Բոլեսլավ Լիմանովսկի
Բոլեսլավ Լիմանովսկի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1835[1][2] |
Ծննդավայր | Podgórze, Կրակով, Կրակովի Հանրապետություն |
Մահացել է | փետրվարի 15, 1935 (99 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Լվովի համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան, սոցիոլոգ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | սենատոր |
Կուսակցություն | Լեհական սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Zygmunt Limanowski?[3] և Mieczysław Limanowski? |
Bolesław Limanowski Վիքիպահեստում |
Բոլեսլավ Լուկաշ Թադեուշ Լիմանովսկի[4] (լեհ.՝ Bolesław Łukasz Tadeusz Limanowski, գրական անունը` «Յանկո Պոկան» («Janko Pokań»), հոկտեմբերի 18, 1835[1][2], Podgórze, Կրակով, Կրակովի Հանրապետություն - փետրվարի 15, 1935, Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ քաղաքական գործիչ, սոցիալիստ, պատմաբան և սոցիոլոգ։ Լեհական թագավորությունում սոցիալիզմի առաջին գաղափարախոսներից մեկն էր[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1847 թվականին ավագ եղբոր հետ ուսման է ուղարկվել Մոսկվայի գիմնազիա[4], որն ավարտելուց հետո ընդունվել է համալսարան, սովորել բժշկություն։ Եղել է համալսարանի լեհ ուսանողներին միավորող ուսանողական կազմակերպության անդամ։ 1858 թվականին կազմակերպության կողմից ուղարկվել է Դերպտ, որտեղ պետք է շարունակեր ուսումնասիրել բժշկություն։ Բայց այդ ժամանակ Բոլեսլավն արդեն կորցրել էր հետաքրքրությունը դրա նկատմամբ, և 1859 թվականի մարտին նա սկսել է փիլիսոփայություն ուսումնասիրել։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1860 թվականին Բոլեսլավն ընդհատել է ուսումը և մեկնել Փարիզ` տեղեկանալով Ֆրանսիայում լեհական լեգեոնների ձևավորման մասին։ Փարիզում ընդունվել է լեհական ռազմական դպրոց` ուսումնական հաստատություն, որը կադրեր էր պատրաստում լեգեոնների համար։ Նա նաև հաճախել է դասախոսությունների Սորբոնում և Collège de France-ում։ Մասնակցել է գեներալ Մերոսլավսկու շուրջ կենտրոնացած լեհական հայրենասիրական խմբակներին, անդամակցել է «կարմիրների» կազմակերպությանը` բաց զինված ապստամբության և արմատական սոցիալական բարեփոխումների կողմնակիցներին։ Հեղափոխական տրամադրություններով ոգևորված` 1861 թվականի մարտին մեկնել է Վիլնո։ Այնտեղ գեներալ Մերոսլավսկու խնդրանքով և Կենտրոնական Լիտվայի կոմիտեի աջակցությամբ Լիմանովսկին կազմակերպել է ընդհատակյա հեղափոխական բջիջ։
1861 թվականի մայիսի 8-ին` հայրենասիրական ցույցից հետո, Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել են Լիմանովսկուն` որպես ցույցի գլխավոր կազմակերպչի։ Սկզբում նա աքսորվել է Մեզեն, ապա ութ ամիս անց` Արխանգելսկ։ Աքսորում աշխատել է նահանգային դիվանատանը, գրել է սոցիոլոգիական տրակտատներ։
Երբ 1863 թվականին սկսվեց հունվարյան ապստամբությունը, նա դեռ բանտում էր, այդ պատճառով չէր կարող մասնակցել մարտական գործողություններին։ Նա փորձել է փախչել բանտից, բայց բռնվել է, կալանավորվել և դատապարտվել երկու շաբաթ ազատազրկման։ Կորցրել է աշխատանքը։ 1866 թվականին առողջական վիճակի պատճառով ուղարկվել է Պավլովսկ (Վորոնեժի նահանգ), որտեղ և ծանոթացել է իր ապագա կնոջ` Վինցենտինա Շարսկայայի հետ։ 1867 թվականի ամռանը ազատ է արձակվել համաներմամբ` Վիլնո վերադառնալու արգելքով։ Բնակություն է հաստատել Վարշավայում, գրել է հոդվածներ օրաթերթի համար և զբաղվել ինքնակրթությամբ։
