Էլիզաբեթ Բլաքվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Բլաքվել
անգլ.՝ Elizabeth Blackwell
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1821(1821-02-03)[1][2][3][…]
ԾննդավայրԲրիստոլ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էմայիսի 31, 1910(1910-05-31)[1][2][5] (89 տարեկան)
Մահվան վայրՀասթինգս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
ԳերեզմանKilmun
Քաղաքացիություն ԱՄՆ և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԲեդֆորդ քոլեջ, Geneva Medical College? և State University of New York Upstate Medical University?
Մասնագիտությունբժիշկ, բժշկական տեքստերի հեղինակ, ակնարկագիր, կանանց իրավունքների պաշտպան, իրավապաշտպան և գրող
Ծնողներհայր՝ Samuel Blackwell?, մայր՝ Hannah Blackwell?
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Elizabeth Blackwell Վիքիպահեստում

Էլիզաբեթ Բլաքվել (անգլ.՝ Elizabeth Blackwell, փետրվարի 3, 1821(1821-02-03)[1][2][3][…], Բրիստոլ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մայիսի 31, 1910(1910-05-31)[1][2][5], Հասթինգս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), բրիտանացի բժիշկ, առաջին կին, ով բժշկական որակավորում է ստացել Միացյալ Նահանգներում, և առաջին կին, որը Գլխավոր բժշկական կոմիտեի կողմից գրանցվել է Բժշկական գրանցամատյանում[8]։ Բլաքվելը ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Միացյալ Թագավորությունում էական ներդրում է ունեցել որպես սոցիալական գործիչ և բարոյական բարեփոխիչ, և բժշկության ոլորտում կանանց կրթությունը խթանելու առաջամարտիկ։ Ի պատիվ նրա ստեղծվել է Էլիզաբեթ Բլաքվել շքանշան, որն ամեն տարի շնորհվում է այն կնոջը, ով նշանակալի ներդրում է ունեցել բժշկության ոլորտում կանանց առաջխաղացման գործում[8]։

Բլաքվելին սկզբում չէր հետաքրքրում բժշկական գործունեությունը, հատկապես այն բանից հետո, երբ իր դպրոցական ուսուցիչը դասավանդման նպատակով ցուլի աչք էր բերել[8]։ Հետևաբար, նա դարձավ դպրոցի ուսուցիչ՝ իր ընտանիքի կարիքները հոգալու համար։ 1800-ական թվականների ընթացքում ուսուցչությունը կանանց հարմար աշխատան էր համարվում, սակայն շուտով նա համարեց, որ այն չի համապատասխանում իրեն։ Բլաքվելի հետաքրքրությունը բժշկության հանդեպ առաջացավ այն բանից հետո, երբ ընկերուհին հիվանդացավ և ասաց, որ եթե իր մասին հոգացող բժիշկը կին լիներ, գուցե ինքն ավելի թեթև տաներ դժվարությունները[8]։ Բլաքվելը սկսեց դիմել բժշկական դպրոցներ և հենց սկզբից բախվեց իր սեռական պատկանելության նկատմամբ նախապաշարմունքների, որը շարունակվելու էր հետագա ողջ գործունեության ընթացքում։ Նրան մերժում էին իր դիմած բոլոր բժշկական դպրոցներում, բացառությամբ Ժնևի բժշկական քոլեջի (Նյու Յորք), որտեղ արական սեռի ուսանողները քվեարկեցին Բլաքվելի ընդունման օգտին[9]։ Այսպիսով, 1847 թվականին Բլաքվելը դարձավ առաջին կինը, ով հաճախեց բժշկական դպրոց ԱՄՆ-ում[8]։

Բլաքվելի առաջին ատենախոսությունը որովայնային տիֆի տենդի մասին էր, որը տպագրվել է 1849 թվականին Բուֆալոյի բժշկական ամսագրում, դառնալով պաշտպանությունից կարճ ժամանակ անց հրատարակված[10], առաջին բժշկական հոդվածը, որը հրատարակել էր կին ուսանող ԱՄՆ-ից։ Այն ներկայացնում էր կարեկցանքի և զգայունության ուժեղ ապրումակցում մարդկային տառապանքների նկատմամբ, ինչպես նաև տնտեսական և սոցիալական արդարության վճռական պաշտպանություն[10]։ Այս հեռանկարը բժշկական համայնքը համարեց «կանացի»[10]։

Բլաքվելը 1857 թվականին իր քրոջ՝ Էմիլի Բլաքվելի հետ հիմնադրեց նաև Նյու Յորքի կանանց և երեխաների հիվանդանոց և կին հանդիսատեսի առջև դասախոսություններ էր կարդում աղջիկների կրթության կարևորության մասին[11]։ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի տարիներին նա նաև զգալի դերակատարում է ունեցել բուժքույրերին կազմակերպելու գործում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթը ծնվել է 1821 թվականի փետրվարի 3-ին Անգլիայի Բրիստոլ քաղաքում՝ շաքրի վերամշակմամբ զբաղվող Սամուել Բլաքվելի և նրա կնոջ՝ Հաննա (Լեյն) Բլաքվելի ընտանիքում։ Էլիզաբեթն ուներ երկու ավագ քույրեր՝ Աննան և Մարիանը, և, վեց կրտսեր եղբայրներ՝ Սամուել (ամուսնացել է Անտուանետ Բրաունի հետ), Հենրի (ամուսնացել է Լյուսի Սթոունի հետ), Էմիլի (ԱՄՆ - ում երկրորդ կինը, որը բժշկական կոչում է ստացել), Սառա Էլեն (գրող), Ջոն և Ջորջ։ Նա ուներ նաև չորս մորաքույր՝ Բարբարա, Էնն, Լյուսի և Մերի, ովքեր նույնպես ապրում էին նրանց հետ[12]։

1832 թվականին ընտանիքը գաղթեց Անգլիայի Բրիստոլ քաղաքից Նյու Յորք, քանի որ Սամուել Բլաքվելը հրդեհի պատճառով կորցրել էր իրենց շատ շահութաբեր շաքարի գործարանը[11]։ Նյու Յորքում նրա հայրը սկսեց ակտիվ աբոլիթիոնիստական գործունեություն ծավալել։ Հետևաբար, ընթրիքի շուրջ նրանց քննարկումները հաճախ շոշափում էին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց իրավունքները, ստրկությունը և մանկական աշխատանքը։ Այս լիբերալ քննարկումները արտացոլվում էին երեխաների դաստիարակության Հաննայի և Սամուելի մոտեցումներում։ Օրինակ՝ Բարբարա Բլաքվելը երեխաներին վատ վարքի համար ծեծելու փոխարեն՝ նրանց զանցանքները գրանցում էր սև գրքում։ Եթե դրանք կուտակվում էին, ապա երեխաներն ընթրիքի ժամանակ ուղարկում էին ձեղնահարկ։ Սամուել Բլաքվելը նույնպիսի լիբերալ վերաբերմունք ուներ նաև իր երեխաների կրթության նկատմամբ[12]։ Սամուել Բլաքվելը կոնգրեգացիոնալիստ էր և մեծապես ազդել է իր երեխաների կրոնական և ակադեմիական կրթության վրա։ Նա կարծում էր, որ յուրաքանչյուր երեխա, ներառյալ իր աղջիկները, պետք է հնարավորություն ունենան անսահման զարգացնելու իրենց տաղանդներն ու ընդունակությունները։ Այդ ժամանակներում նման տեսակետը հազվադեպ երևույթ էր, քանի որ մարդկանց մեծամասնությունը կարծում էր, որ կնոջ տեղը տունն է կամ դպրոցում՝ որպես ուսուցիչ։ Բլաքվելը ուներ ոչ միայն տնային դաստիարակչուհի, այլ մասնավոր ուսուցիչներ, ովքեր լրացնում էին նրա մտավոր զարգացումը[8]։ Արդյունքում, նա մեծանում էր սոցիալական առումով բոլորից բավական մեկուսացած և շփվում էր միայն իր ընտանիքի հետ[13]։

