Վեսթսայդյան պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեսթսայդյան պատմություն
անգլ.՝ West Side Story[1]
Երկիր ԱՄՆ
ՀիմքՌոմեո և Ջուլիետ[1]
ԵրաժշտությունԼեոնարդ Բերնսթայն
Պաշտոնական կայքէջ
 West Side Story Վիքիպահեստում

Վեսթսայդյան պատմություն (անգլ.՝ West Side Story), 1957, մյուզիքլ՝ գրված ըստ Արթուր Լոուրենսի գրքի։ Երաժշտությունը՝ Լեոնարդ Բերնսթայնի, բառերը՝ Ստեֆան Սոնդհեյմի։ Բեմադրությունը՝ Ժերոմ Ռոբինսի։ Սցենարի ստեղծման աղբյուր է հանդիսացել Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը[2]։ Գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին, Նյու-Յորքի մոտակայքում գտնվող Ափփըր Վեսթ Սայդ (Upper West Side) բնակավայրում[3]։

Մյուզիքլը բացահայտում է տարբեր էթնիկ նախապատմություններ ունեցող երկու փողոցային գանգստերային խմբերի՝ Ջեթերի և Շարքերի (շնաձկներ) միջև առկա մրցակցությունը։ «Շնաձկներ»-ը Պուերտո-Ռիկոյից են։ Ջեթերը նրանց հանգիստ չեն տալիս։ Գլխավոր հերոսը՝ Թոնին, Ջեթերի խմբի նախկին անդամն ու խմբի ղեկավար Րիֆի մտերիմ ընկերը, սիրահարվում է Մարիային՝ Շնաձկների ղեկավար Բերնարդոյի քրոջը[4]։ Խճճված թեման, բարդ երաժշտությունը, ընդարձակ պարային տեսարաններն ու սոցիալական խնդիրների վրա բևեռացումը կարևոր հետք թողեցին ամերիկյան երաժշտական թատրոնի վրա։ Մյուզիքլի մեջ հնչում են "Something's Coming", "Maria", "America", "Somewhere", "Tonight", "Jet Song", "I Feel Pretty", "A Boy Like That", "One Hand, One Heart", "Gee, Officer Krupke", "Cool" կատարումները։ 1957 թվականին "Winter Garden" (Ձմեռային այգի) թատրոնի բեմում ներկայացվեց մյուզիքլի բրոդվեյան առաջնախաղը․ բեմադրիչը Ժերոմ Ռոբբինսն էր։ Մինչև համաշխարհային շրջագայության մեկնելը՝ մյուզիքլը բեմադրվեց 732 անգամ։ Ներկայացումը 6 անգամ նոմինացվեց Tony Awards մրցանակաբաշխությանը։ 1957 թվականին այն ներկայացվեց Լավագույն Մյուզիքլ անվանակարգում, բայց այդ տարի չշահեց գլխավոր մրցանակը[5]։ Ռոբբինսը Թոնի մրցանակ ստացավ բեմադրության, իսկ Օլիվեր Սմիթը՝ բեմական ձևավորման համար։ Ներկայացումն արժանացել է Theatre World Award թատերական մրցանակին։ 1961 թվականին ստեղծվեց նույնանուն ֆիլմը։ Ռեժիսորը Ռոբերտ Վայսն ու Ռոբբինսն էին, գլխավոր դերերում խաղում են Նատալի Վուդը, Ռիչարդ Բեյմերը, Ռիտա Մորենոն, Ջորջ Չակիրիսն ու Ռասս Թամբլինը։ Ֆիլմը 11 անգամ ներկայացվել է Օսկարի մրցանակաբաշխությանն ու 10 անգամ մրցանակներ է ստացել, այդ թվում և՝ Լավագույն ֆիլմ անվանակարգում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Ժերոմ Ռոբբինսն առաջարկեց Լեոնարդ Բերնսթայնին ու Արթուր Լոուրենսին մշակել Ռոմեոյի և Ջուլիետի պատմության ժամանակակից տարբերակը։ Բովանդակության հիմքում նա առաջարկում էր դնել Մանհեթանում ապրող իռլանդացի կաթոլիկ և հրեա ընտանիքների միջև առկա կոնֆլիկտը[6]։ Աղջիկը վերապրել էր Հոլոքոսթն ու ներգաղթել էր Իսրայելից։ Հակասությունը պետք է հիմնված լիներ կաթոլիկ եկեղեցու հակասեմիթիզմի վրա։ Լոուրենսն անհամբեր էր գրել իր առաջին մյուզիքլը, այսպիսով, նա համաձայնեց։ Բերնսթայնն զգուշացնում էր, որ նյութը կմատուցի