Ֆրանս-պրուսական պատերազմի ընթացքում (1870-1871) Լիմանովսկին գտնվել է իր պապենական բնօրրանում, որտեղ վերադառնալու թույլտվություն էր ստացել իշխանություններից։ Շուտով որոշել է մասնակցել պատերազմին Ֆրանսիայի կողմից, սակայն չի հասցրել հասնել ֆրանսիական զորքերի շտաբ. գտնվելով Լվովում` Լիմանովսկին տեղեկացել է պատերազմի ավարտի և Նապոլեոն III-ի պարտության մասին։ Այդպես Լիմանովսկին բնակություն է հաստատել Լվովում, աշխատանքի է տեղավորվել որպես լրագրող։ Արմատական շրջանակներում նա հայտնի է դարձել «Զվեզդա» («Gwiazda») թերթում հրապարակված «Աշխատանքային հարց» հոդվածով։
1875 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Աշխատել է Լվովի համալսարանում։ 1876 թվականին լեհ և ռուս սոցիալիստների խնդրանքով, զբաղվել է Ֆերդինանդ Լասալի հրապարակումների թարգմանությամբ։ Միևնույն ժամանակ Ս. Մենդելսոնի աջակցությամբ, գրել և հրապարակել է իր «Socjalizm jako konieczny objaw dziejowego rozwoju» աշխատանքը («Սոցիալիզմը որպես քաղաքական զարգացման վերջին նշան»)։
Սոցիալիստական համոզմունքների պատճառով 1877 թվականին կորցրել է աշխատանքը «Ազգային թերթ»-ում, իսկ հետո ձերբակալվել է գաղտնի կազմակերպությանն անդամակցելու համար։ Ապացույցների բացակայության պատճառով ազատ է արձակվել, սակայն նրան հրամայվել է լքել Ավստրո-Հունգարական կայսրության տարածքը։
Ժնևյան շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 թվականի հոկտեմբերին Լիմանովսկին եկել է Ժնև` լինելով սոցիալիզմի հայտնի տեսաբան։ Մենդելսոնի, Կ. Դլուսկու և Կ. Հիլդտի հետ համատեղ թողարկել է «Równość» ամսագիրը, որտեղ առաջին անգամ հրապարակվել է այսպես կոչված «բրյուսելյան ծրագիրը»։ Սակայն 1881 թվականին Լիմանովսկին նախկին համախոհների խմբի հետ խզել է կապերը Լեհաստանի անկախության վերաբերյալ տեսակետների տարբերության պատճառով։ Զիգմունտ Բալիցկու հետ համատեղ հիմնադրել է լեհ ժողովրդի Սոցիալիստական ասոցիացիան, որի անունից 1881 թվականին Լիմանովսկին մասնակցել է Քուրի (Շվեյցարիա) միջազգային սոցիալիստական կոնգրեսին։ 1889 թվականին մասնակցել է Երկրորդ ինտերնացիոնալին։ 1889 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է Փարիզ, դարձել «Pobudka» ամսագրի խմբագիր և Լեհական էմիգրանտների ասոցիացիայի քարտուղար։
Անկախ Լեհաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1907 թվականի աշունից` ավստրիական իշխանությունների համաձայնությունը ստանալուց հետո, Բ. Լիմանովսկին տեղափոխվել է Կրակով։ Երկիր վերադառնալուց հետո համալրել է Սոցիալիստների լեհական կուսակցության շարքերը։ 1912 թվականի օգոստոսի 25-ին Յուզեֆ Պիլսուդսկու նշանակմամբ ղեկավարել է լեհական ռազմական գանձապետարանը։
Լեհաստանի անկախացումից հետո (1918 թվական)` Երկրորդ Համագործակցության ընթացքում, ստացել է լեհական բանակի փոխտեղակալի կոչում[6]։
1922 թվականին ընտրվել Է խորհրդարանի խոսնակ Վարշավայի ընտրատարածքից։ Խորհրդարանական ընտրություններում մի քանի անգամ վերընտրվել է ավագ խոսնակի պաշտոնում։ Այդ ժամանակ գրել է հասարակական շարժումների պատմության հետազոտական տրակտատներ։
