanoyan Gabriel. Տես՛ http://lusadaran.org/artists/khanoyan-gabriel/
  5. Աբովյան 12 պատմական շենքը քանդվել է 2000-ական թվականներին։ Lusadaran, Armenian Photography Foundation, 2016/ Khanoyan Gabriel. Տես՛ http://lusadaran.org/artists/khanoyan-gabriel/
  6. Աշխատել է նաև «Կոմունիստ» թերթում որպես ֆոտոթղթակից (1941թ․), «Սովետական Հայաստան» ամսագրի լուսանկարիչ (1958թ․)։ Եղել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ (1959թ․), իսկ 1967թ․ արժանացել է «Հայկական ՍՍՀ մշակույթի վաստակավոր գործչի» կոչմանը և 1975թ․ պարգևատրվել «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով
  7. 7,0 7,1 http://lraber.asj-oa.am/6113/4/251-256.pdf(չաշխատող հղում)
  8. Բանաստեղծի հայտնի լուսանկարը տպագրվել է նաև որպես նամականիշ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահան Քոչար, նշվ. աշխ.
  • Երևանը լուսանկարներում(լուսանկարների հավաքածու),մաս I, Երևան քաղաքի պատմության թանգարան, Եր., 2008
  • «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, Ֆ․1047, ց․1
  • Խանոյան Ա., Երևանի առաջին լուսանկարչատունը, «Հայ զինվոր», թիվ 42, հոկտեմբերի 30-նոյեմբերի 6, Եր., 2004
  • Բաղդասարյան Մ., Վանեցին գործի մեջ էլ է վանեցի, «Ժամանակ Հայաստան», թիվ 234, հունվ․8, Եր., 2008
  • Կորդոյան Ե., Այն օրերի անկրկնելին ու անդարդը, լուսանկարիչ Գ. Խանոյանի մասին, «Սովետական Հայաստան», թիվ 11, Եր., 1979
  • Ղազիկյան Վ., Սամվել Խանդիկյան 85, «Համայնապատկեր», թիվ 10, Գլենդել, 2000
  • Սամվել Խանդիկյան, Երևանի լեգենդներից մեկը, «Հայացք Երևանից», թիվ 4, հուլիս, Եր., 2001
  • Հովակիմյան Բ., Սամվել Խանդիկյան արվեստագետը, «Ազգ օրաթերթ-մշակույթ», թիվ 16, Եր., 2014
  • Վարդանյան Հ., Սամվել Խանդիկյան, «Գրական թերթ», թիվ 23, հունիսի 6, Եր, 1975
  • Վարդանյան Հ., նշվ․աշխ.
  • Ավազագույն վարպետի ֆոտոտարեգրությունը, «Երեկոյան Երևան» թերթ, դեկտեմբերի 15, Եր., 1980
  • Բարսեղյան Ա., Նեմրութ, «Գրական թերթ», թիվ 23, հունիսի 6, Եր., 1975
  • Պարսամյան Ա., Լուսանկարչի աշխարհը, Ա. Քոչարի մասին, «Հայրենիքի ձայն», թիվ 42, հոկտեմբերի 20, Եր., 1971
  • Պարսամյան Ա., նշվ․աշխ
  • Առաքելյան Գ․Հ, Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստի առանձնահատկությունները
  • Առաքելյան Գ․Հ, նշվ. աշխ.
  • Արշարունի Ա., Լուսանկարիչ, արվեստագործ Անդրանիկ Քոչարյան, «Լրաբեր», թիվ 107, մարտի 26, Նյու-Յորք, 1949
  • Մառլեն Մարուա, Անդրանիկ քոչարի Հայաստանը, «Երեկոյան Երևան» թերթ, հուլիսի 12, Եր., 1988