Երեք կապիկներ
Երեք կապիկներ (ճապ.՝ 三猿, սանձարու կամ 三匹の猿, սամբիկի նո սարու՝ «երեք կապիկներ»), անփոփոխ կոմպոզիցիա` կազմված 3 կապիկներից, որոնք թաթերով փակել են համապատասխանաբար աչքերը, ականջները և բերանը։
Համարվում է, որ 3 կապիկները խորհրդանշում են չարի անգործության գաղափարը և օտարացումն իրականությունից։ «Եթե ես չեմ տեսնում չարը, չեմ լսում չարի մասին և ոչինչ չեմ խոսում նրա մասին, ապա ես պաշտպանված եմ նրանից»։
Երեք կապիկներից յուրաքանչյուրն ունի իր անունը. չի տեսնում Միձարուն (見ざる), չի լսում Կիկաձարուն (聞かざる) և չի խոսում Իվաձարուն (言わざる):
Երբեմն կոմպոզիցիային ավելացվում է չորրորդ կապիկը՝ Սիձարուն[1] (しざる), որը խորհրդանշում է «չարություն չանել» սկզբունքը։ Նա կարող է պատկերվել փորը փակած։ Սակայն այն տարածված չէ ասիական տետրաֆոբիայի պատճառով, որտեղ «4» թիվը համարվում է անհաջող։
Կապիկների ընտրությունը որպես խորհրդանիշ հավանաբար ճապոներենում պայմանավորված է բառախաղով։ «Չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում» արտահայտությունը հնչում է որպես «միձարու, կիկաձարու, իվաձարու», «ձարու» վերջավորությունը համահունչ է ճապոներեն «կապիկ» բառին։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երեք կապիկները» հայտնի են դարձել 17-րդ դարում՝ ճապոնական Նիկկո քաղաքի Տոսյոգու սինտոիստական հայտնի սրբավայրի դռների վրա փորաքանդակված պաննոյի շնորհիվ։ Առավել հաճախ խորհրդանիշի ծագումը կապում են Կոսին (庚申) ժողովրդական հավատքի հետ, որն արմատներ ունի չինական դաոսականության մեջ։
Ենթադրվում է, որ երեք կապիկների սիմվոլիկան առաջացել է կապույտ դեմքով Վաջրայակշի աստծուց, որը մարդկանց պաշտպանում է հոգիներից, հիվանդություններից և դևերից։ Կոսին հավատալիքում նա անվանվում էր Սյոմեն-Կոնգո (青面金剛) և հաճախ պատկերվում էր երեք կապիկների ուղեկցությամբ։
Ըստ Տենդայ բուդդայական դպրոցի ավանդության՝ 8-րդ դարում երեք կապիկները Չինաստանից Ճապոնիա է բերել Սայտյո վանականը։
Չորս կապիկների խորհրդանիշին նման արտահայտություն կա Կոնֆուցիոսի «Լուն Յու» («Զրույցներ և ասույթներ») ասացվածքների գրքում. «Մի նայիր այն, ինչը ճիշտ չէ։ Մի լսիր նրան, ինչը ճիշտ չէ։ Մի ասա այն, ինչը ճիշտ չէ։ Մի արա այն, ինչը ճիշտ չէ» (非禮勿視, 非禮勿聽,非禮勿言, 非禮勿動):
Երեք կապիկների խորհրդանիշի հետ զուգահեռներ կարելի է գտնել դաոսականության («Չժուան-ցզի» և «Լե-ցզի»), հինդուիզմի («Բհագավադգիտա»), ջայնիզմի («Նալադիյար»), հուդայականության և քրիստոնեության («Ժողովող», «Սաղմոսարան» և «Եսայի մարգարեի գիրք»), իսլամի (Ղուրանի «Ալ-Բաքարա» սուրայում) մեջ և այլ ուսմունքներում։
Ազդեցությունը մշակույթի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երեք իմաստուն կապիկներ» սյուժեն իր արտացոլումն է գտել գեղանկարչության, մասնավորապես ուկիյո-է ժանրում։
- Մահաթմա Գանդին իր վրա կրել է երեք կապիկների քանդակը։
- Թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի ֆիլմը, որ թողարկվել է 2008 թվականին, կոչվում է «Երեք կապիկներ»։
- «Ջեկի Չանի արկածները» մուլտսերիալի «Երեք կապիկների լեռը» սերիան նվիրված է երեք կապիկներին։
- Երեք կապիկները պատկերված են Սոմալիի, Կուկի կղզիների և Տանզանիայի հուշադրամների վրա։
- Երեք կապիկները պատկերված են Իրաքի, Տաջիկստանի և Նոր Կալեդոնիայի նամականիշների վրա[2]։
- Megadeth ամերիկյան թրեշ մետալ խումբն ունի Բիկ Ռատլհեդի անունով թալիսման, որի արտաքին տեսքը հիմնված է չարի անգործության գաղափարի վրա։