Մի քանի տարի անց ընտանիքը հեռացավ Նյու Յորքից, տեղափոխվեց Ցինցինատ (Օհայո)։ Երբ Բլաքվելը 17 տարեկան էր, նրա հայրը մահացավ՝ ընտանիքին թողնելով ոչ մեծ գումար։

Չափահայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլաքվելներն ունեին ֆինանսական դժվարություններ։ Ֆինանսական կարիքից ելնելով՝ Աննա, Մարիան և Էլիզաբեթ քույրերը հիմնեցին դպրոց՝ «Ցինցինատիի երիտասարդ տիկնանց անգլիական և ֆրանսիական ակադեմիա» (The Cincinnati English and French Academy for Young Ladies), որը տրամադրում էր գրեթե բոլոր առարկաների ուսուցում և գումար էր գանձում ուսման, կացարանի և սննդի համար։ Դպրոցն աչքի չէր ընկնում իր կրթության նորարարական մեթոդներով. Այն պարզապես եկամտի աղբյուր էր Բլաքվել քույրերի համար[13]։ Այս տարիներին մահապատժի վերացման աշխատանքները երկրորդ պլան էին մղվել Բլաքվելների համար, ամենայն հավանականությամբ՝ ակադեմիայի պատճառով[14]։

Էլիզաբեթ Բլաքվելը, հավանաբար իր քրոջ՝ Աննայի ազդեցության պատճառով, ընդունեց եպիսկոպալականություն, 1838 թվականի դեկտեմբերին դառնալով Սուրբ Պողոսի եպիսկոպոսական եկեղեցու ակտիվ անդամ։ Այնուամենայնիվ, երբ 1839 թվականին Ուիլյամ Հենրի Չենինգը[15] ժամանեց Ցինցինատ, Էլիզաբեթի կարծիքը փոխվեց։ Խարիզմատիկ Ունիտարիանական[16] հոգևորական Չենինգը, տրանսցենդենտալիզմի գաղափարները[17] ներկայացրեց Բլաքվելին, որը սկսեց հաճախել Ունիտարիանական եկեղեցի։ Ինչն արժանացավ Ցինցիցնատի համայնքի պահպանողական արձագանքին, և արդյունքում ակադեմիան կորցրեց իր աշակերտներից շատերին, իսկ 1842 թվականին փակվեց։ Բլաքվելը սկսեց ուսուցանել մասնավոր աշակերտների[14]։

Բլաքվելի հետաքրքրությունները կրթության և բարեփոխումների նկատմամբ վերածնվեցին Չենինգի ժամանմամբ։ Էլիզաբեթն աշխատում էր ինտելեկտուալ ինքնակատարելագործման վրա․ ուսումնասիրում էր արվեստ, հաճախում էր տարբեր դասախոսությունների, գրում էր պատմվածքներ և մասնակցում էր տարբեր դավանանքների կրոնական ծառայություններին (կվակերական, միլերական[18], հրեական)։ 1840-ական թվականների սկզբին նա իր օրագրերում և նամակներում սկսեց բանաձևեր ներկայացնել կանանց իրավունքների մասին և մասնակցեց 1840 թվականի Հարիսոնի քաղաքական արշավին[14]։

1844 թվականին Բլաքվելն իր քրոջ՝ Աննայի օգնությամբ Հենդերսոն քաղաքում (Կենտուկի) գտավ ուսուցչական աշխատանք՝ տարեկան $ 1000 վճարով։ Չնայած գոհ էր իր աշխատանքից, սակայն համարեց, որ կացարանային ու դպրոցական շենքային պայմանները անբավարար են։ Նրան ամենից շատ անհանգստացած էր նրանով, որ սա ստրկության իրողությունների հետ նրա առաջին իրական հանդիպումն էր։ «Որքան էլ մարդիկ անձամբ իմ նկատմամբ բարի էին, արդարության ընկալումը շարունակաբար խախտվում էր. Եվ պարտականությունների առաջին ժամկետի ավարտին ես հրաժարվեցի այդ իրավիճակից»[19]։ Միայն կես տարի անց նա վերադարձավ Ցինցինատի՝ որոշելով գտնել կյանքն անցկացնելու ավելի քաջալերիչ միջոց[20]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Բլաքվել

Բժշկական կրթության ձգտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկին իր քրոջ՝ Աննայի միջոցով, Բլաքվելը աշխատանք գտավ՝ այս անգամ երաժշտություն դասավանդելով Հյուսիսային Կարոլինայի Աշվիլ քաղաքի ակադեմիայում՝ բժշկական դպրոցի իր ծախսերի համար անհրաժեշտ 3000 ԱՄՆ դոլարը հոգալու համար։ Աշվիլում Բլաքվելը հյուրընկալվեց հարգարժան սրբազան Ջոնսոն Դիքսոնի մոտ, որը նախքան գոգևորական դառնալը բժիշկ էր եղել։ Դիքսոնը հավանություն տվեց Բլաքվելի ձգտումներին և թույլ տվեց օգտվել իր գրադարանի բժշկական գրքերը ուսումնասիրել։ Այս ընթացքում Բլաքվելը հանդարտեցրեց կրոնական ընտրության և միայնության վերաբերյալ իր իսկ կասկածները։ Նա նաև վերսկսեց իր հակաստրկության հետաքրքրությունները՝ հիմնելով ստրուկների կիրակնօրյա դպրոց, որն, ի վերջո, հաջողություն չունեցավ[12]։

Դիքսոնի դպրոցը շուտով փակվեց, և Բլաքվելը տեղափոխվեց վերապատվելի Դիքսոնի եղբոր՝ Չարլսթոնի հայտնի բժիշկ Սամուել Հենրի Դիքսոնի նստավայր։ Նա սկսեց դասավանդել 1846 թվականին Չարլսթոնի գիշերօթիկ դպրոցում, որը ղեկավարում էր տիկին Դյու Պրեն։ Սրբազան Դիքսոնի եղբոր օգնությամբ Բլաքվելը հետաքրքրվեց նամակների միջոցով բժշկական ուսումնասիրության հնարավորության մասին, սակայն բարենպաստ պատասխան չստացավ։ 1847 թվականին Բլաքվելը Չարլսթոնից մեկնեց Ֆիլադելֆիա և Նյու Յորք՝ նպատակ ունենալով անձամբ ուսումնասիրել բժշկական կրթության հնարավորությունները։ Բլաքվելի մեծ ցանկություն ուներ ընդունվել Ֆիլադելֆիայի բժշկական դպրոցներից մեկը[20]։

Իմ մտադրությունը լիովին ձևավորված է։ Ես դյուզն-ինչ չեմ տատանվում այդ հարցի վերաբերյալ․ բժշկության մանրակրկիտ ուսումնասիրություն, ես լիովին վճռական եմ, հասնել դրան։ Սարսափներն ու զզվանքները, կասկած չունեմ, կհաղթահարեմ։ Ես հաղթահարել եմ ավելի ուժեղ տհաճություններ, քան այն ինչ սպասվում է և ինձ լիովին հավասար մրցակից եմ զգում։ Ինչ վերաբերում է մարդկանց կարծիքին, ապա անձամբ ինձ մի մազաչափ իսկ չի հետաքրքրում․ չնայած ես այդքան շատ ջանք եմ գործադրում, որպեսզի արժանանամ դրան և միշտ ձգտելու եմ այդ անել, քանի որ ես շարունակաբար տեսնում եմ, թե ինչպես է ամենամեծ բարիքը ստվերվում՝ այն պարունակող բռնի կամ տհաճ ձևերով[19]։

Ֆիլադելֆիա հասնելուն պես, Բլաքվելը համագործակցեց դոկտոր Ուիլյամ Էլդերի հետ և մասնավոր անատոմիա սովորեց դոկտոր Ջոնաթան Մ. Ալենի մոտ, այն ընթացքում, երբ նա փորձում էր ոտք դնել Ֆիլադելֆիայի որևէ բժշկական դպրոց[12]։ Նա դիմադրության էր հանդիպում գրեթե ամենուր։ Բժիշկներից շատերը խորհուրդ էին տալիս նրան կամ մեկնել Փարիզ՝ սովորելու, կամ էլ տղամարդու կերպարանք ստանալ՝ բժշկություն սովորելու համար։ Նրա մերժման համար առաջադրված հիմնական պատճառներն էին․

