Չինական այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ռադիկալ 52», և դրա սինվոլներով օգտագործումը

Չինական այբուբեն (Չինարեն), anhören ), չինական գրության պատկերային համակարգ։ Չինական սինվոլները լայնորեն օգտագործվում են նաև ճապոներեն գրության մեջ, որտեղ անվանվում են «Կանջի», կորեերենի մեջ՝ «Հանջա»։ Նախկինում գործածվել են նաև վիետնամերենի մեջ՝ «Չժու հան»։ Այս սինվոլների քանակը, 1994թ.-ի տվյալներով հասնում է 87.000-ի։ Դրանց 85 տոկոսը այսօր գործածությունից դուրս են և հանդիպում են միայն դասական գրականության մեջ։

Այբուբենից տարբերվում է նրանով, որ յուրաքանչյուր պատկերանիշի վերագրված է որևէ հատկանիշ (ոչ միայն հնչյունաբանական), և գրանշանների քանակը բավականաչափ մեծ է (տասնյակ հազարներ): Չինաստանում ունի երկու հիմնական ձև՝ հին (վենյան) և ժամանակակաից (բայխուա):

Մինչև 1945 թվականը չինական գիրը («խան տը» կամ «տը-խան», վիետնամերեն՝ Chữ Hán) գործածվում էր նաև վիետնամերենի գրության համար:

Ինտերնացիոնալիզմի համատեքստում, չինականի վրա հիմնված գրության ձևերը կոչվում են CJK (անգլ.՝ Chinese, Japanese, Korean) կամ CJKV (անգլերենով ավելացված նաև՝ Vietnamese):

Նախապատմություն[խմբագրել]

Չինական գրական համակարգի տարիքը մշտապես ճշգրտվում է։ 1962 թվականին Հուանհե գետի վրա ձևավորված Ցզյախու նեոլիթյան քաղաքակրթության պեղումների ժամանակ հայտնաբերվել են գրություններ կրիայի պատյանի վրա, որոնք իրենց ինքնությամբ հիշեցնում են չինական հիերոգլիֆներ։ Պիկտոգրամմաները թվագրվում են մ.թ.ա. VI հազարամյակին, որոնք ավելի հին են, քան շումերական գիրը։ [1] Ավելի վաղ հայտնի Տան Լանը, ով չինական գրի հետազոտող էր, առաջադրեց մի վարկած, ըստ որի չինական հիերոգլիֆային համակարգը ստեղծվել է 4-5 հազարամյակ առաջ։[2][3]

Պատմություն[խմբագրել]

Ցզյագուվեն

Ավանդության համաձայն, հիերոգլիֆները հայտնագործել է Ցան Ցզեն՝ առասպելական կայսր Խուան Դիի պալատական պատմագիրը: Մինչ այդ չինացիները, իբրև թե, գործածում էին հանգուցային գիրը: Այդ մասին հիշատակվում է «Դաո Դե Ցզին»-ում և «Ի-ցզինի» մեկնաբանություններում:

Հնագույն չինական գրությունները կատարվում էին կրիաների պատյանների և խոշոր եղջերավոր անասունների թիակների վրա և արձանագրում էին գուշակությունների արդյունքները: Այդպիսի տեքստերը ստացել են ցզյագուվեն (甲骨文) անվանումը: Չիանական գրավոր առաջին նմուշները համընկնում են Շան դինաստիայի կառավարման վերջին շրջանի հետ (առավել հնագույնները՝ մ.թ.ա. 17-րդ դարին): Ավելի ուշ առաջանում է բրոնզե ձուլվածքի տեխնոլոգիան, և գրություններ են ստեղծվում բրոնզե անոթների վրա: Այդ տեքստերը ստացել են ցզինվեն (金文) անվանումը: Բրոնզե անոթների վրա գրությունները նախապես դրոշմվում էին կավե կաղապարների վրա. տեղի էր ունենում հիերոգլիֆների միօրինականացում, դրանք սկսեցին պատկերվել քառակուսիներով:

Չինական գրության պատմության վիճելի էջերից է «Չժոու պատմաբանի» (史籀 (Shĭ Zhòu)) գործունեությունը, ով, համաձայն Խանի դարաշրջանի պատմության, ծառայում էր չժոույան Սյուն-վանի (周宣王) պալատում, մ.թ.ա. 9-8-րդ դարերում: Ապացուցված է, որ նա «դաչժուան» անվանումը ստացած կալլիգրաֆիայի առաջին դասականն ոճերից մեկի ստեղծողն է:

Չինական գրության նյութական կրողների անհամաչափ պահպանվածությունը դժվարացնում է դրա հնագիտական ուսումնասիրությունը: Այն դեպքում, երբ ոսկորների և բրոնզի վրա հնագույն գրությունները համեմատաբար լավ են պահպանվել, նույն ժամանակի բամբուկե և փայտե թերթիկների վրա գրություններ գիտությանը հայտնի չեն: Այնուամենայնիվ, այդպիսի գրությունների գոյության մասին ենթադրելու հիմք է տալիս դեռևս Շանի դարաշրջանից գործածվող և ժամանակակից ցեին (册) համապատասխանող սյունյակի գործածումը:

Այն փաստը, որ Շանի գրությունն իրենից ներկայացնում է համեմատաբար զարգացած և կայուն համակարգ, խոսում է Չինաստանում գրության զարգացման ավելի վաղ փուլերի գոյության մասին, որոնց վերաբերյալ հավաստի տեղեկություններ չկան:

Հիերոգլիֆների տեսակներ[խմբագրել]

Չինական հիերոգլիֆների դասակարգումն առաջին անգամ կատարվել է Շովեն Սյույ Շենի բառարանում: Անշուշտ հարմարավետ դարձավ բոլոր հիերոգլիֆների բաժանումը պարզ վեների (文) և բաղադրյալ ցզիների (字): Ներքոհիշյալ բաժանումը վեց կարգերի հանդիսանում է ակադեմիական բանավեճերի առարկա, քանի որ կարգերը բավականաչափ հստակ չեն տարանջատված իրարից:

Ցուցական[խմբագրել]

Այսպիսի նշանների շարքին են դասվում, օրինակ, 上 շան և 下սյա հիերոգլիֆները, որտեղ նրանց «վերև» և «ներքև» նշանակությունները ցույց են տրված հորիզոնական գծի նկատմամբ վրա և տակ ուղղահայացի դիրքով, ինչը ուցական ժեստի նմանություն ունի: Բայց պարզագույն ցուցական նշանների համադրումը կարող են փոխառնվել ավելի բարդ և նույնիսկ աբստրակտ հասկացություններ արտահայտելու համար: Այսպես, 上 … 下 շան ...սյա արտահայտությունը, կախված համատեքստից, նշանակում է ոչ միայն «վերևներ ... ներքևներ», «ղեկավարներ ... ենթականեր», այլև՝ «մի կողմից ... մյուս կողմից»:

Պատկերագրեր[խմբագրել]

Ի սկզբանե իրենցից ներկայացնում էին պարզագույն պատկերներ: Օրինակ՝ բերանը պատկերվում էր կորությունը ներքևում և վերևում լայնակի գիծ ունեցող կիսաշրջանով. այսպիսին է 口 կոու (բերան) հիերոգլիֆի ծագումը: Վերևում կորությամբ և նրա տակ կետերով աղեղը երկնքի և կաթիլների պատկերն էր. այսպիսին էր 雨 յույ «անձրև» հիերոգլիֆի սկզբնական տեսքը: Ժամանակի ընթացքում պատկերները սխեմայացան և վերջապես ստացան ժամանակակից տեսքը, որտեղ սկզբնական պատկերավորությունից հետք էլ չմնաց: Անմիջական հասկանալի պատկերագրական արտահայտչականությամբ ոչ մի հիերոգլիֆ չի պահպանվել: Բոլոր պատկերանշանների նշանակությունը, հետևաբար նաև՝ հիերոգլիֆիկայի բոլոր պարզագույն բառային նշանակություն ունեցող տարրերը այժմ բացարձակապես պայմանական են:

Պարզ գաղափարագրեր[խմբագրել]

Չինարեն գրում պատկերային նշանները՝ պատկերագրերը, չնչին թիվ են կազմում: Առավել մեծ թիվ են կազմում այսպես կոչված գաղափարագրերը: Օրինակ՝ 立 լի հիերոգլիֆը ի սկզբանե ուներ ոտքերը լայն բացված կանգնած մարդու տեսք, այդ պատկերին ավելացված է ներքևում հորիզոնական գիծ. սակայն այդ պատկերը իրենից արտահայտում էր ոչ թե ուղղակի մարդ, այլ նրա դիրքը և նշանակում էր «կանգնել»: Բարդ գաղափարագրում պայմանական իմաստը բխում է մասնիկների նշանակությունների հարաբերակցությունից: Օրինակ՝ 命 մին հիերոգլիֆը սկզբնական ձևով պատկերում էր շինություն՝ սրբավայր կամ կառավարչի բնակատեղի հիերոգլիֆի (վերևի մասը իր ներքևի գծով տանիքի պատկեր է), նրա առաջ ծնկաչոք մարդու պատկեր և նրանից ձախ՝ բերան (ներկայիս 立 և 口 մասնիկների ձևով). այս ամենը արտահայտում էր տիրակալին հնազանդ լսելը, որտեղից էլ առաջացել է հիերոգլիֆի «հրաման» նշանակությունը: Ինչպես երևում է այս օրինակից, հնագույն գաղափարագրի նշանակությունը, որպես կանոն, հասկանալի է միայն դրանց ստեղծման մշակութա-պատմական պայմանների լույսի ներքո:

Բաղադրյալ գաղափարագրեր[խմբագրել]

Գաղափարագրերը շարունակեցին կազմավորվել արդեն պատկերային բնույթը կորցրած և զուտ պայմանական նշանակություն ձեռք բերած պատրաստի գրաֆիկական տարրերից: Այդպիսին է հիերոգլիֆների մեծ մասի ծագումը, որոնց ներկայիս ձևերի իմաստը կապված է դրանց բաղադրիչ տարրերի հետ: Այդպիսին է, օրինակ, 伐 ֆա հիերոգլիֆը, որը կազմված է 人 կյանք «մարդ» և 戈 գե «նիզակ» տարրերից, և այժմ նշանակում է «կտրել», իսկ սկզբից ունեցել է «նիզակով հարվածել (թշնամուն)» նշանակությունը:

Ֆոնոգաղափարագրեր[խմբագրել]

Հիերոգլիֆների մեծ մասը ոչ պարզ պատկերանիշեր, ոչ էլ գաղափարագրեր են, այլ դասվում են երրորդ՝ խառը տիպին, այսպես կոչված՝ ֆոնոգաղափարագրերին: Ֆոնոգաղափարագրերի մի մասնիկը կրում է ֆոնետիկ անվանումը, մյուսը՝ դետերմինատիվ: Հիերոգլիֆով արտահայտված բառը հնչյունաբանորեն նույնական է կամ նման է ֆոնետիկով արտահայտված բառին. այլ կերպ ասած՝ ամբողջական նշանի կարդալը մոտավորապես համընկնում է նրա մասերից մեկի կարդալուն: Օրինակ՝ 誹 «չարախոսել, սևացնել, արատավորել» և 非, որի նշանակություններից մեկն է «վատ, չար». երկուսն էլ արտասանվում են «ֆեյ»: 柑 «նարինջ» և 甘 «քաղցր» նշանները կարդացվում են «գան», իսկ 蚶 «ոստրե» նշանը՝ խան: Պատկերանշանի մյուս մասն ունի գաղափարագրական նշանակություն, այսինքն որոշում է տվյալ պատկերանշանի նշանակության ոլորտը, ինչի համար էլ կոչվում է դետերմինատիվ:

Գոյություն են ունեցել ֆոնոգաղափարագրային նշաններ ստեղծելու երկու եղանակներ.

  • Ֆոնոգաղափարագրային հիերոգլիֆները ի հայտ են եկել որևէ բառի ածանցյալ նշանակությունը նոր, սկզբնական հիերոգլիֆից և նրան ավելացված դետերմինատիվից կազմված հիերոգլիֆով արտահայտելու արդյունքում: Երկու պատկերանշանների հնչյունը այս դեպքում մնում էր նույնը, քանի որ դրանք ունեին նույն բառի տարբեր իմաստներ: Օրինակ՝ երբ ֆեյ 非 բառը «վատ, չար» նշանակություններից բացի ձեռք բերեց նաև «չարախոսել»-ու իմաստ, 言-յան («բառ») դետերմինատիվի ավելացմամբ սստեղծվեց նոր պատկերանշան՝ 誹: Արդյունքում, մեկ առանձին հիերոգլիֆի տարբեր իմաստներ արատահայտելու համար սկզբնական բառը կարող էր տրոհվել երկու մասերի: Դրանցից յուրաքանչյուրի զարգացումը կարող էր տարբեր ուղղություններով գնալ և հանգեցնել նրանց միջև կապի զգալի թուլացման:
  • Ֆոնոգաղափարական հիերոգլիֆներն ի հայտ են եկել որևէ բառ նոր հիերոգլիֆով արտահայտելու անհրաժեշտության արդյունքում, որը կազմված էր արդեն գոյություն ունեցող նույն հնչողությամբ հիերոգլիֆից (այսինքն՝ համանուն բառ արտահայտող) և նրան ավելացված դետերմինատիվից: Հնագույն չինարենը հարուստ էր համանուն բառերով. քանի որ միակազմ բառերն այնտեղ գերիշխում էին, իսկ վանկերի քանակը դրա հնչյուանկան համակարգով պայմանավորված, սահմանափակ էր: Այսպիսով, դժվար չէր գտնել համանուն բառ և այն արտահայտող հիերոգլիֆին դետերմինատիվ ավելացնելու միջոցով նրան տալ նոր իմաստ: Այսպես, խան 蚶 «ոստրե» բառն արտահայտելու համար օգտագործվել է հնչումուվ նման 甘 (գան) նշանը, որի իմաստն է «քաղցր»: Նրան ավելացվել է 虫չուն դետերմինատիվը, որը ցույց է տալիս, որ հիերոգլիֆի նշանակությունը վերաբերում է միջատների, կակղամաշկների աշխարհին, այսինքն՝ ստեղծվել է 蚶 նշանը:

Հիերոգլիֆներ ընթերցել սովորելը չափազանց հեշտ կլիներ՝ սերտելով նրանց կազմի մեջ մտնող ֆոնետիկները: Սակայն սկզբնական ֆոնետիկների հնչումները շատ փոփոխությունների են ենթարկվել՝ բուն Չինաստանում հիերոգլիֆների բազմադարյա գոյության ընթացքում և Ճապոնիայում՝ հիերոգլիֆների փոխառությունների և չինական բառը օն-ի փոխարկվելու ընթացքում: Արդյունքում, ներկայումս որպես ֆոնետիկ ծառայող համարյա ոչ մի գրաֆիկական տարր չունի կայուն ընթերցման ձև նույնիսկ Չինաստանում և մանավանդ՝ Ճապոնիայում: Այսպիսով, հիերոգլիֆի արտաքին տեսքից մեծ մասամբ անհնար է որևէ մի բան իմանալ նրա ընթերցման ձևի մասին:

Դետերմինատիվը գաղափարագրերի սահմանման դեր է խաղացել, բայց ժամանակի ընթացքում այդ դերը փոխվել է:

Հնագույն չինական բառարաններում բառերը միավորվում էին ըստ հասկացությունների խմբերի: Օրինակ՝ չինական հնագույն բառարաններից մեկում՝ «Էրյա»-ում (爾雅), բառերը դասավորված էին խմբերով. «երկինք»՝ արև, անձրև և այլն, «հող»՝ ջուր, սարեր, խոտեր, ծառեր և այլն: Հետևաբար, միավորվում էին նաև այդ բառերը ցույց տվող հիերոգլիֆները, որոնց շարքերում մեծ մասն ունեին (դրանց կազմման վերը շարադրված պայմաններին համապատասխան) միանման դետերմինատիվներ: Այստեղից կարելի է եզրակացնել, որ ըստ դետերմինատիվի՝ կարելի էր որոշել հիերոգլիֆների տեղերը բառարանում: Այսպիսով, դետերմինատիվը ձեռք է բերել երկրորդ՝ բառարանում հիերոգլիֆի տեղը որոշելու գործառույթը, որը նաև բառը գտնելուն օժանդակող հատկանիշ է: Ժամանակի ընթացքում այդ գործառույթը գերիշխող դարձավ, իսկ դետերմինատիվի գաղափարագրական նշանակությունը թուլացավ: Դետերմինատիվից այն վերածվեց «բանալու»՝ ինչպես արևելյան գրականության մեջ անվանում են այդ տարրին նման բառարանային գործառույթի մեջ: Դրա հետ կապված անհրաժեշտ էր, որ դետերմինատիվներ չունեցող գաղափարագրական ու պատկերագրական հիերոգլիֆներն ունենային «բանալի». այդպիսի հիերոգլիֆներում բանալու դերը վերագրեցին նշանում արդեն եղած գրաֆիկական տարրերից մեկին կամ ավելացրին նոր բանալի: Այդպիսի բանալիների քանակը՝ համեմատած իրական դետերմինատիվների հետ, հետագայում Չինաստանում և Ճապոնիայում կազմված բառարաններում կրճատվեցին և 17-րդ դարում դրանց թիվը կայուն 214 էր:

Հիերոգլիֆ ստեղծելիս նրա հնչումն ու իմաստը կապակցված էին. անշուշտ, հնագույն Չինաստանում նշան ստեղծվում էր բառ արտահայտելու համար և ձեռք էր բերում այդ բառի նշանակությունը: Օրինակ՝ 山 նշանը ստեղծվել է շան-«սար», կարդացվում էր շան և նշանակում էր այն, ինչ որ շանը (այսինքն՝ «սար»):

Հնչունաբանական փոխառություններ (ռեբուսներ)[խմբագրել]

Հիերոգլիֆները, որոնք վերցված են հոմոֆոն (հնչյունական համանունություն) կամ համարյա հոմոֆոն մորֆեմների գրության համար, կոչվում են ցզյացզե (ավանդական չինարեն՝ 假借 պինյին), տառացիորեն այն նշանակում է «փոխառություն-յուրացում». սկզբունքը նույնն է, ինչ ռուսերեն «опять» բառի գրության փոփարինումը «пять» թվի: Օրինակ՝ չինական 來 նշանը եղել է հացահատիկի պատկերագիրը և նշանակել է «հացահատիկ»,*mlək: Քանի որ այդ բառը համանուն է *mlək «գալ» բառին, այդ խանցզին սկսեց գործածվել «գալ» բայն արտահայտելու համար: Ժամանակի ընթացքում առավել տարածում գտավ «գալ» բայի նշանակությունը, իսկ հացահատիկի համար ստեղծվեց չինական 麥 նշանը: Այդ բառերի ժամանակակից արտասանությունն է համապատասխանաբար lái և mài:

Եգիպտական և շումերական արձանագրությունների նմանությամբ, հնագույն չինական հիերոգլիֆները գործածվում էին որպես նկարելուկներ՝ բարդ վերացական արտահայտություններ արտահայտելու համար: Երբեմն նոր իմաստները դառնում էին առավել հանրահայտ, քան հինը, և այդ ժամանակ ելակետային հասկացությունը արտահայտելու համար ստեղծում էին նոր նշան. սովորաբար դա լինում էր հնի վերափոխումը: Օրինակ՝ չինարեն 又, yòu նշանակում էր «աջ ձեռք», բայց այն գործածում էին yòu «նորից, մեկ անգամ ևս» բառն արտահայտելու համար, և 20-րդ դարում «又»-ն միայն նշանակում էր «նորից», իսկ «աջ ձեռք»-ի համար նրան ավելացրին «բերան» (口) բաղադրիչը և ստացվեց 右 հիերոգլիֆը:

Ցզյացզեի օրինակներ
Պատկերագիր
կամ գաղափարագիր
Նկարելուկ Ելակետային բառ Նոր նշան
ելակետային իմաստն արտահայտելու համար
«չորս» «ռունգեր» (քթի լորձ, փսլինք)
«հարթ, բարակ» «թերթ»
běi «հյուսիս» bèi «մարմնի հետևամաս»
yào «ցանկանալ» yāo «իրան»
shǎo «մի քիչ» shā «ավազ» և
yǒng «ընդմիշտ» yǒng «լողալ»

Չնայած «ցզյացզե» բառն ի հայտ է եկել Խան դինաստիայի ժամանակ որպես «տունցզյա» բառի հոմանիշ (ավանդական չինարեն՝ 通假, պինին-tōngjiǎ, տառացի՝ «փոխադարձ վերցված փոխառություն»), առաջին անգամ արձանագրվել է Մին դինաստիայի իշխանության օրոք: Չնայած խոսքում այս բառերը գործածվում են որպես հոմանիշներ, լեզվաբանական տեսակետից նրանք տարբեր են. ցզյացզե-ն՝ հնչյունաբանական փոխառություն է իրենց գրության ձևը չունեցող հասկացությունների համար (օրինակ՝ 東 հիերոգլիֆով գրվող «երկու ծայրերից կապված պարկ»[4]), իսկ տուցզյան՝ գոյություն ունեցող մի բառի փոխարինումն է մյուսով. օրինակ՝ չինական ավանդական 蚤 պինյինը՝ (zǎo, ցզաո, տառացի՝ «լու») չինարեն ավանդական գրությամբ 早, պինյինի (zǎo, ցզաո, տառացի՝ «վաղ»):



Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Самые древние письмена давали прямую связь с небесами — Грани. Ру
  2. Тан Лань, Чжунго вэньцзы сюэ (Учение о китайском письме), Шанхай, 1981, с. 63-66.
  3. Софронов М. В., Китайское языкознание в 50-80-хх гг.// Новое в зарубежной лингвистике, вып. XXII, Языкознание в Китае, М., 1989.
  4. Etymology