Jump to content

Դին Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին Ռիդ
անգլ.՝ Dean Reed
Ծնվել էսեպտեմբերի 22, 1938(1938-09-22)[1][2][3]
ԾննդավայրԴենվեր, Կոլորադո[4]
Մահացել էհունիսի 13, 1986(1986-06-13)[1][2][3] (47 տարեկան)
Մահվան վայրՑոյտեն, Դամե Շպրեվալդ, Բրանդենբուրգ, Գերմանիա[4]
ԳերեզմանԲոուլդեր
ԿրթությունԿոլորադոյի համալսարան և Wheat Ridge High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, երգիչ, հեղինակ-կատարող, գրող, երաժիշտ, կինոդերասան, ռեժիսոր և կինոռեժիսոր
Ժանրերփոփ և հեղինակային երգ
Ամուսին(ներ)Ռենատա Բլյումե
Պարգևներ և մրցանակներ
«Ժողովրդների բարեկամության աստղ» շքանշան
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
և Արթուր Բեքերի մեդալ
deanreed.de

Դին Ռիդ (անգլ.՝ Dean Reed, ամբողջական անունը` Դին Սիրիլ Ռիդ (Dean Cyril Reed), սեպտեմբերի 22, 1938(1938-09-22)[1][2][3], Դենվեր, Կոլորադո[4] - հունիսի 13, 1986(1986-06-13)[1][2][3], Ցոյտեն, Դամե Շպրեվալդ, Բրանդենբուրգ, Գերմանիա[4]), ամերիկացի երգիչ, կինոդերասան, ռեժիսոր և հասարակական գործիչ, ով առավել հայտնի էր Լատինական Ամերիկայի և Արևելյան Եվրոպայի երկրներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դին Ռիդը ծնվել է ԱՄՆԿոլորադո նահանգի Դենվեր քաղաքի մոտակայքում գտնվող Վիտ Ռիջ վայրում ` գյուղական ուսուցիչ Սիրիլ Ռիդի և տնային տնտեսուհի Հռութ Աննայի ընտանիքում։ Նա ուներ նաև երկու եղբայր։ 12 տարեկանից Դին Ռիդը կիթառ նվագել է սովորել, 18 տարեկանում ընդունվել է Կոլորադոյի համալսարան` օդերևութաբանություն սովորելու նպատակով։ Այդ տարիներին նա նաև վաստակում էր` զանազան ակումբներում ելույթներ ունենալով։ Երկու տարի սովորելուց հետո թողել է ուսումը և երջանկություն որոնելու համար մեկնել է Հոլիվուդ։

1958 թվականին ավտոստոպի միջոցով Դին Ռիդը հասել է Լոս-Անջելես և հաջող լսումներից հետո Capitol Records երաժշտական ստուդիայի հետ ստորագրել է ոչ նշանակալից պայմանագիր։ Նշված ստուդիան ապահովել է գովազդը, ձայնագրել մի քանի ձայնասկավառակ և Դին Ռիդը ելույթ է ունեցել ազգային հեռուստատեսությամբ։

1961 թվականին նրա «Մեր ամառային ռոմանսը» վերնագրով ձայնասկավառակը Լատինական Ամերիկայում հիթ դարձավ, իսկ ԱՄՆ-ում գրավեց պատվավոր 20-րդ հորիզոնականները։ Նրա երգերը իրական ճանաչում ստացան Հարավային Ամերիկայում, ուր նրան ուղարկեցին համերգային շրջագայության։ Այնտեղ նրա փառքը գերազանցեց Էլվիս Փրեսլիին։ Լատինական Ամերիկայի երկրներով մի քանի շատ հաջողված համերգներից հետո, Դին Ռիդը որոշեց մնալ Արգենտինայում։ Այնտեղ նա ձայնագրեց երաժշտական ալբոմներ, նկարահանվեց կինոնկարներում և վարում էր իր հեռուստատեսային հաղորդումը։

