Ածանց
Ածանցները արմատներին և բառերին լրացուցիչ իմաստներ տվող և նոր բառեր կազմող բաղադրիչներ են: Դրանք երկրորդական բառակազմական ձևույթներ են, որոնք, ավելանալով արմատին կամ բառին, փոխում են նրա իմաստը կամ խոսքիմասային պատկանելությունը, ավելացնում նոր իմաստ։ Դրանք երկրորդական ձևույթներ են՝ ի տարբերություն բառակազմական հիմնական ձևույթների՝ արմատների։
Բովանդակություն |
Տեսակներն ըստ տեղադրման [խմբագրել]
Ըստ տեղադրման լինում են՝ նախածանցներ, միջածանցներ և վերջածանցներ:
- Նախածանց
- Բառին սկզբից ավելացող ածանցը կոչվում է նախածանց։ Օրինակ՝ ան+գիր, տ+գետ, համա+կարգ, առ+հավետ, ամենա+ մեծ, գերա+զանց և այլն։
- Միջածանց
- Արմատի մեջ ավելացող ածանցը կոչվում է միջածանց (լատ. vici և vinco - հաղթում եմ): Որոշ մասնագետներ միջածանց են համարում առհասարակ բառի մեջ (ոչ անպայմանորեն արմատի մեջ) եղած ածանցները:
- Վերջածանց
- Բառին վերջից ավելացող ածանցը կոչվում է վերջածանց։ Օրինակ՝ ծալ+ք, խայթ+ոց, հն+ոտի, մտած+կոտ, համոզ+իչ, տենչ+ալի և այլն։
Հայերենը գրեթե զուրկ է միջածանցներից: Կան լեզուներ (օր. թուրքական, ուգրո-ֆիննական ևն), որոնք միայն վերջածանցներ ունեն:
Բառին կամ արմատին կարող են ավելանալ հաջորդաբար մեկից ավելի ածանցներ: Օրինակ՝ ան+ուր+անալ+ի, լուս+ավոր+չ+ական+ություն, համա+ստորա+դաս և այլն։ Ածանցի ամեն մի հավելում կոչվում է բառակազմական քայլ։
Ածանց ունեցող բառերը կոչվում են ածանցավոր բառեր կամ ածանցյալներ:
Արմատի այն տարբերակը կամ բառի այն մասը, որի վրա ավելանում է ածանցը, կոչվում է բառակազմական հիմք: Ինչպես տեսանք, այդ հիմքը կարող է կազմված լինել անհնչյունափոխ արմատից կամ պարզ բառից (օրինակ՝ կեղծ+իք, խռով+կան, տրոփ+յուն, խանդ+ոտ, շերտ+իկ), հնչյունափոխված բառից կամ արմատից (օրինակ՝ աղմկ+ալի, լեզվ+ական, թավշ+ային, զին+ վոր, կծ+ու), արմատից և ածանցից (օրինակ՝ խնամ-ք+ոտ, փոխ- ան+որդ, մտ-ավոր+ական, ապ-ազգ+ային), ինչպես նաև մեկից ավելի արմատներից (օրինակ՝ արև-ել+յան, շուրջ-երկր+յա, լրա-գր+ող, ցուցա-դր+ություն) և այլն:
Ինչպես տեսնում ենք, բառակազմական հիմքը կարող է լինել պարզ (արմատական) կամ բաղադրյալ։ Բաղադրյալ հիմքը նույնպես կարող է լինել անհնչյունափոխ (հանք+ային, վերել+ակ) կամ հնչյունափոխված (թռչ+ուն, վերջն+ական, արևմտ+յան)։ Վերջին դեպքում հնչյունափոխությունը կարող է տեղի ունենալ ոչ միայն արմատի, այլև ածանցի կազմում (վերջ-ին+ական > վերջ-ն+ական)։
Երբեմն որոշ արմատներ (գիտ-ակ, բան-ավոր, գործ-ուն, արար-իչ), միևնույն իմաստով կազմելով բարդ բառերի մեծ շարքեր, սկսում են նմանվել ածանցների: Այդպես են -գետ (հնագետ, հայագետ, լեզվագետ), -բան (բուսաբան, լեզվաբան, հնէաբան), -գործ (հանքագործ, մսագործ, դեղագործ), -արար (գործարար, շինարար, նորարար) և այլ արմատներ: Դրանք կոչվում են ածանցակերպներ:
Ածանցները մեծ մասամբ առաջացել են արմատներից հենց այդ ճանապարհով (արմատ > ածանցակերպ > ածանց) և երբեմն պահպանում են բառային իմաստը կամ հանդես են գալիս մերթ որպես արմատ, մերթ որպես ածանց: Այդպես են մանավանդ հայերենի նախածանցները: Օրինակ՝ ամենա- նախածանցը (ամենամեծ, ամենաարագ) և արմատը (ամենագետ, ամենակարող), վեր- նախածանցը (վերադարձ, վերստեղծել) և արմատը (վերուստ, վերին, վերանալ), պար- նախածանցը (պարագիծ, պարփակ) և արմատը (պարույր, պարույկ), ստոր- նախածանցը (ստորադաս, ստորագրել) և արմատը (ստորին, ստորանալ), շար- նախածանցը (շարունակ, շարադրել) և արմատը (շարք, սյունաշար), -գործ ածանցակերպը (նավթագործ, պղնձագործ) և արմատը (ձեռագործ, գործիք) և այլն:
Կան ածանցներ, որ առաջացել են վերջավորություններից: Օրինակ՝ -ք, -անի վերջածանցները, որ հին հայերենում եղել են հոգնակիակերտ վերջավորություններ (գիրք, եզերք, ոտք, նամականի, առածանի, ավագանի), -յալ, -ող, -ած վերջածանցները, որ դերբայական հին ու նոր վերջավորություններ են (անկյալ, ուսյալ, գրող, ուսանող, ողորմած, նշանած, արարած), -ույց վերջածանցը, որ հիմքակազմիչ մասնիկ է եղել (հանգույց, հատույց, սառույց), -ավ, -իվ, -ամբ, -են վերջածանցները, որ հոլովական վերջավորություններ են եղել (սակավ, իրավ, ազնիվ, լրիվ, անձամբ, մասամբ, դիտմամբ, արդեն, մեկեն), և այլն։
Կան նաև մեկից ավելի ածանցներից, ածանցից ու այլ մասնիկից բաղադրված կամ ավելի բարդ կազմությամբ ածանցներ։ Օրինակ՝ -վ+ած+ք (կազմվածք, թխվածք), -ած+ո (չափածո, պահածո), -ույթ-յուն > ություն (էություն, միություն), -ել+ի (ներելի, վիճելի), -ով+ին (գլխովին, հիմնովին) և այլն։
Ածանցների իմաստային տեսակները [խմբագրել]
Ածանցները, ավելանալով արմատին կամ բառին, իմաստային տարբեր կարգի փոփոխություններ կարող են առաջացնել: Կարող են ճշտել կամ փոխել բառի խոսքիմասային պատկանելությունը, միաժամանակ նաև փոփոխություն մտցնել հիմնական իմաստում, ավելացնել վերաբերմունքային, զգացական երանգներ: Օրինակ՝ խաղ - խաղային, խաղալ, խաղք, խաղիկ, գիր - գիրք, գրել, գրային, գրական, գրավոր, գրվածք, գրիչ, գրչակ, գրաբար, գրություն, գրույթ, գրող, գրքույկ և այլն:
Խոսքիմասայինից բացի այլ իմաստ տվող ածանցներ են հետևյալները:
- -ակ, -իկ,-ուկ վերջածանցներ՝ փոքրության իմաստ կամ փաղաքշական, մտերմական վերաբերմունք, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,
- ան-, դժ-, տ-, չ-, ապ- նախածանցներ՝ ժխտական իմաստ, օրինակ՝ անգույն, դժբախտ, տհաճ, չտես, ապուշ,
- -ան, -իչ, -ող, -անակ, -արար, -որդ, -վոր, -ոց վերջածանցներ՝ մի բան անողի, գործորդի կամ գործիքի իմաստ, օրինակ՝ իշխան, փական, գործիչ, հատիչ, գրող, ըմպանակ, լուսարար, վարորդ, զինվոր, էտոց,
- -ային, -ական, -յան վերջածանցներ՝ վերաբերության, սերման իմաստ, օրինակ՝ քաղաքային, գյուղական, նոյյան,
- -ավուն, -եղ, -ի, -(կ)ոտ, -ու, -ուն վերջածանցներ՝ որևէ հատկությամբ օժտված լինելու իմաստ, օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ, ազդու, եռանդուն,
- մակ-, ստոր-, հար-, վեր-, անդր- նախածանցներ՝ տարածական հարաբերություններ, օրինակ՝ մակընթացություն, ստորերկրյա, հարակից, վերադաս, անդրծովյան,
- -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ վերջածանցներ՝ տեղ, գործողության վայր, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
- -անք, -արք, -մունք, -յուն, -ոնք, -ություն, -ում, -ույք, -ունք, -ուստ վերջածանցներ՝ գործողության անուն, օրինակ՝ աշխատանք, ստուգարք, մտածմունք, պայթյուն, զարթոնք, զվարճություն, շարժում, հաճույք, երկունք, փախուստ,
- -ածո, -ոց, -ված(ք), -ույթ, -ք վերջածանցներ՝ գործողության հետևանք, օրինակ՝ հանածո, շրխկոց, փլվածք, շահույթ, վայելք, ծալք,
- և այլն:
Խոսքիմասային իմաստ տվող կամ այդ իմաստը փոխող ածանցները լինում են.