օպերային ոճով, բայց Ռոբբինսն ու Լոուրենսը պնդում էին առաջարկը։ Նրանք նկարագրում էին նախագիծը որպես «լիրիկական թատրոն» և Լոուրենսը գրեց առաջին սևագրությունն ու այն անվանեց East Side Story (Իսթսայդյան պատմություն)։ Եվ միայն այն ժամանակ, երբ նա ավարտեց այն, խումբը գիտակցեց, որ դա ընդամենը մի փոքր ավելին էր, քան պարզապես այն թեմաների երաժշտականացումը, որոնք արդեն ներկայացվել էին այնպիսի դրամաներում, ինչպիսիք են «Աբիեի իռլանդական վարդը»։ Երբ նա որոշեց հեռանալ, երեք արվեստագետների ճանապարհները բաժանվեցին․ նրանք շարունակեցին առանձին աշխատել հինգ տարի[7]։ 1955 թվականին Լոուրենսը թատրոնի բեմադրիչ Մարթին Գաբելի կողմից գիրք գրելու առաջարկ ստացավ։ Լոուրենսն ընդունեց առաջարկն ու հրավիրեց Բերնսթայնին և Ռոբբինսին միանալ ստեղծագործական թիմին։ Ռոբբինսն զգում էր, որ եթե իրենք երեքով վերսկսեն աշխատել միասին, նրանք անպայման անդրադառնալու էին Իսթսայդյան պատմությանը։ Բերնսթայնը նույնպես համաձայնեց։ Ինչևէ, այս անգամ ևս նրանց համատեղ աշխատանքը երկար չի տևում։ Շուտով Լոուրենսն սկսում է աշխատել Հոլիվուդում։ Այստեղ նա կրկին հանդիպում է Բերնսթայնին։ Խոսակցության արդյունքում վերջինս առաջարկում է վերսկսել աշխատել «Իսթսայդյան պատմության» վրա։ Նրանք կապվում են Ռոբբինսի հետ, ով ևս աշխատանքի բերումով Հոլիվուդում էր։ Այսպիսով, Ռոբբինսն ու Լոուրենսը, իրենց հիմնական նախագծերին զուգահեռ, աշխատում են մյուզիքլի վրա՝ կապ պահելով Բերնսթայնի հետ, ով այդ ժամանակ վերադարձել էր Նյու-Յորք։ Շուտով Լոուրենսն ինքն իրեն ազատում է բոլոր ծրագրերից ու ամբողջ ժամանակը տրամադրում է մյուզիքլի բեմադրման աշխատանքներին[8]։ Լոուորենսը Նյու-Յորքում երեկույթի ընթացքում հանդիպում է Սոնդհեիմին, ով լսել էր արդեն Վեսթսայդյան վերանվանված Իսթսայդյան պատմության աշխատանքների վերսկսման մասին։ Բերնսթայնը որոշեց, որ ինքը պետք է կենտրոնանա միայն երաժշտության վրա, այսպիսով նրանք Ռոբբինսի հետ հրավիրեցին Բեթթի Քոմդենին ու Ադոլֆ Գրինին՝ գրելու մյուզիքլի բառերը, բայց դրա փոխարեն թիմը պնդում էր աշխատել Պիտեր Պանի ուղղությամբ։ Լոուրենսն առաջարկեց Սոնդհեիմին միասին աշխատել։ Վերջինս նախ մերժեց առաջարկը, այնուհետև ընդունեց այն։ Այդ ընթացքում Լոուրենսն արդեն նոր սևագրություն էր գրել՝ փոխելով հերոսներին։ Անտոնը, ով նախկինում իռլանդական ծագումով ամերիկացի էր, այժմ լեհի ու իռլանդացու ժառանգ էր, իսկ նախկինում հրեա Մարիան այժմ դարձել էր պուերտո-ռիկացի։ Ի սկզբանե, Լոուրենսի գրքի հիմքում Շեքսպիսի «Ռոմեո և Ջուլիետ»-ն էր։ Այժմ Ռոմեոյի և Ջուլիետի պատմության շատ դրվագներ դուրս էին մնում սցենարից։ Առկա էր նաև լեզվական խնդիր․ փողոցային լեզուն պետք էր շատ զգույշ օգտագործել, որպեսզի այն հնարավոր լինել արտաբերել բեմից։ Թիմային աշխատանքն իր արդյունքն էր տալիս։ Երգերը փոխարինում էին մեկը մյուսին, յուրաքանչյուր տեսարանի համար գտնվում էր լավագույն լուծումը։ Լոուրենսը զգում էր, որ լարվածությունը պետք էր թուլացնել՝ պիեսի ողբերգական ավարտն ուժեղանելու համար, այդ պատճառով էլ երկրորդ գործողությունում կատակերգական շտրիխ ավելացվեց՝ ի