Դին Ռիդի քաղաքական ակտիվությունը և ձախ հայացքները դուր չէին գալիս Արգենտինայի աջ ուժերին։ Մասնավորապես նա ելույթներ էր ունենում միջուկային զենքի արգելման համար, Վիետնամում տեղի ունեցող պատերազմի դեմ, կազմակերպում էր համերգներ, որոնցից ստացված ողջ հասույթը գնում էր բանտարկյալներին։ Նույնիսկ 1970 թվականին Դին Ռիդը Սանտյագոյում, ԱՄՆ-ի հյուպատոսարանի առջև հրապարակայնորեն խարազանել էր իր երկրի դրոշը` ի նշան բողոքի Վիետնամի պատերազմի դեմ և «երրորդ աշխարհի» (ինչպես նաև Լատինական Ամերիկայի) դեմ ` ԱՄՆ-ի վարած քաղաքականության։ Դրա համար նա ձերբակալվել էր Չիլիում և մի քանի օրով բանտարկվել։ ԱՄՆ-ում այդ արարքը նույնիսկ չնկատեցին, սակայն այն հսկայական ռեզոնանս առաջացրեց ԽՍՀՄ-ում։ Քաղաքական ճնշումների ներքո, 1966 թվականի զինվորական հեղաշրջումից հետո, Դին Ռիդը ստիպված լքեց Արգենտինան։ Նույնիսկ դեպք էր եղել, երբ կրակահերթ էին բացել այն տան վրա, որտեղ ապրում էր նա։

Մի քանի տարի նա ապրեց Հռոմում, որտեղ ակտիվորեն նկարահանվում էր իտալական արտադրության «Վայրի Արևմուտքի» մասին պատմող կովբոյական ֆիլմերում։ 1965 թվականին նա առաջին անգամ այցելեց ԽՍՀՄ և հետագայում սկսեց նկարահանվել նաև Արևելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաև ԽՍՀՄ-ում։ Միաժամանակ Դին Ռիդը մասնակցում էր հասարակական-քաղաքական կյանքին` ելույթներ էր ունենում ԱՄՆ-ի կողմից Վիետնամի պատերազմին մասնակցելու դեմ, որի համար Հռոմում ձերբակալվել էր ցույցերից մեկի ժամանակ։ 1970 թվականին օգնել էր Չիլիի նախագահ Սալվադոր Ալյենդեի ընտրություններին։

Բազմաթիվ անգամներ Դին Ռիդը այցելել է ԽՍՀՄ և նույնիսկ ցանկություն էր հայտնել Մոսկվայում ապրելու։ Սակայն այն ժամանակվա քաղաքական գաղափարախոսները նրան ուղարկեցին բնակվելու ԳԴՀ-ում և նույնիսկ ստիպեցին ամուսնանալու գերմանացի դերասանուհի Ռենատա Բլյումեի հետ։ 1973 թվականին հաստատվելով ԳԴՀ-ում, նա շարունակում էր երգել, նկարահանվել կինոյում, նկարահանել իր սեփական ֆիլմերը և անդադար շարունակում էր քաղաքական պայքարը` հավատարիմ մնալով իր համոզմունքներին։

ԽՍՀՄ-ում, ԳԴՀ-ում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, Հունգարիայում և այլ սոցիալիստական երկրներում մեծ տպաքանակով թողարկվում էին Դին Ռիդի երգերի ձայնագրությունները։ Հատկապես ճանաչված էին նրա «Հավա նագիլա» և «Բելլա Չաո» երգերը։ 1979 թվականին Դին Ռիդը պարգևատրվել է Լենինյան կոմերիտմիության շքանշանով` խաղաղության համար պայքարին, հակաիմպերիալիստական համերաշխությանը և ժողովուրդների միջև բարեկամությանը նվիրված երգերի համար։

