Արտակադրային երգի կատարող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտակադրային երգի կատարող, երգիչ կամ երգչուհի, ում նախապես ձայնագրված երգեցողությունը օգտագործվում է կինոյում: Արտակադրային երգիչները երգերը ձայնագրում են սաունդթրեքի համար, իսկ դերասաններն ու դերասանուհիները, կինոխցիկի առջև պատկերում են երգեցողությունը այն դեպքում, երբ փաստացի երգի կատարողը չի հայտնվում էկրանին` մնալով կադրից դուրս: Արտակադրային երգի կատարումը լայնորեն կիրառվում է խաղարկային երաժշտական ֆիլմերում, մյուզիքլներում, մուլտիպլիկացիայում և այլն:

Արտակադրային երգարվեստը Հարավային Ասիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակադրային երգարվեստը առավելապես տարածված է Հարավային Ասիայի, հատկապես հնդկական կինեմատոգրաֆում: Հնդկական ֆիլմերի մեծամասնությունը, որպես կանոն ընդգրկում է 5-7 երաժշտական համար: Սկզբնական շրջանում, երբ հնդկական կինեմատոգրաֆում ի հայտ եկավ ձայնը, երգերը կատարում էին դերասանները, սակայն կրկնօրինակման տեխնոլոգիաները յուրացնելուց հետո, երգերի կատարումը վստահեցին մասնագետ կատարողներին: Ներկայումս Հնդկաստանի հանրաճանաչ արտակադրային երգիչները ունեն այնպիսի կարգավիճակ, ինչպիսին կարող են ունենալ հանրահայտ դերասաններն ու կինոաստղերը:

Հնդկական կինեմատոգրաֆում երգերը` բանաստեղծների, երգահանների, կոմպոզիտորների և երգիչների համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունք են, որոնք հաճախ հանդիսանում են առանձին վերցրած կինոնկարների հաջողության գրավականը: Որպես կանոն, երգերը թողարկվում են ավելի շուտ, քան ֆիլմերը:

Արտակադրային երգիչները հնդկական կինոարդյունաբերության մեջ ունեն իրենց կարևոր դերակատարումը: Նրանցից շատերը ի սկզբանե սովորել են հնդկական դասական երաժշտության ավանդույթներն ու կատարումը, իսկ հետագայում ընդարձակել են իրենց երգացանկը:[1] Առավել ազդեցիկ արտակադրային երգիչներից են Մոհամեդ Ռաֆին,[2] Լատա Մանգեշկարը, Աշա Բհոսլեն, Մուկեշը, Մաննա Դեյը և Կիշոր Կումարը: Լատա Մանգեշկար և Աշա Բհոսլե քույրերը, ովքեր հիմնականում աշխատում են հինդի լեզվով նկարահանվող ֆիլմերում, համարվում են հնդկական կինոյի ամենահայտնի և արգասաբեր արտակադրային երգչուհիները:[3][4][5][6] 1974 թվականին Լատա Մանգեշկարը ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաշատ երգեր կատարած երգչուհի: Նրա կատարումների քանակը հաշվվում էր 25 հազար երգով: 1977 թվականին Մոհամեդ Ռաֆին կասկածի տակ դրեց Լատա Մանգեշկարի երգերի քանակը, հայտարարելով, որ ինքն ավելի շատ երգեր է կատարել: 1991 թվականին, հաշվառման արդյունքում պարզ դարձավ` մինչև 1980 թվականը ձայնագրված երկու երգիչների երգերի փաստացի քանակը (Մոհամեդ Ռաֆին մահացել է 1980 թվականին): Ըստ այդ հաշվառման, Լատա Մանգեշկարը կատարել էր 4500 երգ, իսկ Մոհամեդ Ռաֆին` 4525 երգ:[7] Այնուամենայնիվ, ամենաարգասաբեր երգչուհու համբավը փոխանցվեց Աշա Բհոսլեին, ով մասնակցել է ավելի քան 11 հազար երգերի ձայնագրության, այդ թվում մեներգեր, զուգերգեր, խմբերգեր և այլն, որոնք նա կատարել է Հնդկաստանի 20 լեզուներով:[8] Մոտ 50 հազար երգերի կատարում են վերագրում նաև արտակադրային երգիչ Կատտասերի Ջոզեֆ Եսուդասին:[9] Արտակադրային երգի այլ հայտնի կատարողներից են Գիտա Դատը, Մահենդրա Կապուրը, Ալկա Յագնիկը, Կավիտա Կրիշնամուրթհին, Ուդիտ Նարայանը, Կումար Սանուն, Սունիդհի Չաուհանը և այլք:

Արտակադրային երգիչներից շատերը սիրված են ունկնդիրների կողմից և համերգային ելույթներ են ունենում աշխարհի շատ երկրներում: Վերջին շրջանում շատ դերասաններ ու դերասանուհիներ, գերադասում են ֆիլմերում երգել ինքնուրույն և կարելի է ասել` բավականին հաջող:

Հնդկաստանում արտակադրային երգի համար սահմանված են մի շարք հեղինակավոր մրցանակներ: Դրանցից են.

  • Ազգային կինոմրցանակ տղամարդու լավագույն արտակադրային երգի համար:
  • Ազգային կինոմրցանակ կանացի լավագույն արտակադրային երգի համար:
  • Filmfare Awards տղամարդու լավագույն արտակադրային երգի համար:
  • Filmfare Awards կանացի լավագույն արտակադրային երգի համար և այլն:

Արտակադրային երգը լայնորեն կիրառվում է նաև Պակիստանի կինեմատոգրաֆում: Այս երկրում առավելապես հայտնի էին արտակադրային երգի կատարողներ Ահմեդ Ռուշդին,[10][11] Նուր Ջեհանը, Մեհդի Հասանը, Նազիա Հասանը, Մասուդ Ռանան և այլք:

Արտակադրային երգը կիրառվել է նաև Հոնկոնգի կինեմատոգրաֆում: 1950-1960-ական թվականներին այստեղ հայտնի երգչուհի էր Ցզին Տինը:

Արտակադրային երգարվեստը Հոլիվուդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Հոլիվուդում արտակադրային երգը լայն տարածում չունի, քանի որ երաժշտական ֆիլմեր հազվադեպ են նկարահանվում: Սակայն անցյալում այն լայնորեն կիրառվել է: Առավել հայտնի օրինակներից կարելի է նշել Մառնի Նիքսոնի երգերը Նատալի Վուդի փոխարեն` «Վեսթսայդյան պատմություն» (1957թ.) կինոնկարում, Բիլ Լիի կատարումները Քրիստոֆեր Պլամմերի փոխարեն` «Երաժշտության ձայները» (1965թ.) կինոնկարում,[12] Բեթի Նոյզի կատարումը Դեբբի Ռեյնոլդսի փոխարեն` «Անձրևի տակ երգողները» (1952թ.) ֆիլմում [13] և այլն:

Արտակադրային երգարվեստը ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակադրային երգը կիրառվում էր նաև խորհրդային երաժշտական ֆիլմերում, հատկապես այն օգտագործվում էր դեռահաս դերասանների փոխարեն: Այդպիսի ֆիլմերից էին «Կարմիր գլխարկի մասին» (1977թ.), «Մի հիանալի մանկություն» (1979թ.), «Վաճառված ծիծաղը» (1981թ.), «Կախարդները» (1982թ.), «Պետրովի և Վասեչկինի արկածները» (1983թ.) կինոնկարները, որտեղ կերպարներից շատերի փոխարեն երգերը կատարում էր երիտասարդ երգչուհի Օլգա Ռոժդեստվենսկայան: Իսկ «Էլեկտրոնիկի արկածները» (1979թ.) կինոնկարում, երգերի մեծամասնությունը կատարում էր Ելենա Կամբուրովան:

Հայտնի էին նաև մեծահասակ դերասանների փոխարեն երգեր կատարող երգիչները: Այդպիսի ֆիլմերից էին «Տրուֆալդինոն Բերգամոյից» (1976թ.) կինոնկարը, որտեղ Կոնստանտին Ռայկինի փոխարեն երգում է Միխայիլ Բոյարսկին, «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» (1975թ.) կինոնկարը, որտեղ Անդրեյ Մյագկովի և Բարբարա Բրիլսկայի փոխարեն երգերը կատարում էին Սերգեյ Նիկիտինը և Ալլա Պուգաչովան:[14]

Այնուամենայնիվ, ԽՍՀՄ կինեմատոգրաֆում առաջնահերթությունը տալիս էին երգող դերասաններին` Լյուբով Օռլովա, Անդրեյ Միրոնով, Լյուդմիլա Գուրչենկո, Յուրի Նիկուլին, Վլադիմիր Վիսոցկի, Ալիսա Ֆրեյնդլիխ, Միխայիլ Բոյարսկի, Օլեգ Անոֆրիև, Դմիտրի Խառատյան և ուրիշներ:

Արտակադրային երգարվեստը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական կինեմատոգրաֆում արտակադրային երգը հնչում է «Կարինե» (1967թ.) ֆիլմում, որտեղ երգերը կատարում են Գոհար Գասպարյանը, Դավիթ Պողոսյանը և Տիգրան Լևոնյանը, «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.) կինոնկարում, որտեղ երգում են Զառա Տոնիկյանը, Էլվինա Մակարյանը, Արա Բաբաջանյանը, Գեորգի Մինասյանը, «Անուշ» (1983թ.) ֆիլմում, որտեղ երգերը կատարում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի երգչախմբի երգիչները (մենակատարներ` Գոհար Գասպարյան, Տիգրան Լևոնյան և ուրիշներ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rajamani, Radhika (17 February 2003)։ «Realising a dream»։ The Hindu։ Վերցված է 22 July 2009 
  2. «Mohammed Rafi»։ BBC։ Վերցված է 2014-12-18 
  3. Gangadhar, v. (18 May 2001)։ «Only the best preferred»։ The Hindu։ Վերցված է 22 July 2009 
  4. Gulzar; Nihalani, Govind; Chatterji, Saibal (2003). Encyclopaedia of Hindi Cinema. Popular Prakashan. էջեր 72–73. ISBN 81-7991-066-0. 
  5. Arnold, Alison (2000). The Garland Encyclopedia of World Music. Taylor & Francis. էջեր 420–421. ISBN 0-8240-4946-2. 
  6. Yasmeen, Afshan (21 September 2004)։ «Music show to celebrate birthday of melody queen»։ The Hindu։ Վերցված է 19 August 2009 
  7. Amarjit Singh Kohli (2012-07-31)։ «Setting the record straight»։ Hindustan Times։ Վերցված է 2014-12-18 
  8. Banerjee, Soumyadipta (22 October 2011)։ «It’s a world record for Asha Bhosle»։ DNA India։ Վերցված է 2014-12-18 
  9. «Yesudas' singing career enters golden jubilee year» (անգլերեն)։ NDTV։ 2011-11-15։ Վերցված է 2014-12-18 
  10. «Ahmed Rushdi, Remembering a legend»։ Dawn News։ Վերցված է 28 December 2012 
  11. «The Express Tribune, Remembering Ahmed Rushdi»։ Արխիվացված օրիգինալից-ից 27 April 2010-ին։ Վերցված է 28 December 2012 
  12. «The Sound of Music full credits»։ IMDb.com։ Վերցված է 5 August 2016 
  13. Earl J. Hess and Pratibha A. Dabholkar, Singin' in the Rain: The Making of an American Masterpiece (Lawrence, Kansas: University Press of Kansas, 2009), p145.
  14. Таривердиева, Вера Мадригал — ХХ век // Биография музыки. — М: Зебра Е, 2004. — 656 с. — ISBN 5-94663-154-3