Նկարելուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարզագույն նկարելուկի օրինակ (I love coffee - Ես սիրում եմ սուրճ)

Նկարելուկներ, նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների համակցության միջոցով ծածկագրված բառեր կամ արտահայտություններ, որոնք ենթակա են վերծանման։ Օտար բառով սա հայտնի է ռեբուս անվամբ (ռեբուս բառը տարածում է ստացել լատիներեն non verbis, sed rebus արտահայտությունից, որը նշանակում է ոչ թե բառերով, այլ իրերով)։ Ոչ հայերեն բառի փոխարեն ստեղծվել է նկարելուկ բառը (նկար + հանելուկ)[1]։

Պատմություն[խմբագրել]

Վերը բերված բացատրության համաձայն, նկարելուկներ կամ նկարելուկի «նախահայրեր» կարող են համարել նաև հնագույն ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ժայռապատկերները, սեպագիր արձանագրությունները, գաղափարագրերը, մեհենագրերը, տապանագրերն ու որմնագրերը։ Իսկ առաջին նկարելուկները ծնվել են Ֆրանսիայում XV դարում։ Սկզբնապես Պիկարդիայում (պատմական մարզ Ֆրանսիայի հյուսիսում) ռեբուս էին անվանում ամենամյա դիմակահանդեսների այն հատուկ ելույթները, որոնք պատկերում էին տեղական կենցաղի սրամիտ տեսարաններ և կոչվում էին «օրվա նորություններ» (լատիներեն՝ De rebus, quae geruntur, բառացիորեն՝ կատարվող գործերի մասին)։ Ռեբուսներ էին պատկերվում նաև ասպետների վահաններին, ազնվականների զինանշաններին, մեդալներին, պանդոկների և արհեստանոցների ցուցանակներին, առևտրական տների անվանումներում, զանազան գրքերում, սպասքի առարկաների, հովհարների, քաղցրեղենի ու ծխախոտի տուփերի և, անգամ, տապանաքարերի վրա։ Միայն հետագայում ռեբուս բառն ստացավ այն նշանակությունը, որով կիրառվում է ներկայումս։ Նկարելուկի առաջին ժողովածուն լույս է տեսել Ֆրանսիայում 1582 թ. (կազմող՝ Է. Տաբուրո)։

Ռուսերեն առաջին նկարելուկը տպագրվել է 1845 թ. պետերբուրգյան «Սովրեմեննիկ» ամսագրում։ Հայերեն նկարելուկի սկզբնավորման և տարածման մասին հայտնի տվյալներ չկան։ Նույնիսկ «Հայկական սովետական հանրագիտարան» ում և 4-հատորյա «Ինչ է: Ով է» մանկական հանրագիտարանում նկարելուկի վերաբերյալ ընդհանրապես հիշատակություններ չկան։ Հայտնի են 1960-70 թթ. հրատարակված ժամանցային բնույթի մի քանի ժողովածուներ. Վարդան Պետրոսյանի գիրքը («Հաճելի զբաղմունք», «Հայաստան», Երևան, 1969), որտեղ հիմնականում պարզ պատկերային նկարելուկներ են, և Գևորգ Գասպարյանի գիրքը («Հետաքրքիր ժամանց», «Հայաստան», Երևան, 1975), որտեղ նկարելուկի լուծման համառոտ բացատրության հետ կան նաև նկարելուկների օրինակներ։ Պարբերական հանդեսներից նկարելուկներ տպագրվում էին «Պիոներ կանչ» (այժմ՝ «Կանչ») թերթում։

Նկարելուկը զարգացում ապրեց, երբ սկսեց լույս տեսնել «9-րդ Հրաշալիք» շաբաթաթերթը (առաջին համարը՝ 1994 թ.)։ Հրանտ Վարդանյանի և Վաչագան Սարգսյանի առաջարկով շրջանառության մեջ դրվեց հայերեն «նկարելուկ» բառը, որը դիմացավ տարիների փորձությանը և այժմ լայնորեն օգտագործվում է։ Իր գոյության ընթացքում թերթը կիրառել է նկարելուկներ կազմելու բազմաբնույթ եղանակներ ու հնարքներ։ Թերթում ստեղծված ավանդույթների հիման վրա գրվեց Վաչագան Սարգսյանի և Հրանտ Վարդանյանի «Նկարելուկները հայերենում» գիրքը[1]։

