Հոմոֆոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոմոֆոնիա (հոմո... և հունարեն՝ φωνή-հնչյուն, ձայն), բազմաձայնության տեսակ, որը բնորոշվում է ձայներից մեկի առաջատար նշանակությամբ, մյուս ձայները երկրորդական են, լրացուցիչ, «ուղեկցող»։ Հոմոֆոնիա հասկացությունը ծագել է Հին Հունաստանում, նշանակել է մեղեդու ունիսոն (կամ օկտավային) կատարումը երգչի ձայնով և նվագակցող գործիքով (ցայսօր հանդիպում է շատ ժողովուրդների երաժշտության մեջ)։ Պրոֆեսիոնալ երաժշտական արվեստում, սկսած 17-րդ դարից, հոմոֆոնիան դարձել է գերիշխող գրելաձև, հաստատվել որպես մի ամբողջ պատմաշրջանի (17-19-րդ դարեր) ոճական որոշիչ հատկանիշ։ Մեծ ծաղկում է ապրել վիեննական դասական դպրոցի կոմպոզիտորների արվեստում։ Յո. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, Լ. Բեթհովենի երաժշտությունը խտացրել է հոմոֆոնիայի արժեքավոր գծերը (մեղեդիական և հարմոնիկ հարստություն, ճկունություն, ձևի կառուցիկություն)։ 20-րդ դարում հոմոֆոնիան կորցնում է իր միիշխանությունը։ Նրա զարգացմանը զուգընթաց (Մ. Ռավել, Բ. Բարտոկ, Ս. Պրոկոֆև) աճում է հետաքրքրությունը պոլիֆոնիայի հանդեպ (Պ. Հինդեմիթ, Ի. Ստրավինսկի, Դ. Շոստակովիչ)։ Հոմոֆոնիայի իրականացման կոնկրետ ձևերը բազմազան են, երբեմն դառնում են կոմպոզիտորի անհատականությունը կամ երկի ազգային հատկանիշները դրսևորող տարր։ Այդպիսին է, օրինակ, նվագակցությունը Կոմիտասի մեներգերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png