- «Կապիկների մոլորակը» ֆիլմում 1968 թվականին՝ Թեյլորի դատավարության ընթացքում, 3 դատավոր կապիկները նստած են սեղանի շուրջ՝ ներկայացնելով 3 կապիկներին։
- 2004 թվականին Муз-ТВ ալիքով հեռարձակվեց «Երեք կապիկներ» հեռուստահաղորդումը, որի վարողն էր Գարիկ Խառլամովը։
- «Մտածել հանցագործի նման։ Կասկածյալի վարքագիծը» հեռուստասերիալի See no evil («Չեմ տեսնում չարը») առաջին սեզոնի երրորդ էպիզոդում փոխաբերաբար օգտագործվում է մշակութային այս երևույթը։
- «Կախարդվածը» սերիալի Sense and Sense Ability էպիզոդի սյուժեն հյուսված է երեք կապիկների տոտեմի շուրջ։
- Հիշատակվում է Անդրեյ Գրեբենշիկովի «Դժոխքից ներքո» վեպում։ Վեպն ընդգրկված է «Տիեզերական մետրո 2033» գրքերի շարքում։
- «Կինը սևի մեջ» ֆիլմում (2012 թվական) ներկայացված է որպես Իլ-Մարշ կալվածքի ինտերիերի տարր։
- «Դրակուլա» ֆիլմում (2014 թվական) ներկայացված է որպես Դրակուլայի ամրոցի ինտերիերի տարր։
- Իվան Եֆրեմովի «Ցուլի ժամը» վեպում Յան-Յախ ընկերության կառավարիչ Չոյո Չագասն իր սեղանի վրա ունի երեք կապիկների արձանը։
- «Մարդիկ աստիճանների տակ» ֆիլմում (1991 թվական) հերոսուհի Էլիսը որպես աղոթք կրկնում է «Չեմ տեսնում չարը, չեմ լսում չարը, չեմ խոսում չարի մասին» արտահայտությունը։
- Gta 5 համակարգչային խաղում կա առաջադրանք, որի գլխազարդում 3 գլխավոր հերոսները (Տրևոր, Մայքլ և Ֆրանկլին) անում են հետևյալ ժեստը. Տրևորը փակում է աչքերը, Մայքլը՝ ականջները, իսկ Ֆրանկլինը՝ բերանը։ Այս կերպ նրանք պատկերում են 3 կապիկներին։
- 3 կապիկների խորհրդանիշը ներառված է Յունիկոդի ստանդարտում. 🙈, 🙉, 🙊 (ծածկագրերը համապատասխանաբար U+1F648, U+1F649, U+1F64A ):
- Far Cry 4 համակարգչային խաղում կա առաջադրանք, որտեղ Խյորկը գլխավոր հերոսին խնդրում է փնտրել կապիկների ոսկե արձանիկները, որոնք ներկայացնում են երեք կապիկներին։
- Երեք կապիկների պատկերը կա նկարչուհի Ալլա Ցիբիկովայի «Աղբյուրի մոտ» եռապատկերի կենտրոնական մասում, «Ընկերները» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի The One with the Fake Monica էպիզոդում։
- Նմանատիպ պատկերներ օգտագործվում են որպես կոռուպցիայի և օպորտունիզմի ծաղրանկար[3][4][5]։
- «Ալիսան հայելիների աշխարհում» ֆիլմում (2016 թվական) կա մի էպիզոդ, որտեղ Ալիսան պատրաստվում է հին ժամացույցի միջով գնալ Ժամանակի ամրոց, իսկ դրանից վախեցած մյուս հերոսները ներկայացնում են 3 կապիկների կերպարը. Մարտի Նապաստակը սեղմում է ականջները, Սպիտակ Ճագարը՝ բերանը, իսկ Մուկ-Սոնյան փակում է Բայարդա շան բերանը, որի գլխին նստած է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երեք կապիկներ, արույրե արձանիկ
-
«Չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում» կոմպոզիցիայի կապիկներից մեկը, առաջարկել է Կայգյոկուսաեմը: Նեցկե, սաթ, Ճապոնիա, 19-րդ դարի կեսերից երկրորդ կես: Լոս Անջելեսի արվեստի թանգարան
-
Երեք կապիկները նստարանին, քանդակագործություն, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ
-
Երեք տանուկի, Ճապոնիա
-
«Չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում» կոմպոզիցիայի օգտագործումը գովազդում, Մակեդոնիայի Հանրապետություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեք կապիկներ
- Երեք կապիկներ (պատմություն, նշանակություն և սիմվոլների ազդեցությունը)
- Երեք կապիկների հավաքածուներ հավաքողների միջազգային կայքը(անգլ.)(նիդեր.)(գերմ.)(ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք կապիկներ» հոդվածին։ |