  1. նա կին է և, հետևաբար, մտավորապես անլիարժեք է
  2. նա կարող էր իրականում ընդունակ լինել առաջադրանքը կատարելուն, ապացուցել, որ մրցակից է, և որ չէր կարող ակնկալել, որ իրեն «կտրամադրեն [ նրան] փայտ, որ նրանց գլուխները կոտրի»։

Հուսահատությունից նա դիմեց տասներկու «գյուղական դպրոցներ»։

Բժշկական կրթություն Միացյալ Նահանգներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Սթենլիի դիմանկարը, նկարիչ՝ Ջոզեֆ Սթենլի, 1963[21]

1847 թվականի հոկտեմբերին Բլաքվելը որպես բժշկական ուսանող ընդունվեց Ժնևի բժշկական քոլեջ, որը հետագայում կոչվեց Հոբարտ քոլեջ, որը գտնվում էր Նյու Յորքի ծայրամասում։ Դեկանն ու պրոֆեսորադասախոսական կազմը, որոնք սովորաբար պատասխանատու էին դիմորդի մագիստրոսական գնահատման համար, ի վիճակի չէին որոշում կայացնել Բլաքվելի գործի հատուկ բնույթի պատճառով։ Նրանք հարցը դրեցին 150 արական սեռի ուսանողների քվեարկության՝ այն պայմանով, որ եթե թեկուզ մեկ ուսանող առարկի, Բլաքվելը կմերժվի։ Երիտասարդները նրան ընդունելու կողմ քվեարկեցին միաձայն[22][23]։

Երբ Բլաքվելը ժամանեց քոլեջ, նա բավականին նյարդայնացավ։ Ամեն ինչ անծանոթ էր՝ շրջապատը, ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը։ Նա նույնիսկ չգիտեր՝ որտեղից վերցնել իր գրքերը։ Այնուամենայնիվ, նա շուտով բժշկական դպրոցում նա զգում էր ինչպես տանը[12]։ Դպրոցում գտնվելու ընթացքում Ժնևի բնակիչները նրան տարօրինակ էին նայում։ Նա նաև մերժեց փեսացուներին և ընկերներին՝ նախընտրելով մեկուսանալ։ Ամռանը Ժնևում գտնվելու իր երկու կիսամյակների միջև նա վերադարձավ Ֆիլադելֆիա, մնաց դոկտոր Էլդերի մոտ և դիմեց տարածքի բժշկական ծառայության՝ կլինիկական փորձ ձեռք բերելու համար։ «Աղքատների պահապանները» քաղաքային հանձնաժողովը, որը ղեկավարում էր Բլոկլի Ալմշաուզը, որոշակի դիմադրությունից հետո նրան թույլտ տվեց աշխատել այնտեղ։ Բլաքվելը դանդաղորեն ընդունելի դարձավ Բլոկլին, չնայած որոշ երիտասարդ բժիշկներ դեռ հեռանում էին և հրաժարվում օգնել նրան հիվանդների ախտորոշման և բուժման հարցում։ Իր այնտեղ գտնվելու ընթացքում Բլաքվելը ձեռք է բերել արժեքավոր կլինիկական փորձ, բայց շատ սարսափած էր սիֆիլիտիկ բաժանմունքի և տիֆով տառապողների վիճակից։ Նրա ավարտական թեզը Ժնևի բժշկական քոլեջում տիֆի թեմայով էր։ Այս թեզը եզրափակվում էր ֆիզիկական առողջությունը սոցիալ-բարոյական կայունության հետ կապելով, մի բան, որը նախանշում էր նրա հետագա բարեփոխումների աշխատանքը[12]։

1849 թվականի հունվարի 23-ին Բլաքվելը դարձավ առաջին կինը, ով բժշկական կրթություն ստացավ Միացյալ Նահանգներում[24][25]։ Տեղական մամուլը հայտնեց նրա կոչում ստանալու մասին՝ նշելով, որ դեկան, դոկտոր Չարլզ Լին դիպլոմը շնորհելիս կանգնեց և խոնարհվեց Էլիզաբեթ Բլաքվելի առաջ[26]։

Բժշկական կրթություն Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1849 թվականի ապրիլին Բլաքվելը որոշում կայացրեց շարունակել ուսումը Եվրոպայում։ Նա այցելեց Բրիտանիայի մի քանի հիվանդանոցներ, ապա շարժվեց դեպի Փարիզ։ Նրա այդտեղի փորձը նման էր Ամերիկայում ունեցած փորձին։ նա մերժվեց շատ հիվանդանոցների կողմից իր սեռի պատճառով։ Հունիսին Բլաքվելը ընդունվեց La Maternité «ծննդկանների»[22] հիվանդանոց՝ պայմանով, որ նրան վերաբերվելու են որպես ուսանող մանկաբարձուհի, այլ ոչ թե որպես բժիշկ։ Նա ծանոթացավ Հիպոլիտ Բլոտի՝ La Maternité- ի երիտասարդ ռեզիդենտ բժշկի հետ։ Նա բժշկի մեծ փորձ ձեռք բերեց նրա մենթորության և ուսուցման միջոցով։ Մինչև տարեվերջ Պոլ Դուբոիզը, իր ժամանակի ամենաառաջատար մանկաբարձը, հայտնել էր իր կարծիքը Էլիզաբեթի մասին, որ նա կդառնա ԱՄՆ-ի լավագույն մանկաբարձը և՛ տղամարդկանց, և՛ կանաց մեջ[20]։

1849 թվականի նոյեմբերի 4-ին, երբ Բլաքվելը բուժում էր նորածնային կոնյուկտիվիտով (ophthalmia neonatorum) մի նորածնի, նա պատահմամաբ վարածված հեղուկը ցփնեց իր իսկ աչքի մեջ և վարակվեց։ Նա կորցրեց ձախ աչքի տեսողությունը, նրա աչքը վիրահատական ճանապարհով հեռացվեց, այդպիսով նրան թողնելով առանց վիրաբույժ դառնալու հույսի[20]։ Ապաքինվելուց հետո նա 1850 թվականին ընդունվեց Լոնդոնի Սբ Բարդուղիմեոսի հիվանդանոց։ Նա պարբերաբար հաճախում էր Ջեյմս Փաջեթի (James Paget) դասախոսություններին։ Նա այնտեղ դրական տպավորություն թողեց, չնայած դիմադրության հանդիպեց, երբ փորձեց զննել խնամարկյալներին[12]։

Զգալով, որ բժշկության մեջ կանանց հանդեպ նախապաշարմունքն այդտեղ այդքան էլ մեծ չէ, Բլաքվելը 1851 թվականին վերադարձավ Նյու Յորք՝ սեփական գործունեությունը ծավալելու հույսով[12]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական գործունեություն Ամերիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորքի հիվանդանոցի Կանանց բժշկական քոլեջի ծանուցագիր, 1868-1869

Ամերիկայում Բլաքվելը բախվեց դժվարությունների, բայց կարողացավ ստանալ որոշ լրատվամիջոցների աջակցությունը, ինչպիսններից էր New-York Tribune- ը[20]։ Նա շատ քիչ հիվանդներ ուներ, մի իրավիճակ, որը նա բացատրում էր որպես հղիության արհեստական ընդհատում կատարող կին-բժիշկների ապօրինության արդյունք։ 1852 թվականին նա սկսեց դասախոսություններ կարդալ և հրատարակեց «Կյանքի օրենքները՝ հատուկ հղում կատարելով աղջիկների ֆիզիկական դաստիարակությանը», իր առաջին աշխատանքն էր աղջիկների ֆիզիկական և մտավոր զարգացման մասին, որը վերաբերում էր երիտասարդ կանանց մայրության պատրաստմանը[12]։