դեմս Կրուպկեի։ Բեմադրությունը գրեթե պատրաստ էր 1956 թվականի աշնանը, բայց ստեղծագործական խմբի գրեթե բոլոր անդամները պետք է նախ ավարտեին իրենց առաջնային պայմանավորվածությունները։ 1957 թվականի գարնանը նախագծի պրոդյուսեր Չերիլ Քրոուֆորդը հեռացավ, քանի որ նախագծի համար փող չէր հավաքվում։ Մյուս բոլոր պրոդյուսերներն արդեն մերժել էին նախագիծը՝ այն չափազանց մութ ու դեպրեսիվ համարելով։ Սոնդհեիմն այդ ժամանակ համոզեց իր ընկեր Հալ Փրինցին կարդալ ձեռագիրը։ Նա հավանեց սցենարն ու իր գործընկեր Ռոբերտ Գրիֆֆիթի հետ մեկնեց Նյու-Յորք։ Հետո նա իր հուշերում գրեց․ «Սոնդհեիմն ու Բերնսթայնը դաշնամուրի մոտ նվագում էին երաժշտությունը, և ես շուտով արդեն երգում էի նրանց հետ»[9]։

Սեղմ բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու հակամարտող պատանի գանգստերային խմբեր, Ջեթերը (Սպիտակներ) և Շնաձկները (պուերտո-ռիկացիներ), պայքարում են Նյու-Յորքի Ափփըր Վեսթ Սայթ թաղամասում վերահսկողության համար։ Նրանք զգուշացվում են Շրանկի և Կրուպկեի կողմից, ովքեր պատվիրում են պատանիներին դադարեցնել իրենց փողոցային կռիվները։ Ոստիկանությունը հեռացնում է Շնաձկներին, և Ջեթերը պլանավորում են ամրացնել փողոցում իրենց գերակա դիրքը։ Ջեթերի առաջնորդը՝ Րիֆը, առաջարկում է Շնաձկների ջարդ կազմակերպել։ Նա պլանավորում է պարի ժամանակ մարտահրավեր նետել Շնաձկների առաջնորդին՝ Բերնարդոյին։ Նա ցանկանում է համոզել իր ընկերոջն ու Ջեթերի խմբի նախկին անդամ Թոնիին միանալ Ջեթերին։ Ջեթերից ոմանք կասկածում են նրա հավատարմությանը, բայց Րիֆը համոզված է, որ նա դեռևս իրենցից մեկն է։ ("Jet Song"- «Ջեթերի երգը»)։ Րիֆը հանդիպում է Թոնիին նրա աշխատանքի պահին և համոզում է նրան գալ։ Թոնին նախապես մերժում է, բայց Րիֆը կարողանում է համոզել։ Թոնին համոզված է, որ մի կարևոր բան է տեղի ունենում ("Something's Coming" «Ինչ-որ բան է մոտենում»)։ Մարիան իր եղբոր ընկերուհու՝ Անիտայի հետ աշխատում է հարսանեկան խանութում։ Մարիան հենց նոր է ժամանել Պուերտո Ռիկոյից․ պլանավորված է նրա հարսանիքը Չինոյի՝ Բերնարդոյի ընկերոջ հետ։ Մարիան խոստովանում է Անիտային, որ ինքը սիրահարված չէ Չինոյին։ Անիտան ստիպում է Մարիային զգեստ ընտրել պարերի համար։ Պատանիներն սկսում են պարել։ Շուտով հայտարարվում է պարի մարտահրավեր։ Այս ընթացքում Թոնին ու Մարիան, ովքեր չէին մասնակցում պարի մարտահրավերին, տեսնում են միմյանց ու միանգամից սիրահարվում։ Նրանք պարում են միասին՝ մոռանալով սենյակում տիրող լարվածության մասին։ Սակայն Բերնարդոն քրոջը տուն է ուղարկում։ Երջանիկ ու սիրահարված Թոնին գտնում է Մարիայի սենյակի պատուհանն ու սերենադ է նվիրում նրան ("Maria")։ Երկու սիրահարները խոստովանում են իրենց սերը ("Tonight" «Այս երեկո»)։