Թեև ածանցներ կան, որ կարող են կերտել տարբեր խոսքի մասեր: Օրինակ՝ -անոց (խոհանոց, լիտրանոց), -(ա)ցի (լեռնցի, խելացի), -ական (հիմնական, երեքական), -իկ (թոռնիկ, ջրիկ), -իչ (գրիչ, դյութիչ), -ալի, -ելի (բանալի, հաճելի), -ենի (խնձորենի, մայրենի), -եղեն (մրգեղեն, հրեղեն), -ու (թթու, վրիժառու), -ուչ (տեսուչ, վայելուչ), արտ(ա)- (արտերկիր, արտասովոր, արտադրել), հակ(ա)- (հակագրոհ, հակադարձ, հակակրել), համ(ա)- (համաժողով, համահունչ, համադրել), բաց(ա)- (բացահայտ, բացատրել), գեր(ա)- (գերմարդ, գերադաս), ընդ- (ընդհատակ, ընդհանուր, ընդգծել, ընդդեմ), ստոր(ա)- (ստորակետ, ստորերկրյա, ստորագրել), վեր(ա)- (վերահաս, վերհուշ, վերլուծել), փոխ(ա)- (փոխարքա, փոխանցել):
Գոյականակերտ ածանցներ [խմբագրել]
Գոյականակերտ են կոչվում արմատից կամ բառից գոյական կազմող ածանցները։
Օրինակ` գր-իչ, կարծ-իք, խց-ան, տզզ-ոց, մարտ-իկ, բանվոր-ուհի, տնտես-ություն, մակ-ուղեղ։
Գոյականակերտ են հետևյալ վերջածանցները։
- -ակ (տնակ, վրիպակ, պահակ, սահնակ, կայծակ),
- -ածո (չափածո, դրածո, պահածո, հանածո),
- -ան (դերասան, դամբան, փական, ամրան, ձգան, կայան),
- -անակ (ճոճանակ, զսպանակ, հաղթանակ, շրջանակ),
- -անի (ավագանի, տեսականի, ստոծանի, մատանի, հովանի),
- -(ա)նոց (մրջնանոց, ամառանոց, խոհանոց, գոգնոց),
- -անք (հարգանք, օրհնանք, փրկանք, Վարդանանք),
- -արան (ելարան, վառարան, լսարան, վեհարան,բառարան,թանգարան),
- -ար (կերպար, տիպար, պատահար, հովար),
- -արար (ազդարար, կենարար, հիմնարար),
- -արք (գործարք, լուծարք, ստուգարք),
- -ացի/-եցի/-ցի (գյուղացի,տեղացի,գյումրեցի, երևանցի, վանեցի),
- -ացու (հարսնացու, տիրացու, սերմացու),
- -ացք (սլացք, գնացք, լվացք, ընթացք),
- -եղեն (բանջարեղեն, ակնեղեն, ամանեղեն, խեցեղեն),
- -ենի (թզենի, խնկենի, արջենի),
- -եստ (պահեստ, գովեստ, ուտեստ),
- -իլ (կաթիլ, տեսիլ, խաշիլ, հմայիլ),
- -իկ (մայրիկ, Գառնիկ, ձողիկ, կարապիկ),
- -իչ (լուծիչ, ջեռուցիչ, երգիչ, քննիչ, զոդիչ),
- -իք (կարծիք, բարիք, խաղալիք, հոտոտելիք, լինելիք),
- -մունք (ցուցմունք, մտածմունք, զգացմունք),
- -յուն (հնչյուն, դղրդյուն, ոստյուն),
- -ող (ծնող, ուսանող, լրագրող, հեռուստադիտող),
- -ոն (կտրոն, թերթոն, գողոն, ծամոն),
- -որդ (որսորդ, բաժանորդ, առաջնորդ, կիսորդ),
- -ոց (սփռոց, թիկնոց, դարբնոց, ճռռոց),
- -պան (այգեպան, հնոցապան, դռնապան, սռնապան),
- -ստան (ծառաստան, բուրաստան, վարդաստան),
- -ված (հարված, հատված, հավելված),