1853 թվականին Բլաքվելը Թոմփկինսի հրապարակի մոտակայքում հիմնեց փոքրիկ դիսպանսեր։ Նա նաև իր թևի տակ վերցրեց բժշկականի ուսանողուհի լեհուհի Մարի Զաքրզևսկային (Marie Elisabeth Zakrzewska)՝ դառնալով նրա նախաբժշկական պրակտիակայի ղեկավար։ 1857 թվականին դոկտոր Մարի Զաքրզևկան, Բլաքվելի և նրա քրոջ՝ Էմիլիի հետ, որոնք նույնպես ստացել էին բժշկական գիտական որակավորում, ընդլայնեցին Բլաքվելի հիմնադրած դիսպանսերը Նյու Յորքի անապահով կանանց և երեխաների համար։ Կանայք ծառայում էին հոգաբարձուների խորհրդում, գործադիր կոմիտեում և որպես առկա բժիշկներ։ Հաստատությունն ընդունում էր ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում և ծառայում էր որպես բուժքրոջ վերապատրաստման հաստատություն։ Երկրորդ տարում հիվանդների թիվը կրկնապատկվեց[12]։

Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ջանքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ բռնկվեց Ամերիկյան քաղաքացիական պատերազմը (1861), Բլաքվել քույրերը լծվեցին վիրավորներին խնամելու գործին։ Բլաքվելը մեծապես համակրում էր Հյուսիսին՝ իր աբոլիցիոնիստական (ավանդական իմաստով այս կամ այն օրենքի վերացման շարժում) արմատների պատճառով, և նույնիսկ այնքան հեռու գնաց, որ ասաց, որ ինքը կհեռանա երկրից, եթե Հյուսիսը փոխզիջման գնա ստրկության թեմայի շուրջ[27]։ Այնուամենայնիվ, Բլաքվելը որոշակի դիմադրության հանդիպեց գերազանցապես տղամարդկանցից կազմված Միացյալ Նահանգների սանիտարական հանձնաժողովի (USSC) կողմից։ Արական սեռի բժիշկները հրաժարվեցին օգնել բուժքույրական կրթության ծրագրին, եթե դա Բլաքվելների նախաձեռնությունն է։ Ի պատասխան USSC- ի՝ Բլաքվելը դա կազմակերպեց Կանանց օգնության կենտրոնական ասոցիացիայի (WCRA) հետ։ WCRA- ն աշխատում էր ընդդեմ չհամաձայնեցված բարեգործության խնդրի, բայց, ի վերջո, կլանվեց USSC- ի կողմից[28]։ Այնուամենայնիվ, Նյու Յորքի հիվանդանոցին հաջողվեց համագործակցել Դորոթեա Դիքսի հետ՝ բուժքույրեր պատրաստելու Միության ջանքերի հարցում[27]։

Բժշկական գործունեություն տանը և արտերկրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլաքվելը մի քանի ուղևորություն կատարեց դեպի Բրիտանիա՝ միջոցներ հայթայթելու և այնտեղ Նյու Յորքի հիվանդանոցի նմանությամբ նախագիծ իրականացնել։ 1858 թվականին, ըստ «1858 թվականի բժշկական օրենքի»[29] կետերից մեկի ճանաչվում էին մինչև այդ թվականը արտերկրում բժշկական կրթություն ստացած և Բրիտանիարյում գործունեություն ծավալած բժիշկները։ Այդպիսով նա կարողացավ դառնալ առաջին կինը, ում անունն ընդգրկվեց «Գլխավոր բժշկական խորհրդի» բժշկական գրանցամատյանում (1859 թվականի հունվարի 1)[30]։ Նա այս ընթացքում նաև Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնին մենթորություն էր անում։ 1866 թվականին Նյու Յորքի հիվանդանոցում տարեկան բուժվում էր գրեթե 7000 հիվանդ, և Բլաքվելը պետք էր ԱՄՆ-ում։ Զուգահեռաբար նման հիվանդանոց ունենալու նախագիծը տապալվեց, բայց 1868 թվականին հիմնադրվեց հիվանդանոցին կից կանանց բժշկական քոլեջ։ Այն մարմնավորեց Բլաքվելի նորարարական գաղափարները բժշկական կրթության վերաբերյալ. քառամյա կրթություն՝ շատ ավելի լայն կլինիկական վերապատրաստմամբ, քան նախկինում էր պահանջվում[12]։

Այդ ժամանակ Էմիլի և Էլիզաբեթ Բլաքվելների հարաբերությունները պառակտվել էին։ Երկուսն էլ չափազանց համառ էին, և իշխանության պայքար էր սկսվել նրանց միջև հիվանդանոցի և բժշկական քոլեջի կառավարման համար[12]։ Էլիզաբեթը, մի փոքր օտարված զգալով Միացյալ Նահանգների կանանց բժշկական շարժումից, որոշեց մեկնել Բրիտանիա՝ փորձելու այնտեղ կազմակերպել բժշկական կրթություն կանանց համար։ 1869 թվականի հուլիսին նա նավով ուղևորվեց Բրիտանիա[12]։

1874 թվականին Բլաքվելը Լոնդոնում կանանց բժշկական դպրոց (London School of Medicine for Women) հիմնեց Սոֆիա Ջեքս-Բլեյքի հետ, որը տարիներ առաջ ուսանող էր Նյու Յորքի հիվանդանոցում։ Բլաքվելը տարակուսանքներ ուներ Ջեքս-Բլեյքի մասին և կարծում էր, որ նա վտանգավոր է, ռազմատենչ և անտակտ[31]։ Այնուամենայնիվ, Բլաքվելը խորապես տարվեց դպրոցի գաղափարով, և այն բացվեց 1874 թվականին՝ որպես Լոնդոնի կանանց բժշկական դպրոց, որի հիմնական նպատակն էր նախապատրաստել կանանց «Դեղագործների սրահի» (Apothecaries Hall) լիցենզավորման քննությանը։ Բլաքվելը կտրականապես դեմ էր դպրոցի լաբորատորիայում կենդանահերձում (vivisection) օգտագործելուն[12]։

Դպրոցի հիմնադրումից հետո Բլաքվելը իր լիազորությունների մեծ մասը զիջեց Ջեքս-Բլեյքին և ընտրվեց մանկաբարձության դասախոս։ Նա հրաժարվեց այդ պաշտոնից 1877 թվականին՝ պաշտոնապես հեռանալով բժշկական գործունեությունից[12]։

Մինչ Բլաքվելը բժշկությունը դիտում էր որպես սոցիալական և բարոյական բարեփոխումների միջոց, նրա ուսանողուհի Մերի Պուտնամ Յակոբին կենտրոնացավ հիվանդությունը բուժելու վրա։ Բլաքվելը խորապես համոզված էր, որ կանայք հաջողության կհասնեն բժշկության մեջ իրենց մարդկային արժեքների շնորհիվ, բայց Յակոբին կարծում էր, որ կանայք տղամարդկանց հետ հավասար պետք է ներգրավվեն բոլոր բժշկական մասնագիտություններում[32]։

Եվրոպայում. սոցիալական և բարոյական բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլաքվելը հիշատակվել է ԱՄՆ փոստային նամականիշի վրա, 1974 թվականին, որը հեղինակել էր Ժոզեֆ Սթենլի Կոզլովսկին։ Սիրակուզայի համալսարանի բժշկական դպրոցի հավաքածու