Դին Ռիդի ամենահայտնի ֆիլմը «Երգիչը» (1977թ.) կինոնկարն էր, որը իր չիլիացի ընկերոջ` երգիչ Վիկտոր Հարայի կենսագրությունն էր։ Վերջինս սպանվել էր 1973 թվականին, Աուգուստո Պինոչետի կողմնակիցների կողմից` զինվորական հեղաշրջումից հետո։

1986 թվականին՝ ԽՍՀՄ-ում վերակառուցումը սկսվելուց հետո, Դին Ռիդը վերջնականապես հիասթափվեց իր բազմամյա անիմաստ պայքարից և սկսեց մտածել իր հայրենիք` ԱՄՆ վերադառնալու մասին։ 1986 թվականին, Արևելյան Բեռլինում գտնվող իր տանից ոչ հեռու, Ցոյտենյան լճում հայտնաբերել են նրա դին։ Պաշտոնապես հայտարարվեց, որ նա խեղդվել է, սակայն նրա գերմանացի ընկերների կարծիքով, դա ինքնասպանություն էր։ Հետագայում ինքնասպանության փաստը հաստատվեց, քանի որ նրա փաստաթղթերի մեջ հայտնաբերվել էր Դին Ռիդի հրաժեշտի նամակը, որը նա գրել էր մահվանից առաջ։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դին Ռիդը երկար տարիներ մտերմիկ հարաբերությունների մեջ էր էստոնացի դերասանուհի Էվե Կիվիի հետ։

Ուներ երկու դուստր` Ռամոնա (1968 թ.) և Նատաշա (1976 թ.):

1981 թվականին ամուսնացել էր հայտնի արևելագերմանական դերասանուհի Ռենատա Բլյումեի հետ։

Ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1957-1962 Միայնակ հայրը Bachelor Father -
1964 Բազմադեմ սեր Love Has Many Faces -
1965 Իմ առաջին սերը Mi primera novia -
1965 Նոր ռիթմ և հին ալիք Ritmo nuevo y vieja ola -
1965 Ամառը Գվադալահարայում Guadalajara en verano Ռոբերտ Դուգլաս
1967 Բակարու Buckaroo, il winchester che non perdona Բակարու
1968 Աստված նրանց ստեղծել է, իսկ ես սպանում եմ Dio li crea… Io li ammazzo! -
1968 Զորրոյի զարմիկները I nipoti di Zorro Զորրո
1969 Ֆաննիի գաղտնի օրագիրը Il diario proibito di Fanny -
1969 Շիկահեր - Խայծ մարդասպանի համար Blonde Köder für den Mörder Բոբ Մարտին
1970 «Երեք քրիզանթեմ» ավազակախումբը La banda de los tres crisantemos Օուեն
1970 Քսան քայլով մահվանը մոտ Veinte pasos para la muerte (Saranda) Մեստիզո
1970 Մահը թակում է երկու անգամ La morte bussa due volte Բոբ Մարտին
1971 Մնաս բարով, Սաբատա Indio Black, sai che ti dico: Sei un gran figlio di (Adio’s, Sabata) Բալանտայն
1971 Կանաչ կղզու ծովահենները Los corsarios (I pirati dell’isola verde) Ալան Դրեյք
1971 Կայենի ժառանգները La stirpe di Caino -
1973 Պատմություն կարատեի, բռունցքների և լոբու մասին Storia di karatè, pugni e fagioli Սեմ
1973 Մի անբանի կյանքից Aus dem Leben eines Taugenichts անբան
1974 Կիտ և Կո Kit & Co. Քրիստոֆեր Բելյու
1975 Արյունակից եղբայրներ Blutsbrueder Հարմոնիկա
1976 Ժպտա, հասակակից Soviel Lieder, soviel Worte -
1978 Երգիչը El cantor Վիկտոր Հարա
1981 Երգիր, կովբոյ, երգիր Sing, Cowboy, sing Ջո
1984 Ուինդի Uindii Գեյնս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118598929 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Ռիդ» հոդվածին։