Հոլովում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլովումը, թեքական և կցական լեզուներում անունների և դերանունների փոփոխությունն է՝ ըստ հոլովների: Հոլովման մեջ դրսևորվում են հոլովի, թվի, դասի, առկայացման (որոշյալություն), դեմքի (դերանունների դեպքում), որոշ լեզուներում՝ նաև սեռի քերականական կարգերը:

[խմբագրել] Հոլովումը հայերենում

Հայերենում գոյականները և դերանունների մի մասը հոլովվում են տարբեր հարացույցներով: Ըստ այդմ՝ տարբերակում են անվանական և դերանվանական հոլովումներ: Վերջինիս եզակի և հոգնակի թվերը, ուղիղ և թեք հոլովները կազմվում են տարբեր հիմքերից: Անվանական հոլովման մեջ բառի հիմքը կրում է միայն հնչյունային փոփոխություններ: Ըստ թեքույթների բնույթի՝ հոլովման տիպերը տարբեր են. հիմքի հերթագայություններով կազմված տիպերը կոչվում են ներքին թեքման, վերջավորություններով կազմված տիպերը՝ արտաքին թեքման հոլովումներ: Հոլովման տիպերը (հոլովումները) որոշվում են եզակի սեռական-տրական հոլովաձևերից, որոնք արևելահայերենում ունեն կազմության հետևյալ տարբերակները.

  • վերջավորություններ՝ աղջկ-ա, քաղաք-ի, սիր-ո, ձի-ու, գարն-ան, կն-ոջ, օր-վա, մահ-վան, կորստ-յան,
  • հիմքի հերթագայություններ՝ հայր-հոր, դուստր-դստեր, գինի-գինու, տուն-տան, անուն-անվան:

Առավել տարածված են արտաքին թեքման ի, ու և ներքին թեքման՝ ու, ա հոլովումները:

[խմբագրել] Գրականություն

  • Աղայան Է., «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը», Երևան, 1967:
  • Ջահուկյան Գ., «Ժամանակակից հայերենի հոլովական համակարգը», Երևան, 1967:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png