1869 թվականին Բրիտանիա մեկնելուց հետո Բլաքվելն իր հետաքրքրությունների շրջանակը մեծացրեց և ակտիվ մասնակցություն ունեցավ ինչպես սոցիալական բարեփոխումների ոլորտում, այնպես էլ գրքեր հեղինակելով։ 1871 թվականին նա դարձավ «Առողջապահության ազգային ընկերության» (National Health Society) համահիմնադիրը։ Նա իրեն դրսևորում էր որպես հարուստ ջենթլեմ, ով ազատ ժամանակ ուներ բարեփոխումների և մտավոր գործունեության համար․ իր ամերիկյան ներդրումներից ստացված եկամուտի շնորհիվ[12]։ Նրան հետաքրքրում էր իր սոցիալական կարգավիճակը, և նրա ընկերը՝ Բարբարա Բոդիչոնը, Բլաքվելին ներկայացրեց իր շրջապատին։ Այս տարիների ընթացքում նա բազմիցս շրջագայել է Եվրոպայով մեկ՝ լինելով Անգլիայում, Ֆրանսիայում, Ուելսում, Շվեյցարիայում և Իտալիայում[12]։

Բարեփոխումների գործունեության նրա ամենամեծ շրջանը բժշկական մասնագիտությունից հեռանալուց հետո էր՝ 1880-1895 թվականներին։ Բլաքվելը հետաքրքրված էր բարեփոխումների մեծ թվով շարժումներով. հիմնականում բարոյական բարեփոխումներ, սեռական մաքրություն, հիգիենա և բժշկական կրթություն, բայց նաև կանխարգելիչ բժշկություն, սանիտարական վիճակ, եվգենիկա, ընտանիքի պլանավորում, կանանց իրավունքներ, ասոցիացիա, քրիստոնեական սոցիալիզմ, բժշկական էթիկա և հակավիվիսեկցիա. թեև սրանցից ոչ մեկում էլ երբևէ իրական արդյունքի չի հասել[12]։ Նա բարեփոխումների տարբեր կազմակերպություններում էր գործունեություն ծավալում՝ փորձելով յուրաքանչյուրում պահպանել իր իշխող դիրքը։ Բլաքվելը ուներ շատ բարձր, վեհերոտ և, ի վերջո, անհասանելի նպատակ՝ ավետարանական բարոյական կատարելություն։ Բարեփոխումների նրա բոլոր աշխատանքները ձգվել են այս թեմայի երկայնքով։ Նա նույնիսկ մեծ ներդրում ունեցավ երկու ուտոպիական միություններ հիմնադրման մեջ՝ Սարնթվեյթ և Հադլեյթ, 1880-ականներին[12]։

Նա հավատում էր, որ քրիստոնեական բարոյականությունը պետք է նույնքան մեծ դեր ունենա, որքան բժշկության մեջ գիտական հետազոտությունը, և որ բժշկական դպրոցները պետք է ուսանողներին սովորեցնեն այս հիմնական ճշմարտությունը։ Նա նաև հակամատերիալիստ էր և դեմ էր կենդանահերձմանը։ Նա թերագնահատում էր պատվաստման նշանակությունը և կարծում էր, որ դա վտանգավոր է։ Նա կարծում էր, որ բակտերիաները հիվանդության միակ կարևոր պատճառը չեն և կարծում էր, որ դրանց նշանակությունը չափազանցված է[33]։

Նա մեծապես քարոզչություն էր իրականացնում ընդդեմ սանձարձակության, մարմնավաճառության և հակաբեղմնավորիչների՝ փոխարենը կողմ էր օրացույցային մեթոդի (Rhythm method)[34] կիրառմանը։ Նա քարոզչություն էր վարում ընդդեմ Վարակիչ հիվանդությունների մասին օրենքի՝ պնդելով, որ դա մարմնավաճառության կեղծ օրինականացում է։

1878 թվականին Էլիզաբեթ Բլաքվելի «Երեխաների բարոյական դաստիարակության ծնողների խորհուրդ» աշխատությունը մարմնավաճառության և ամուսնության վերաբերյալ էր, որտեղ վիճարկվում էր վարակիչ հիվանդությունների մասին օրենքները։ Բլաքվելը պահպանողական էր բոլոր իմաստներով, բացառությամբ այն բանի, որ համարում էր, որ կանայք ունեն տղամարդկանց հավասար սեռական կրքեր, և որ տղամարդիկ և կանայք հավասարապես պատասխանատու են այդ կրքերը վերահսկելու համար[35]։ Նրա ժամանակակիցներըն այլ կարծիքի էին․ համարում էին, որ կանայք սեռական կիրք քիչ ունեն, և բարոյական վերահսկողության պատասխանատվությունն անմիջականորեն կնոջ ուսերին էին բարդում։

Գիրքը վեճերի տեղիք տվեց։ Այն մերժվեց 12 հրատարակիչների կողմից, և վերջապես տպագրվեց Ha՝tchard and Company- ի կողմից։ Բնօրինակ հրատարակության ապացույցները ոչնչացվել են հրատարակչության խորհրդի անդամներից մեկի կողմից, և նոր տպագրության համար վերնագրի փոփոխություն է պահանջվել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերներ և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլաքվելը լավ կապվեր ուներ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Միացյալ Թագավորությունում։ Նա նամակագրական կապով Լեդի Բայրոնի հետ կանանց իրավունքների խնդիրների մասին է խոսել և շատ մտերիմ ընկերներ է դարձել Ֆլորենս Նայթինգեյլի հետ, որի հետ միասին քննարկել է հիվանդանոց բացելու և ղեկավարելու հարցը։ Նա Բարբարա Բոդիչոնի հետ մնաց ցմահ ընկերներ և հանդիպեց Էլիզաբեթ Քեդի Սթենթոնին 1883 թվականին։ Նա իր ընտանիքի հետ մտերիմ էր և հնարավորինս այցելում էր իր եղբայրներին ու քույրերին ճանապարհորդությունների ընթացքում[12]։

Այնուամենայնիվ, Բլաքվելը շատ ուժեղ անհատականություն էր և հաճախ բավականին կտրուկ քննադատում էր ուրիշներին, հատկապես կանանց։ Բլաքվելը վիճեց Ֆլորենս Նայթինգեյլի հետ, երբ վերջինը վերադարձավ Ղրիմի պատերազմից։ Նայթինգեյլը ցանկանում էր, որ Բլաքվելը իր ուշադրությունը կենտրոնացնի բուժքույրեր կրթելու վրա և չէր տեսնում կին-բժիշկների կրթելու օրինականությունը[27]։ Դրանից հետո Բլաքվելի մեկնաբանությունները Ֆլորենս Նայթինգեյլի հրապարակումների վերաբերյալ հաճախ խիստ քննադատական դարձան[36]։ Նա նաև խիստ քննադատում էր կանանց բարեփոխումների և հիվանդանոցների բազմաթիվ կազմակերպություններին, որոնցում նա ոչ մի դեր չէր խաղում՝ որոշներին անվանելով «խաբեբա հովանավորություն»[37]։ Բլաքվելը անհաշտ էր նաև իր ավելի համառ քույրերի՝ Աննայի և Էմիլիի հետ, կամ իր աջակցությունը ստացած այն կին-բժիշկների հետ, երբ նրանք կայանում էին (Մարի Զակրզևսկա, Սոֆիա Ջեքս-Բլեյք և Էլիզաբեթ Գարեթ Անդերսոն)։ Առնվազն կանանց շրջանում Բլաքվելը շատ համառ էր և դժվարանում էր ենթակայության դերում լինել[12]։

Քիթի Բարրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Բլաքվելի լուսանկարը որդեգրած դստեր՝ Քիթիի և երկու շների հետ, 1905 թվականին

1856 թվականին, երբ Բլաքվելը հիմնադրում էր Նյու Յորքի հիվանդանոցը, նա որդեգրեց «Քիթի»՝ Քեթրին Բարիին (1848-1936)։ Նա իռլանդացի որբ էր Ռենդալ կղզու ապաստան կացարանից։ Օրագրերի գրառումները ցույց են տալիս, որ նա Բարրիին որդեգրել էր մասամբ միայնությունից և պարտավորության զգացումից, իսկ մասամբ էլ՝ տնային գործերում օգնական ունենալու համար[38]։ Բարրին դաստիարակվել էր որպես կիսա-ծառա, կիսա-դուստր[12]։