Նկարելուկի տեսակները[խմբագրել]

Պատկերային նկարելուկներ[խմբագրել]

Սրանք ամենապարզունակ նկարելուկներն են։ Կազմվում են այն դեպքում, երբ տվյալ բառը հնարավոր է մասնատել այնպիսի բաղադրիչների, որոնցից յուրաքանչյուրը կարող է պատկերվել որևէ նկարի տեսքով։ Օրինակ, ՍՈԽԱԿ բառը նկարելուկի միջոցով ներկայացված է նկարելուկ 1-ում, ԶԱՆԳԱԿ բառը՝ նկարելուկ 2-ում։


Տառապատկերային նկարելուկներ[խմբագրել]

Նկարելուկների այս տիպը կազմելու հիմքում հայոց լեզվի ընձեռած հնարավորություններն են, տեսանելի և անտես կապերն ու շաղկապները, տառանուններն ու հոլովական վերջավորությունները, հոգնակերտ ու ժխտական մասնիկները և այլն։ Նկարելուկը կազմող նկարները, տառերը, պատկերները, նշանները կոչվում են նկարելուկի բաղադրիչներ։ Նկարելուկով կարելի է արտահայտել ցանկացած բառ, միտք, տեքստ։ Բնական է, որ ձեռնտու է ծածկագրել ոչ թե յուրաքանչյուր տառը, այլ միանգամից մի քանի տառ, բառ կամ էլ բառեր։ Իսկ լավագույն տարբերակն այն է, երբ նկարելուկում պատկերված բաղադրիչների թիվը նվազագույնն է, իսկ չպատկերված, բայց կռահվող մասերինը՝ առավելագույնը։ Կռահման շնորհիվ բաղադրիչների թիվը կրճատելու համար օգտագործում են բաղադրիչի դիրքը կամ բաղադրիչների փոխադարձ դիրքերը, նախածանցներ, նախդիրներ, կապեր, շաղկապներ, հոլովական վերջավորություններ և այլն։ Հայերենի նախդիրները (առ, ընդ, զ, ըստ, ի, ց) քիչ են, և նրանցով նկարելուկ կազմելը չափազանց դժվար է։ Փոխարենը լայն հնարավորություններ են ընձեռում հայերենի կապերն ու հոլովական վերջավորությունները։ Օրինակ՝ նկարելուկ 3-ում պատկերված են Տ-եր, այսինքն՝ ՏԵՐ բառը։ Սակայն, նկատի առնելով Տ-երի երկու խմբավորումը, այս նույն նկարելուկը կարելի է կարդալ նաև Տ-եր Տ-եր, այսինքն՝ ՏԵՐՏԵՐ։ Նկարելուկ 4-ը կարելի է վերծանել երկու ձևով. և´ Ց՝ Ց-ում (ՑՑՈՒՄ), և´ Ց-ն՝ Ց-ում (ՑՆՑՈՒՄ)։ Նկարելուկ 5-ի պատասխանն է՝ ՍՊԻՏԱԿ (Ս՝ Պ-ի տակ

Նկարելուկում հայերենի տառանունների կիրառման օրինակ է նկարելուկ 6-ը։ Հիշելով և կողք կողքի գրելով նշված տառերի անունները՝ ստանում ենք հետևյալ շարքը. ՍԵԴԱՆՈՒՇԱՔԵՆՈՒՇԱՆՈՒՄԵՆ։ Ճիշտ տեղերում «կտրատելով» այդ շարքը ստանում ենք նկարելուկի պատասխանը. «Սեդան ու Շաքեն ուշանում են»։


