Էպինալ (ֆր.՝ Épinal. ֆրանսերեն արտասանութամբ՝ (լսել); գերմ.՝ Spinal), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսարևելյան մասում՝ Վոգեզներ դեպարտամենտում[5], Մոզել գետի ափին, Նանսի քաղաքից մոտավորապես 60 կիլոմետր դեպի հարավ։ Այդ դեպարտամենտի, ինչպես նաև իր անունով կոչվող շրջանի և Էպինալ-1 ու Էպինալ-2 կանտոնների վարչական կենտրոնն է։ Երկաթուղով կապված է Փարիզի, Ստրասբուրգի, Բելֆորի, Նանսիի և այլ բնակավայրերի հետ։ Զբաղեցնում է 59,24 քառակուսի կիլոմետր տարածք։ 1999 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 35 794։
Էպինալը համբավվել է այսպես կոչված՝ «էպինալյան պատկերներով»։ Դրանք լայն տարածում գտած տպվածքներ են, որ թողարկել է տեղի Imagerie d'Épinal ընկերությունը (նախկին անվանումը՝ Imagerie Pellerin)։ Փայտի վրա արված այդ գունագեղ տպվածքների հիմնական թեմաներն են զինվորական գործը, նապոլեոնյան պատմությունները, պատմական նշանավոր դեմքերն ու դեպքերը, ժողովրդական ավանդազրույցները։ Ընկերությունը հիմա էլ է գործում՝ ավանդական եղանակով շարունակելով թողարկել անտիկ թեմաներով տպվածքներ, որոնք, ըստ որոշ ուսումնասիրողների, նպաստել են կոմիքսի ժանրի առաջացմանն ու տարածմանը։
Էպինալի տեսարժան վայրերից են Վոգեզների հրապարակը, Սենտ Մորիս բազիլիկը, միջնադարյան ամրոցի ավերակները, ռոմանական ճարտարապետության նմուշ հանդիսացող տունը, որը համարվում է 11-13-րդ դարերի կառույց։ Քաղաքին գեղեցիկ տեսք են հաղորդում զբոսայգիներն ու պարտեզները, մերձակա անտառը՝ իր տնկարանով (Arboretum de la Forêt d'Épinal)։ Տեղացիների շրջանում տարածված մի ավանդազրույցի համաձայն՝ Նապոլեոն Բոնապարտի ուրվականը ամեն տարի սեպտեմբերի 9-ին ժամը 05։00-ին շրջում է ամրոցի ավերակներում (1811 թվականի այդ օրը Նապոլեոնն այդտեղ ճառով է հանդես եկել և մարտակոչով դիմել էպինալցիներին)։
↑Jeanne Cressanges: installed in Épinal since 1968, novelist, essayist, screenwriter originally from Noyant in the Allier, who dedicated two of his works to his adopted region: "Je vous écris d’Épinal" and "Je vous écris des Vosges" éditions Serge Domini, respectively in 2009 and 2014.
↑Nicolas Mathieu a le spleen des Vosges on lemonde.fr.