Բլաքվելը կրթել է Բարիին։ Նա նույնիսկ մարմնամարզություն էր սովորեցնում՝ որպես փորձ այն տեսությունների համար, որոնք շարադրված են նրա «Կյանքի օրենքները՝ հատկապես աղջիկների ֆիզիկական դաստիարակության շեշտադրումով» գրքում[27]։ Այնուամենայնիվ, Բլաքվելը երբեք թույլ չէր տալիս, որ Բարրին զարգացնի իր սեփական հետաքրքրությունները։ Նա չէր ձգտում, որ Բարրին ծանոթանա իր տարիքի երիտասարդ տղամարդկանց կամ կանանց։ Ինքը՝ Բարրին, բավականին ամաչկոտ, անճարպիկ և ինքնամփոփ էր իր որոշակի խլության պատճառով[12]։ Բարրին ուղեկցում էր Բլաքվելին նրա տրանսատլանտյան բազմաթիվ տեղափոխություններ ընթացքում, 1874-1875 թվականներին տան համար Բլաքվելի կատաղի պայքարի ընթացքում, որի ընթացքում նրանք վեց անգամ տեղափոխվեցին, և, վերջապես, 1879 թվականին հաստատվեցին Բլաքվելի վերջին տանը՝ Ռոք Հաուսում, մի փոքրիկ տուն Էքսմութ Փլեյսի վրա Հասթինգսում (Սասեքս)[12]։

Բարրին Բլաքվելին ուղեկցել է մինչև վերջ։ Բլաքվելի մահից հետո Բարրին մնաց Ռոք Հաուսում, ապա տեղափոխվեց Քիլմուն (Kilmun)՝ Արգիլշիր (Շոտլանդիա), որտեղ՝ Սուրբ Մունի ծխական եկեղեցու բակում թաղված էր Բլաքվելը[39]։ 1920 թվականին նա տեղափոխվեց Բլաքվելների մոտ և վերցրեց Բլաքվել ազգանունը։ Մահվան մահճում՝ 1930 թվականին, Բարրին Բլաքվելին անվանելով իր «իսկական սերը», խնդրել է, որ իր մոխիրը թաղեն Էլիզաբեթի կողքին[40]։

Մասնավոր կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլաքվելի շիրմաքարը Շոտլանդիայի Կիլմուն քաղաքում գտնվող Սբ Մյունի ծխական եկեղեցում

Հինգ Բլաքվել քույրերից ոչ ոք երբևէ չի ամուսնացել։ Սկզբում Էլիզաբեթը կարծում էր, որ սիրավեպի խաղերը հիմարություն են և փայփայում էր իր անկախությունը[12]։ Քենթուքիում գտնվելու ընթացքում իրեն սիրահետող երիտասարդների մասին նա ասել է. «... չերևակայեք, որ այժմ ես պատրաստվում եմ ինքս ինձ ամբողջություն դարձնել. փաստն այն է, որ ես այստեղ չեմ գտնում իմ երկրորդ կեսը, այլ միայն վեցերորդը, ինչը այն չէ»[20]։ Նույնիսկ Ժնևի բժշկական քոլեջում գտնվելու ընթացքում նա մերժել է մի քանի հավակնորդների[20]։

Այնուամենայնիվ, Բլաքվելի կյանքում կար մի փոքր հակասություն՝ Վիրջինիա նահանգից 26-ամյա Ալֆրեդ Սաքսի հետ նրա հարաբերությունների հետ կապված։ Նա շատ մտերիմ էր ինչպես Քիթի Բարրիի, այնպես էլ Բլաքվելի հետ, և 1876 թվականին տարածված կարծիքի կար, որ նա ամուսնացել էր Բարրիին, որն այդ ժամանակ 29 տարեկան էր։ Իրականությունն այն էր, որ Բլաքվելը և Սաքսը շատ մտերիմ էին, այնքան, որ Բարրին անհարմար էր զգում գտնվել նրանց երկուսի կողքին։ Սաքսը շատ հետաքրքրված էր Բլաքվելով, որն այն ժամանակ 55 տարեկան էր։ Բարրին սիրահարված էր Սաքսին և փոքր-ինչ նախանձում էր Բլաքվելին[41]։ Բլաքվելը կարծում էր, որ Սաքսը շվայտ կյանք է վարել և հավատում էր, որ կարող է ուղղել նրան։ Փաստորեն, 1878 թվականին նրա երեխաների «Բարոյական դաստիարակության հարցերով խորհուրդը ծնողներին» հրապարակման մեծ մասը հիմնված էր Սաքսի հետ նրա զրույցների վրա։ Բլաքվելը դադարեցրեց նամակագրությունը Ալֆրեդ Սաքսի հետ իր գրքի տպագրությունից հետո[12]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի նկարչուհի Էդիթ Հոլդենին, որի Ունիտարիանական ընտանիքը Բլաքվելի հարազատներն էին, նրա պատվին տրվել է «Բլաքվել» երկրորդ անունը (Edith Blackwell Holden

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1849 թվականին բժշկի աստիճան ստանալուց հետո Բլաքվելի տիֆային տենդի մասին թեզը տպագրվել է «Buffalo Medical Journal»- ում[10]։

1857 թվականին Բլաքվելը իր կրտսեր քրոջ՝ Էմիլիի հետ բացեց Նյու Յորքի Կանանց հիվանդանոցը։ Միևնույն ժամանակ, նա դասախոսություններ էր կարդում Միացյալ Նահանգների և Անգլիայի կանանց համար՝ կանանց կրթության կարևորության և բժշկի մասնագիտություն ստանալու մասին[11]։ Անգլիայում իր դասախոսություններից մեկի ունկնդիրների մեջ էր Էլիզաբեթ Գարեթ Անդերսոն անունով մի կին, որը հետագայում՝ 1865 թվականին դարձավ Անգլիայի առաջին կին բժիշկը[11]։

1874 թվականին Բլաքվելն աշխատել է Ֆլորենս Նայթինգեյլի, Սոֆիա Ջեքս-Բլեյքի, Էլիզաբեթ Գարեթ Անդերսոնի, Էմիլի Բլաքվելի և Թոմաս Հենրի Հաքսլիի հետ՝ ստեղծելու Անգլիայի կանանց առաջին բժշկական դպրոցը՝ Լոնդոնի կանանց բժշկական դպրոցը, որի համար նա հանդես է եկել որպես Հիգիենայի ամբիոնի վարիչ[11]

Բլաքվելը բնակություն է հաստատել Անգլիայում 1870-ական թվականներին և շարունակել աշխատել կանանց բժշկության մասնագիտությունն ընդլայնելու ուղղությամբ։ Այդպիսով ազդելով, որ միայն Անգլիայում 476 կանայք դառնան գրանցված բժշկական մասնագետներ[11]։ Մինչև իր մահը Բլաքվելն ակտիվ գործունեություն է ծավալել Անգլիայի Հաստինգս քաղաքում և շարունակել դասախոսել Կանանց բժշկության դպրոցում[11]։

Պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Բլաքվելի հիշատակին ցուցանակ Բրիստոլի Ուիլսոն փողոցի թիվ 1 տան հասցեում

Երկու հաստատություններ հարգում են Էլիզաբեթ Բլաքվելին որպես իրենց շրջանավարտ․

  • «Հոբարտ և Ուիլյամ Սմիթ քոլեջներ» (Hobart and William Smith Colleges), Նյու Յորքի Ժնևի բժշկական քոլեջի հիմնադիր ինստիտուտի Ժնևի քոլեջի ներկայիս անվանումը։
  • Սիրակուզայի Նյու Յորքի պետական համալսարան, որը 1950 թվականին ձեռք է բերել Ժնևի բժշկական քոլեջը, իսկ 1999 թվականին վերանվանվել է Նյու Յորքի պետական համալսարան։

1949 թվականից ի վեր Ամերիկյան բժշկական կանանց ասոցիացիան ամեն տարի Էլիզաբեթ Բլաքվելի շքանշան է շնորհում կին բժշկի[42]։ Հոբարտ և Ուիլյամ Սմիթ քոլեջները ամեն տարի Էլիզաբեթ Բլաքվելի անվան մրցանակ են շնորհում այն կնոջը, ով «Մարդկությանը մատուցած գերազանց ծառայություն» է ունեցել[43]։