Նկարելուկի այլ տեսակներ[խմբագրել]

«Գումարած-հանած» նկարելուկներ[խմբագրել]

Այս անվանումը նկարելուկն ստացել է այն պատճառով, որ այն կազմվում է գումարման և հանման մաթեմատիկական նշանների օգնությամբ՝ նախորդ բաղադրիչի անվանման տառերին ավելացնելով հաջորդի անվանման տառերը, կամ եղած տառերից հանելով հաջորդ բաղադրիչի անվանման տառերը։ Օրինակ՝ նկարելուկ 7 (ԿԹԵԼ = ՁՈՒԿ - ՁՈՒ + ԹԱԿ - ԱԿ + ԵԼԱԿ - ԱԿ

­­Նկարելուկ 7

«Եգիպտական» նկարելուկներ[խմբագրել]

Սրանք նկարելուկի ամենից քիչ հանդիպող տեսակն են։ Հին եգիպտական մեհենագրերի (հիերոգլիֆների) նման այդ նկարելուկներում տրվում են միայն բաղաձայն հնչյունները, ձայնավորները վերծանման ժամանակ դեն են նետվում, իսկ նրանց փոխարեն լուծողը պետք է ուրիշ ձայնավորներ տեղադրի՝ փորձելով ստանալ մտապահված արտահայտությունը։ Սովորական նկարելուկների համեմատ այս նկարելուկը շատ ավելի պայմանական է, ուստի նրա վերծանման ժամանակ չափազանց մեծանում է ճիշտ կռահման նշանակությունը։ Օրինակ՝ նկարելուկ 8-ում դուրս ենք գրում նկարելուկում եղած պատկերների անունները՝ ՄԵԽ, ԱԼԻՔ, ՈՒԼ, ԱՎԵՐԱԿ, ՈՒՍ, ԱՎԵԼ բառերը, որոնց ձայնավորները հեռացնելուց հետո մնում է ՄԽԼՔԼՎՐԿՍՎԼ տառաշարքը։ Որոշակի դժվարությամբ կարելի է կռահել, որ այդ բաղաձայններով ծածկագրված է «ՄԻ ԽԵԼՔԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ՝ ԱՎԵԼԻ» առածը։

­­Նկարելուկ 8

Նրբանկարելուկներ[խմբագրել]

Նկարելուկի բարձրակետը կազմում են նրբանկարելուկները։ Դրանց թվին կարելի է դասել այն նկարելուկները, որոնք աչքի են ընկնում իրենց արտաքին տեսքով, լուծման անսպասելիությամբ և յուրօրինակությամբ։ Ահա նման մի քանի օրինակներ։ Նկարելուկ 9-ում պատկերված է ՉՈՐՍՈՒ բառը։ Նկարելուկ 10-ում պետք է կռահել, որ անվի կենտրոնական շրջանագիծը ՕՂ է պատկերում (պատասխանը՝ ՕՂԱԿՈՒՄ)։ Նույն ձևով նկարելուկ 11-ում Ծ տառի ներսում պատկերված է Օ տառը (ՕԾՈՒՄ)։ Նկարելուկ 12-ում թեք (շեղ) գրված Բ-ն հուշում է ՇԵՂԲ պատասխանը։ Եզակի է նկարելուկ 13-ը։ Նրա առաջին բաղադրիչը որևէ նշանի նմանեցնելու և որևէ իմաստալի բառ ստանալու բոլոր փորձերը մատնվում են անհաջողության։ Մինչդեռ պատասխանը հեշտությամբ ստացվում է, երբ գլխի ենք ընկնում, որ նշված բաղադրիչն ընդամենը Օ տառի ձախ կեսն է՝ կես օ։ Այսինքն՝ նկարելուկի պատասխանն է ԿԵՍՕՐ բառը։ Համարյա նման սկզբունքով է կազմված նկարելուկ 14-ը։ Հիշելով, որ 50 քառ. մետրը ԱՐ-ի (այսինքն՝ 100 քառ. մետրի) կեսն է, ստանում ենք նկարելուկի պատասխանը՝ ԿԵՍԱՐ։ Նկարելուկ 15-ում ընդամենը երկու տառի միջոցով գաղտնագրված է 10-տառանի մի բառ. պատասխանն ստացվում է երկու չպատկերված, բայց պատասխանում կարդացվող բառամասերի շնորհիվ (ԹԱՐՍ և ՏԱԿթարս ՈՒ՝ Շ-ի տակ, այսինքն՝ ԹԱՐՍՈՒՇԻՏԱԿ։ Մաթեմատիկական աստիճանի գաղափարն է կիրառված նկարելուկ 16-ում, որը վերծանվում է այսպես. Հ-ի Ն աստիճան, այսինքն՝ ՀԻՆ ԱՍՏԻՃԱՆ։ Հետևյալ երկու նկարելուկներում կիրառված է գույն. նկարելուկ 17-ի պատասխանն է ՁԿԱՆ ԱՉՔ (Ձ + կանաչ Ք), նկարելուկ 18-ինը՝ ԿԱՐՄԻՐ ԳԻՆԻ (կարմիր Գ-ին՝ Ի