- -վածք (փլվածք, գրվածք, կեցվածք),
- -ություն (էություն, լիություն, նորություն),
- -ուկ (հանելուկ, պոչուկ, ձիուկ, միջուկ, հեղուկ),
- -ուհի (պարուհի, պչրուհի, թագուհի, հայուհի),
- -ում (ուսում, ցասում, սնուցում, զտում),
- -ույթ (մրցույթ, ելույթ շահույթ, համույթ),
- -ույկ (խարույկ, պարույկ, մակույկ, գրքույկ),
- -ույց (կառույց, սառույց, զեկույց, հատույց),
- -ույք (կահույք, պիտույք, դրույք, հաճույք),
- -ունդ (ծնունդ, սերունդ, սնունդ),
- -ունք (երկունք, ակունք, թիկունք),
- -ուչ (տեսուչ, ընկալուչ),
- -ուստ (փախուստ, հագուստ, ապրուստ),
- -ուտ (տանձուտ, ճահճուտ, թավուտ),
- -ուրդ (հագուրդ, խառնուրդ, աճուրդ, պարապուրդ),
- -ուց (նեղուց, դեղնուց, այտուց, սպիտակուց),
- -ք (վազք, հոսք, մուտք, հանք, փողք, տարիք)։
Գոյականներ են կերտում հետևյալ նախածանցները։
- անդր- (անդրբևեռ, անդրաշխարհ, անդրադարձ),
- արտ(ա)- (արտասահման, արտանկար, արտերկիր),
- դեր- (դերանուն, դերբայ, դերծովակալ, դերկոմս),
- ենթա- (ենթակետ, ենթաշրջան, ենթասպա),
- մակ- (մակբայ, մակդիր, մակնիշ, մակերես),
- պարա- (պարագիծ, պարագա, պարագլուխ),
- տրամա- (տրամագիծ, տրամաչափ, տրամագիր),
- փոխ(ա)- (փոխարքա, փոխնախագահ, փոխզիջում)։
Ածականակերտ ածանցներ [խմբագրել]
Ածականակերտ են կոչվում արմատից կամ բառից ածական կազմող ածանցները։
Ածականակերտ են հետևյալ վերջածանցները։
- -(ա)գին (ահագին, կաթոգին, թախանձագին),
- -(ա)գույն (խստագույն, հնագույն, գերագույն),
- -ալի (ցավալի, անիմանալի, ողբալի, ցանկալի),
- -ածո (պահածո, դրածո, բրածո, ձուլածո),
- -ական (մանկական, կուսական, տեսական, բնական),
- -ակի (եռակի, բազմակի, որոշակի, ուղղակի),
- -ային (ջրային, մարդկային, շարային, ամառային),
- -անի (գեղանի, պիտանի, տողանի, պոչանի, հարկանի),
- -ավետ (ծաղկավետ, մարգավետ, հարմարավետ),
- -ավոր (զրահավոր, թևավոր, վանդակավոր, բանավոր),
- -ավուն (դեղնավուն, քաղցրավուն, երկարավուն),
- -ատ (կիսատ, գունատ, պոչատ, քնատ),
- -արդ (գմբեթարդ, կորնթարդ),
- -ե (թղթե, աղյուսե, բրոնզե, էմալե),
- -ելի (ներելի, վիճելի, հարգելի, անլուծելի),
- -եղ (թիկնեղ, ուժեղ, համեղ, զորեղ),
- -ի (վայրի, աղի, երկդիմի, այսպիսի),
- -ին (մթին, վերին, կարգին, լռին),
- -լիկ (հաստլիկ, պստլիկ, կարճլիկ),
- -կոտ (ամաչկոտ, փութկոտ, քնկոտ, զայրացկոտ),
- -յա (եղեգնյա, սևաչյա, հնօրյա, բյուրեղյա),
- -յալ (մոլորյալ, միացյալ, հավելյալ),
- -յան (արևելյան, հավիտյան, աջակողմյան),