1973 թվականին Էլիզաբեթ Բլաքվելն ընդգրկվեց կանանց ազգային փառքի սրահում[44]։

The Dinner Party գեղարվեստական ստեղծագործությունում նստատեղ է նախատեսված Էլիզաբեթ Բլաքվելի համար[45]։

2013 թվականին Բրիստոլի համալսարանը գործարկեց Էլիզաբեթ Բլաքվելի անվան առողջապահական հետազոտությունների ինստիտուտը[46]։

2016 թվականի փետրվարի 3-ին, Կին բժիշկների ազգային օրը հռչակվել է Ազգային տոն[47], որը կազմակերպվել է Բժիշկ Մայրերի խմբի կողմից [www.Mypmg.com] JAMA- ում ուսումնասիրություն հրապարակելուց հետո, որում ասվում է, որ կին բժիշկների մեծ մասը հաղորդում է, որ իրենց սեռի և/կամ մայրանալու պատճառով դեռևս խտրականության են ենթարկվում[48]։ Ազգային տոնի ընթացքում հարգանքի տուրք է մատուցվում դոկտոր Բլաքվելին այն դերի համար, որը նա ունեցել է՝ ազդելով ներկայիս կին բժիշկների վրա և նրանց արդարության և հավասարության ձգտման վրա։

2018 թվականի փետրվարի 3-ին Google որոնողական համակարգը նրան պատվեց որպես doodle՝ ի հիշատակ նրա ծննդյան 197-ամյակի[49]։

2018 թվականի մայիսին Էլիզաբեթ Բլաքվելի և նրա քրոջ՝ Էմիլի Բլաքվելի հիմնադրած Անապահով կանանց և երեխաների համար Նյու Յորքի հիվանդանոցի նախկին գտնվելու վայրում բացվեց հուշատախտակ[50][51]։ Միջոցառման համար ոսկերչական իրերի Blackwell հավաքածու է ստեղծել զարդերի դիզայներ Ջիլ Պլատները․ զարդերը նախագծել է Էլիզաբեթ Բլաքվելից ոգեշնչված[50][52]։

Հոբարտ և Ուիլյամ Սմիթ քոլեջները իրենց համալսարանում արձան են կանգնեցրել ի պատիվ Բլաքվելի[11]։

Ջանիս Պ. Նիմուրայի 2021 թվականի գիրքը՝ «Բլաքվել Բժիշկները», պատմում է Էլիզաբեթ Բլաքվելի և նրա քրոջ՝ Էմիլի Բլաքվելի կյանքի պատմությունը[53]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Բլաքվելի գրքերը առկա են առցանց[54]