Նշանների կիրառումը նկարելուկներում[խմբագրել]

  • Նկարելուկներում հաճախ անհրաժեշտություն է ծագում բառի աջից կամ ձախից մեկ կամ երկու տառ հանել։ Դրա համար այդ բառը պատկերող նկարի աջից կամ ձախից դրվում է համապատասխանաբար մեկ կամ երկու ստորակետ։ Ընդ որում, եթե նկարի աջ կողմից դրվում է սովորական ստորակետ, ապա ձախ կողմից դրվում է հայելային շրջված ստորակետ։ Օրինակ, նկարելուկ 19-ը կարդացվում է ՍԱՐ, որովհետև սարդ բառի վերջին տառը հանվում է ստորակետով։


  • Եթե նկարելուկում պատկերը գլխիվայր է կամ նրա վերևում դեպի ձախ ցույց տվող սլաք է դրված, ապա բառը պետք է կարդալ աջից ձախ։ Օրինակ, ՆՈՒՇ բառը կարելի է ներկայացնել թե´ 20-րդ, թե´ 21-րդ նկարելուկներով։


  • Հաճախ ցանկալի բառն ստանալու համար անհրաժեշտ է լինում պատկերվող բառի մեջ մեկ կամ մի քանի տառ փոխարինել այլ տառով կամ տառերով։ Այսպես, նկարելուկ 22-ով աթոռ բառի երկրորդ տառը փոխարինված է Խ-ով։ Ստացվել է ԱԽՈՌ բառը։ Նշենք, որ այս նկարելուկում կարելի էր գրել նաև Թ=Խ, և կստացվեր նույն պատասխանը։


  • Երբեմն նկարելուկում բառն ստանում են մեկ այլ բառից կամ նրա որոշ տառերից։ Այդ դեպքում պատկերի մոտ դրվում են նրա անվանման այն տառերի համարները, որոնցով կազմվում է ծածկագրված բառը (նկարելուկ 23՝ ՎԱԳՐ-ից ստանում ենք ԳՐԱՎ


Հետաքրքրաշարժ փաստեր[խմբագրել]

Նկարելուկները, որպես երեխաների տրամաբանությունը շարժող միջոց, լայնորեն կիրառվում են հանրակրթական դպրոցի տարրական դասարանների «Այբբենարան» և «Մայրենի-1, 2, 3, 4» դասագրքերում։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Սարգսյան Վաչագան, Վարդանյան Հրանտ. «Նկարելուկները հայերենում: Ձեռնարկ»: Ընդգրկում է հեղինակային 1000 նկարելուկ (ռեբուս), դրանց կազմման սկզբունքները, պատմությունը, դասակարգումը և տեսակները.- Երևան, «Մաքմիլան-Արմենիա», 2001 թ.