- -ովի (ծալովի, ընտրովի, յուրովի),
- -ոտ (փշոտ, կրքոտ, մշուշոտ, մանրոտ),
- -ու (ազդու, վարձու, կծու, քսու, աչառու),
- -ուն (փայլուն, խոսուն, սևեռուն, փխրուն):
Ածականակերտ են հետևյալ նախածանցները:
- ամենա- (ամենամեծ, ամենաթույլ, ամենաորակյալ),
- ան- (անամոթ, անկիրթ, անկուշտ, անխնա, անլուր),
- ապ(ա)- (ապուշ, ապարդյուն, ապազգային, ապօրինի),
- բաց(ա)- (բացահայտ, բացարձակ, բացորոշ),
- գեր(ա)- (գերխիտ, գերկարճ, գերաշնորհ, գերակշիռ),
- դժ- (դժգոհ, դժկամ, դժգույն, դժբախտ),
- ընդ- (ընդհանուր, ընդարձակ, ընդջրյա),
- հակ(ա)- (հակամարտ, հակադարձ, հակամետ),
- համ(ա)- (համահունչ, համադաս, համարժեք),
- հար(ա)- (հարակից, հարադիր, հարաբարդ),
- ստոր(ա)- (ստորաքարշ, ստորադաս, ստորերկրյա),
- չ- (չկամ, չբեր, չտես, չհաս, չխոսկան),
- վեր(ա)- (վերահաս, վերջրյա, վերամբարձ),
- տ- (տհաճ, տկար, տգետ, տգեղ, տհաս, տձև),
- տար(ա)- (տարատեսակ, տարագնաց, տարօրինակ):
Թվականակերտ ածանցներ [խմբագրել]
Թվականակերտ են կոչվում արմատից կամ բառից թվական կազմող ածանցները։
Թվականակերտ են հետևյալ ածանցները:
- -ական (մեկական, երեքական, տասական),
- -(ե)րորդ (երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ),
- -սուն (երեսուն, քառասուն, ութսուն, իննսուն)։
Մակբայակերտ ածանցներ [խմբագրել]
Մակբայակերտ են կոչվում արմատից կամ բառից մակբայ կազմող ածանցները։
Մակբայակերտ են հետևյալ ածանցները:
- -(ա)բար (աստիճանաբար, հայրաբար, ընտրողաբար),
- -(ա)պես (նմանապես, հոգեպես, կանխապես),
- -(ա)վարի (մարդավարի, քաղաքավարի, տնավարի),
- -իվ (խստիվ, լրիվ, մեղմիվ, ճշտիվ),
- -ովին (գլխովին, ազգովին, լիովին, հիմնովին),
- -որեն (մեղմորեն, շեղորեն, գործնականորեն),
- -ուստ (վերուստ, ներքուստ, արտաքուստ):
Բայակերտ ածանցներ [խմբագրել]
Բայակերտ են կոչվում արմատից կամ բառից բայ կազմող ածանցները։
Բայակերտ են -ել և -ալ ածանցները, որոնք նաև անորոշ դերբայի վերջավորություններն են: Օրինակ՝ գրել, կարդալ, խայթել, տնտեսավարել և այլն: Այդ դերբայի հոլովված ձևերից (գրելու, գրելուցդ, գրելովս) և համակատար դերբայից (գրելիս, կարդալիս) բացի մյուս բայաձևերում դրանք փոխարինվում են այլ վերջավորություններով ու նախամասնիկներով: Օրինակ՝ գրած, խայթող, խայթում է, կբերի, չդրեց և այլն:
Գրականություն [խմբագրել]
- Զաքարյան Հ., Ավետիսյան Յու., Հայոց լեզու: Բառագիտություն: Եր. 2008
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1