  • 1849 թվականին «Տիֆի կամ ծովային տենդի պատճառները և բուժումը», թեզ (The Causes and Treatment of Typhus, or Shipfever (thesis))
  • 1852 թվականին «Կյանքի օրենքները աղջիկների ֆիզիկական դաստիարակության հատուկ շեշտադրությամբ» գրքույկ, դասախոսությունների շարք ( The Laws of Life with Special Reference to the Physical Education of Girls ։brochure, compilation of lecture series) հրատարակիչ՝ Գեորգ Պուտնամ
  • 1856 թվականին «Կանանց բժշկական կրթությանն ուղղված կոչ» (An appeal in behalf of the medical education of women)[55]
  • 1860 թվականին «Բժշկությունը որպես մասնագիտություն կանանց համար», Նյու Յորքի հիվանդանոցի հոգաբարձուների կողմից հրապարակված դասախոսություն (Medicine as a Profession for Women ։New York Infirmary for Women)
  • 1864 թվականին «Դիմում կանանց բժշկական կրթությանը» (Address on the Medical Education of Women)[56]
  • 1878 թվականին «Counնողների Խորհուրդ ծնողներին սեքսի հետ կապված իրենց երեխաների բարոյական դաստիարակության վերաբերյալ», ութ հրատարակություն, վերահրատարակված որպես «Երիտասարդների բարոյական դաստիարակությունը սեռի հետ կապված» (Counsel to Parents on the Moral Education of their Children in Relation to Sex, վերահրատարակված՝ The Moral Education of the Young in Relation to Sex)
  • 1881 թվականին «Բժշկություն և բարոյականություն» (Medicine and Morality), տպագրվել է Modern Review-ում
  • 1887 թվականին «Կանանց գնում․ տնտեսական մեծ կոպիտ սխալը» (Purchase of Women։ the Great Economic Blunder)
  • 1871 թվականին «Առողջության կրոնը» (The Religion of Health)[57][58][59], դասախոսությունների շարք, երեք հրատարակությամբ
  • 1883 թվականին «Սոցիալական չարիքի հետ գործ ունենալու սխալ և ճիշտ մեթոդներ, ինչպես ներկայացված են Անգլիայի խորհրդարանական փաստերում» (Wrong and Right Methods of Dealing with Social Evil, as shown by English Parliamentary Evidence)[60]
  • 1888 թվականին «Քաղաքապետարանի ներկայացուցչական կառավարության քայքայման մասին. մի գլուխ անձնական փորձից» (On the Decay of Municipal Representative Government – A Chapter of Personal Experience (Moral Reform League)), Բարոյական բարեփոխումների լիգա
  • 1890 թվականին «Կանանց ազդեցությունը բժշկության մասնագիտության մեջ» (The Influence of Women in the Profession of Medicine)[61]
  • 1891 թվականին «Թյուր մեթոդ բժշկական կրթության մեջ և այլն» (Erroneous Method in Medical Education etc.) հրատարակչություն՝ Women's Printing Society
  • 1892 թվականին «Ինչու չեն հաջողվում հիգիենիկ համագումարները» (Why Hygienic Congresses Fail)
  • 1895 թվականին «Նախաձեռնողական աշխատանք կանանց համար բժշկական մասնագիտություն բացելու գործում. Ինքնակենսագրական ուրվագծեր» (Pioneer Work in Opening the Medical Profession to Women – Autobiographical Sketches)[62], Longman հրատարակչություն, վերատպված 1977 թվականին Նյու Յորքում, Schocken Books հրատարակչությունում
  • 1898 թվականին «Գիտական մեթոդ կենսաբանության մեջ» (Scientific Method in Biology)
  • 1902 թվականին «Ռեֆերատներ բժշկական սոցիոլոգիայում» (Essays in Medical Sociology), 2 հատոր (Էռնեստ Բել)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 136—137. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Willard F. Elizabeth Blackwell // A Woman of the Century: fourteen hundred-seventy biographical sketches accompanied by portraits of leading American women in all walks of life / F. Willard, M. Livermore — 1 — Buffalo: Charles Wells Moulton, 1893.
  4. 4,0 4,1 4,2 A Woman of the Century : Fourteen hundred-seventy biographical sketches accompanied by portraits of leading American women in all walks of life
  5. 5,0 5,1 5,2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 51. — ISBN 978-1-85743-228-2
  6. https://www.womenofthehall.org/inductee/elizabeth-blackwell/
  7. https://www.ohiohistory.org/research/archives-library/state-archives/ohio-womens-hall-of-fame/
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Boyd, Julia (2013). The Excellent Doctor Blackwell: The Life of the First Woman Physician. Thistle Publishing. ISBN 9781909609785.
  9. Krasner, Barbara (2018). «Elizabeth Blackwell: Doctor». Cobblestone. 39: 20 – via EBSCO Collection.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Sanes, Samuel (1944). «Elizabth Blackwell: Her First Medical Publication». Bulletin of the History of Medicine. 16 (1): 83–88. JSTOR 44440963.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 «Elizabeth Blackwell, M.D., Consulting Physician, New Hospital For Women». The British Medical Journal. 1 (2581): 1523–1524. 1910. doi:10.1136/bmj.1.2581.1523-b. JSTOR 25291104. S2CID 220006798.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 12,22 12,23 12,24 12,25 Sahli, Nancy Ann (1982). Elizabeth Blackwell, M.D., (1871–1910): A Biography. New York: Arno Press. ISBN 978-0-405-14106-5.
  13. 13,0 13,1 Elizabeth Blackwell, Diary, 19–21 December 1838 (Blackwell Family Papers, Library of Congress).
  14. 14,0 14,1 14,2 Sahli, Nancy Ann (1982). Elizabeth Blackwell, M.D., (1871–1910): A Biography. New York: Arno Press. ISBN 978-0-405-14106-5.
  15. «William Henry Channing». archive.vcu.edu. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  16. «CATHOLIC ENCYCLOPEDIA: Unitarians». www.newadvent.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  17. «ТРАНСЦЕНДЕНТАЛЬНАЯ ФИЛОСОФИЯ». iphlib.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  18. «Millerite Movement». web.archive.org. 2007 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  19. 19,0 19,1 Blackwell, Elizabeth (1895). Pioneer Work in Opening the Medical Profession to Women: Autobiographical Sketches. London and New York: Longmans, Green, and Co. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 Blackwell, Elizabeth, and Millicent Garrett Fawcett. Pioneer Work in Opening the Medical Profession to Women. London: J. M. Dent & Sons, 1914. Print.
  21. «Brooklyn Museum: Elizabeth Blackwell». www.brooklynmuseum.org. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  22. 22,0 22,1 Curtis, Robert H. (1993). Great Lives: Medicine. New York: Atheneum Books for Young Readers.
  23. Smith, Stephen. Letter. “The Medical Co-education of the Sexes”. New York Church Union. 1892.
  24. Lemay, Kate Clarke; Goodier, Susan; Tetrault, Lisa; Jones, Martha (2019). Votes for Women: A Portrait of Persistence. 269: Princeton University Press. ISBN 9780691191171.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  25. Porter D (2008 թ․ նոյեմբեր). «Three 19th-Century Women Doctors: Elizabeth Blackwell, Mary Walker, and Sarah Loguen Fraser». JAMA. 300 (18): 2182. doi:10.1001/jama.2008.590. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
  26. «Dr. Elizabeth Blackwell's Graduation: An Eye-Witness Account by Margaret Munro De Lancey» (PDF). Hobart and William Smith Colleges. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 Էլիզաբեթ և Էմիլի Բլաքվելների և Մերի Լիվերմորի ջանքերը կարևոր դերակատարում են ունեցել Միացյալ Նահանգների սանիտարական հանձնաժողովի (անգլ.՝ United States Sanitary Commission) զարգացման գործում։ Letters to Barbara Bodichon. 29 Jan 1859. 25 Nov 1860. 5 June 1861 (Էլիզաբեթ Բլաքվելի հավաքածու, հատուկ հավաքածուներ, Կոլումբիայի համալսարանի գրադարան
  28. Silber, Nina (2005). Daughters of the Union: Northern Women Fight the Civil War. Cambridge: Harvard University Press. էջ 177. ISBN 978-0-674-01677-4.
  29. «Medical Act 1858». legislation.gov.uk.
  30. Moberly Bell, Enid (1953). Storming the Citadel: The Rise of the Woman Doctor. London: Constable & Co. Ltd. էջեր 25.
  31. Elizabeth Blackwell. Letter to Samuel C. Blackwell. 21 Sep 1874. (Blackwell Family Papers, Library of Congress).
  32. Regina Morantz, "Feminism, Professionalism and Germs: The Thought of Mary Putnam Jacobi and Elizabeth Blackwell," American Quarterly (1982) 34:461–478. in JSTOR
  33. Blackwell, Elizabeth (1892). Why Hygienic Congresses Fail. London: G. Bell.
  34. Blackwell, Elizabeth (1888). A medical address on the benevolence of Malthus, contrasted with the corruptions of Neo-Malthusianism . Duke University Libraries. London, T. W. Danks & Co.
  35. Blackwell, Elizabeth (1890). Counsel to Parents on the Moral Education of their Children. New York: Brentano's Literary Emporium.
  36. Kitty Barry Blackwell. Letter to Alice Stone Blackwell. 24 Mar 1877. (Blackwell Family Papers, Library of Congress)
  37. Elizabeth Blackwell. Letter to Emily Blackwell. 23 Jan 1855. (Blackwell Family Papers, Schlesinger Library, Radcliffe College)
  38. Elizabeth Blackwell. Letter to Emily Blackwell. 1 Oct 1856. (Blackwell Family Papers, Schlesinger Library, Radcliffe College)
  39. Wilson, Scott. Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons, 3d ed.: 2 (Kindle Locations 4078–4079). McFarland & Company, Inc., Publishers. Kindle Edition.
  40. Blackwell, Alice Stone. Tribute to Kitty Barry. Vineyard Gazette. 19 June 1936. (Blackwell Family Papers, Library of Congress)
  41. Kitty Barry Blackwell. Letter to Alice Stone Blackwell. 24 March 1877. (Blackwell Family Papers, Library of Congress).
  42. «Elizabeth Blackwell Letters, circa 1850–1884». Columbia University Libraries. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  43. «The Blackwell Award». Hobart and William Smith Colleges. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  44. National Women's Hall of Fame, Elizabeth Blackwell
  45. Place Settings. Brooklyn Museum. Retrieved on 2015-08-06.
  46. «Institute launch». University of Bristol. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  47. «NATIONAL WOMEN PHYSICIANS DAY - February 3». National Day Calendar (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  48. Adesoye, Taiwo; Mangurian, Christina; Choo, Esther K.; Girgis, Christina; Sabry-Elnaggar, Hala; Linos, Eleni (2017 թ․ հուլիսի 1). «Perceived Discrimination Experienced by Physician Mothers and Desired Workplace Changes». JAMA Internal Medicine (անգլերեն). 177 (7): 1033. doi:10.1001/jamainternmed.2017.1394. ISSN 2168-6106. PMC 5818808. PMID 28492824.
  49. Smith, K.N. «Saturday's Google Doodle Honors Elizabeth Blackwell». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  50. 50,0 50,1 «Jill Platner, Cindy Sherman, and More Women of Noho Gather to Honor America's First Female Doctor».
  51. «First female doctor honored in Greenwich Village».
  52. «Blackwell Collection». jillplatner.
  53. Szalai, Jennifer (2021 թ․ հունվարի 20). «Two Sisters Who Changed the Medical Profession». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.
  54. «Elizabeth Blackwell (Blackwell, Elizabeth, 1821-1910) | The Online Books Page». onlinebooks.library.upenn.edu. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
  55. Collins, Stacy B.; Haydock, Robert; Blackwell, Elizabeth; Blackwell, Emily; Zakrzewska, Maria E. (1856). An appeal in behalf of the medical education of women. New York: New York Infirmary for Women.
  56. Blackwell, Elizabeth; Blackwell, Emily (1864). Address on the Medical Education of Women. New York: Baptist & Taylor. LCCN e12000210. OCLC 609514383.
  57. Blackwell, Elizabeth (1871). On the religion of health: a lecture delivered before the Sunday Lecture Society, February 19, 1871 (անգլերեն). London: Office of "The Examiner". OCLC 926090108.
  58. Blackwell, Elizabeth (1878). The religion of health. Edinburgh: John Menzies.
  59. Blackwell, Elizabeth (1889). The Religion of Health (անգլերեն) (3rd ed.). London: Moral Reform Union. OCLC 752626730.
  60. Blackwell, Elizabeth (1883). Wrong and right methods of dealing with social evil, as shown by English parliamentary evidence. New York: A. Brentano. LCCN 76378843.
  61. Blackwell, Elizabeth (1890). The influence of women in the profession of medicine. Baltimore: Unknown.
  62. Blackwell, Elizabeth (1895). Pioneer work in opening the medical profession to women : autobiographical sketches. London: Longmans, Green, and Co.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Բլաքվել» հոդվածին։