Մինչ երկու խմբավորումների ղեկավարները մտածում են կռվի մասին՝ սիրահարված Թոնին համոզված է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հաջորդ օրը Մարիան շատ երջանիկ է, քանի որ հույս ունի Թոնիին կրկին տեսնել։ Այնուամենայնիվ, նա իմանում է առաջիկայում սպասվող կռվի մասին և անհանգսիտ է։ Երբ Թոնին գալիս է, Մարիան խնդրում է նրան կանխել կռիվը․ Թոնին համաձայնում է։ Մինչև գնալը նրանք երազում են իրենց հարսանիքի մասին ("One Hand, One Heart", «Մեկ ձեռք, մեկ սիրտ»)։ Երբ երկու խմբերը հանդիպում են, և կռիվն սկսվում է, Թոնին գալիս է ու փորձում կանգնեցնել նրանց։ Բերնարդոն ծաղրում է Թոնիին, բայց վերջինս շարունակում է փորձել խաղաղություն հաստատել։ Րիֆն անցնում է Թոնիի պաշտպանությանը։ Սակայն Բերնարդոն ճակատագրական հարված է հասցնում նրան։ Կատաղության պահին Թոնին սպանում է Բերնարդոյին։ Ոստիկանության ազդանշանի մոտեցող ձայնի հետ բոլորը փախչում են․ մնում է միայն Թոնին, ով ցնցված է իր սեփական արարքից։ Մարիան տեղյակ չէ պատահարից և երազում է Թոնիին հանդիպելու մասին ("I Feel Pretty" «Ես սիրունիկ եմ»)։ Չինոն հայտնում է պատահարի մասին։ Երբ Թոնին գալիս է Մարիային տեսնելու, վերջինս կատաղությամբ հարձակվում է նրա վրա․ բայց նա դեռ սիրում է Թոնիին։ Նրանք ծրագրում են միասին փախչել։ Անիտան հայտնում է Մարիային, որ Չինոն զինված է և փնտրում է Թոնիին։ Տարբեր իրադարձություններից հետո, երբ Մարիան ու Թոնին հանդիպում են, Չինոն հասնում է և սպանում Թոնիին։ Երբ Ջեթերը ցանկանում են վրեժ լուծել, Մարիան խլում է Չինոյի զենքն ու ասում․ «Այժմ ես նույնպես կարող եմ սպանել․ ես հիմա ատելություն ունեմ»։ Ի վերջո, երկու խմբերի անդամները համախմբվում են Թոնիի մարմնի շուրջ ու ցույց տալիս, որ թշնամանքն ավարտված է։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի հոկտեմբերի 18-ին հրապարակվեց մյուզիքլի ֆիլմային տարբերակը։ Այն գնահատվեց քննադատների ու հանրության կողմից։ Ֆիլմը 10 Օսկար է ստացել, այդ թվում և՝ Լավագույն ֆիլմ անվանակարգում։ Ինչպես նաև՝ հատուկ մրցանակ է ստացել Ռոբբինսը։ Այն ամենաշատ Օսկար ստացած երաժշտական ֆիլմն է։

Անվանակարգեր և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 - Theatre World Award, Թոնի մրցանակ
  • 1980 - Drama Desk Award
  • 2009 - Թոնի մրցանակ, Գրեմմի մրցանակ, Theatre World Award

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.westsidestory.com/1957-broadway
  2. http://www.sondheimguide.com/wss.htm(չաշխատող հղում)(անգլ.)
  3. Sarah Waxman, "The History of the Upper West Side" ny.com http://www.ny.com/articles/upperwest.html(անգլ.)
  4. "'West Side Story plot and production listing" guidetomusicaltheatre.com, accessed August 18, 2011(անգլ.)
  5. http://ibdb.com/production.php?id=2639(անգլ.)
  6. Long, Robert Emmet. "West Side Story" Broadway, The Golden Years:Jerome Robbins and The Great Choreographer-Directors : 1940 to the present, Continuum International Publishing Group, 2003, ISBN 0-8264-1462-1, p. 96(անգլ.)
  7. "Excerpts from Bernstein's West Side Log, see 1949 and 1955" WestSideStory.com, originally published in 1957, accessed August 18, 2011(անգլ.)
  8. Laurents 2000, pp. 336–43.(անգլ.)
  9. Burton, Humphrey. "Leonard Bernstein by Humphrey Burton, Chapter 26" WestSideStory.com, 1994, accessed August 18, 2011(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]