1934 թվականին Վարշավայի համալսարանը Լիմանովսկուն շնորհել է պատվավոր դոկտորի կոչում[7]։ Նա նաև ստացել է Լվովի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[8]։
Հիմնական հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- O kwestii robotniczej. Լվով, 1871,
- Socjalizm jako konieczny objaw dziejowego rozwoju. Լվով, 1879,
- Ferdynand Lassalle i jego polemiczno-agitacyjne pisma. Ժնև, 1882,
- Polityczna a społeczna rewolucja. Ժնև, 1883,
- Historia powstania narodu polskiego w 1863 i 1864. Լվով, 1882,
- Historia ruchu społecznego w drugiej połowie XVIII stulecia. Լվով, 1888,
- Historia ruchu społecznego w XIX stuleciu. Լվով, 1890,
- Stuletnia walka narodu polskiego o niepodległość. Ցյուրիխ, 1894,
- Historia Litwy pokrótce opowiedziana. Փարիզ, 1895,
- Historii demokracji polskiej w epoce porozbiorowej. Ցյուրիխ, 1901,
- Demokracja w Polsce. Կրակով, 1903,
- Żywot Stanisława Staszica. Կրակով, 1904,
- Naród i państwo. Studium socjologiczne. Կրակով, 1906,
- Stanisław Worcell. Życiorys. Կրակով, 1910,
- Emilia Plater. Կրակով, 1910,
- Szermierze wolności. Կրակով, 1911,
- Historia ruchu rewolucyjnego w Polsce w 1846. Կրակով, 1913,
- Studwudziestoletnia walka narodu polskiego o niepodległość. Կրակով, 1916,
- Socjologia. Կրակով, 1919,
- Polityka wynaradawiająca rządu pruskiego w stosunku do ludności polskiej. Չեստոխովա, 1919,
- Hugo Kołłątaj. Վարշավա, 1920,
- Rozwój polskiej myśli socjalistycznej. Վարշավա, 1929,
- Pamiętniki. Վարշավա, 1961։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստանի վերածննդի շքանշան (5 օգոստոսի 1921 թվական)
- Անկախության Խաչ
Բոլեսլավ Լիմանովսկին ֆիլմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիան Գոդլևսկին խաղացել է Բոլեսլավ Լիմանովսկու դերը ռեժիսոր Եժի Կավալերովիչի «Նախագահի մահը» ֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ 2,0 2,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ https://stat.gov.pl/files/gfx/portalinformacyjny/pl/defaultaktualnosci/5501/31/1/1/statystycy_polscy_biogramy.pdf (польск.)
- ↑ 4,0 4,1 M. Żychowski, Bolesław Limanowski. 1835—1935. Warszawa: KiW, 1971, s. 9.
- ↑ Friszke, Andrzej (1989). O kształt niepodległej. Warszawa: Biblioteka "Więzi". էջ 16. ISBN 83-7006-014-5.
- ↑ Rocznik Oficerski 1932. — Warszawa: Ministerstwo Spraw Wojskowych, 1932. — С. 919.
- ↑ «Doktoraty HC». uw.edu.pl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Jan Draus Uniwersytet Jana Kazimierza we Lwowie 1918-1946. Portret kresowej uczelni. — Kraków: Księgarnia Akademicka, 2007. — С. 26. — ISBN 978-83-7188-964-6
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Janusz Sztumski, Bolesław Limanowski — życie i twórczość, w: Bolesław Limanowski, Socjalizm jako konieczny objaw dziejowego rozwoju, Warszawa 1989 ISBN 83-05-11944-0.
- J. Krzesławski, Bolesław Limanowski, w: «Kronika Ruchu Rewolucyjnego w Polsce», nr 1 z 1935
- J. Kurczewska, Naród w socjologii i ideologii polskiej. Analiza porównawcza wybranych koncepcji z przełomu XIX i XX wieku, PWN, Warszawa 1979.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլեսլավ Լիմանովսկի» հոդվածին։ |
|